Լևոն Խեչոյանի ֆենոմենը

Լուսանկար

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Լևոն Խեչոյանի գրականությամբ, ըստ էության, սկզբնավորվեց անկախության շրջանի հայ գրականությունը իբրև շրջափուլային իրողություն: Նրա գրական կենսագրության առնվազն երկու փաստ խորհրդանշական են այդ իմաստով. 1988-ին՝ Արցախյան շարժման սկզբնավորման օրերին, առաջին անգամ մամուլում երևացին Խեչոյանի գործերը, 1991-ին՝ Հայաստանի անկախացման տարում, լույս տեսավ առաջին ժողովածուն՝ «Խնկի ծառեր», որ ներառում էր համանուն վիպակն ու մի շարք պատմվածքներ: «Խնկի ծառեր» առաջին  գիրքը մուտք չէր գրականություն, այլ արդեն, այսպես ասած, ներսի մարդու կողմից ստեղծված գիր, որ գրականության մեջ իր ուղին էր բացում՝ հետագայում ազդեցության մեծ դաշտ ներառելով: Իսկ արդեն 1995-ին հրատարակված «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպում 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով Խեչոյանը յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: 1999-ին լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը երևանեց Խեչոյանի արձակի նոր ու, ըստ ամենայնի, էութային յուրահատկությունները, որոնք է՛լ ավելի ամրագրվեցին նրա ստեղծագործությունների վերահրատարակությունների փաստով: Ընդ որում՝ վերահրատարակությունների ընդհանուր հղացքում Խեչոյանը լուծում էր ստեղծաբանական խնդիրներ: Եթե գրողի մի քանի ընտիր պատմվածքների հետ նույն հատորում «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի վերահրատարակությունը 2002-ին պատմության ընթացքը նոր ժամանակների ընթացքի հետ ևս մեկ անգամ ճշտել-հարաբերելու միտումից զատ նաև տեքստաբանական գործառույթ ուներ, քանզի ուղղվել էին առաջին հրատարակության բազմաթիվ վրիպակներ, ապա  «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի վերահրատարակությունը 2007-ին ստեղծաբանական առումով ավելի հեռուն գնացող գործառույթ ունի: Այն բացապարզում ու կանոնակարգում է խեչոյանական բնագրի ամենահատկանշական առանձնահատկություններից մեկը: Խոսքը վերաբերում է տարբեր տեքստերով մեկ միասնական բնագիր ստանալու՝ Խեչոյանի ստեղծագործական-գրողական միտումին, երբ թեմատիկ ու ժանրային տարբեր արծարծումներն ու իրացումները դառնում են պայմանական: Այն է՝ պատմվածքը և՛ այդպիսին է որպես ժանրային կառույց, և՛ դադարում է այդպիսին լինելուց, երբ հայտնվում-դիտարկվում է բնագրային ընդհանուր տարածության մեջ: Նույնը՝ ուղեգրական ակնարկը, պատմավեպը, վեպը, նամակը, օրագրությունը, հրապարակախոսական հոդվածը, անգամ հարցազրույցը: Այդ առումով բնավ պատահական չէ «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում տարաբնույթ պատումների ու տարբեր ժանրային կառույցների միատեղման փաստը:

2007-ին լույս տեսած «Ձայներ և տեսիլքներ»՝ իր արձակի պարագային նշանի արժեք ունեցող «ձայն» և «տեսիլք» հասկացությունների միացությամբ գոյավորված այդ վերնագրի տակ է Խեչոյանը մեկտեղել առաջին հայացքից սոսկ թեմատիկ միասնականությամբ հատկանշվող ստեղծագործություններ, այսպես կոչված պատերազմական թեմայով գրված ութ պատմվածքներն ու «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, որն իր թեմատիկ ուղղվածությամբ, գոնե արտաքուստ, վերաբերում է Արցախյան պատերազմին: Իրականում, սակայն, թեմատիկ միասնությունից զատ այստեղ Խեչոյանն ապահովել է ընդհանուր բնագրային միասնությունը, առնվազն ակնարկել այդ մասին: Դրանից զատ հետաքրքիր է դառնում այն, որ այդ կերպ Խեչոյանը, ըստ էության, նոր ժանրագոյացում է ապահովել, քանզի պատմվածքներից մի քանիսը տեքստային երբեմն բառացի համընկնումներով առկա են վեպում, ավելին՝ դրանցից որոշները ծնվել են վեպից առաջ, որոշները՝ վեպից հետո: Մյուս կողմից՝ նոր ժանրագոյացում ապահովելով՝ Խեչոյանը չի մեռցրել մյուս ժանրերը և բացահայտ համընկնումները միատեղ հրատարակելով՝ նա այդ կերպ ընդգծում է նաև վեպի ու պատմվածքների ինքնուրույն, անկախ արժեքը: Նոր ժանրագոյացման առումով կարևոր է այն փաստը, որ Խեչոյանը նախ վեպն է ընդգրկել գրքում, ապա նոր պատմվածքները, ինչպես նաև այն, որ գրողն այս դեպքում հարկ է համարել նոր վերնագրով, այսպես ասեմ, նշանավորել այդ հանգամանքը: «Ձայներ և տեսիլքներ» գրքում ընդգրկված պատմվածքներից «Սև գիրք…» տարբեր ձևերով «փոխադրվել» են «Հողի դողը»,«Փոխանակություն», «Քո դեմքով և նմանությամբ ստեղծվածները», «Ուսուցիչը» պատմվածքները: Դրանց պետք է ավելացնել նաև «Հունիսի հինգը և վեցը» ժողովածուում ընդգրկված «Երկրավոր արատ» պատմվածքը, որը նույնպես առկա է «Սև գրքում…»: Վերջինս նաև արտակարգ հուշում է ընդհանրապես բնագրային միասնության առումով. այդ կերպ Խեչոյանը վեպը չի թողնում սահմանափակվել պատերազմական թեմայի շրջանակներում, մանավանդ որ այս դեպքում կա նաև «Խնկի ծառեր» վիպակի ու «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի պարագան, որոնք տարաբնույթ հղումներով միասնականում են «Սև գրքի…» հետ:

Ընդհանրապես, «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից հետո Լևոն Խեչոյանի ֆենոմենը սկսեց հատկանշվել որոշ առեղծվածայնությամբ, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա աշխատում է նոր վեպի վրա՝ յուրօրինակ անդրադարձ հայկական էպոսին: Նրա գրվելիք վեպի արձագանքները ներգրական շրջանակների ամենասիրված թեմաներից էին ու շատ կողմերով ազդում էին նրա յուրաքանչյուր նոր ստեղծագործության ընկալման ու գնահատման վրա: Մանավանդ որ դրա շուրջ առկա էին նաև ներստեղծաբանական կարգի վկայություններ, ինչպիսին է, օրինակ, «Լրագրողը» պատմվածքը, որում հերոսի տվայտանքների էպիկենտրոնը գրվող կամ գրվելիք ստեղծագործությունն է: Յուրաքանչյուր հաջողված նոր գործ ընկալվում էր իբրև դեռ չավարտված վեպի շքեղ խոստում, ստեղծագործական ներքին տվայտանքներից ազատվելու, վեպի տեքստ ու տարածությունից հանգստանալու, մի փոքր մեկուսանալու վկայություն: Սրանք զգացողություններ էին, որ ներշնչված էին Խեչոյանի արձակին ու գրողի նրա տեսակին իրապես հաղորդակից ընթերցողին հենց իր՝ գրողի կողմից: Նկատի ունեմ, մասնավորապես, «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի «Նամակ» հատված-ավարտաբանությունն ու «Զանգուլակներով՝ կույր անցորդը» հարցազրույցը, որոնք յուրօրինակ «ինքնադատության փորձ»-եր են:

Նոր, դեռևս լույս չտեսած (գուցե նաև չգրված) վեպ — նոր պատմվածքներ առնչությունների վերաբերյալ կռահումներն ու ընկալումները իմաստավորվում են նաև այն իմաստով, որ Խեչոյանի ստեղծաբանական համակարգում վիպական տարածության մեջ ստեղծված պատմվածքների կամ վիպական տարածություն փոխադրված պատմվածքների օրինակը, ինչպես վերը տեսանք, նոր չէ ու եզակի չէ: Հետաքրքիր է, որ Խեչոյանի վերջին պատմվածքները («Լրագրողը», «Ճանապարհորդը») վերնագրային մակարդակում դրսևորում են, այսպես ասեմ՝ մասնագիտությունների հոգեվիճակային բացահայտումը, որով պեղվում են կեցության որոշակի ձևեր: Ուշարժանն այն էր, որ նշված պատմվածքների բուն զարգացումներում հերոսների մասնագիտությունները ներկայանում են անցյալ ժամանակի մեջ, իսկ պատմվածքների միջուկը ներկայացնում է կեցության այլակերպումը, մարդու օտարումը ինքն իրենից, իր էությունից ու կոչումից: Մյուս կողմից՝ դրանք գրողական ես-ի այլակերպումներ են, գրողական ողբերգության արտացոլումներ (գրողը՝ լրագրող, գրողը՝ ճանապարհորդ): Հերթական անգամ Խեչոյանի արձակում ամբողջ սրությամբ արծարծվում են անհատի ու անդեմ ամբոխի բախման, մարդու մենության թեման, մարդու, որ շոշափելու չափ տեղյակ է տիեզերքի անսահմանությանը: Ինչպես միշտ, Խեչոյանի հերոսները ներկայանում են ծայր աստիճան սրված զգայարաններով ու կյանքը ընկալելու միայն իրենց հատուկ տեսողությամբ: Կարելի էր եզրակացնել, որ սրանք, ըստ ամենայնի, նոր վեպում ևս կենտրոնական տեղ են գրավելու:

«Մհեր դռան գիրքը» շուտով հրատարակվելիք վեպն իր բնույթով չափազանց հարազատ է Խեչոյանի գրողական-ստեղծագործական նախընթաց միտումներին, և պատմվածքներից առթված եզրահանգումները, պարզվում է, այնքան էլ հեռու չեն իրականությունից: Այստեղ ևս գործ ունենք գրողական մասնագիտական այլակերպության հետ (պատմողը հանդես է գալիս որպես հայկական էպոսը խորապես ուսումնասիրած մասնագետ, որ դասախոսություն է կարդում այդ մասին), բացի այդ այս վեպում ևս նախկինում լույս տեսած որոշ պատմվածքներ գրեթե ամբողջովին ներհյուսվել են: Բայց ընդհանրության մեջ վեպը նոր գաղափարական հարցադրումներ է երևանում, որոնց էությունը հայոց պատմության ու ճակատագրի բանալին էպոսի կոդավորված համակարգի մեջ փնտրելն է՝ անցյալը սթափ գնահատելու, ներկան չվատնելու և ապագայի լուսավոր տեսլականը չկորցնելու համար…

 

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք