Թալես Միլետացի (625 – 547 մ.թ.ա.)

20143009172423674

Անտիկ փիլիսոփայությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 7-րդ  դարից:

7-5-րդ դդ. (մ.թ. ա.) զարմանալի բարձրության է հասնում հին հունական փիլիսոփայությունը, մարդկությանը տալիս խոշոր մտածողների մի ողջ կաճառ: Նրանցից հատկապես կարելի է նշել Հերակլիտին, Դեմոկրիտին, Սոկրատեսին, Պլատոնին, Արիստոտելին: Նրանք դեռևս այն ժամանակ առաջ են քաշել այնպիսի արմատական հարցեր, որոնք արդիական են մինչև այժմ:

Անտիկ փիլիսոփաները փնտրում էին իրերի առաջացման ու փոփոխման սկիզբը:

Դեռ այն ժամանակ հին հույները առանձնացրել էին յոթ իմաստունների՝ Թալես, Կլեոբուլ,  Սոլոն, Հիլոն, Պիտակ, Բիանտ, Պերիանդրոս:

Հույները Թալեսին համարել են յոթ իմաստուններից ամենանշանավորը (հայրը՝ Էքսիմիոս,  մայրը՝ Կլեոբուլի, արմատներով փյունիկեցիներ): Թալեսի արձանին (Միլեթ) գրված էր. «Միլեթը, սնելով Թալեսին, դարձրեց նրան իմաստուններից մեծագույնը»:

Թալեսը, Անաքսիմանդրը և Անաքսիմենը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփաներն էին:

Միլեթը հոնիական առևտրական քաղաքներից էր: Այն անվանում էին հունական Բաբելոն:

Առաջին մատերիալիստական բնափիլիսոփայությունը սկզբնավորվել է Հունաստանում:  Միլեթյան դպրոցը մատերիալիստական դպրոց էր, ձևավորվել է 6-րդ դարում: Նրա  ներկայացուցիչները հակադրվում էին կրոնա-առասպելական մտածողությանը: Թալեսը, Անաքսիմանդրը, Անաքսիմենը աշխարհը բացատրում էին հենց իրենով՝ աշխարհով: Նրանք  բնության նախահիմք էին համարում որևէ կոնկրետ նյութական գոյ՝ իր, առարկա, երևույթ (ջուր, ապեյրոն, օդ և այլն):

Բնության երևույթները բացատրելով յուրովի՝ նրանք թուլացրին օլիմպիական և մյուս աստվածների ազդեցությունը, զրկելով նրանց  բնության երևույթների կառավարման գործառույթից:

Հունաստանում փիլիսոփայությունն առաջինը անջատվեց կրոնից և գրավեց առանձին դիրք:

Պնդելով, որ մատերիական իրերը մի նախահիմքից են առաջացել, Թալեսը ուսուցանում էր, որ Տիեզերքը բնական որակական փոփոխությունների հետևանք է: Փիլիսոփայի այս դրույթը հանդիսացավ աշխարհի, տիեզերքի մասին մատերիալիստական աշխարհայացքի հիմքը և  ավելի ցայտուն դրսևորվեց հետա•ա փիլիսփա-աստղագետների մոտ (Անաքսագոր, Հերակլիտ,  Դիոգենես, Պլատոն, Պյութագորաս, Անաքսիմանդրես և այլք):

Աշխարհի բազմազանությունը բացատրելիս Թալեսը ամեն ինչի հիմքը, ֆիզիկական սկիզբը  համարեց ջուրը: Նա  պնդում էր, որ ամեն ինչ ծագել է խոնավ սկզբնանյութից կամ ջրից: Ջուրը համարվում է ամեն ինչի սկիզբը. ամեն ինչ առաջանում է ջրից և վերածվում է ջրի: Նա ջուրը ընտրել էր, որովհետև այն ոչ մի ձևից կախում չունեցող նախասկիզբ է: Այն կարող է բազմաթիվ առանձնահատկություններ ունենալ, կրել տարբեր որակական փոփոխություններ, բայց միշտ պահպանվել: Այս միտքը հետագա փիլիսոփաները զարգացրին իբրև աշխարհի մատերիալիստական մեկնաբանում: Այստեղ պարզ զգացվում է աշխարհի նկատմամբ մատերիալիստական մոտեցում: Նա ձգտում էր «աստվածայինը» տեսնել մատերիական նախասկզբի մեջ, բնությունը բացատրել ֆիզիկական, իրական տեսակետից: Դա իրավունք տվեց Թալեսին համարելու տարերային-մատերիալիստական փիլիսոփայության նախահայրը: Նրա «Ամեն ինչ առաջ է գալիս ջրից և ջուր է դառնում» գաղափարը օլիմպիական  աստվածներին «պաշտոնաթող արեց» և ուղի հարթեց բնության բնական բացատրությանը:

Ջրի հավերժական պտույտի մեջ աստվածներին այլևս տեղ չկար:

Տիեզերագիտության պատմությունը ևս սկսվում է Թալեսից: Նա տիեզերագիտության  հիմնախնդիրը արմատապես ազատեց դիցաբանական գաղափարներից և աշխատում էր բացատրել բնական պատճառներով: Եթե սկզբում փնտրում էին ՙինչպես է առաջացել աշխարհը՚ հարցի պատասխանը, ապա այժմ հարցը դրվում էր այլ կերպ՝ «ինչի՞ց է կազմված աշխարհը և տիեզերքը»: Ճիշտ է, մտածող մարդկանց այս հարցը հետաքրքրում էր նաև անցյալում, բայց այն իսկական գիտական բնույթ ստացավ միայն Միլեթյան բնափիլիսոփաների  և հատկապես այդ դպրոցի հիմնադիր Թալեսի մոտ:

Ֆոյերբախը համարում է, որ Թալեսի հանդես գալու հետ Հունաստանում «փայլեց  գիտության լույսը»: Թալեսը առաջին փիլիսոփաներից էր, որը նշեց ու գնահատեց գիտության  արդյունքի արժեքը: Նա որոշեց տարվա տևողությունը, ուսումնասիրեց Լուսնի և մոլորակների շարժումը և երկնային այլ երևույթներ: Նա երկու անգամ արժանացավ «Ոսկյա եռոտանի» պատվո, որը  Դելփյան պատգամախոսը նվիրում էր Հելլադայի ամենաիմաստուն այրին:

Թալեսի հիմնած դպրոցն առաջինն է հիմք դնում անվերջության հասկացությանը:

Միլեթցիները առաջ էին քաշում նաև այլ նոր գաղափարներ:

Իմաստասիրության արդի վիճակը լավ ըմբռնելու համար պետք է իմանալ հինը:

Ժամանակակից եվրոպական իմաստասիրությունը, ինչպես և քաղաքակրթությունը սկիզբ  են առնում հին Հունաստանից, որտեղից մեզ է հասել «իմաստասիրություն» բառը, որ նշանակում է սեր իմաստության նկատմամբ:

Թալեսը հեղաշրջում կատարեց աշխարհընկալման մեջ՝ առաջ քաշելով սկզբնապատճառի գաղափարը՝ որպես ամեն ինչի սկիզբ: Նա հին հույն առաջին փիլիսոփան է, առաջին գիտնականը, առաջին երկրաչափը, առաջին աստղագետը, առաջին ֆիզիկոսը: Նրան կարելի է կոչել եվրոպական գիտության առաջնեկը, նախահայրը:

 

Թալեսի մասին տեղեկություններ քաղում ենք Հերոդոտից, Պլատոնից, Արիստոտելից և  մյուս փիլիսոփաներից ու պատմիչներից:

Չնայած Թալեսի առաջ քաշած նախասկզբի տեսությունը այսօրվա համար պարզունակ է,  բայց պատմականորեն շատ կարևոր է: Դա, փաստորեն, նյութի պահպանման օրենքի նախահիմքն է:

Դիոգենոս Լաերտացու վկայությամբ՝ հենց Թալեսն է հոնիական ծովագնացներին ծանոթացրել Մեծ Արջի համաստեղության հետ, որով կողմնորոշվում էին նրանք:

Դրանից հետո Թալեսի անունը հռչակվեց նաև իբրև աստղագետի:

Նա առաջինը արծարծեց Տիեզերքի միատարրության գաղափարը: Այդ գաղափարը շարունակեցին նրա աշակերտները, այն կենսունակ է առ օրս:

Թալես Միլետացուց մեզ են հասել նաև իմաստուն ասույթներ.

-Սիրիր ընկերներիդ:

-Ընկերներիդ հիշիր ինչպես նրանց ներկա, այնպես էլ բացակա ժամանակ:

-Արտաքուստ մի կարմրիր, բայց եղիր գեղեցիկ քո գործերով:

-Մի հարստացիր անազնիվ ճանապարհով:

-Թող ասեկոսեները քեզ չհեռացնեն նրանցից, ում վստահում ես:

-Մի խուսափիր երբեմն ծնողներիդ հաճոյախոսելուց:

-Մի ընդօրինակիր հորդ վատ գծերը:

-Ինչպես վարվում ես ծնողներիդ հետ, նույնը սպասիր քո երեխաներից:

-Ի՞նչն է ամենադժվարը՝ ինքն իրեն ճանաչելը:

-Ի՞նչն է ամենահաճելին՝ ցանկացածին հասնելը:

-Ի՞նչն է ձանձրալի՝ պարապությունը:

-Ի՞նչն է վնասակար՝ անչափավորությունը:

-Ի՞նչն է անտանելի՝ անդաստիարակ լինելը:

-Սովորիր լավագույնից ու սովորեցրու լավագույնին:

-Պարապ մի մնա, նույնիսկ եթե հարուստ ես:

-Վատը թող տանը:

-Ավելի լավ է ատելության արժանանալ, քան խղճահարություն:

-Չափդ միշտ պահիր:

-Լինելով իշխանության գլուխ՝ կառավարիր ինքնուրույնաբար:

-Ամենաշատը տարածությունն է, որովհետև նա ամեն ինչ ընդգրկում է իր մեջ:

-Ամենաիմաստունը ժամանակն է, քանի որ ամեն ինչ բացահայտում է:

-Տգիտությունը ծանր բեռ է:

Թալեսի անձնական կյանքից քիչ բան է հայտնի: Պատմում են, որ նա համեստ էր ապրում, պահպանվել են նրա կյանքին վերագրվող մի քանի դրվագ: Երբ մայրը ցանկացել է նրան ամուսնացնել, նա մորը պատասխանել է, որ դեռ ժամանակը չէ, իսկ երբ մայրը ժամանակներ անց նորից է առաջարկել ամուսնանալ, ասել է, որ արդեն ուշ է: Երբ նրան հարցրել են, թե ինչո՞ւ չի ուզում երեխա ունենալ, պատասխանել է, որ երեխաներ շատ է սիրում և չի կարող նրանց կորուստը սգալ, տանել: Տեսնելով, թե ինչպես է Սոլոնի նման կամքով արի մարդը ողբում իր որդու մահը, Թալեսն ապշում է: Թալեսի կենսագիրները բերում են նրա թևավոր արտահայտությունը, որ ինքը երախտապարտ է  ճակատագրին երեք բանի համար.

Առաջին հերթին նրա համար, որ մարդ է ծնվել և ոչ թե գազան:

Երկրորդ՝ նրա համար, որ տղամարդ է և ոչ թե կին:

Երրորդ՝ որ հելլեն է և ոչ թե բարբարոս (ի դեպ, այս արտահայտությունը  վերագրվում է նաև Սոկրատեսին):

Հայտնի են դեպքեր, երբ նա իր գիտելիքները ներդրել է կյանքում: Օգտագործելով  եռանկյան սկզբունքն ու սովորական ձողը՝ նրան հաջողվել է Եգիպտոսում չափել բուրգի բարձրությունը:  Չափման եղանակը փարավոնին շատ է զարմացրել ու հիացրել:

Նրան շատ հաճախ հարցեր էին տալիս, և նա պատասխանում էր£ Ահա դրանցից մի քանիսը.

-Ի՞նչն է դժվար: — Ինքն իրեն ճանաչելը:

-Ի՞նչն է հեշտ: — Ուրիշին խրատելը:

-Ի՞նչն է ամենաքաղցրը: — Հաջողությունը:

-Ի՞նչ զարմանալի բան ես տեսել: — Բռնակալի՝ խոր ծերության հասնելը:

-Ինչպե՞ս կարելի է դժբախտությունը հեշտ  տանել: — Երբ տեսնում ես, որ հակառակորդդ ավելի վատ վիճակում է:

-Ինչպե՞ս ապրել լավ ու առաքինի կյանքով: — Չանել այն, ինչ արգելում ենք ուրիշին:

-Ո՞վ է երջանիկ: — Ով մարմնով առողջ է, հոգով հարուստ և բարեկիրթ:

-Ո՞րն է ամենագեղեցիկը: — Ամենագեղեցիկը Տիեզերքն է:

-Ո՞րն է ամենատարածվածը: — Ամենատարածվածը տարածությունն է, քանի որ իր մեջ ամեն ինչ ընդգրկում է:

-Ո՞րն է ամենաիմաստունը: — Ամենաիմաստունը ժամանակն է, այն ամեն ինչ լուծում  է:

-Ո՞րն է ամենաարագը: — Ամենաարագը միտքն է. նա արագ սլանում է ամեն տեղ:

-Ո՞րն է ամենաուժեղը: — Ամենաուժեղը անհրաժեշտությունն է. նա հաղթում է ամեն ինչի:

Թալեսը երկիրը պատկերացնում էր իբրև ջրի վրա լողացող տափակ սկավառակ: Նա երկրաշարժերի պատճառը այդ ջրերի տատանումներն էր համարում:

Եթե Թալեսը ամեն ինչի սկիզբը համարում էր ջուրը, ապա Անաքսիմենը՝ օդը, Անաքսիմանդրը՝ ապեյրոնը, իսկ Հերակլիտը՝ կրակը:

Ուսումնասիրելով Արևի և Լուսնի շարժումները՝ նա տարին բաժանեց 365 օրվա: Դա նրա մեծագույն հայտնագործություններից մեկն է, որ մինչև այսօր մնում է անփոփոխ:

Նա  ստեղծեց նաև օրացույցը:

Այն հարցին, թե ո՞ր պետությունն է լավ, Թալեսը պատասխանել է. «Այն  պետությունը,  որտեղ չկան աղքատ քաղաքացիներ և չափազանց հարուստներ»:

Նրան են վերագրում մի շարք հայտնագործություններ: Նա ճշտորեն գուշակեց 585 թ. մայիսի 28-ի արևի խավարումն ու բացատրեց, որ Լուսինը ծածկեց Արևը: Նա նաև բացատրեց,  որ դա ոչ թե հրաշք է, այլ բնական երևույթ: Սա իր նախադեպը չունեցող հայտնագործություն  էր: Նա փորձել է նաև տարին բաժանել ամիսների, իսկ ամիսները՝ օրերի: Նա մինչև անգամ բացատրել է, որ Լուսինը սեփական լույս չունի:

Թալեսի անվան հետ կապված են նաև զվարճալի-իմաստուն պատմություններ:

Ասում են, որ երբ հետազոտում էր երկնային լուսատուներն ու նրանց նայելով քայլում, ընկնում է փոսը, և մի թրակիացի կին ծիծաղում է նրա վրա. «Ով փիլիսոփա, քթիդ  տակ գտնվող հորը չես տեսնում, աստղերին ես նայում»:  Պլատոնը այս օրինակով բացատրում է, որ  Թալեսը իր ուշադրությունը բևեռել էր տիեզերական երևույթների բացատրությանը:

Թալեսը եղել է Եզոպոսի «առաջին դաստիարակը և փրկիչը»: Մեծ փիլիսոփան, գնահատելով Եզոպոսին և ճանաչելով նրա մեծությունը, լուրջ հետաքրքրություն է հանդես բերել մեծ առակագրի նկատմամբ:  585 թվականից Եզոպոսը մշտապես եղել է Թալեսի  ուշադրության ներքո:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Թալեսը գիտությունը երկնքից իջեցրեց Երկիր: Դրեց ճշգրիտ  գիտությունների հիմքը: Նա դեռևս այն ժամանակ հասկացել էր, որ գլխուղեղը վճռական դեր է խաղում մարդու հոգեկան կյանքում:

Միլեթյան փիլիսոփաները և նրանց մեջ առաջինը Թալեսն անցում կատարեցին դիցաբանությունից և կրոնից դեպի փիլիսոփայություն և գիտություն:

Թալեսի աշխատությունները չեն պահպանվել:

 

 

 

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք