Էսսեներ

Alberto-Savinio-45

Ալբերտո Սավինիոյի կենաց մակերեսն ու խորքը  

 

Իտալական բանարվեստի ճանաչված մասնագետ Լեոնարդո Շաշան, որը անհարկի հաճոյախոսություններ երբեք չէր շռայլում, Ալբերտո Սավինիոյին (1891-1952 թթ.) համարել է XX դարի խոշորագույն իտալական գրողը Պիրանդելլոյից հետո: Սավինիոյի կենսատեսակի մեջ ասես արտացոլված էր Վերածննդի դարաշրջանի համակողմանիությունը. դաշնակահար, կոմպոզիտոր (Փարիզում որպես երաժիշտ գրավել է Դյագիլևի ու Ստրավինսկու ուշադրությունը), բանաստեղծ, արձակագիր, նկարիչ (մտերիմ բարեկամն էր նոր դարում ծնունդ առնող արվեստի ջատագովների, որպիսիք էին Ժակոբը, Ապոլիները, Պիկասոն, Կոկտոն, Բրետոնը և այլք)… Նա հռչակավոր Ջորջո դե Կիրիկոյի եղբայրն էր (իսկական անունը՝ Անդրեա դե Կիրիկո), և այս երկուսին էլ վիճակվեց կանգնել արվեստի նոր՝ հետագայում սյուրռեալիզմ կոչվածի ակունքներում. «Սյուրռեալիզմն իմ ընկալմամբ,- գրում էր Սավինիոն,- անկառուցաձևության պատկերումն է, այսինքն՝ այն բանի, ինչը դեռ ձեռք չի բերել ձևակառույց… Իմ սյուրռեալիզմը չի սահմանափակվում անձևության ներկայացմամբ ու անգիտակցականի արտահայտմամբ, այլ ձգտում է ձև տալ անձևությանն ու գիտակցություն՝ անգիտակցականին»: Հայտնի են նրա «Հերմաֆրոդիտ» ժողովածուն, ուր ամփոփված են տարբեր լեզուներով բանաստեղծություններ ու արձակ գործեր, «Ողջ կյանքը»,«Տուն, որ կոչի կյանք» պատմվածքների ժողովածուները, «Անժելիկան կամ Գիշերը մայիսին» վեպը, «Նոր հանրագիտարան» էսսեների գիրքը և այլն: Սավինիոյի ստորև ներկայացվող էսսեներն այդ վերջին գրքից են:

 

 

 

Capro (espiatorio) – Նոխազ  (քավության)

 

Հին հուդայացիք նոխազին վերցնում, իրենց մեղքերը բարդում էին նրա վրա և ուղարկում անապատ՝ կարծելով, թե այդպիսով թեթևացնում են իրենց հոգին ու մաքրագործվում: Այդ այծատեսակին, որին մենք կոչում ենք թողության կամ քավության նոխազ, հուդայացիք անվանում էին Ազազել: Ծեսն ինքը, կարծես, հուդայական ծագում չունի, այլ ավելի շուտ փոխառված է հին եգիպտացիներից, քանի որ նվազ բազմաքանակ ու քաղաքակիրթ ժողովուրդը սովորություններն ընդօրինակում էր առավել բազմաքանակ ու քաղաքակիրթ հարևան ժողովրդից: Դա նաև հաստատվում է հենց Ազազել անվամբ, որը, ռաբբիների կարծիքով, հուդայական անուն չէ: Ինչ էլ լինի՝ Ազազել նոխազն օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է լուծել բարոյական պրոբլեմը (մեղսականություն) գործնականում (սեփական մեղքերդ բարդում ես Ազազել նոխազի վրա և այդպիսով ազատվում քո մեղսագործություններից): Սովորաբար մարդն ի վիճակի չէ գործ ունենալ մաքուր գաղափարների  հետ, այդ պատճառով էլ նրան անհրաժեշտ է հաղորդել դրանց տեսանելի, առարկայական ձև: Քչերն իրավունք ունեն զարմանալու, թե՝ ահա գոյություն ունեն քավության նոխազներ, առավել ևս՝ այդ սովորույթը ծաղրելու. չէ՞ որ մինչև օրս մեզանից շատերի կյանքն առատորեն լեցուն է ամեն տեսակի քավության նոխազներով: Այդ պատճառով մաքուր վերացական արվեստը, որում չի երևում «քավության նոխազը», արվեստ անգամ չի համարվում, հատկապես լատինական երկրներում: Փաստարկ է բերվում, թե արվեստը փիլիսոփայություն չէ: Սակայն նման փաստարկը զուրկ է որևէ իմաստից, քանզի նույն այդ փիլիսոփայությունը, որպեսզի մատչելի դառնա, դիմում է քավության նոխազներին: Դա երևում է դեռևս Պլատոնի, բայց նախ և առաջ Շոպենհաուերի փիլիսոփայության մեջ, որն իր համոզմունքի աներևակայելի զորության համար պարտական է քավության բազում նոխազների, որոնց օգնությանը դիմել է: Ուրիշ ի՞նչ մնաց: Մաքուր գաղափարը կասկած է հարուցում. այդ իսկ պատճառով էլ պյութագորականությունը, սպիրիտուալիզմը, իդեալիզմն առհասարակ ընկալվում են որոշ կասկածանքով: Քաղաքակրթության համար բարձրագույնն, ակնհայտորեն, պետք է լինի այն վիճակը, երբ  բոլոր կենսական հարցերը կլուծվեն մաքուր գաղափարների թեթև խաղարկմամբ, առանց գաղափարներին առարկայականություն ու մարմնեղենություն տվող քավության նոխազների նվազագույն անհրաժեշտության: Իմաստ չունի խոսել, թե մեր առողջության համար ինչ բարենպաստ կլիներ այնպիսի վիճակը, որի առկայությամբ ամենևին էլ պարտադիր չէր համարվի հավատալու համար տեսնելն ու շոշափելը: Բայց երբևէ կհասնե՞նք այդ վիճակին: Ուզում եմ ասել. այդպիսի վիճակն արդյոք գտնվո՞ւմ է մարդկային հնարավորությունների սահմաններում: Ահա թե որն է խնդրի էությունը: Հակասպիրիտուալիստների գլխավոր հիմնավորումը հետևյալն է. մարդն իր բնույթով չունի ոչ հնարավորություն, ոչ էլ իրավունք ապրելու և կյանքի մասին մտածելու մաքուր ոգու աշխարհում: Այս խորհրդածությանը կաթոլիկը միակցում է նաև մեղքի դառնությունը, քանզի, խորհելով բացառապես սպիրիտուալ կյանքի մասին, մարդ ինչ-որ չափով իրեն աստվածացնում է, այդ իսկ պատճառով քավության նոխազների առկայությունը վերջին հաշվով հանդիսանում է անհրաժեշտ պայման նվիրապետական կարգուկանոնի պահպանման համար: Ավելացնեմ, որ եթե քավության նոխազի հայտնաբերման պատիվը չի պատկանում հուդայացիներին, ապա չի պատկանում նաև եգիպտացիներին: Ավելին՝ այն պատկանում է ոչ թե մարդուն, այլ աղվեսին: Աղվեսը մեղքեր չունի, այնինչ լվեր՝ ինչքան ուզես: Եվ ահա թե նա ինչպես է ազատվում դրանցից: Աղվեսը մի փունջ խոտ է քաղում ու դրանից կոլոլիկ է սարքում: Հետո խնամքով սեղմում է այդ կոլոլիկն ատամների մեջ ու մտնում գետը: Որքանով որ սուզվում է ջուրը, այնքանով էլ լվերը տեղափոխվում են աղվեսի մարմնի չոր հատվածների վրա: Հետո աղվեսը գլուխն էլ է սուզում ջուրը՝ մակերեսին թողնելով միայն իր մռութիկը: Այդժամ, փրկության փնտրտուքներում, լվերը փոխադրվում են կոլոլված խոտի մեջ: Աղվեսը, վերջապես, ամբողջովին սուզվում է ջրի տակ ու նույն պահին էլ դեն է նետում լվերով լեցուն խոտի կոլոլիկը, որը հոսանքը քշում-տանում է: Ո՞վ իմանա՝ գուցե աղվեսը լվերով հագեցած այդ խոտագո՞ւղձն է անվանում Ազազել:

 

 

 

Apollo — Ապոլոն

 

Այն, որ Ապոլոնը ծնվել է լողացող կղզում, նրա բնավորության վրա կործանարար ազդեցություն է թողել: Մենք հարկ եղած  ուշադրություն չենք հատկացնում բնահողին, որի վրա ապրում ենք, մակերեսին, որին հենվում է մեր մարմինը, դիրքին, որն այդ մակերեսը մեզ ստիպում է ընդունել, ազդեցությանը, որն այդ դիրքը գործում է մեր խառնվածքի վրա: Ալբեր Տիբոդեն (1874-1936 թթ., ֆրանսիացի քննադատ, գրականության տեսաբան), որ մանրադիտակային քննադատ էր, սահմանել էր հստակ համապատասխանությունը Ռեմբոյի բանաստեղծական վարքագծի և նրա՝ ինչ-որ տեղ դաշտում կամ ճամփեզրին մեջքի վրա մեկնվելու և այդ դրությունից ամպերի որովայնը հայելու սովորության միջև: Շատ տարիներ առաջ դաժանագույն իշիասն ինձ մի քանի ամսով գամեց անկողնուն: Այսպես ուրեմն, ջանալով պառկած աշխատել, ես շուտով զգացի, որ սկսել եմ  «պրուստաբարո» մտածել: Դելոսի՝ նույն այն լողացող կղզու անկայունությունը, որի վրա երկու արմավենու շվաքում Լեթոն ազատվեց ու Զևսից սերմանված երկվորյակներ բերեց, բացատրում է Ապոլոնի ու նրա քույր Դիանայի խառնվածքների յուրահատկությունը: Արժեր ուսումնասիրել նավի վրա ծնված մարդկանց բնավորությունը. ես շատ կզարմանայի, եթե նրանց մեջ չհայտնաբերվեր ապոլոնյան խառնվածք: Ապոլոնն օլիմպիական աստվածներից ամենաթեթևամիտն է. ամենափուչն ու նվազագույնս նշանակալին: Ապոլոններ մեր մեջ վխտում են առատորեն: Բավական է շուրջբոլորը նայեք. ամենուրեք որքան քաղցրատես տղամարդիկ կան նշաձև աչքերով՝ լուսամուտի նման լայնաբաց  (ասել է թե՝ ոչ իրենց ներսում, ոչ էլ իրենցից դուրս ոչինչ չտեսնող), նեղկոնք ու լայնաթիկունք, անդիմադրելիորեն գեղեցիկ ու բացարձակապես անպետ: Հասկանալի է՝ անուններ չեմ տա: Մյուս աստվածները գոնե ինչ-որ մասնագիտություն ունեն. իսկ ոմանք, ինչպես Վուլկանն օրինակ, նույնիսկ արհեստավոր են: Իսկ Ապոլոնին՝ որևէ լուրջ զբաղմունքի անընդունակ նեղմիտ այդ պճնամոլին, դարձրին մուսագետ՝ պարզապես գաղափար չունենալով, թե նա ուրիշ ինչի կարող է պետք գալ: Այլ  կերպ ասած՝ նրան դարձրին մուսաների ղեկավար. պարտականություն, որից վրդովմունքով կհրաժարվեր սեփական արժանապատվության զգացումը վերջնականապես չկորցրած ամեն մի տղամարդ: Բացի այդ՝ Ապոլոնը հանդիսանում է խավարը հալածող, լուսակիր ու հենց արևակիր: Սակայն ո՞վ երաշխիք կտա, թե լույսը խավարից գերադասելի է: Ես մթան մեջ ավելի լավ եմ մտածում: Ապոլոնից սկիզբ առան արևապաշտության մտագարությունն ու հենց այդ «արևային» մակդիրը, որը, կարծես թե, խիստ բազմանշանակ է, այնինչ իրականում բացարձակապես ոչինչ չի նշանակնում: Պոեզիայում Ապոլոնին ներկայացնում են Ջորջ Բայրոնը, Շելլին, Գաբրիելե դը Աննունցիոն: Երբ խորհրդածում ես լույսի ունայնության մասին, գինեմառան իջնելու ցանկություն է առաջանում: Լույսը ռեաբիլիտացնելու՝ արժեվերականգնելու և այն անխուսափելի վարկաբեկումից փրկելու համար Նիցշեն լույսի «մթերանգների» միտքը հղացավ, ինչպես նաև՝ թե կեսգիշերը շատ ավելի խորունկ է, քան կեսօրը: Չնայած դրան, Նիցշեի Զրադաշտը՝ Ապոլոնի մտերիմ ազգականը, համաշխարհային գրականության ամենաանտաշ ու անհաջող կերպարներից է: Արդյոք ժամանակը չէ՞ ողջ ճշմարտությունն ասելու: Ապոլոնը էսթետիզմի՝ գեղամոլության աստվածն է: Չկայացած, փքուն ու հիստերիկ ամենայն ոք աշխարհում աստվածացրել է նրան: Իսկ մենք Պիթոն օձի կողմնակիցն ենք: Ապոլոնի քանդակներն ակներևաբար փոխանցում են նրա մակերեսային ու անբովանդակ խառնվածքի էությունը: Այսպես կոչված Բելվեդերյան Ապոլոնը նման է գոլֆ խաղացողի: Ինչ վերաբերում է շրջազգեստավոր Ապոլոն Մուսագետին, ապա միաժամանակ թե՛ տղամարդ և թե՛ կին հիշեցնելով՝ նա դրանով իսկ սահմանում է լուսակիր աստծո երկակի, անսեռ բնույթը: Ի՞նչ մնաց: Ապոլոնի ան-արականությունն իր հստակ համապատասխանությունն է գտնում Դիանայի ան-իգականության մեջ: Որքան մեկի մեջ քիչ է տղամարդը, այնքան էլ մյուսի մեջ՝ կինը: Նույնպիսի հավասարակշռություն է ի հայտ գալիս նաև մահկանացուների պարագայում. ավելի ճիշտ՝ խախտված հավասարակշռությունների նույնպիսի համապատասխանություն. հերմաֆրոդիտի քույրը, բնականաբար, հերմաֆրոդիտուհի է: Հասկանալի է՝ այս դեպքում էլ անուններ չեմ կարող տալ: Լուվրի որսորդուհի-Դիանան՝ համառոտ շրջազգեստով ու որսաշների ոհմակով պատված, ակնհայտորեն հանդես է գալիս ոչ կանացի կանանց այն տեսակի անունից, որը, ինչպես և բոլոր ոչ կանացի կանայք, սկսել է զբաղվել սպորտով:

 

 

Առաջաբանը և թարգմանությունը՝  Հովհաննես  Բեյլերյանի

 

 

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք