Զորավարը

Լուսանկար

-1-

Առաջին հրամանը

 

1918 թ. հունիսի 6-ին, այսինքն՝ դեռ տասն օր չանցած նորաստեղծ Հայաստան պետության հռչակումից և ընդամենը մեկ օր անց Հայաստանի ու Օսմանյան կայսրության միջև Բաթումի պայմանագրի ստորագրումից, Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն իր ձեռքով գրեց նորաստեղծ հայկական պետության սահմանների պաշտպանության վերաբերյալ առաջին հրամանը:

Անմիջապես հարկ է շեշտել, որ հայոց բանակի ղեկավարի  այդ հրամանը, անտարակույս, պատմական էր: Հիշյալ փաստաթուղթն առաջին հերթին պատմական պետք է համարել, քանի որ 1045 թվականից այս կողմ, այսինքն՝ Բագրատունյաց թագավորության անկումից և բյուզանդացիների կողմից հայոց ազգային բանակի լուծարումից հետո գրեթե ինը դար անց Մեծ Հայքի տարածքում հայկական պետության պաշտպանության մասին որևէ հրամանի վերաբերյալ բնավ խոսք չէր կարող լինել: Պատմական արժեք ունեցող այս իրողությունը շատ հաճախ է նսեմացվել և ներկայում էլ, թերևս սովորույթի ուժով, ստեպ-ստեպ շարունակվում է նսեմացվել, և այդ պատմաշրջանը գնահատելիս շեշտն ավելի շատ դրվում է Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն անցած տարածքներին: Այսպիսի մտայնության ամրակալմանը զուգահեռ, տարվել է նաև նման կացությունն «ստեղծողների» մեջ քավության նոխազների փնտրտուք, իսկ ՙմեղավորները՚ դատապարտվել ու քարկոծվել են շատ հաճախ անընդունելի եղանակներով ու ոճով և նրանց մեջ էլ, առաջին հերթին, հայկական նորակազմ բանակի հրամանատարը՝ Թովմաս Նազարբեկյանը: Ավելին, շեշտը հատկապես դնելով Մայիսյան հերոսամարտերի այս կամ այն չափով ժողովրդային նկարագրի վրա՝ թերագնահատվել է հայկական բանակի, ուստի նաև նրա հրամանատարի վճռորոշ դերն այդ հաղթանակների, հետևաբար՝ անկախ պետության կերտման գործում:

Մինչդեռ իրականում հրաշքից առավել էր տեղի ունեցածը. հայերին հաջողվել էր շատ արագ ստեղծել մարտունակ  բանակ և դիմագրավել ռազմական մեծ ավանդույթներով և այդ օրերին դեռ շոշափելի ներուժով օժտված թուրքական բանակի հարձակմանը, չոչնչանալ ազգովին, ավելին՝ սեփական ուժերով սեփական պետություն ստեղծել, որի պաշտպանությունը պակաս կարևոր պատմական խնդիր չէր:

Մանավանդ Մայիսի 28-ին հաջորդած առաջին օրերին ու ամիսներին: Չմոռանանք, դա այն վտանգավոր շրջանն էր, երբ Օսմանյան կայսրությունը ոչ միայն դեռ պարտված չէր, այլև իր բանակների նոր ու գլխավոր հարձակումը կենտրոնացրել էր Բաքվի ուղղությամբ, երևի թե վստահ, որ իր դաշնակից Գերմանիան հաղթական է, կամ գուցե վստահ լինելով, որ «հայերի դաշնակից» անգլիացիները Պաղեստինյան ճակատում և Միջագետքում իրենց դեմ այս անգամ էլ արագ հարձակում չեն սկսի…

Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանք մարտին կնքել էին Բրեստի պայմանագիրը: Այնպես որ, ճակատագրական պատերազմը թուրքերի դեմ, չնայած Բաթումում ստորագրված հաշտության պայմանագրին, դեռ ամենևին էլ ավարտված համարել չէր կարելի: Բաթումի պայմանագրով, փաստորեն, դադարել էին ռազմական գործողությունները հայկական սոսկ մեկ ճակատում: Արդեն հունիսի 10-ին հայկական մեկ այլ բանակ, դուրս գալով Բաքվից, հարձակում սկսեց Գանձակ հասած թուրքական 15-հազարանոց զորքի դեմ՝ նպատակ ունենալով օգնության հասնել շրջափակված Հայաստանի վերջին հողակտորի վրա ծվարած հայության մնացորդացին:

Գեներալ Նազարբեկյանի հրամանը պատմական է նաև այն առումով, որ հայկական փոքրաթիվ բանակի, նրա վերակառուցման խնդիրների վերաբերյալ կարևոր որոշումներն առաջին անգամ ընդունվում էին հայկական բանակի հրամանատարի կողմից ինքնուրույնորեն և բնավ իսկ թելադրված չէին հենց նոր գոյությունը դադարեցրած Կովկասյան ճակատի այլազգի վերադասների կողմից:

Պատմական հանգամանքների բերումով, դրանք թելադրված չէին անգամ հայկական կառավարության հրահանգներով, որովհետև հայկական կառավարություն այդ օրերին դեռևս կազմված չէր: Զորավարը հունիսի 4-ին Բաթումի բանակցություններին մասնակցող Հայոց պատվիրակության անդամներ Ա. Խատիսյանից և Հ. Քաջազնունուց սոսկ հաղորդում էր ստացել կնքված պայմանագրի մասին և խնդրանք՝ ռազմական գործողությունները, թուրք հրամանատար Շևքեթ փաշայի հետ համախորհուրդ, դադարեցնելու վերաբերյալ:

Ամեն դեպքում, զորավարի հրամանում տեղ գտած որոշումները պայմանավորված էին միմիայն ազգային-պետական տարածքի պաշտպանության շահերով, որոնք պատմական այդ պահին, ամբողջ բարդությամբ հանդերձ, հիանալի գիտակցված էին Հայոց սպարապետի կողմից. իր հրամանում Սպարապետն ամրագրել էր համազգային-պետական կարևորության որոշումներ: Հետևաբար բոլոր առումներով լիովին իրավացի ենք այդ հրամանն Առաջին հրաման համարելու, չնայած Հայկական կորպուսի սպայակույտի փաստաթղթերում այն բոլորովին այլ թվանիշ ունի:

Արժե, անշուշտ, անդրադառնալ զորավար Նազարբեկյանի պատմական հրամանի բովանդակությանը:

Սպարապետը հայոց զորքին նախ հրամայում էր մինչև Բաթումի պայմանագրի վավերացումը մնալ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի գոյամարտերում իրենց կողմից անսահման հերոսությամբ պաշտպանած բնագծերում, այսինքն՝ թույլ չտալ ոսոխին առաջ շարժվել կամ ինքնագլուխ հարձակումներ չձեռնարկել նրա դեմ:

Հրամանի հետագա տեքստից պարզվում է, որ Նազարբեկյանը, արմատապես փոփոխված իրադրությունն անմիջապես և համակողմանիորեն հաշվի առնելով, կատարել էր զորքի անհրաժեշտ վերախմբավորումներ: Բանակը նոր խնդիրներին համապատասխանեցնելու միտումով, նա հիմնականում Հայկական առանձին կորպուսի զորամասերից ստեղծել  էր չորս ստորաբաժանումներ (ջոկատներ):

Համոզվելու համար, որ Նազարբեկյանն օժտված էր պետական մարդու և զինվորականի շատ բարձր, ավելին՝ բացառիկ ունակություններով, հարկ է քիչ թե շատ մանրամասն ծանոթանալ հրամանի այդ հատվածի բովանդակությանը:

Հայոց զորքի հրամանատարը Դիլիջանի ջոկատի մեջ էր մտցրել Հայկական 3-րդ հատուկ հետևակային բրիգադի սպայակույտը, Վանի 2-րդ հետևակային գունդը, Հայկական 2-րդ հետևակային գունդը, Ղազախի հայ-ռուսական հրաձգային գունդը, Կարսի հայկական հեծյալ գունդը, մեկ հրետանային մարտկոց: Ջոկատի հրամանատար էր նշանակվել գնդապետ Բաղդասարյանը: Զորավարը ջոկատի առջև դրել էր Սեմյոնովկայի (Սևանի) լեռնանցքի և Քոլագերանի շրջանում ամուր դիրքեր գրավելու և դրանց պաշտպանության ապահովման խնդիրներ: Ջոկատի անձնակազմի թիվը 2319 մարդ էր, որից 162-ը սպա էր: Եթե հաշվի առնենք պաշտպանության տեսակետից բնության ընձեռած հնարավորությունները, ապա կարելի է ասել, որ ուժերն այդ ուղղությամբ գրեթե բավարար էին: Նազարբեկյանը լավ էր հասկանում, որ ռազմական գործողությունների վերսկսման սկզբում տվյալ դժվարամատչելի ուղղությամբ թշնամու հարձակումը քիչ հավանական է:

Ներքին Ախտայի ջոկատի կազմի մեջ զորավարը մտցրել էր 1-ին Հայկական դիվիզիայի սպայակույտը, Հայկական 1-ին և 3-րդ հրաձգային գնդերը, Հայկական 1-ին հրետանային բրիգադի երկու մարտկոց, վարժական մարտկոցը, Հայկական հեծյալ գունդը և կապի մեկ ջոկ: Ջոկատը բաղկացած էր 150 սպայից և 2172 զինվորից: Հրամանատար էր նշանակված Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը: Երզնկայից մինչև Ղարաքիլիսա անընդհատ համառ մարտեր մղած ջոկատը, անշուշտ, ուներ ռազմական մեծ փորձառություն և, հիրավի, մարտական հրամանատարներ ու զինվորներ: Թվաքանակով այն առանձնապես մեծ չէր, սակայն շատ մարտունակ ու կայուն զորամաս էր, որի առջև դեռ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերից դրված էր չափազանց  կարևոր խնդիր՝ թույլ չտալ թուրքերին Սուխոյ Ֆանտանի վրայով թափանցելու դեպի Երևան:

Նազարբեկյանի ստեղծած ամենափոքր խմբավորումը Նոր Բայազետի ջոկատն էր, որի կազմի մեջ մտցված էին Հայկական պահեստային հետևակային գունդը և մի քանի այլ ստորաբաժանումներ: Ջոկատն ուներ 2 գումարտակ, 15 սպա և 403 զինվոր: Պարզ էր նաև ջոկատի առջև դրված խնդիրը՝ թուրքերի հնարավոր հարձակումներից գավառի անվտանգության ապահովումը: Ջոկատի հրամանատար էր նշանակված փոխգնդապետ Ապրեսյանը: Միաժամանակ, այս ուղղությամբ նույնպես տեղանքը բավականաչափ դժվարանցանելի էր:

Նազարբեկյանի կազմած խոշորագույն ռազմական խմբավորումը Երևանի ջոկատն էր, որի կազմի մեջ էին մտցված Հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան՝ 5, 6, 7, 8-րդ հայկական հրաձգային գնդերը, Հայկական պարտիզանական հետևակային գունդը, Երևանյան հայկական գումարտակը, Հայկական հրետանային բրիգադի 1, 2, 4, 5, 6-րդ մարտկոցները, Հայկական հեծյալ գունդը, Հայկական պարտիզանական հեծյալ գունդը, կապի և ինժեներական ստորաբաժանումները: Բնականաբար, ջոկատի հրամանատար էր նշանակված Սարդարապատի ու Բաշ Ապարանի ընդհանուր հրամանատարը՝ գեներալ Մովսես Սիլիկյանը: Ջոկատի զորամասերը տեղաբաշխված էին Երևանում, Էջմիածնում, Բաշ Ապարանում: Ջոկատի միջուկն էին կազմում կորպուսի 2-րդ դիվիզիայի զորամասերը, որոնք կազմավորման ամենաերկար ժամանակն էին ունեցել (1917-ի նոյեմբեր-1918-ի մայիս), կռվելով թուրքական բանակի լավագույն զորամասերի դեմ, հիմնականում Սարդարապատում ու Բաշ Ապարանում, փառավոր հաղթանակներ էին տարել և բարձր մարտական ոգի ունեին: (Վերհիշենք, որ Սարդարապատի ճակատամարտից հետո այս զորամասը տոգորված էր Ալեքսանդրապոլը, անգամ Կարսն ազատագրելու ցանկությամբ): Ջոկատն ուներ 491 սպա, 14040 զինվոր:

Ակնհայտ էր, որ պատերազմի վերսկսման դեպքում այս ջոկատի վրա էր ընկնելու հիմնական ծանրությունը: Բնական էր, որ Նազարբեկյանը հենց այս ջոկատի առջև պիտի մարտական խնդիր դներ՝ ամեն գնով պաշտպանել Էջմիածինն ու Երևանը Իգդիրի, Ալեքսանդրապոլի և Ապարանի ուղղություններով թուրքական հնարավոր գրոհից: Անտարակուսելի ճշմարտություն էր, որ հակառակ պարագայում Երևանի անկումը մանուկ հանրապետության և միաժամանակ հայության վերջնական անկումն էր լինելու:

Բացի այս ուժերից Նազարբեկյանը ռեզերվում էր պահել 2 գումարտակ և 2 հրանոթ:

Ուշադրության արժանի է այն իրողությունը, որ Սպարապետը բոլոր ջոկատներում ստեղծել էր հրամանատարական ամուր կորիզներ կայացած սպայակույտերից ու քաջարի, փորձառու մարտական սպաներից, նաև լավագույնս բաշխել հրետանին:

Բանակի վերակազմավորման վերաբերյալ նշված տվյալները մեջբերելով Հայկական առանձին կորպուսի սպայակույտի պահպանված փաստաթղթերից՝ պատմաբան Աշոտ Հարությունյանն իր «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանության կռիվները» հիանալի գրքում հետևյալ կերպ է ընդհանրացնում և գնահատում հայկական բանակի ներուժը. ՙԸստ կորպուսի շտաբի տվյալների՝ 1918 թ. հուլիսի վերջերին կորպուսի 4 հիմնական ջոկատներում կար մոտ 34 գումարտակ, 9 հեծյալ հարյուրակ, 9 էսկադրոն, 36 հրանոթ: Սպաների թիվը հասնում էր 818-ի, զինվորներինը՝ 18772-ի:

Ինչ խոսք, այս թվերը կարող են թերի լինել: Գուցե և որոշ զորամասերի մարտական անձնակազմի մասին եղած տվյալները չեն մտել ընդհանուր աղյուսակի մեջ, բայց դրանից դրությունը գրեթե չի փոխվի: 1918 թ. ամռանը Հայաստանի զինված ուժերի քանակը հասնում էր մոտ 20000-ի, այսինքն՝ մոտավորապես 1,25 լիարժեք դիվիզիայի: Դա շատ քիչ էր ինքնապաշտպանություն կազմակերպելու համար»:

Ա. Հարությունյանի մանրակրկիտ աշխատանքը մեծապես գնահատելով հանդերձ՝ ամենևին չի կարելի համաձայնել նրա վերջին եզրակացության հետ: Բայց նախքան դրան անդրադառնալը երկու խոսք ասենք Հայկական կորպուսի տվյալ պահի ներուժի մասին:

1918-ի հունիսին ոչ վրացիները, ոչ ազերի թուրքերն առանձին-առանձին, ոչ էլ միասին վերցրած թվապես հայկական բանակի նույնիսկ կեսին հավասար ուժեր չունեին, իսկ մարտունակության առումով նրանք գրեթե զրո էին. դա փետրվար-մայիս ամիսներին «լավագույնս» փաստել էին Տրապիզոնի ճակատից մինչև Կոլխիդայի դաշտավայր սլանալով ՙնահանջած՚ վրացական զորամասերը:

Կովկաս ներխուժած թուրքական բանակն, իհարկե, թվական առումով շատ ավելի մեծ ու զորեղ էր, քան հայկականը, բայց Սարդարապատում, Բաշ Ապարանում պարտություն կրելուց հետո, իսկ Ղարաքիլիսայի վճռորոշ ճակատամարտում հանդիպելով հայերի ամենահամառ դիմադրությանը, փետրվարից մինչև մայիսի վերջերը, այսինքն՝ պատերազմի ամբողջ ընթացքում, շատ ավելի զոհեր տալով, քան հայկական բանակը,  կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորցնելով հարձակվող թուրքական բանակի ծաղիկը (Այսրկովկասի վրա էին նետվել թուրքական բանակի ամենամարտունակ ուժերը, նրանցից, որոնք Դարդանելում և Օսմանյան կայսրության եվրոպական մասի, ինչպես նաև Միջագետքի պաշտպանության ժամանակ անցել էին մարտական փառավոր ուղի և պատերազմելու դաժան փորձ ձեռք բերել), բարոյական ու մարտական առումներով այլևս չէր գերազանցում, այլ տվյալ պահին զիջում էր հայկական բանակին:

Կրած պարտություններից ու կորուստներից հետո թուրքերի համար կար նաև նոր համալրումներ ստանալու, հանգստանալու, ուշքի գալու, ուժերն ինչ-ինչ ուղղություններով կենտրոնացնելու, վերախմբավորվելու անհրաժեշտություն, մինչդեռ ժամանակը սուղ էր. թուրքական բանակը ձգտում էր օր առաջ Բաքու հասնել…

Չպետք է մոռանալ մի էական հանգամանք ևս. թուրքերը գործում էին բռնազավթված տարածքում, մինչդեռ Հայոց բանակը պաշտպանում էր սեփական օջախը:

Թուրքերն իրենք, և հարկ է գնահատել դա, չէին թաքցնում Հայոց զորքին տրվող իրենց բարձր գնահատականը: «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց են տվել, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները». Վեհիբ փաշայի կողմից Բաթումում արտասանած հանրահայտ այս խոսքերը բնավ էլ սոսկ քաղաքավարական արտահայտություն չէին:

Հայաստանն աշխարհից մինչ այդ լիովին ջնջելու պատրաստ թուրք հրամանատարը Բաթումում ամենևին էլ չէր ճանաչի Հայկական պետականության վերածննդի իրողությունը թեկուզ և փոքր տարածքի վրա, եթե նախորդ ամիսներին զգալի ուժեր կորցնելու գնով հանգած չլիներ այդ համոզմունքին: Այդ հետո՜ էր, որ թուրքերն հորինեցին իրենց կողմից հայերին պետականություն նվիրելու առասպելը, ամենայն հավանականությամբ, սեփական ձախողումն այս կամ այն չափով կոծկելու համար…

Հայոց սպարապետը լավ գիտեր ուժերի հարաբերակցությունը ճակատում, լավ գիտեր, որ նոր պատերազմ սկսելու պահին հայերն ունակ են  միանգամից ոտքի հանելու առնվազն 30000 կռվողների, կորպուսի զինվորների ու սպաների հետ ներառելով այդ թվի մեջ, թերևս նաև Անդրանիկի ջոկատի 4000 զինվորներին ու սպաներին, բազմաթիվ աշխարհազորայինների:

Միաժամանակ նա շատ լավ հասկանում էր, որ Բաքվի կոմունայի և թուրքական զորքերի միջև ընդհարումն օրերի կամ ժամերի խնդիր է, և գիտեր, որ Բաքվի ճակատում դարձյալ հիմնականում հայկական զորաբանակ է կռվելու թուրքերի դեմ:

Նազարբեկյանի համար ինքնին պարզ էր, որ հայկական այդ զորաբանակը, բաղկացած լինելով արևմտյան ճակատում մարտական մեծ փորձառության տեր դարձած զինվորներից ու սպաներից, մանավանդ Սարդարապատից, Բաշ Ապարանից ու Ղարաքիլիսայից հետո, չի կարող չկռվել համառորեն, չի կարող կենաց ու մահու պատերազմ չմղել ոսոխի դեմ: Բայց ամենամեծ մտահոգությունը, որը Հայոց սպարապետին մղում էր անհապաղ վերակազմավորելու բանակն ու պատրաստվելու երկրի պաշտպանությանը, թուրքերի ու նրանց բանավոր ու գրավոր խոսքերի հանդեպ վստահության իսպառ բացակայությունն էր: Դեռևս 1917-ի դեկտեմբերի 5-ին (18-ին) Երզնկայում կնքված զինադադարի շրջանից կամ, թերևս, ավելի վաղ նա այն հաստատուն կարծիքին էր, որ «թուրքերին, իհարկե, առանձնապես վստահել չէր կարելի»: Այդ մտահոգությունն, ավելի ճիշտ վախն այն օրերին բոլորի հոգում էր: Բաթումի պայմանագրից հետո ստեղծված ծանր կացության մասին Սիմոն Վրացյանն, օրինակ, գրել է. «Արտակարգ դժւար պարտականութիւն էր դնում պատմութիւնը Հայաստանի գործիչների վրա: Թիւրքերը ծեծում էին արդէն Բագուի դռները: Գերմանացիք՝ յաղթական արեւմուտքում: Ռուսաստանում քաղաքացիական կռիւն էր ծաւալւում իր բոլոր արհաւիրքներով: Դրսից պաշտպանութիւն, ապրուստի միջոց, դրամական օժանդակութիւն չէր գալիս: Ինչ որ արւելու էր՝ պէտք էր անել սեփական ուժերով»:

Նազարբեկյանը սակավաթիվ այն գործիչներից մեկն էր, ով  բոլորից լավ էր հասկանում իր ուսերին պատմության դրած դժվար պարտականությունը, առավել ևս դրսից պաշտպանություն սպասելու անիրականանալիությունը և սեփական ուժերով ու մանավանդ ճիշտ պահին մեծագույն համբերությամբ և տոկունությամբ անում էր հնարավոր ամենը, ինչն անհրաժեշտ էր սեփական ժողովրդի փրկության համար:

Նորաստեղծ պետության առաջին կառավարությունը միայն օգոստոսի 3-ին Հայաստանի խորհրդում (խորհրդարանում) ներկայացրեց իր անդրանիկ ծրագիրը, որի Դ. կետում խնդիր էր դրվում .«Վերակազմել երկրի զինւորական ուժերը՝ նպատակ ունենալով ստեղծել թւով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահութեամբ ուժեղ բանակ»: Դժվար չէ նկատել, որ նախ՝ կառավարության ծրագրի այս կետը պարզապես ամրագրում էր Սպարապետի շնորհիվ կյանքում արդեն շուրջ երկու ամիս իրականացվողը՝ զինված ուժերի վերակազմավորումը: Կառավարական ծրագիրը՝ ծրագիր, սակայն հայերը ՙթւով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահութեամբ» բանակ ստեղծել էին շատ ավելի վաղ, որն հենց ինքն էր սեփական  մաքառումներով դարձել հանրապետության իսկական կերտողը:

«Ի տարբերություն որոշ պատմաբանների, ես լիակատար հիմքով և խորին համոզմամբ համարում եմ, որ հայկական բանակը 1918 թվականի ողբերգական շրջանում իսկական ազգային բանակ էր»,- հետագայում գրել է 1918-ին այդ բանակի կրտսեր սպան ու ապագայի  խոշոր զորապետը (Հ. Մ. Բաղրամյան, Իմ հիշողություննները): Իսկ որ «իսկական ազգային բանակն» իսկական Հայ սպարապետ ուներ, դրանում չպետք է կասկածներ ունենալ, քանզի շատ մեծ էր, անտարակույս, այդ բանակի հրամանատարի ներդրումն այն կազմակերպելու և ճիշտ ղեկավարելու գործում, այդ բանակի տարած հաղթանակներում և, վերջապես, ինչը պակաս կարևոր չէ, անկասկած շատ մեծ էր այդ ներդրումը Հայկական բանակի հիմնական ներուժը մինչև 1918-ի հունիս պահպանելու գործում, ներդրում, որը եթե չլիներ հիրավի խոշոր, այլ լիներ աննշան, անհնար էին լինելու թե՛ բանակի ստեղծումը, թե° նրա հաղթանակները, ներդրում, որն առ այսօր էլ, ավա՜ղ, դեռ կարոտ է ճշմարիտ, առարկայական արժևորման… Արդյոք քանի՞ ժողովուրդ կարելի է մատնանշել, որը երեք-չորս ամսում իսկական բանակ է կազմավորել…

Սպարապետի հունիսի 6-ի պատմական հրամանն ավարտվում էր զորամասերի հրամանատարներին ուղղված ճշգրիտ ու խիստ բառերով: Հայկական բանակի հրամանատարներից նա պահանջում էր. «Բոլոր ուղղություններում, որտեղ զորամասերը նոր բնագծեր են զբաղեցնում պետական սահմանի մոտ, անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ հաստատելու իսկական հսկողություն տվյալ սահմանում, որպեսզի բացառվի զինված մարդկանց անցման ամեն մի հնարավորություն:

Բոլոր պետերին՝ միջոցներ ձեռնարկել զորամասերը մշտական մարտական պատրաստության մեջ պահելու համար, շուտափույթ կերպով հանդերձավորել զինվորներին, ձեռք բերել նյութատեխնիկական միջոցներ և անձնակազմի հետ անցկացնել նորմալ պարապմունքներ»:

Արդ, մի՞թե հայ հրամանատարներից Սպարապետի այս պահանջները նույնքան հրատապ չեն այսօր, որքան հրատապ էին հեռավոր 1918-ի հունիսի սկզբներին:

Ինչ էլ ասելու լինենք, մի բան անքննելի է. երկրի սահմաններն ամեն գնով պաշտպանելու Սպարապետի հանդարտ ու հաստատակամ հավատով գրված Առաջին հրամանը ուժի մեջ է նաև այսօր…

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք