Զինվորի համար չկա ավելի մեծ վարձատրություն, քան սեփական պարտքը կատարած լինելու գիտակցությունը…

Լուսանկար

Մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր այս մեղավոր աշխարհի համար չեն: Միջանձնային հարաբերություններում նրանց սպառնում  է ամեն ստահակի ծուղակը գայթելու ազնվությունը, իսկ սեփական բարեկեցության գաղջահոտ ճահիճում ճարպակալող քաղքենու հարգանքին արժանանալուց խորշում և խուսափում են իրենց հոգին այրող մեծ երազանքի պատճառով: Նրանք հաճախ ունենում են սուր, չափազանց կծու լեզու ու փշոտ են՝ ասես հարազատ մարգում օձ հայտնաբերած ոզնի: Սակայն նրանց սարկազմն իրականում ամեն օր արյունոտվող հոգու հուսահատ ինքնապաշտպանություն է, քանզի ներքուստ միայնակ են անգամ նվիրումի պահին, անգամ զինակիցներով շրջապատված, անգամ հաղթանակած….

Նրանք ստեղծված են նոր օվկիանոսներ ու մայրցամաքներ հայտնաբերելու համար, բայց ամեն օր իրենց հնամաշ մեքենայով հանդիպում են խաչմերուկում դարանակալած ամբարտավան ոստիկանին: Նրանք յուրային կլինեին բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ազատարար զորաջոկատներում ու ազատության վեհ բարձունքներին կծածանեին իրենց ոգու պուրպուր դրոշը, այնինչ ստիպված են համբերատար սպասել նոտարի նեղլիկ ընդունարանում ու լուռ հանդուրժել նրա հնամաշ քարտուղարուհու՝ տապից կաթիլ առ կաթիլ թանձրացող անհոգի կոպտությունը….

…1988 թ. ամառային այն օրը, երբ Արցախյան շարժման փոթորկահույզ հորձանուտը գլխովին նետված հայրս ընթրիքի սեղանի շուրջ վճռականորեն հայտարարեց, որ մեր ընտանիքը տուֆի ու արևի, հազար շատրվանների քաղաք Երևանից շուտով կտեղափոխվի հայրենի Ստեփանակերտ, հակառակվելու անվստահ փորձ անող մայրս էր թերևս միայն պատկերացնում այն փորձությունները, որ վիճակվելու էին մեզ:

Հապճեպ կազմակերպված օդանավային կարճատև ճամփորդությունից հետո ամառային Ստեփանակերտը մեզ դիմավորեց մեր ստվերաշատ փողոցի ալարկոտ լռությամբ ու հարևանների անհամար երեխաների ուրախ հետաքրքրասիրությամբ: Մորս ու մեզ՝ իր չորս չարաճճի երեխաներին հայրական տան պատերի լուռ հոգածությանը հանձնելուց հետո հայրս սեփական օջախում դարձավ չափազանց թանկ ու հազվադեպ հյուր: Ամեն աշխատանքային օրվա ավարտին  կարմրաթուշ դեղձի ու ոսկեհատ խաղողի բույրերով մեր խաղաղ երեկոն ներխուժող հայրիկին դիմավորող չորս թոկից փախածների աղմկոտ ուրախությանը փոխարինեցին յուրաքանչյուրիս աչքերում բնավորված կարոտն ու մոտալուտ պատերազմի հետզհետե լուսաքողարկվող գիշերների պես ծանր տագնապը:

Պատերազմը Ստեփանակերտ եկավ անսպասելի, աշնանային մի պայծառ օր՝ արևոտ երկնքի լազուրը պղծող հրետանային արկերի ճայթյունի տեսքով: Այդ ժամանակ հայրս վաղուց արդեն մայրիկիս գնած չեխական կոստյումը փոխարինել էր խունացած զինվորական համազգեստով:

Կանցնեն շատ տարիներ, ու իմ գործընկերը դարձած հայրիկիս նախկին հրամանատարը մի օր կպատմի ինձ՝ նրա սպա որդուն, ինքնապաշտպանական ջոկատի զորանոց առաջին անգամ  մտած խունացած համազգեստով համեստ մարդու մասին, ով գրպանում դրած ԽՍՀՄ ԶՈՒ սպայական վկայականը՝ եկել էր շարքային զինվորի պարտքը տալու իր պապերի երկրին: Կպատմի ուրախ ճարճատող վառարանի շուրջ իրենց առաջին զրույցի մասին, ու թե ինչպես մեկ շաբաթ հետո հայրս վաստակեց ջոկատի երեք ստորաբաժանումներից մեկի հրամանատարը լինելու պատիվը:

Օմարի լեռներում սովահար գայլի պես ոտքերը կրծող սառնամանիքին հայրս հակադրեց իր տղամարդկային կամքը, 1992-ի ամառային նահանջի անհույս անվերջությանը՝ ամուր հավատը, իր բանակի լմփոշ զանգվածից լկտիացած թուրքին հաղթելու համար դաշնակցեց հարազատ լեռների, մայր հողի, թավ անտառների ու Տեր Աստծու հետ, բայց պատրաստ էր դաշնակցելու անգամ սատանային, եթե դա պահանջեր պատերազմի դաժան օրենքը, իսկ ամեն զոհված ընկերոջ հետ հողին հանձնեց նաև իր մի մասնիկը…

Սարսանգի ջրամբարի մոտ հայրս տեսավ դիակներով սնվող խոզերի ու այրվող հայկական գյուղերից բարձրացող թանձր ծուխը, հորիզոնի մշուշից դեպի Ստեփանակերտ սլացող ամեն թշնամական ինքնաթիռի հետ նրա սիրտը համակեց անսահման վախը այնտեղ գտնվող ընտանիքի համար, մյուսների պես ստիպված եղավ պատերազմական երկար ձմեռներին համակերպվել իր սիրելիների կիսաքաղց գոյության հետ, անհուն ցավով հրաժեշտ տվեց զոհված ընկերներին, բայց մնաց, կռվեց ու հաղթեց, թեև պատերազմի դաշտում նրա ուղեկիցը ոչ թե թշնամությունն էր, այլ զարմանալիորեն անսահման խիզախության փոխակերպված տրտմությունը:

Իմ բարի ու ազնիվ հայրիկի մի մասը այդպես էլ անվերադարձ մնաց պատերազմի խանձված դաշտերում՝ մեզանից խլված մանկության ու հավիտենաբար հեռացած լավագույն տղաների հետ:

Հիմա բոլորս էլ՝ նրա հարազատներն ու ընկերները, գիտենք, որ հայրս այս մեղավոր աշխարհի համար չէ, ու քանի որ անհայտ օվկիանոսներ ու մայրցամաքներ այլևս չկան և ազատության պուրպուր դրոշը ծածանվում է մեր լեռների վրա, նա իր անափ ազատությունը գտել է իր իսկ ազատագրած Ակնայի մեծ հողամասում, որտեղ աճեցնում է աշխարհի ամենահամեղ ելակն ու թորում լեռնցու արյան պես թունդ օղի: Իսկ պատերազմին իր զոհաբերածի ու ողջ կյանքում ստացածի անհամաչափության մասին ակնարկողներին միշտ պատասխանում է միևնույն բառերով.

-Զինվորի համար չկա ավելի մեծ վարձատրություն, քան սեփական պարտքը կատարած լինելու գիտակցությունը…

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք