Երուսաղեմյան էսքիզներ

 

Harutyun-Harutyunyan

Ամպը

Մի ամպ, մի ամպիկ պոկվել էր մորից ու մոլորված գառան պես հայտնվել Երուսաղեմի երկնքում:  Մթնեց՝ ամպամած օրվա նման, և ամպիկն իր այդ կարողությունից այնպես էր տռճիկ տալիս, ասես սիրտը կայծակ էր ուզում: Բայց կայծակը, նույնիսկ մեղմ անձրևը չկար, եւ ամպիկը որոշեց հեռանալ: Երևի ուզում էր հետ գնալ իր աստղազօծ մարագը, սակայն չէր գտնում: Բանից անտեղյակն էլ կնկատեր՝ գլուխը կորցրել էր: Այնքան դեսուդեն թռավ, մինչև իջավ երեկոն: Երբ  մթնեց, ու էլ ոչ ոք ուշադրություն չդարձրեց մութ երկնքից կախված ամպիկին, հասկացավ, որ ժամանակից առաջ վազելը, ի վերջո, հանգեցնում է անուշադրության: Ոչինչ չէր փոխվել: Ներքևում նույն մարդիկ էին՝ վառել էին լույսերը, և վերևից երկիրը  նմանվել էր իր աստղազօծ մարագին: Միայն թե մարդիկ իրենց գործով էին զբաղված, և ոչ ոք վերև չէր նայում: Հասկացել էին, որ ո՛չ կայծակ է լինելու և ո՛չ էլ անձրև: Ամպիկն էլ հասկացավ, որ շտապել է և շատ ափսոսաց իր չկայացած ցանկության համար: Որոշեց միանալ մորը: Ուշացել էր: Մայր ամպը վճռական տեղավորվել էր Դամասկոսի երկնքում և սպասում էր Սիրիայի անապատներից ճամփա ընկած իր ազգակցի հետ  հանդիպմանը, և այդժամ անձրևն ու՛ շանթահար կայծակը մի քիչ շունչ կտային ներքևում տառապող մարդկանց, որոնք առիթը կօգտագործեին ժամանակավոր դադարի համար: Այստեղ իսկական խառնաշփոթ էր՝ պայթյուններ, կրակոցներ և արյուն…, և ածխացած մթություն: Արնակալած աչքերով մարդկանց շատ անհրաժեշտ էր դադար առնել, թեկուզ մի քանի ժամով: Եվ այդ դադարի հրահանգիչը կարող էր լինել երկու հսկա ամպերի հանդիպումը: Հսկաներն են որոշում ամեն ինչ՝ թե՛ ներքևում, թե՛ վերևում: Միայն թե ներքևինները, ի տարբերություն վերևինների, ապաշնորհ են, անհամ:

Ամպիկը մոլորված ու հոգնած քուն մտավ հենց այն պահին, երբ մայր ամպը Դամասկոսի երկնքում  փաթաթվեց երկար ճանապարհ կտրած իր ազգակցին: Իրենք էլ, ինչպես ներքևինները, չհասկացան՝ ուրախությունի՞ց, թե  զայրույթից պայթեց ամպրոպը: Երկինքը, կարծես, վիրաբույժի նշտարով միջամտության ենթարկվեց և վայրկենական  բոսորագույն լուսավորվեց:  Հետո անձրև տեղաց, դեղին անձրև… Եվ ներքևում տիրեց խաղաղությունը:

Ճիշտ այնպես, ինչպես Երուսաղեմի վերևում ննջում էր մոր ծոցից փախած ամպիկը:

 

Կորուսյալ հպարտություն

Մեզ՝ հայերիս համար «ծառայություն» բառը երկիմաստ է, նույնիսկ եռիմաստ, ու էլ չգիտեմ, թե այն քանի իմաստ կարող է ունենալ: Մի բան պարզ է. մենք, ի տարբերություն հրեաների, երբեք կամովին չենք ուզում ծառայել: Այն, ինչ հրեաների մոտ հպարտություն է, մեզ մոտ թուլության, վախի և անկարողության նշան է: Չէ, այնպես չէ, որ բոլոր հայերը նույնն են: Արիասիրտ հայեր էլ կան, բայց պետք է խոստովանեմ, որ խոտանը շատ է, ծառայամիտները՝ ավելի շատ: Հիշում եմ, երբ  ԽՍՀՄ-ի կազմում էինք, առանձնահատուկ վերաբերմունք ունեինք խորհրդային բանակի զինվորների նկատմամբ: Զինվորը մերը չէր, ընդհանուր էր, ավելի ճիշտ՝ ռուսինը՝ խորհրդայինի անվան տակ: Ընդունում էինք այդ զինվորին, օրհնում, կերակրում և խոնարհվում նրա առջև: Հիմա արդյոք նկատե՞լ եք այդպիսի տեսարան: Հրապարակային բաց նամակներ են գրում՝ «Իմ միակ որդուն մի՛ տարեք Ղարաբաղ», «Հայկական բանակը՝ սպանդանոց», տո էլ չգիտեմ,  թե ինչ: Խմբեր են ստեղծում՝ էլ «Չենք լռելու», էլ «Զինվորի մայր», էլ «Զինվորի հայր», էլ չգիտեմ ինչ, միայն թե աղմուկը մեծ լինի ու ազդեցիկ: Դրամաշնորհի չափը հենց այդ աղմուկի ազդեցությունից է կախված: Ամեն ինչ գնվում և վաճառվում է: Պատիվն էլ: Շուկայական հարաբերությունները մսխեցին ամեն ինչ, նույնիսկ հպարտությունը:

Քայլում եմ Երուսաղեմի փողոցներով և հանկարծ ինձ ծանոթ, շատ հարազատ բան եմ տեսնում: Հպարտությունը, որ իմ մեջ կորել էր, զգում եմ՝ նոր տեր է գտել ու գալիս է դեպի ինձ՝ դեմ հանդիման: Կանգնում եմ, օդը չի բավարարում: Զգում եմ՝  շնչահեղձ եմ լինում: Իմ կորած հպարտությունը նոր տեր  է գտել՝ շիկահեր, երկարոտ և ճաշակով շպարված գեղեցկուհու կերպարանքով՝ ինքնաձիգը ուսից կախ, երեխան գիրկը: Հետո մեկ այլ գեղեցկուհու եմ տեսնում՝ նորից զինվորական հանդերձանքով, ու էլի, էլի, էլի…

Գիտեի, որ իսրայելական բանակում աղջիկներն էլ են ծառայում, բայց չէի կարող պատկերացնել, որ այդքան շատ են և հպարտ  իրենց ծառայությամբ: Ի տարբերություն արական սեռի ներկայացուցիչների, որոնք ծառայում են երեք տարի, իգական սեռի ծառայության ժամկետը մեկ տարով պակաս է: Ճիշտ այնքան, որքան մեզ մոտ ծառայում են մեր տղաները:

Իսրայելը Եվրոպա չէ, և այստեղ, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն: Այստեղ ևս խաղաղությունը փխրուն է, և վառոդի հոտը՝ անպակաս: Բայց մարդիկ ծառայում են, չեն խուսափում և հպարտ են իրենց ճակատագրով: Այստեղ չծառայած մարդը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել: Ծառայությունից խուսափողն ուղղակի արժանանում է արհամարհանքի: Հասարակությունն է այդպիսին, և պետությունը՝ վճռական: Հայ համայնքի ներկայացուցիչները պատմում էին, որ իսրայելական բանակում շատ կան նաև հայուհիներ, որոնք գնացել են Հայաստանից, ստացել են Իսրայելի անձնագիր և իրենց կյանքը ճիշտ դասավորելու համար մեկնել ծառայության: Եվ որ ամենակարևորն է՝ հպարտ են, որ իսրայելցի են, որ ծառայում են հրեական բանակում: Տարօրինակ ազգ ենք: Մեր շեմը հսկելու փոխարեն նախընտրում ենք ուրիշի դռան շունը դառնալ:

Իմ բաժին հպարտությունից մի մեծ կտոր գտա և նորից կորցրեցի Երուսաղեմի փողոցներում:

 

Օվալաձեվ լիալուսին

Դուք օվալ լուսին տեսե՞լ եք: Պետք է խոստովանեմ, որ լիալուսինն ու կիսալուսինը ինձ համար, հուսով եմ՝ նաև ձեզ համար, նորություն չէ, բայց այն օրը, երբ վերադարձել էինք Բեթղեհեմից և շրջում էինք Երուսաղեմի փողոցներով, հանկարծ աչքիս առաջ լուսինը օվալաձև դարձավ: Կանգնեցի և չեմ հիշում որքան ժամանակ այդ հրե օվալի մեջ ինչ-որ բան էի փնտրում: Սթափեցրեց ընկերոջս ձայնը.

-Քեզ ի՞նչ եղավ:

Ասում եմ՝ նայիր, դու այսպիսի լուսին տեսած կա±ս:

Զգում եմ՝ ընկերս էլ մի պահ սառեց, իսկ հետո թե՝ այստեղ ամեն ինչ հնարավոր է, մի զարմացիր: Ասում եմ՝ Վոլո՛դյա, դու ինձ ասա՝ Երևանում լուսինն ի՞նչ ձևի է: Ընկերոջս պատասխանը ինձ հունից հանում է՝ Երևանում Հիսուս չի ծնվել, չէ՞:

-Հիսուսն ի՞նչ կապ ունի,- նորից իմն եմ պնդում:

-Եթե կապ չունենար, լուսինը կլոր կլիներ կամ… առնվազն կիսակլոր:

-Լսիր,- ասում եմ,- եթե դու հանրապետական ես, դա չի նշանակում, որ ոնց ուզենաս, այնպես կներկայացնես: Այստեղ ինչ-որ բան այն չէ, ես բացատրությունը չունեմ և զարմացած եմ՝ ո՞նց կարող է լուսինը օվալաձև լինել:

-Այ հենց այդ է, որ դուք իրականությունից դուրս եք և միայն ձեր աչքի տեսածին եք հավատում, իսկ մենք ապրում ենք երազներով, որոնք իրականանում են,- իբր կատակեց ընկերս:

Քիչ լռելուց հետո, ձեռքն ուսիս դնելով, ասաց.

-Շատ ե՞ս էս լուսնով զարմանալու, արի գնանք խմենք:

Մի քանի րոպեից արդեն հյուրանոցում էինք: Վոլոդյան լցրել էր բաժակները և բացել Երևանից բերած կտրատած բաստուրման: Չեմ հիշում՝ երրորդ թե չորրորդ բաժակից հետո մոտեցա պատուհանին: Լուսինը կլոր էր: Թափ տվեցի գլուխս, նայեցի շշի տակ մնացած կոնյակին և նորից շրջվեցի դեպի պատուհանը: Լիալուսին էր… համարյա երևանյան լիալուսին:

 

Ճանաչում

-Ուզեն թե չուզեն , ուշ թե շուտ՝ Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու են,- ասաց Հակոբն ու գրպանից հանեց գործուղման թերթիկը:

-Էս պետք ա կնքել տանք:

-Ի՞նչ է դա,- հետաքրքրվում եմ:

-Գործուղմանս թերթիկն է,- ասում է ու ցուցանում  Արցախի կառավարության կնիքով կնքված մասը:

-Բայց դա սովետի ժամանակ էր պարտադիր, հիմա հաշվապահությանը դրանք պետք չեն,- զարմանում եմ և հարցնում,- ձեզ մոտ այդ կարգը դեռ պահպանվո՞ւմ է:

-Չէ,-ասում  է,- մեզ մոտ էլ է վաղուց դուրս եկել, բայց, հասկանում ե՞ս, ես ուր  գնում եմ, հետս այս թերթիկներից եմ վերցնում: Երբ այս կնիքի կողքին այլ պետության  գերատեսչության կնիքով հաստատվում է իմ գործուղումը, նրանք անուղղակի ընդունում են  Ղարաբաղի անկախությունը: Այդպես չէ՞,- հարցնում է Հակոբն ու չի կարողանում թաքցնել բեղի տակ հայտնված  ժպիտը :

-Հա՜,- ասում եմ,- դուք՝ ղարաբաղցիներդ, ուրիշ պտուղ եք: Փաստորեն ուզում ես, որ  Հրեաստանը ճանաչի՞ Արցախի հանրապետությունը:

-Այո,նախորդ անգամ Բելգիային էլ ճանաչել տվեցի: Պատմություն է, հասկանում ե՞ս, վաղը էս թղթերը Արցախի անկախության թանգարանում կցուցադրվեն, թոռներս էլ կտեսնեն, թե ոնց ենք այս ամենին հասել: Հո մենակ կռվով չի՞,- ասաց Հակոբն ու քիչ դադարից հետո թե.- յուրաքանչուրս ոնց կարող է՝ պետք է մոտեցնի ճանաչումը:

Թեման կար, փաստորեն՝ հանձնարարությունն էլ: Հաջորդ առավոտյան, երբ արդեն նստած էինք խորհրդաժողովի դահլիճում, Հակոբը մոտեցավ կազմակերպիչ մարմնի ղեկավարին, տվեց թերթիկն ու խնդրեց հաստատել իր ներկայությունը: Թերթիկը տարան:

Նստած խոսում ենք:

-Հակոբ ջան սրանք հրեա են, սրանք խաղդ գլխի են ընկնելու, չեն  կնքի:

-Ոչինչ,- ասում է,- մենք էլ հայ ենք,- հետո շեշտում.- ղարաբաղցի: Ես այստեղից առանց կնքած թղթի չեմ գնա: Կապրենք կտեսնենք՝ ով ով է:

Խորհրդաժողովի ավարտին նկատեցի այն նույն մարդուն, ում Հակոբը տվել էր  գործուղման թերթիկը և խնդրել էր կնքել: Զգացի, հայացքով Հակոբին էր փնտրում: Հակոբը մոտեցավ, վերցրեց թերթիկն ու մի քանի բառ փոխանակելուց հետո հպարտ քայլերով վերադարձավ և նստեց կողքիս:

-Տես, սրանք էլ ճանաչեցին,- ինքն իրենից գոհ սեղանին դրեց թերթիկն ու ցույց տվեց կնիքը:

Իրոք, հրեական՝ Դավթի նշանով կնիքի կողքին արցախյան արծիվն էր:  Այսքանից հետո էլ ի՞նչ… Գնացինք նշելու:

Անդին  3  2013

 

Կարծիքներ

կարծիք