Դիրքերից է սկսվում հայրենիքը

Լուսանկար

Ուղևորվում ենք զորամաս: Ճանապարհը երկար է թվում: Շոգը շիկացնում է խզված ձայները: Մայրուղին ձուլվում է տեղ-տեղ դեղնավուն կանաչին:
Հասնում ենք բարձր, երկաթե դարպասների մոտ: Մեզ սպասում են, ուղեկցում ներս, զեկուցում:

Դիմավորում է փոխգնդապետ Արթուր Թումանյանը, ծանոթացնում զորամասի առօրյային:

Նորակոչիկներ: Արև: Հստակ շարքերով քայլող տղաներ:
Զինվորական համազգեստի խստություն:

Ինքնաբերաբար ձգվում ես. այստեղ ուրիշ տարածություն է, ուրիշ հայրենիք: Արևն ավելի տաք է, որն ավելի է ընդգծում Կարևորությունը: Չգիտեմ՝ ինչի կարևորությունը, բայց օդում զրնգում է այդ բառի նշանակությունը, թվում է՝ կարող ես շոշափել:

Շփոթված զինվորների հայացքներ, ֆոտոլրագրողի անընդհատ կադրեր:

Միտքս թևում է դեպի շարժման սկիզբը, այն ծանր, բայց հերոսական տարիները. դրանք իմ մանկության տարիներն են: Հիմա այդ մանկության տարիների աչքերով եմ նայում տեսածիս: Հպարտությունից ձգվում եմ: Այստեղ ժամանակի սլաքները թելադրում են՝ հողի, Երևանից դեպի այստեղ ձգվող ճանապարհի ամեն սանտիմետրի կարևորությունը:

Հրաման: Գունդը շարվում է: Նորից կադրեր:
Սա արդեն փշաքաղեցնող հպարտություն է:

Մեզ ցույց են տալիս զինվորական ննջարանները: Մաքրություն: Էլի զինվորներ, էլի հայացքներ: Ամեն մեկը՝ մի մարզից, ամեն մեկի աչքերում՝ իր ծննդավայրի յուրահատկությունը, ու այդ հայացքների ամբողջությունը խճանկարի պես ձևավորում է շարք կազմած զորքի հզորությունը:

Զինվորական շարքերի մեջ օդի բորբ ու բեկվող ծանրության միջից հայտնվում են արդեն ծառայած ընկերներիս դեմքերը:

Հիշում եմ նրանց նամակները, որոնցում արտահայտված կարոտը հիմա, այս պահին ավելի ուժգին եմ զգում ու ընկալում: Կարոտ, ու այդ բառի հետևում թաքնված տողեր՝ առանց բառիմաստը շեշտելու:

Սթափվում եմ: Հայացքս ուղղում դեպի ազգային Հերոսների պատկերները, որոնք հսկում են ամեն ինչ:

Հեռվում՝ ծաղիկների շուրջակալի մեջ, գծագրվում է Սպարապետի հուշարձանը: Առանձնանում եմ, գնում ու կանգնում հսկայական հուշարձանի առջև: Կարծում եմ՝ սարսափելի է, երբ նրանց ներկայությունը նկարների ու բազալտի ծանրությամբ է լինում… Երանի տեսնեին:

Կանչում են՝ ցուցադրում մի ուրիշ դասակ: Էլի զինվորներ, էլի հստակություն, ուզում եմ մոտենալ, առանձին-առանձին բարևել: Մեղավոր եմ ինձ զգում, որովհետև մի քանի ժամ հետո հեռանալու եմ:

Մոտենում եմ զինվորներից մեկին: Գյումրիից է:
Արմեն Պետրոսյանը ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը: Մարզիկ է: Պատմում է, որ զորամասում ամեն կիրակի տեղի են ունենում մարզական խաղեր: Խոսում է մարտական հենակետում զգացած ապրումների մասին: Ապա ապշելու նախադասությամբ ավելացնում՝ Դիրքերից է սկսվում Հայրենիքը: Ամուր սեղմում եմ ձեռքը: Ասածն այնքան կտրուկ է ու այնքան դիպուկ… Ոչ մի շինծու հույզ, ոչ մի ծեքծեքում. Դիրքերից է սկսվում Հայրենիքը:

Հրաժեշտ եմ տալիս:

Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցող փոխգնդապետ Արթուր Թումանյանի հետ գնում ենք դեպի նորակառույց բուժկետ: Քայլելիս հարցնում եմ նրա զինվորական կենսագրությունից:
Կատարյալ հանդարտությամբ պատմում է, որ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հետո Մոսկվայի ռազմական ուսումնարանը՝ գերազանցությամբ, ապա արագ անցում կատարում՝ ներկայացնելով զորքի բարոյահոգեբանական վիճակը, կազմակերպչական աշխատանքները, զինվորի մեջ հայրենասիրական ոգին բարձրացնելու կարևորությունը:

Մտնում ենք բուժկետ՝ նորակառույց շենք է:

Բուժծառայության պետ Ասլանյանը ցուցադրում է վերջերս ստացված բժշկական սարքավորումները: Հիացած ենք:

Ողջ ընթացքում փորձում էի թաքցնել ապրումներս. ինձ մեղավոր էի զգում, որ բանակում չեմ ծառայել: Ես կարճահասակ եմ:

Մայրամուտը գծագրում է հրաժեշտը:

Նորից անցնում ենք զինվորական շարքերի կողքով:

Հիմա նրանց հայացքները ինձ հետ են, աչքերիս առջև…

Բարի ծառայություն, զինվորնե՛ր՝ Կեցցե Հայաստանը, որը կա և որը վաղն է գալու:

Անդին 8, 2013

Share

Կարծիքներ

կարծիք