Դարձյալ հայը և թուրքը

Հեղինակ:

Ցեղասպանություն հանցագործության համար միջազգային իրավական պատասխանատվությունը

Հայաստանի Հանրապետության ձևավորմամբ սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն իրավական հարթություն տեղափոխելու գործընթացին: Արդեն 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագիրը կետ 11-ում սահմանեց, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Այսպիսով հայերի դեմ իրագործված ցեղասպանության հարցը Հայաստանի Հանրապետության համար դադարեց սոսկ պատմական փաստ հանդիսանա՝ վերածվելով արդի միջազգային իրավական հիմնախնդրի: Անկախության հռչակագրի ընդունումն հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու իրավական հիմք ստեղծեց: Փաստորեն, պետության Հիմնադիր փաստաթղթում ամրագրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը: ՀՀ Սահմանադրությունը նույնպես անուղղակի կերպով ներառեց հայերի դեմ իրագործված ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության հիմնախնդիրը Սահմանադրությամբ կարգավորվող իրավահարաբերությունների ծիրի մեջ: Պատահական չէ, որ այսօր Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների մեջ հետզհետե ավելի ու ավելի համառ է հնչում է «Հայաստանի Սահմանադրությունից և Անկախության մասին հռչակագրից որոշ արտահայտություններ հեռացնելու» արտառոց ձևակերպումը:

Ցեղասպանություն հանցագործությունն արգելող միջազգային իրավական փաստաթղթերի շարքում հիմնական դեր և կենտրոնական տեղ է զբաղեցնում Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թ.  դեկտեմբերի 9-ի կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը* սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել և պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Իսկ որքանո՞վ է իրավաբանորեն արդարացված այս կոնվենցիայի վկայակոչումը 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ: Բանն այն է, որ Ցեղասպանության կոնվենցիան մշակողները փորձել են ամրագրել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական նորմի առկայության փաստը: Այդ են վկայում հենց Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 1-ի ձևակերպումները, ուր, մասնավորապես, սահմանում է՝ «Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղության կամ պատերազմի ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է…»: Կարևոր է նշել, որ պայմանավորվող կողմերը չեն հայտարարում կամ հռչակում ապագայի համար, այլ հաստատում են, որ ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է: Կոնվենցիայի նախաբանում հստակ նշված է, որ այն կնքվում է՝ «ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»: Այդ  եզրույթը կիրառելի է նաև մինչև Կոնվենցիան կատարված հանցագործությունների նկատմամբ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն իր հատուկ հետազոտության մեջ նշում է. «Ցեղասպանություն բառը առաջացել է վերջերս որպես նեոլոգիզմ (նորաբանություն), որը բնորոշում է հին հանցագործությունները»: Ուստի Ցեղասպանության մասին կոնվենցիային կարող ենք վերագրել ռետրոակտիվ էֆեկտ (հետադարձ ուժ) և պնդել, որ 1948 թ. կոնվենցիան լիովին կիրառելի է 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կոնվենցիայի կիրառելիությունը կարելի է հիմնավորել նաև այդ գործողության և դրա հետևանքների շարունակական բնույթով: Համաձայն իրավաբանության հիմնարար սկզբունքի՝ եթե իրավախախտումը և դրա հետևանքները շարունակվում են, ապա իրավախախտման սկսման ժամանակը համապատասխան օրենքի կիրառման համար իրավաբանորեն էական չէ: Այդ առումով հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս և կշարունակվի այնքան, քանի դեռ չեն վերացվել դրա հետևանքները: Այս ենթատեքստում կարևոր նշանակություն ունի նաև այն, որ ՄԱԿ-ը 1968 թ. նոյեմբերի 26-ի կոնվենցիայում հրաժարվեց կիրառել վաղեմության ժամկետը մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ, որոնց շարքում առաջինը ցեղասպանություն հանցագործությունն է:

Նշենք, որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների (որոնցում սահմանվում է ցեղասպանության հանցակազմը) բոլոր կետերը 1915 թ. թուրքական իշխանությունների կողմից Հայկական հարցի «մեկընդմիշտ լուծմանը» ուղղված ոճրագործությունների ուղղակի և իրավաբանորեն հստակեցված նկարագրությունն են, և այս իմաստով Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել որպես մարդկության պատմության ամենաավարտուն ցեղասպանությունը: Հանցագործի նպատակը ժողովրդին իրենց արմատներից կտրելն ու տեղահան անելն էր և ֆիզիկական բնաջնջումը: Գոյություն ունեն Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորող հազարավոր փաստաթղթեր, ականատեսների վկայություններ: Հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի շարքը հսկայական է: Հենց թուրքերը ժամանակին ընդունել են ցեղասպանության փաստը. 1919 թ. Ստամբուլում ձևավորվեց ռազմական դատարան` պատժելու համար հայերի նկատմամբ իրականացված հանցագործության պատասխանատուներին, որը հեռակա կարգով մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարներին` նրանց մեղավոր ճանաչելով հայերի բնաջնջման քաղաքականության իրականացման համար, չնայած այդ դատավճիռը այդպես էլ չիրագործվեց: Թուրքական իշխանությունները գրում էին. «…Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար` ամոթով»:

Հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, իրավաչափ է դառնում ցեղասպանության` որպես միջազգային իրավունքի իմպերատիվ (jus cogens — պարտադրող իրավունք) նորմից բխող erga omnes (ուղղված բոլորին) պարտավորության խախտման համար ներկայիս Թուրքիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի պատասխանատվության հարցի բարձրացումը:

Օսմանյան կայսրության քայքայման արդյունքում չստեղծվեց լիովին նոր պետություն, այլ գոյություն ունեցող պետությունում, որը պատերազմի ընթացքում կորցրել էր իր գաղութները, փոփոխվեց կառավարման համակարգը: Ուստի Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և բոլոր հիմքերով պատասխանատվություն պետք է կրի հայերի բնաջնջման ու հայրենազրկման զազրելի քաղաքականության համար:

Ցավոք, պատասխանատվության ռեժիմը jus cogens պարտավորությունների խախտման համար փաստացի ավելի շատ վերաբերում է իրավախախտմանը արձագանքելու երրորդ պետությունների  պարտավորություններին, քան բուն իրավախախտումը կատարած պետության պատասխանատվությանը:

Բնականաբար, պետության պատասխանատվության մեխանիզմների արդյունավետությունը սահմանափակ է, երբ պետությունը ցեղասպանություն է կատարում ոչ թե մեկ ուրիշ պետության ժողովրդի, այլ իր սեփական քաղաքացիների նկատմամբ կամ իր սահմաններում: Ցեղասպանության պատմական օրինակներից շատերը կատարվել են հենց սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչպես հենց հայերի ցեղասպանությունը Թուրքիայի կողմից, 1994 թ. Ռուանդայի ցեղասպանությունը, Սուդանում` Դարֆուրում, տեղի ունեցող կոտորածները:

1915 թ. Ցեղասպանության պատասխանատվության խնդրի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ խոսքը թուրքական պետության և ոչ թե թուրք ժողովրդի կամ անհատների պատասխանատվության մասին է: Իրավական առումով հենց թուրքական պետությունն է  Ցեղասպանության կազմակերպողը և իրագործողը, ուստի առաջին հերթին հենց նա պետք է կրի ամբողջ պատասխանատվությունը: Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը պետք է հանգեցնի մինչ հանցագործությունը իրավական վիճակի վերականգմանը, Թուրքիան պարտավոր կլինի հնարավորինս վերացնել Ցեղասպանության հետևանքները: Թուրքիայի Հանրապետությունը պարտավոր կլինի փոխհատուցել հասցված բոլոր նյութական վնասները, ինչպես մինչ օրս անում է Գերմանիան` հրեաների ցեղասպանության համար փոխհատուցելով հրեաներին: Այս հանցագործության դեմ պայքարը պիտի համընդհանուր բնույթ կրի. միջազգային հանրությունը պիտի համատեղ ուժերով պայքարի նմանը չունեցող հանցագործության դեմ, երբ իր պատմական հայրենիքից բնաջնջվում և հայրենազրկվում էր մի ամբողջ ազգ: Պիտի կանխվի ապագայում նման հանցագործություն կատարելու հնարավորությունը: Քանի դեռ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության խնդիրը վերջնական լուծում չի ստացել, դժվար է խոսել ցեղասպանությունն արգելող միջազգային իրավունքի նորմերի արդյունավետության մասին: Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են ժամանակակից աշխարհի տարբեր շրջաններում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները:

 

*   Գենոցիդը ժամանակակից միջազգային եզրույթ է, բաղկացած է երկու բառերից` հունարեն genosª ցեղ, և լատիներեն cedere` սպանություն: Այն հաճախ անվանվում է «հանցագործությունների հանցագործություն»: 1941 թ. Ուինսթոն Չերչիլը ցեղասպանությունն անվանեց ‹‹հանցագործություն առանց անվանման››: Գենոցիդ եզրույթը 1944 թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը իր «Առանցքի ղեկավարումը բռնազավթված Եվրոպայում» հայտնի աշխատության մեջ: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս ձևակերպմամբ նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված Եղեռնը:

 

Անդին 5, 2013

Կարծիքներ

կարծիք