Գրողի կյանքը և նոր սերունդը

Լուսանկար

(….պետք է գրել այն լեզվով, որով աղոթում ես)

 

Արցախյան շարժումն իր հետ բերեց ազգային զարթոնք` բառի ամենաընդգրկուն իմաստով: Վերաիմաստավորվեցին մի շարք արժեքներ, համոզմուքներ ու գաղափարներ: Հայաստանի անկախությամբ հնարավորություն ընձեռվեց վերանայելու  նախկինում արգելված գրողների և մտավոր գործիչների ժառանգությունը, բարձրացվեց նրանց ստեղծագործությունները արժեքավորելու հարցը:

Ականավոր գրական անհատականությունների շարքում իր ամբողջ հմայքով վեր հառնեց Կոստան Զարյանի կերպարը, որի կյանքի ու գրական գործունեության ուսումնասիրությունը տեղ գտավ ավագ դպրոցի հայ գրականության դասագրքերի ծրագրային նյութերում:

Ուսումնական տարվա առաջին ամիսն էր: Գրողի կենսագրությունն ուսումնասիրելիս 12-րդ դասարանում իմ լավագույն աշակերտուհիներից մեկին դաս հարցրի: Նա, որ ՀՀ-ում հայ գրականության առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում 2-րդ տեղ էր զբաղեցրել, ասաց, որ չի սովորել գրողի կենսագրությունը: Միաժամանակ, իմ զարմացած հայացքը նկատելով, հանգիստ ավելացրեց, որ չի սիրում այդ գրողին: Բայց երբ հարցրի, որ ամառային արձակուրդի ժամանակ կարդացե՞լ  է հանձնարարված նյութը` Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, հանգիստ տոնով ասաց, որ կարդացել է: Կարծես ջուր մաղվեց  գլխիս, երբ հայտնեց, որ Արա Հերյանի` վեպի գլխավոր հերոսի կերպարն առանձնակի տպավորություն չի թողել իր վրա, տարբեր  իրավիճակներում հայտնվելով` նա կարողացել է գլուխ պահել` փրկելով իր անձը:

Հետաքրքիր է, ո՞րն էր իմ աշակերտուհու` այդ գրողին «չսիրելու» պատճառը: Գուցե ծագումով արևելահայ լինելով` Զարյանը դարձել էր Սփյուռքի գրող կամ աշխարհայացքն ու գեղագիտական ըմբռնումները ձևավորվել էին համաշխարհայի՞ն մշակույթի խառնարանում:

Բայց չէ՞ որ սկիզբ առնելով եվրոպական մշակույթի ակունքներից` Զարյանի ամբողջ ստեղծագրծությունը հայ ոգու փառաբանումն է, հայ մարդու ու նրա հայրենի երկրի միասնության գաղափարի հաստատումը:

Գիտենք, որ սփյուռքահայ գրողներից ոմանք, սկզբնապես հայերեն գրելուց հետո, հանգամանքների պարտադրանքով, անցել են օտար լեզվի, դարձել օտարագիր գրող կամ զուգահեռաբար գրել են նաև օտար լեզվով: Կ. Զարյանի դեպքում տեղի է ունեցել հակառակը: Երբ նա Բելգիայում ընդունվում է Բրյուսելի համալսարանը, որտեղ իշխում էին ֆրանսիական ոգին, մշակույթն ու լեզուն, ականատեսն է դառնում բելգիացի երիտասարդության եռանդուն պայքարին` հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքների հաստատման:

Մի կողմից այս հանգամանքը, մյուս կողմից Էմիլ Վերհարնի հետ ունեցած մի զրույց, որի ժամանակ մեծ բանաստեղծն ասում է, թե պետք է գրել այն լեզվով, որով աղոթում են, Զարյանի վրա վճռական ազդեցություն են թողնում: Նա մեկնում է Վենետիկ` Մխիթարյանների մոտ հայերեն սովորելու: Համոզվում է, որ հայ ոգին կարելի է արտահայտել միայն հայերենով: Բայց հայերեն չգիտեր: Եվ սովորել սկսեց տառերից…

Նախապես եվրոպական մամուլում տպագրված ռուսերեն և ֆրանսերեն արձակ ու չափածո ստեղծագործություններով ճանաչում գտած գրողը 1910-ական թվականներից անցնում է հայերենին:

Գուցե իմ աշակերտուհու` այդ գրողին  «չսիրելու»  պատճառն ուշացած հայերե՞նն էր կամ անվերջ թափառումներով հագեցած կյանքը գրողի, որը հայրենիք վերադարձավ վերջնականապես 1962 թ.` էլի ուշացած: Բայց Հայաստանում դեռ չէին հասցրել նրան ըստ արժանվույն գնահատել, երբ վրա հասավ մահը 1969 թ. դեկտեմբերին, և սկսվեց գրողի հետմահու կյանքն իր գրականության մեջ:

Հիշենք, որ 1885 թ. Շամախի քաղաքում ծնված Կոստանտին Եղիազարյանը ցարական բանակի գեներալի բազմանդամ ընտանիքի վերջին զավակն էր:

Որքա՜ն հոգեհարազատ է մեզ Շամախին, չէ՞ որ Կ. Զարյանի, Ալ. Շիրվանզադեի և հայտնի դերասան Հ. Աբելյանի մայրերը  քույրեր էին:

Կոստանը հինգ տարեկան էր, երբ մահանում է հայրը: Քայքայվում է ընտանիքը: Մայրը տեղափոխվում է Բաքու, փոքրիկ Կոստանին խնամակալության հանձնում մի ռուս ընտանիքի: Ինչո՞վ էր մեղավոր նա օտարալեզվության համար: Ռուսական գիմնազիա ընդունված Կոստանը հայերե՞ն պետք է սովորեր, թե՞  Փարիզում սովորող եղբայրը, տանելով իր մոտ, նրան հայերեն կրթության պետք է տար Ֆրանսիայում:

Մի շարք լեզուների տիրապետող օտարագիր Զարյանը շրջադարձ է կատարում դեպի մայրենին: Վենետիկում սովորած լեզուն պետք է ամրապնդեր և հարստացներ, պետք է այն դարձներ կենդանի խոսք, իսկ  դրա համար անհրաժեշտ էր ապրել հայկական միջավայրում:

Այդ օրերին Պոլիսը գրական-մշակութային կենտրոն էր, և 1912 թ. գրողը մեկնում է Պոլիս: Այդտեղ Դ. Վարուժանի, Հ. Օշականի և ուրիշների հետ 1914 թ. իր նյութական միջոցներով հրատարակում է «Մեհյան» ամսագիրը` նպատակ ունենալով ստեղծել հայ ոգին արտացոլող գրականություն: Ամսագիրը կարճ կյանք է ունենում սկսված համաշխարհային պատերազմի պատճառով:

Մեծ դժվարությամբ նա իր ընտանիքով` կնոջ ու երկու երեխաների հետ ստիպված է լինում հեռանալ այդտեղից, և նորից սկսվում է ոդիսականը օտար ափերում:

Այս անգամ Ճնշված ժողովուրդների ազատագրության ընկերության անդամ էր, գրավոր և բանավոր ելույթներով պաշտպանում էր Հայ դատը:

1920 թ.-ից Զարյանը կրկին Պոլսում է, իսկ 1922-ին ծնունդով արևելահայ Զարյանը վերադառնում է Հայաստան, հաստատվում Երևանում: Դասախոսական աշխատանքի է անցնում համալսարանում, մասնակցում գրական կյանքին: Բայց կասկածի և հալածանքի պայմաններում երկար չդիմանալով` նորից մեկնում է արտասահման: Վերջին տարագրությունը տևում է գրեթե չորս տասնամյակ:

Ինչո՞ւ «չսիրել» այն գրողին, որը հայրենիք էր եկել` աչքերն ու սիրտը հայությամբ լցնելու, բայց հեռանում է ցավի խորագույն զգացումով` իր հետ տանելով հայրենիքի տեսիլքը. ՙԵրախտապարտ եմ  աչքերիս մեջ ամբարած արծաթե տեսիլքների համար, սրտիս մեջ մխրճված բոլոր հույզերի համար, մսերիս մեջ թրթռացող և ուղեղիս  ծալքերի մեջ դրոշմված սպիների ու հեքիաթային երազանքների համար:

Երախտապարտ եմ, օ՜, իմ երկիր, քո հասցրած ցավի ու վերքի համար…»:

Խորհրդային Հայաստանից հեռացած գրողը  խոստովանել է, թե որտեղ էլ ապրել է, «մեր երկիրը, մեր ազգը և ոգին ամեն տեղ ներկա են եղել»  իր հետ: Եվ հայացքը սրբազան լեռանն ու հայրենիքին է եղել ուղղված: Նա իր ժողովրդին միշտ էլ դրել է ուրիշ հին ու քաղաքակիրթ ժողովուրդների կողքին` ասես հաստատելով այս արևի տակ նրա գոյության իրավունքը:

«Տարագրություն, և ոչ գաղթականություն, այս տարիներում մեր սիրտը և միտքը մի վայրկյան իսկ չի անջատվել մեր երկրից և մեր ժողովրդից»,- մի նամակում գրել է Զարյանը:

Արևմտահայության  գողգոթան Զարյանը չի տեսել, սակայն մտովի, երևակայությամբ ապրել է այդ սարսափները. «Տուները այրվում են և տուների մեջ այրվում են մանուկների օրորոցները և այրվում  է հացը սեղանների վրա խոնարհ…  Վայրենաշունչ ոհմակներ բոցերի լափում են սիրտը այգիների…»:

Ինչ լեզվով էլ որ գրել է , Զարյանը խորհել է իր ժողովրդի ճակատագրի շուրջ` փորձելով հայտնաբերել և բնութագրել «հայ հոգին», մեր գոյության խորհուրդը: Հայ հողի վրա հայ մարդու առօրյա կյանքի պատկերների ու նրա կենսապայքարի միահյուսումով փորձել է հայտնաբերել հայեցին: Հայի` բարձունքների ձգտումը, գոյատևման համառությունն ու դժվարություններին դիմակայելու կամքը գրողն արտահայտել է Արա Հերյանի կերպարով, որը, լինելով հեռավոր ճամփորդությունների նավապետ, թողնում է օտարների լայնարձակ ծովերը և գալիս է հայրենի փոքրիկ Սևանը նավարկելի դարձնելու:

Ինչո՞ւ գործելու անսահման վճռականությամբ լցված տոկուն, համառ, չընկճվող այդ երիտասարդն իմ աշակերտուհու վրա այդքան էլ լավ տպավորություն չի թողել, նույնիսկ այն դեպքում, երբ Զարյանն անգամ չի թաքցնում գրողական իր համակրանքը հերոսի նկատմամբ:

Արդյոք գլուխ է պահել կամ իր ա՞նձն է փրկել Արա Հերյանը. լինելով  անկուսակցական, չմասնակցելով քաղաքական կյանքի անցուդարձերին:  ՉԷ՞ որ երկրի կառուցումը Զարյանը կապում է պարզ հայ մարդու, նրա կառուցողական ոգու, հայրենասիրական  կորովի և ոչ թե որևէ կուսակցության հետ:

Հիշենք, որ հերոսը քաղաքական գործիչ չէ, չի միջամտում կուսակցությունների գործին, իշխանափոխությունների ժամանակ հեռանում է մայրաքաղաքից, ինչն էլ տեղիք է տալիս մտածելու, որ այդ կերպարը փոփոխական է: Բայց Հերյանը հաստատակամորեն մնում է Հայաստանում, որովհետև  հայոց լեռների «գաղտնի կյանքը նա այլևս ճանաչում էր, ինչպես առաջ ճանաչում էր ծովը»: Նավը Հերյանի համար դառնում է պետականության  խորհրդանիշ, իսկ նավը տեղ հասցնել նշանակում է կհաստատվի ու կմնա այդ պետականությունը, որին ձգտում էր նաև գրողը:

Աստիճանաբար համոզվում ես, որ անցած դարասկզբին Հայաստանի առաջին պետականության  նկատմամբ սփյուռքահայ գրողի այս մտահոգությունը  ծնվում է հենց նրա խոր հայրենասիրությունից:

Մտածելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ, գուցե, դասագրքերում տեղ գտած Կ. Զարյանի կյանքի և ստեղծագործությունների ուշացած ուսումնասիրությո՞ւնն էր նրան «չսիրելու» պատճառը, որ դարձավ այս նյութը գրելու շարժառիթը և իմ աշակերտուհու ուշացած խոստովանությունը. «Սկզբում թերագնահատորեն վերաբերվեցի գրողին, իսկ «Նավը լեռան վրա»  վեպում Արա Հերյանի նպատակն այնքան էլ խոստումնալից չէր թվում ինձ: Գուցե դա նրանից էր, որ բոլորս էլ սպասում ենք նոր իդեալի, նոր հերոսի, որը լիովին կփոխի՞ կյանքը… Սակայն մի քանի դասաժամերի ընթացքում լայնորեն ուսումնասիրելով Կ. Զարյանի կյանքն ու գործունեությունը` հասկացա, որ ճակատագրի բերումով է նա հայտնվել օտար ափերում… Ընդհանրապես, գրողի հանդեպ փոխվել է իմ վերաբերմունքը, ուղղակի կասեմ, որ Կոստան Զարյանը հանճարեղ մարդ է…»:

 

Նատաշա Պողոսյան

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջն. դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Անդին 12, 2014

Share

Կարծիքներ

կարծիք