Գնահատել աշակերտի` ինքն իրեն գնահատելու կարողությունը

Լուսանկար

Կրթությունը այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են:

Բ. Ֆ. Սքիներ

 

Այն, որ այսօր մեր կրթահամակարգը արմատական փոփոխությունների կարիք ունի, անվիճելի է: Այս համատեքստում ինձ`որպես ուսուցչի, հետաքրքրողը հանրակրթությունն է` դպրոցը` իր կրթադաստիարակչական համալիր դերով: Հենց դպրոցից էլ սկսել է պետք, և համարձակ քայլեր են պետք: Մի բանում հստակ համոզված եմ` դպրոցում իրական բարեփոխում կարող է առաջարկել միայն գործող ուսուցիչը`ելնելով իր ամենօրյա աշխատանքային փորձից: Ցավոք, այսօր դպրոցում իրականացվող ցանկացած փոփոխություն (խուսափում եմ «բարեփոխում» բառից) կատարվում է` բացարձակապես հաշվի չառնելով գործող ուսուցչի կարծիքը: Ընդհանրապես ուսուցչի` որպես նախաձեռնողի և ազատ մտածողի դերը հասցված է նվազագույնի (սա առանձին թեմա է, որը լուրջ քննարկումների կարիք ունի): Արձանագրեմ միայն մի փաստ. ուսուցչական փորձի փոխանակում, նորարարության խրախուսում, քննարկում, մասսայականացնում իրականացնող որևէ մարմին մենք չունենք, թեպետ կան պետության կողմից լիազորված տարաբնույթ կառույցներ (Կրթության ազգային ինստիտուտ, կրթության վարչություններ, թեստավորման կենտրոն և այլն), որոնք կոչված են նաև բարեփոխումներ իրականացնելու, սակայն նրանց գործառույթները շոշափելիորեն սահմանափակվում են կամ ուսուցչի աշխատանքը վերահսկելով (ընդ որում, կարևոր չէ, որ վերահսկողը զիջում է այդ  ուսուցչին իր մտավոր, մանկավարժական կարողություններով), կամ ուսուցչին սովորեցնելով օտարերկրյա մանկավարժության այսօր արդեն հնացած «ձեռքբերումները», կամ էլ ուսուցիչների ներկայությամբ դատարկ լսարանները լցնելով:

Տխուր է… Բայց իմ նպատակը այս տխուր իրավիճակը ներկայացնելը չէ (ասելիք է, որ կուտակվել է տարիների ընթացքում):

Այսքանը որպես նախաբան ներկայացնելուց հետո համարձակվում եմ, ելնելով մանկավարժական իմ համեստ փորձից (25 տարի), առաջարկել մի տեսակետ, որը վերաբերում է գնահատման համակարգին:

 

Ինչպիսին էլ լինի կրթության բովանդակությունը, իսկ այն կարող է փոփոխվել ժամանակի պահանջներին համապատասխան, այն` որպես ուսումնական գործընթաց, միշտ էլ ուղեկցվում է գնահատում երևույթով: Գնահատականը մանկավարժության մեջ սահմանվում է որպես ուսուցչի կամ մեկ այլ ստուգող անձի կողմից սովորողի գիտելիքների մակարդակի, աշխատանքի որակի բնութագրում` արտահայտված թվանշանով: Հանրակրթության ոլորտում, որտեղ գործ ունենք տարիքային այնպիսի առանձնահատկության հետ, ինչպիսին անձի ձևավորումն է, գնահատականը չի կարող միայն վերոնշյալ դերն ունենալ. այն, սոցիալ-հոգեբանական դրդապատճառներով պայմանավորված, աստիճանաբար դառնում է գերիշխող գիտելիքի նկատմամբ: Անձի ինքնաճանաչման, ինքնահաստատման այդ  ամենաբարդ շրջանում գնահատականը վերածվում է անձի ձևավորման ամենանուրբ գործոնի: Այդ իսկ պատճառով մանկավարժական միտքը շարունակաբար փորձում է մշակել գնահատման այնպիսի համակարգ, որը կխթանի աշակերտի սովորելու ցանկությունը, ճիշտ կարտահայտի նրա գիտելիքների մակարդակը`միաժամանակ չվնասելով անձի բարոյահոգեբենական արժեհամակարգը:

Նախքան գնահատման վերաբերյալ իմ առաջարկը շարադրելը փորձեմ համառոտ ներկայացնել, թե գնահատման ինչ համակարգ է որդեգրել ՀՀ կրթության նախարարությունը հանրակրթության ոլորտում, և որքանով է այդ համակարգը զորու լուծելու մանկավարժության առջև դրված վերոնշյալ խնդիրը:

Այսպես, 2010 թ.-ից հանրակրթական դպրոցներում գործածության մեջ դրվեց ընթացիկ գնահատման նոր համակարգ (նպատակը, ինչպես միշտ, կրթության որակի բարելավումն է), որը սակայն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում հին համակարգից: Ասել, որ գնահատման այս նոր համակարգը խթանում է, կամ կխթանի կրթության որակը, կնշանակի ինքնախաբեությամբ զբաղվել նորից: Ընթացիկ գնահատման նոր համակարգը առանձնացնում է գնահատման 2 հիմնական ձևեր`1.միավորային (նիշային),որն իրականացվում է ուսումնական նյութի որոշակի մասն ուսումնասիրելուց հետո և ունի վերահսկող գործառույթ, 2.ուսուցանող (ոչ նիշային), որն իրականացվում է ուսումնական նյութի յուրացման ընթացքում, հետապնդում է սովորողի առաջադիմության բարձրացման և կրթության որակի բարելավման նպատակ:

Գնահատման միավորային (թվանշային) ձևը, ինչպես վերը նշեցինք, ունի վերահսկող գործառույթ և հստակ կարգավորվում է առարկայական ծրագրերին համապատասխան գնահատման չափորոշիչներով: Ի դեպ, այդ չափորոշիչներին պարտադիր պետք է տեղյակ լինի նաև աշակերտը, որպեսզի հստակ պատկերացում ունենա, թե ինքը ինչու ստացավ այդ գնահատականը: Թվում է, թե երկուստեք (ուսուցիչ-աշակերտ) չափորոշիչով առաջնորդվելու դեպքում գնահատման այս ձևը պետք է ոչ միայն արտացոլի աշակերտի գիտելիքների մակարդակը, այլև խթանի ավելի բարձր միավորի ձգտմանն ուղղված նրա` ավելին սովորելու ջանքերը: Բայց հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս հոգեբանական գործոնը` իր բոլոր անցանկալի հետևանքներով: Գնահատման այս վերահսկող եղանակը խթան կարող է լինել միայն այն աշակերտների համար, ովքեր օժտված են բարձր ընկալունակությամբ, կարողանում են հեշտությամբ վաստակել բարձր միավորներ: Սա գուցե և արդյունավետ է մասնագիտական ուղղվածություն ունեցող փոքրաթիվ դպրոցների համար, որտեղ սովորողների ընտրությունը կատարվում է քննության արդյունքում: Սովորական դպրոցներում մենք փաստացի գործ ունենք սովորողների բազմաշերտ խմբի հետ, որտեղ տարեցտարի խճճվող ծրագրերի և ակադեմիական լեզվով շարադրված դասագրքերին զուգահեռ նվազում է ծրագրային պահանջները հաղթահարելու ունակ սովորողների քանակը: Ստացվում է, որ այն աշակերտները, որոնք, որոշակի տարիքից սկսած, դժվարանում են ընկալել այս կամ այն ուսումնական առարկան, ինքնաբերաբար դուրս են մնում ուսումնական գործընթացից: Աշակերտների այդ ստվար հատվածը ստիպված է գիտակցելու, որ ինքը չի կարող իր ուժերով ստանալ «բաղձալի» միավորը, և սկսվում է տարատեսակ հնարքների արատավոր շղթան, որն անընդհատ կատարելագործվում է` ի հակադրություն նահանջող կրթահամակարգի:

Ինչ վերաբերում է գնահատման 2-րդ ձևին` ուսուցանող գնահատումին, այստեղ միավորային գնահատումը բացառվում է. սա ենթադրում է բանավոր խրախուսում, դիտողություն, այսպես կոչված հետադարձ կապ` սխալների վերլուծություն, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում և այլն: Եթե նայենք ձևակերպմանը, կհամոզվենք, որ այս եղանակը մանկավարժության տեսանկյունից շատ ավելի կարևոր է. ցածր, «անպատվաբեր» նիշային գնահատմամբ չի «նվաստացվում» սովորողի արժանապատվությունը, ազատում է մի շարք բարդույթներից: Հենց այս հոգեբանական շեշտադրումով էլ պայմանավորված`որոշ երկրների կրթահամակարգեր մասամբ կամ ամբողջովին կիրառում են միայն ուսուցանող գնահատում` նրբանկատ բնութագրական խոսքով` բանավոր կամ գրավոր (մեզ մոտ սա կիրառվում է միայն տարրական դպրոցի 1-ին դասարանում): Չի կարելի ասել, թե սա լուծում է երեխայի անձին կամ կրթության որակին առնչվող բոլոր խնդիրները, որովհետև գնահատման միայն այս եղանակի կիրառումը կարող է հանգեցնել մեկ այլ ծայրահեղության` համատարած անգրագիտության: Մեր կրթահամակարգում, որքան էլ կարևորենք ուսուցանող գնահատականի դերը, այն ձևական բնույթ է կրում, որովհետև փաստացի անմրցունակ է դառնում միաժամանակ գործող թվանշային գնահատման համեմատությամբ, որովհետև թե՛ աշակերտին, թե՛ ծնողին վերջնարդյունքում, միևնույնն է, հետաքրքրում է գնահատականը թվանշանի տեսքով: Ամփոփելով` կարելի է ասել, որ գնահատման գործող այս երկու ձևերն էլ առանձին- առանձին կիրառելի են որոշ օղակներում, բայց ոչ համատարած և միաժամանակ:

Հիմա փորձեմ ներկայացնել միավորային գնահատման մի հնար, որը, իմ կարծիքով, ներառում է և՛ ուսուցանող, և՛ վերահսկող գործառույթներ: Քանի որ կրթության որակի բարելավման լավագույն միջոցը, որը չի հակասում հումանիտար մանկավարժության սկզբունքներին, շահագրգիռ ինքնուսուցումն է, ուրեմն գնահատումը նույնպես պետք է հիմնված լինի ինքնագնահատականի վրա: Աշակերտի կողմից ուսումնական որոշակի նյութ ուսումնասիրելուց հետո անհրաժեշտ է ստուգել նյութի յուրացման մակարդակը: Ուսուցչի կողմից տրվում է առաջադրանքը, այն կատարելուց հետո հանձնարարվում է իրականացնել ինքնաստուգում` օգտվելով առաջադրանքի լուծման տարբերակից, դասագրքից կամ այլ ուսումնական ձեռնարկներից, այնուհետև կատարել ինքնագնահատում (միավորի տեսքով)`հաշվի առնելով գնահատման չափորոշիչները: Այդ ընթացքում սովորողը հնարավորություն է ձեռք բերում մեկ անգամ էլ նյութը ուշադիր ուսումնասիրելու, իր աշխատանքի հետ համադրելու, գտնելու, վերլուծելու սեփական բացթողումները և անաչառ գնահատելու ինքն իրեն: Բայց այդ գնահատականը վերջնական չէ, այսինքն չի գրանցվում դասամատյանում: Հետևում է ուսուցչի գնահատականը, որը գնահատում է սովորողի կատարած աշխատանքը` չափանիշ ունենելով նրա ինքնագնահատականը: Պարզաբանեմ. եթե աշակերտը կարողացել է ինքնուրույն գտնել իր բացթողումները, սխալները, վերլուծել դրանք և դնել համարժեք գնահատական, ուրեմն, անկախ նրանից, թե նա ինչ է գնահատել իրեն (թեկուզ ցածր միավորային նիշ), նա արժանի է գերազանց գնահատականի: Մյուս կողմից, եթե ինքն իրեն գերազանց գնահատած աշակերտը չի նկատել իր սխալները, ապա, կախված իր բացթողումների քանակից, համապատասխանաբար իջնում է գնահատականի նիշը: Ուսուցչի այդ գնահատականն էլ դառնում է նյութի յուրացման աստիճանը արտացոլող վերջնական արդյունք և գրանցվում է դասամատյանում: Հետագայում այս գնահատականները դառնում են ամփոփիչ կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորող միավորային բաղադրիչ: Սա կարող է լինել ընթացիկ գնահատման ուսուցանող ձևը, դրան զուգահեռ կարելի է պարբերաբար, բայց ոչ հաճախ իրականացնել նաև միայն վերստուգիչ գնահատում, որը նույնպես կգրանցվի դասամատյանում և նույնպես կդառնա ամփոփիչ գնահատման միավորային բաղադրիչ:

Գնահատման այս եղանակի առավելություններն են`

ա. հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացի մեջ ներգրավելու բոլորին`անկախ գիտելիքների յուրացման մակարդակից,

բ. առիթ է ընձեռում ևս մեկ անգամ անդրադառնալու ուսումնասիրվող նյութին, սովորելու սեփական սխալների վրա,

գ. զարգացնում է ինքնուրույն մտածողությունը, իր տեսակետը պաշտպանելու, ապացուցելու հմտությունը, և վերջապես ձևավորում է առողջ ինքնաքննադատությամբ օժտված մարդկային նոր որակ:

Ուզում եմ ամփոփել` անդրադառնալով նյութի սկզբում արված մեջբերմանը. եթե այս եղանակով կրթություն ստացած աշակերտը մոռանա նույնիսկ իրեն տրված գիտելիքը, կունենա մի կարևոր ձեռքբերում` ինքն իրեն ճիշտ գնահատելու խիստ անհրաժեշտ կարողություն, ինչը, կարծում եմ, կիրթ կոչվելու ամենահամոզիչ իրողությունն է:

 

Անդին 7, 2013

Share

Կարծիքներ

կարծիք