Գնա՞լ, թե՞ չգնալ. ո՞րն է հոգեպես առավել ազնիվ

Հեղինակ:

20141011120011279

Խնդրի պատասխանը, որի մասին հիմա գրում եմ, հստակ չգիտեմ: Չգիտեմ՝ պարսավե՞մ Հայաստանը լքողներին, թե՞ փառաբանեմ մնացողներին: Հանաձայնեմ նրա՞նց հետ, ովքեր երկրից գնացողներին հայրենադավ, դավաճան են կոչում, թե՞ նրանց հետ, ովքեր մնացողներին հայրենասեր, անդավաճան են համարում:

Ինչպե՞ս հասկանամ գնացողներին, որոնք տարիներով հետդարձի օրերն են հաշվում, և մնացողներին, որոնք գնացողների կարոտն են քաշում:

Գաղթականությունը, ցավոք, այսօրվա երևույթ չէ: Հայը պանդուխտ է դարձել հարյուրամյակներ առաջ անկախ իր կամքից, նաև՝ իր կամոք: Այսինքն՝ եղել է բռնագաղթ և արտագաղթ: Եղել են նաև ներգաղթի ժամանակներ:

Պատմական փաստեր չեմ ուզում հիշատակել, սակայն մեկ վկայություն կարևոր է թվում՝ հասկանալու համար, թե ինչ կատարվեց այն ժամանակ, երբ կործանման եզրին էին կայսրությունները և երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի վրա ի հայտ էին գալու մարդկության նվաճողական երթի նոր, առավել հզոր միավորումներ:

Ուրեմն, հայ պատմիչ Սեբեոսի վկայությամբ՝  «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը սկզբնավորել է բյուզանդական Մորիկ կայսրը, որի օրոք հիմնականում հայ ազնվականությունն էր գաղթում՝ գործունեության ազատ ասպարեզներ գտնելու, որին հաջորդեցին գյուղացիությունը, աշխատավորությունը, արհեստավոր խավերը:

Փորձենք հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ կայսրը: Ինչո՞ւ Հայաստանն առանց հայերի. լավ չե՞ն կառավարում, չե՞ն շենացնում բնական պաշարներով հարուստ իրենց երկիրը, անմիաբա՞ն են, չե՞ն հասկանում ժամանակի քաղաքական նեն•ությունները, թե՞ հակառակը՝  ազնիվ են, աշխատասեր, հպարտ, մարտնչող, հայրենասեր են, լուսավորչական, աստվածատուր խելք ու շնորհք ունեն, այս ամենով հանդերձ՝ թերևս հզոր, վտանգավոր հարևանների և մասնավորապես կայսրության համար: Իբրև նվաճող՝ կայսրը գուցե ցանկանում էր հայի գենետիկ, մտավոր կարողությունները ծառայեցնել բացառապես կայսրությա՞նը: Ասենք, գուշակելու կարիք չկա, որովհետև վկայված է Մորիկի (ի դեպ, ծագումով օշականցի հայ) նամակը իր ժամանակների պարսից արքայից արքային, ուր բյուզանդական կայսրը իր պարսիկ գործընկերոջը առաջարկում է հայոց զորական ուժը հանել երկրից. ինքը հայ զորքը կտանի Դանուբի ափերը, պարսիկը՝ Միջին Ասիայի անապատները, որովհետև «եթե սպանեն, մեր թշնամիներին կսպանեն, իսկ եթե սպանվեն, մեր թշնամիները կսպանվեն», որովհետև հայը խոտոր և անհնազանդ ազգ է ու իր երկիրը չի ուզում տալ մեզ, ու թող գան ծառայեն մեզ…

Չեմ կարող ասել, որ Մորիկը չի հասել իր նպատակին, և դրանով իսկ վտանգվել է Հայաստանի պաշտպանունակությունը, իր ինքնուրույնության համար պայքարելու հնարավորությունը. ամայացել են Հայաստան աշխարհի գավառները, փոխվել է էթնիկական կազմը հօգուտ նաև հետագա նվաճողների՝ եկվոր մահմեդականների, մոնղոլ-թաթարների, սելջուկների:

Մեր օրերին մոտեցող հետագա դարերը ևս հաստատել են այս իրողությունը: Ում ասես չի ծառայել պանդուխտ, գաղթական հայը, որ երկրի տնտեսությանը, գիտությանը, մշակույթին, պետական և քաղաքական կարգին նպաստ չի բերել:

Համարձակորեն կարող եմ պնդել՝ ներկա համաշխարհային քաղաքակրթությունը պարտական է նաև հայ մտքի հանճարին: Հիշենք նաև, որ տարագիր հայերը աշխարհի տարբեր երկրներում ստեղծեցին 25 գաղթօջախ, և սկիզբ առավ նոր հասկացություն՝ սփյուռքահայություն: Պետականությունից զուրկ երկրից գնալը փրկության ճանապարհ էր, որովհետև արդեն իսկ Հայաստանը Հայաստան չէր, իսկ հայի հավակնությունները, ցանկությունները համամարդկային, տիեզերական էին՝ արհեստներից, արվեստներից, վաճառականությունից մինչև գիտություն:

Ի վերջո, գաղթօջախները զարգացրել են հայկական մշակույթը, գրականությունը, գիտությունը, ստեղծել առաջին հայկական տպարանը, մայրենի լեզվով տպագրվել են առաջին գիրքը և պարբերականը, ամբողջ աշխարհին հայտնի են հազարավոր հայ տաղանդավոր, հանճարեղ անվանիներ (երաժիշտ, գրող, գիտնական, տիեզերագնաց. ո՞ր մեկը թվարկենք), որոնցով հպարտանում են տվյալ երկրները և հատկապես մենք՝ սովետա-ներկա հայերս, սկսած տաքսու վարորդից մինչև Գալուստ Սահակյանն ու ես:

Ընդհանուր առմամբ, երկիրը լքելու, պանդխտանալու երկու պատճառ է եղել՝ արտաքին և ներքին: Այսուհանդերձ, կարծում եմ, գաղթականությունը զուտ հայկական երևույթ չէ: Միայն մեկ օրինակ բերեմ այլ երկրների «փորձից»: Իռլանդացիների ճակատագիրը նման է հայի ճակատագրին: Նրանք էլ տարա•րված ժողովուրդ են (եղել եմ այդ երկրի երկու հատվածում էլ): Նույնիսկ, ասում են, քրիստոնեությունը այդտեղ հայերն են տարածել: Սուրբ Պատրիկը, ուրեմն, Իտալիայից եկած հայ է եղել: Ողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, ինչպես և մենք՝ հայերս, իռլանդացիները հայտնի են իրենց գրողներով, գիտնականներով, տարբեր բնագավառներում Նոբելյան մրցանակներով, պրեզիդենտներով:

…Իսկ անգլիացին, ամերիկացին, գերմանացին, ֆրանսիացին երկիր չեն լքում, որովհետև նրանց պետությունները հզոր են, օրենքները՝ գործող, հասարակությունը՝ առողջ, սահմանադրորեն երաշխավորված իրավունքները իրական են ու հավասար բոլորի համար: Չնայած բացառություններ էլ կարող են լինել: Վերջերս մեկ ֆրանսիացի՝ Ժերար Դըպարդյեն, հրաժարվեց իր երկրի քաղաքացիությունից և դարձավ ռուսահպատակ:

Գիտեմ, ընդդիմախոսներ շատ կունենամ, բայց պիտի փաստեմ, որ հարյուր հազարավոր հայեր ներգաղթեցին երկրորդ և նույնքան էլ գաղթեցին երրորդ հանրապետության ժամանակ: Չգիտեմ ինչու, ներքին համոզում ունեմ. երբ հանդարտվեն Սիրիայի արյունալի բախումները, ներգաղթած սիրիահայերը, չնայած սփյուռքի նախարարության ջանքերին, չեն մնալու Հայաստանում, գնալու են:

Ժամանակին  «Մշակի» խմբագիր, մտավորական Գրիգոր Արծրունին գրում էր, որ հայ գաղթականությունը սխալմունք է և ոչ թե հանցանք: Բազմաթիվ այլ պատճառների հետ, որը հային մղում էր դեպի օտար ափեր, նա համարում էր, որ անշարժությունը (մերօրյա հասկացությամբ՝ լճացումը) ևս խնդիր է, հատկապես երբ նորը, թարմը, առաջ մղողը, զարկ տվողը դուրս էր գրվում աքսորված հայության միջից: Մտածող, մաքառող մարդու նկատմամբ իշխանավորների վերաբերմունքը Արծրունին անվանում էր հասարակական անձնասպանություն: Չկա՞, արդյոք, այդ երևույթը այսօր մեզանում: Կարծում եմ՝ կա՛:

Թերևս այսքանը: Ավելացնեմ միայն, որ ես չեմ գնալու: Չեն գնալու նաև Պերճ Զեյթունցյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մարգարիտ Առաքելյանը, Արտակ Բաղդասարյանը, շատերը, որովհետև դրսում մենք չենք կարող անել այն, ինչ անում ենք ներսում, որովհետև, ի վերջո, հայրենիքի ցավը երկու իմաստով էլ պիտի տանել ներսում:

…Իմ երկու զավակները Եվրոպայի լավագույն երկրներից երկուսում են ապաստանել: Ինչպես այդ երկրների քաղաքացիների մեծամասնությունը, լավ են ապրում, ապահով են: Այսուհանդերձ, եթե նրանք մնային Հայաստանում, այստեղ էլ վատ չէին ապրի, Հայրենիքը և ես նրանց պակասն ու ամենօրյա կարոտը չէինք զգա:

 

Անդին 2, 2014

Կարծիքներ

կարծիք