Գիտակցում` Անհատական աշխարհներ

Հեղինակ:

20141712181403522

Հերակլիտն ասում է. «Արթուն մարդիկ մոռացկոտ են ու անհոգ, կարծես քնած լինեն» : Հերակլիտն անդրադառնում է մարդկության մեծագույն խնդրին՝ մարդը ննջում է՝ լինելով, սակայն, արթուն: Դուք ննջում եք, երբ քնած եք, և դուք ննջում եք, երբ արթուն եք: Իսկ ո՞րն է իմաստը: Քանզի նույնն են ասում և Բուդդան, և Հիսուսը, և Հերակլիտը: Դուք բացարձակ արթուն մարդու տեսք ունեք, սակայն ներքուստ խորը քնած եք: Նույնիսկ այս պահին երազներ եք տեսնում: Շարունակվում են հազար ու մի մտքերը, և չեք էլ գիտակցում, թե ինչ է կատարվում, թե ինչ եք անում, և թե ով եք դուք: Դուք ապրում եք ինչպես քնած մարդիկ, և այդ նինջը նման է արբեցման՝ այն ավելի խորն է, քան սովորական նինջը. դուք գործում եք, նաև մի փոքր գիտակցում եք, սակայն մնում եք արբած: Դուք չգիտեք, թե իրականում ինչ է տեղի ունենում: Ի՞նչ եք արել անցյալում: Կարո՞ղ եք հստակ հիշել, թե ինչու եք արել դա: Ի՞նչ էր կատարվում ձեզ հետ: Արդյոք դուք սթա՞փ էիք, երբ դա պատահեց…

Դուք սիրահարվում եք, չգիտեք թե ինչու… դուք զայրանում եք, չգիտեք թե ինչու: Պատճառներ եք փնտրում և արդարացնում ձեր բոլոր արարքները, սակայն արդարացումը գիտակցում չէ:

Գիտակցումն այն է, ինչ կատարվում է այս պահին և կատարվում է ողջ գիտակցությամբ. այսինքն թե՝ դուք ներկա եք այս պահի մեջ: Եթե դուք ներկա եք զայրույթի պահին, ապա զայրույթ չի լինի: Այն հնարավոր է միայն, եթե խորը քնած եք: Եթե դուք ներկա եք, ձեր էության մեջ անմիջապես փոփոխություններ են լինում, քանզի երբ դուք ներկա եք ու գիտակցված, շատ իրադարձություններ պարզապես հնարավոր չեն:

Այն, ինչ կոչվում է մեղք, պարզապես հնարավոր չէ, եթե դուք գիտակցված եք ապրում: Փաստորեն, գոյություն ունի միայն մեկ մեղք՝ չգիտակցված լինելը:

Ի սկզբանե «մեղք» նշանակել է «բաց թողնել»: Այն բացասական արարք չէ, այլ միայն նշանակում է «բաց թողնել», «բացակա լինել»: Եբրայերեն «մեղք» բառի արմատն է «բաց թողնել»:

Այդ իմաստը պահպանվել է նաև անգլերեն որոշ բառերում՝ misconduct, misbehavior:

Բաց թողնել, այսինքն թե՝ տեղում չլինել, ինչ-որ գործողություն կատարել՝ ներկա չլինելով այդտեղ, և հենց դա է միակ մեղքը: Նաև միակ առաքինությո՞ւնը: Ինչ-որ գործողություն կատարելով՝ դու ամբողջությամբ արթուն ես, այն, ինչ Գուրջիևն անվանում է «հիշել ինքդ քեզ», Բուդդան կոչում է ճիշտ հիշողություն, Կրիշնամուրտին կոչում է գիտակցում, իսկ Կաբիրը՝ սուրատի: Լինել տեղում,- ահա թե ինչ պետք է անել և ուրիշ ոչինչ:

Փորձեք հասկանալ, թե իսկապես ինչ է քունը, քանզի եթե դուք կարողանաք զգալ այն, ապա արդեն սկսում եք մոտենալ գիտակցմանը. դուք արդեն այդ քնից դուրս գալու ճանապարհին եք: Ի՞նչ է քունը: Ինչպե՞ս է այն արտահայտվում: Ո՞րն է քնի կառուցվածքը, և ինչպե՞ս է այն գործում:

Միտքը միշտ կամ անցյալում է, կամ ապագայում: Այն չի կարող լինել ներկայում, բացարձակ անհնար է, որ միտքը լինի ներկայում: Երբ դուք ներկայում եք, միտքն այլևս չկա, քանի որ միտք նշանակում է մտածել: Ինչպե՞ս կարող եք մտածել ներկայում: Դուք կարող եք մտածել անցյալի մասին. այն արդեն հիշողության մաս է դարձել, միտքն անցյալում դեգերում և աշխատում է: Կարող եք ապագայի մասին մտածել. այն դեռևս չկա, սակայն միտքը կարող է միայն երազել ապագայի մասին: Միտքը կարող է միայն ուղևորվել կամ անցյալ, ուր անսահման տարածություն կա տեղաշարժի համար, կամ էլ ապագա՝ կրկին անսահման տարածություն, անվերջանալի տարածություն, ուր կարող եք պատկերացնել, երևակայել և երազներ տեսնել: Սակայն ինչպե՞ս կարող է միտքը ներկայում լինել: Ներկայում չկա տարածություն մտքի համար, չկա մտքի շարժում:

Ներկան բաժանում է անցյալն ու ներկան, ներկան պարզապես բաժանարար գիծն է, ահա և վերջ: Ներկայում չկա տարածություն: Դուք կարող եք լինել ներկայում, բայց չեք կարող մտածել. մտքի համար տարածություն է պետք: Մտքերը կարծես իրեր լինեն: Հիշեք դա՝ մտքերը նյութական են, և յուրաքանչյուր նյութականի իրի տարածություն է պետք: Դրանք հոգևոր չեն, քանի որ հոգևորի չափումը սկսվում է միայն այն դեպքում, երբ մտքեր չկան: Ներկայում մտածել չեք կարող. երբ սկսում եք մտածել, դուք արդեն անցյալում եք:

Նեղ են դարպասները, այո, նեղ են ներկայի դարպասները: Նույնիսկ երկուսը չեն կարող մուտք գործել միաժամանակ, միայն մեկը: Ներկայում մտածելն անհնարին է, երազելն անհնարին է, քանի որ երազելը նույն մտածելն է՝ պարզապես պատկերազարդ: Ե՛վ մեկը, և՛ մյուսը իրեր են, և՛ մեկը, և՛ մյուսը նյութական են:

Եվ երբ դուք ներկայում եք, առանց որևէ մտքի, դուք առաջին անգամ դառնում եք հոգևոր: Նոր տարածություն է բացվում՝ գիտակցման տարածություն: Քանի դեռ ձեզ հասու չէ այդ տարածությունը, Հերակլիտն ասում է, որ դուք ննջում եք, չեք գիտակցում: Գիտակցում նշանակում է լինել տվյալ պահի մեջ այնքան ամբողջականորեն, որ մտովի չլինեք ոչ անցյալում և ոչ էլ ապագայում. բոլոր մտքերը կանգ են առնում:

Դա չի նշանակում, որ դուք քարանում եք: Սկսվում է նոր ուղևորություն՝ ուղևորություն դեպի խորություն:

Գոյություն ունի երկու ուղևորություն, և հենց այստեղ է Հիսուսի խաչի գաղափարը. այն ցույց է տալիս երկու ուղղություն՝ խաչմերուկ: Մեկ ուղևորությունը գծային է. դուք շարժվում եք գծի ուղղությամբ՝ մեկ իրից մյուսը, մեկ մտքից մյուսը, մեկ երազից մյուսը՝ Ա -ից շարժվում եք Բ, Բ-ից՝ Գ, Գ-ից շարժվում եք գծի ուղղությամբ՝ հորիզոնական: Դա ժամանակի շարժումն է, այսինքն թե՝ այն ուղևորությունն է մարդու, որը խորը քնած է: Դուք կարող եք վերելակի նման տեղաշարժվել՝ առաջ և ետ՝ գծի ուղղությամբ, կարող եք Ա-ից Բ կամ Բ-ից Ա գնալ, սակայն ուղևորվում եք միայն գծի ուղղությամբ:

Իսկ մյուս ուղևորությունը բոլորովին այլ տարածություն է: Այն ուղղահայաց է: Դու ուղևորվում  եք ոչ թե Ա-ից Բ, իսկ Բ-ից՝ Գ, այլ Ա-ից ավելի խորը Ա՝ Ա-ից Ա1, Ա1-ից Ա2, Ա2-ից Ա3՝ դեպի խորություն կամ էլ դեպի բարձրություն:

Երբ միտքը կանգ է առնում, սկսվում է նոր ուղևորություն: Այդ պահին դու ընկնում ես մի խորության մեջ՝ կարծես մի անդունդ: Մարդիկ, ովքեր մեդիտացիա /կենտրոնացում, մտասուզում/ են անում, վաղ թե ուշ հասնում են այդ կետին և վախենում են, քանի որ նրանց առջև անհատակ մի անդունդ է, մարդիկ սարսափ և  նույնիսկ գլխապտույտ են ունենում: Այդպիսի պահերին մարդն ուզում է անցյալից կառչել, քանի որ այն ծանոթ է իրեն. դա նման է մահվան…

Հենց այստեղ է Հիսուսի խաչի գաղտնիքը. այն մահն է: Հորիզոնականից ուղղահայացին անցնելը մահ է՝ իրական մահ: Սակայն մի կողմից դա մահ է, իսկ մյուս կողմից՝ հարություն: Դուք մահանում եք մի տարածության մեջ, որպեսզի ծնվեք մյուսում: Հորիզոնական ուղությամբ դուք Հիսուս եք, ուղղահայաց՝ դառնում եք Քրիստոս:

Եթե ուղևորվում եք մեկ մտքից մյուսը, մնում եք ժամանակի աշխարհում: Եթե ուղևորվում եք ներկա պահի մեջ, մոտենում եք հավերժությանը:

Գոյությունը ուղևորվում է խորություն և բարձրություն, իսկ միտքը՝ միայն առաջ և ետ: Միտքն ուղևորվում է հորիզոնական. դա նինջն է: Իսկ ուղղահայաց ուղևորությունը գիտակցումն է:

Եղի՛ր պահի մեջ: Քո ողջ գիտակցմամբ եղիր ակնթարթում: Թույլ մի տուր, որ անցյալն ու ապագան ներխուժեն այնտեղ: Անցյալն այլևս չկա, մահացել է: Եվ ինչպես Հիսուսն է ասում, «Թող մեռյալները թաղեն իրենց մեռելներին»: Անցյալն այլևս չկա, ինչո՞ւ ես անհանգստանում: Ինչո՞ւ ես նորից ու նորից վերապրում անցյալը: Դու, ինչ է, խելագա՞ր ես: Այն չկա, միայն քո միտքն է, միայն հիշողություններ: Ապագան դեռ չկա, ի՞նչ ես անում՝ մտածելով ապագայի մասին: Ինչպե՞ս կարող ես մտածել այդ մասին: Ինչպե՞ս կարող ես այն ծրագրավորել: Ինչ էլ որ անես, այն չի իրականանա, և դու կհիասթափվես, քանի որ Ամբողջն իր սեփական ծրա•իրն ունի: Ինչո՞ւ ես փորձում կազմել քո սեփական ծրագրերը, որոնք հակասում են Նրա ծրագրերին:

Գոյությունն ունի իր ծրագիրը, և այն քեզնից իմաստուն է. Ամբողջը միշտ էլ ավելի իմաստուն է, քան մասնիկը: Ինչո՞ւ ես ընդդիմանում Ամբողջին: Ամբողջն ունի իր առաքելությունը, իր իրականացումը. ինչո՞ւ ես մտահոգված այդ հարցով: Եվ ինչ էլ փորձես անել, դա մեղք կլինի, քանի որ բաց կթողնես այս պահը: Եվ եթե դա դառնա սովորույթ, իսկ դա կդառնա սովորույթ. երբ սկսում ես բաց թողնել պահը, այն դառնում է սովորույթ: Երբ ապագան գա, այն նույնպես բաց կթողնես, քանի որ երբ ապագան գա, այն այլևս ապագա չէ, այն ներկա է: Երեկ դու մտածում էիր այսօրվա մասին, քանի որ այն վաղն էր: Հիմա այն այսօր է, և դու մտածում ես վաղվա մասին, իսկ երբ վաղը գա, այն կլինի հիմա, և չի կարող այլ կերպ գոյություն ունենալ: Եթե դու ապրում ես այս քարացած կանոնով, այսինքն՝ քո միտքը միշտ նայում է վաղվա օրվան, ապա ե՞րբ ես ապրելու:

Վաղը երբեք չի գալիս: Հիշիր դա: Դու շարունակում ես բաց թողնել այս պահը, և դա մեղք է: Հենց այս իմաստն ունի եբրայերեն ՙմեղք՚ բառը:

Այն պահին, երբ ապագան է գալիս, գալիս է ժամանակը: Դու մեղք ես գործում Գոյության առջև, քանզի դու բաց ես թողնում: Եվ այն դարձել է քարացած պատկեր քեզ համար, կարծես մի մեքենա, դու շարունակում ես բաց թողնել պահը՝ բացակայել քո գոյությունից, բացակայել քո կյանքից:

Մարդիկ գալիս են ինձ մոտ հեռավոր երկրներից: Երբ նրանք այնտեղ էին՝ իրենց երկրում, նրանք մտածում էին իմ մասին և շատ էին անհանգստանում, նրանք կարդում էին, մտածում և երազներ տեսնում: Երբ գալիս են այստեղ, նրանք սկսում են մտածել իրենց տան մասին: Դեռ չեն հասցրել գալ այստեղ, արդեն սկսում են ետ գնալ: Նրանք սկսում են մտածել իրենց երեխաների մասին, իրենց կանանց, աշխատանքի, հազար ու մի բանի մասին: Եվ ես տեսնում այդ ամբողջ հիմարությունը: Նրանք կրկին կվերադառնան այնտեղ և կրկին կմտածեն իմ մասին: Նրանք բաց են թողնում այդ պահը, և դա մեղք է: Երբ դու այստեղ ես ինձ հետ, եղիր այստեղ ինձ հետ՝ ամբողջությամբ այստեղ ինձ հետ, որ սովորես քայլել դեպի հավերժություն, այլ ոչ թե մնաս ժամանակի մեջ:

Ժամանակը աշխարհն է, հավերժությունը՝ Աստված: Հորիզոնականն աշխարհն է, ուղղահայացը՝ Աստված: Այդ երկուսը հանդիպում են մեկ կետում՝ այնտեղ, որտեղ խաչվեց Հիսուսը: Հորիզոնականն ու ուղղահայացը հանդիպում են մեկ կետում, և այդ կետը այստեղ և հիման է: Եվ այստեղ ու հիմա դու կարող ես երկու ճանապարհորդություն գործել՝ մեկ ճանապարհորդություն դեպի աշխարհ՝ ապագա, մյուս ճանապարհորդությունը դեպի Աստված՝ դեպի խորություն:

Դարձիր ավելի ու ավելի գիտակցված, դարձիր ավելի արթուն և զգայուն ներկայի նկատմամբ: Ի՞նչ ես անելու: Ինչպե՞ս է դա հնարավոր: Քանի որ դուք այնքան խորն եք քնած, որ սա էլ կարող եք երազի վերածել: Դուք կարող եք այն դարձնել մտածումի առարկա: Դուք կարող եք այնպես լարվել այդ մտածումից, որ հենց այդ մտածումը ձեզ թույլ չի տա ներկայում լինել: Եթե դուք չափից շատ եք մտածում, թե ինչպես ներկա լինել ներկայում, ապա մտածումները չեն օգնի: Եթե դուք շատ մեղավոր եք զգում, որ երբեմն տեղափոխվում եք անցյալ, այդպես էլ պետք է լինի. դա երկար ժամանակ սովորույթ է եղել, և երբեմն դուք կսկսեք մտածել ապագայի մասին և անմիջապես մեղքի զգացում կունենաք, կզգաք, որ նորից մեղք գործեցիք:

Մեղավոր մի զգացեք ձեզ: Հասկացեք մեղքը, բայց մեղավոր մի զգացեք ձեզ, և դա շատ ու շատ նուրբ քայլ է: Եթե դուք ձեզ մեղավոր եք զգում, ուրեմն չեք ըմբռնել ողջ էությունը, դուք այն բաց եք թողել: Հիմա հին սովորույթը շարունակում է նոր ձևով հանդես գալ: Հիմա դուք մեղավոր եք զգում, քանի որ բաց եք թողել ներկան: Հիմա դուք մտածում եք անցյալի մասին, քանի որ ներկան այլևս ներկա չէ, այն այլևս անցյալ դարձավ, և դուք ձեզ մեղավոր եք զգում: Դուք առաջվա պես բաց եք թողնում, դուք բացակայում եք: Հիշեք, երբ էլ գիտակցեք, որ մտքով անցյալում եք կամ ապագայում, խնդիրներ մի ստեղծեք այդ պատճառով: Պարզապես վերադարձեք ներկա՝ առանց որևէ խնդիր ստեղծելով: Ամեն ինչ կարգին է: Պարզապես վերադարձրեք գիտակցությունը: Դուք միլիոն անգամ բաց կթողնեք… անհնար է անմիջապես փոխվել: Ձեր վարքն այնպես է արմատացել, որ դուք չեք կարող հենց հիմա փոխել այն: Սակայն մի անհանգստացեք, Գոյությունը չի շտապում: Հավերժությունը կարող է հավերժ սպասել: Լարվածություն մի ստեղծեք այդ պատճառով: Ամեն անգամ, երբ զգում եք, որ բաց եք թողել, վերադարձեք, ահա և վերջ: Մեղավոր մի զգացեք ձեզ. դա ուղեղի հնարքներից է, հիմա նորից խաղ է խաղում: Մի՛ զղջացեք՝ «Ես նորից մոռացա»: Երբ հասկանում եք, անմիջապես վերադարձեք և արեք այն, ինչ անում եք: Լոգանք ընդունելիս վերադարձեք, ընթրելիս վերադարձեք, զբոսնելիս վերադարձեք այդ պահին, վերադարձեք ներկա: Այն պահին, երբ դուք զգում եք, որ այստեղ ու հիմա չեք, վերադարձեք, պարզապես վերադարձեք՝ անմեղորեն: Մի ստեղծեք մեղքի զգացումը: Եթե դուք մեղքի զգացում եք ունենում, դուք բաց եք թողնում բուն էությունը:

 

Ռուսերենից թարգմանեց Մարիամ Տեր-Գուլանյանը

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք