Բոլոր մայրերը սուրբ են

20143009154858124

Ես անչափ սիրում եմ ժայռերի գրկում ծվարած մեր գյուղը, Խաչեն գետի հովիտը հսկայամարմին պահակների պես շրջապատած անտառոտ լեռներն ու մինչև գետը ձգվող կանաչ դաշտերը, որտեղ ամեն ամառ ես՝ քաղաքից եկած հովեկս, արագորեն դառնում էի փոքրիկ գյուղացի, մեր հերթի օրերին իմ իմաստուն ու արդար պապիկի հետ արածեցնում գյուղի գոմեշների դանդաղաշարժ ու բարի հոտը ու իմ մանկական երազանքների անծայրածիր տափաստաններում քառատրոփ քշում պապիս մոխրագույն ձին:

Սիրում եմ անգամ այն ոլոր-մոլոր, կիսաքանդ խրամուղին, որտեղ 1992-ի պատերազմական գարնանը գարեջրի դատարկ շշի վրա ինքնաշեն հրացանից կրակելիս լրջորեն վիրավորեցի ինքս ինձ:

Հարևան Մխոն՝ իմ մանկական չարաճճիությունների անփոխարինելի ընկերը, տեսնելով դեմքիս վերքից առատորեն հոսող արյունը, վախից հողագույն էր դարձել, բայց կրտսեր եղբորս՝ Վահանի հետ փորձում էր հուսադրել ինձ՝ չհասկանալով, որ արկածների ծարավ իմ աշխարհում հրազենային վերքը դեռևս համարվում էր դատարկ, աննշան մի բան:

Լպրծուն, զազրելի վախի առջև հոգուս դռները լայնորեն բացեց  գյուղում գտնվող դաշտային հոսպիտալի վիրակապարան արագ քայլերով մտած ամրակազմ զինվորական բժիշկը, ում ուղեկցում էր դռների մոտ հավաքված մեր ստվարաթիվ ու համերաշխ գերդաստանի բոլոր կանանց և կրտսեր եղբորս միահամուռ լացը: Ինչ իմանար մահվան հետ ամենօրյա գոտեմարտից անասելիորեն հոգնած վիրաբույժը, որ վիրակապարանի թախտին պառկած արյունոտ դեմքով տղան լավ հասկանում է իր՝ կարճատև զննությունից հետո նետած срочно в Ереван դատավճիռի պես հնչող բառերի իմաստը. շրջափակված Արցախից ուղղաթիռներով Երևան էին տեղափոխում միայն ծանր վիրավորներին…

Սակայն Երևան թռչել ինձ այդպես էլ չվիճակվեց. բժիշկը հիշեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում աշխատում է Հայաստանից գործուղված մի հրաշալի դիմածնոտային վիրաբույժ՝ Գևորգյան Ստյոպան: Ստյոպայի հրաշագործ նշտարի ու իմ վիրավոր դեմքի հանդիպումը կազմակերպելու համար մերոնք արեցին անհնարինը. պատերազմի ու շրջափակման ոսկրոտ ճիրաններում խեղդվող գյուղում այդքան էլ հեշտ բան չէր 20 լիտր բենզին հայթայթելը: Մեր ազգական Գրիմո ամին դարպասների մոտ քշեց իր Մոսկվիչը, լուսահոգի քեռիս, վերցնելով պապիս հրացանն ու բուշլատի գրպանը խրելով Ֆ1 նռնակը, իր հաղթանդամ մարմինը մի կերպ տեղավորեց առջևի նեղլիկ նստատեղին, ու, գլուխս մորս ծնկներին, ճանապարհվեցինք  Ստեփանակերտ:

Այժմյան նախագահականի շենքում տեղակայված հոսպիտալը մեզ դիմավորեց լուսաքողարկված պատուհանների կույր ակնախոռոչներով: Ես զարմանալիորեն արագ հայտնվեցի վիրահատական սեղանին, որտեղ բժշկի ամեն գործողության հաջորդում էր գլուխս ներսից պայթեցնելու չափ ուժեղ ցավը, սակայն նույն սենյակում վիրահատում էին նաև կանանց, իսկ ձեռքս ամուր բռնել էր զորանոցից հոսպիտալ մի շնչում հասած հայրս, ու ես լռում էի:

Հիմա չեմ կարողանում անժպիտ հիշել մի ողջ գիշեր տևած իմ աղիողորմ լացը, երբ բժիշկն ասաց, որ այտոսկրերիցս մեկը հնարավոր չէ գցել տեղը, և ես՝ ամեն ինչում գեղեցիկը փնտրող մարդս, ողջ կյանքս պիտի ապրեմ դեմքիս դրոշմված անհամաչափության հետ:

Հսկայական շենքի մի անկյուն խցկված մեր հիվանդասենյակում հինգ հոգի էինք, չնայած վերքերի ծանրությանը՝ բոլորս էլ զարմանալիորեն կատակասեր ու զվարթ: Պատերազմի ամեն օրը մարդկային ողբերգության ու վշտի այնպիսի անհատակ խորխորատներ էր բացում մեր առջև, որ սեփական վերքերը թվում էին ուշադրության անարժան մանրուքներ:

Պատերազմը ունի նաև խաղաղ կյանքում սովորական, առօրյա գործերը սխրանք  դարձնելու հատկություն: Ջրի գնալու, բարեկամի կամ ընկերոջ տուն այցելելու, որևէ ճանապարհի ամեն մետրը նույնքան վտանգավոր էր ու անորոշ, որքան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Պատկերացնո՞ւմ եք, թե այդ խիզախ ծովագնացներին դարանակալող բնիկների քանի ցեղախմբի մահացու ուժ ունի Գրադի մեկ հրթիռը և նրա մեխանիկական,կույր անողոքությունը…

Ամենօրյա լուռ սխրանք էր կատարում իմ խեղճ, ծով համբերություն ունեցող ու կյանքի բոլոր-բոլոր անակնկալներն անմռունչ հեզությամբ ընդունող  մայրը: Հոսպիտալի կոշտ կերակուրը դեմքիս ջարդվածքների պատճառով ես պարզապես չէի կարողանում ուտել, և այն մեկ կիլոմետրը, որ իր վիրավոր որդուն արգանակ հասցնելու համար ամեն օր հաղթահարում էր մայրս, ինձ համար դառնում էր հավերժության չափ երկար մի ճամփաբաժան իմ ամենօրյա  անհոգ կեցության ու ահավոր դժբախտության միջև: Իսկ  դժբախտությունը այլանդակորեն ծուռումուռ բեկորի տեսքով կարող էր գալ ցանկացած պահի ու մեզանից խլելով մեր մայրիկին՝ ավերել նրա չորս զավակների գունագեղ տիեզերքը…

Մայրիկ, հիմա, երբ քո անափ բարությունը տալիս ես քեզ պաշտող թոռնիկներիդ, իսկ քո անօգնական վիրավոր որդին վաղուց դարձել է հասուն տղամարդ, պատկերացնո՞ւմ ես, որ թուրքին մեր երկրից քշել է քո՝ նուրբ կյանքի սովոր գեղեցիկ կնոջ ամենօրյա սխրանքը…

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք