Արժանապատվության երեսն ու աստառը

20152502121707215

Թող ես մշակ լինեմ, դու եղիր իշխան,

Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի…

Ջիվանի

 

Ութերորդ դասարանի աշակերտ էի և գրքերից գիտեի, թե ինչ ասել է արժանապատվություն, բայց բառի մկանաջիլը, բառի բովանդակությունն ու ոգին, բառի տիեզերածավալ խորհուրդը դեռ չէի ընկալել, բառն իր խորքային էությամբ ինձ համար միսուարյուն չէր դարձել, կեղևազերծ չէր եղել մինչև այն օրը, երբ…

…Կաղնուտ սարի թեք լանջին տղերքով շարվել, խոտ էինք հնձում: Գյուղում աշխատանքային եռուզեռ էր, մեր կոլխոզին օգնող ձեռք էր պետք, և դպրոցի ղեկավարության որոշմամբ բարձր դասարանների աշակերտները ելել էին հանրօգուտ աշխատանքի: Գերանդի բռնել կարողացող տարբեր տարիքի աշակերտներով հավաքվել, կաղնու ծառերի մեջ փռված բաց տարածքում մեր հայրերի ու պապերի պես կեռվել հունձ էինք անում: Կեսօրվա տապի մեջ Կաղնուտ սար բարձրացող ճանապարհի ոլորանին մի «Վիլիս» երևաց: «Վիլիսն» իր մեջ խուլ փնչացնելով, ճանապարհի ծուռծուկալ կեռմաններում կորչելով ու դարձյալ հայտնվելով` եկավ, կանգնեց մեր խոտհարքի պռունկին, «Վիլիսից» դանդաղ, մի տեսակ մաքառելով դուրս եկավ վրացի աժդահա Վալիկոն, բարևեց, կանգնեց մի պահ, մեզ նայեց, մեր արած հունձը մտքում գնահատեց, վրացերեն ասաց. «Ձեր միջի մեծն ո՞վ է»: Մեր միջի ամենալավ վրացերեն իմացողը` Գուրգենը, ասաց. «Գյուղ է իջել, բարեկամն է մահացել, թաղմանը մասնակցի, երեկոյան կգա»: Վալիկոն «Վիլիսի» կողմը կզակի շարժումով ինչ-որ բան ցույց տվեց, ինչ-որ բան ասաց, ու մեր միջի ամենալավ վրացերեն իմացող Գուրգենը թարգմանեց. «Ասում է` գառն ու քսան լիտր տնական գինին «Վիլիսի» մեջ են, էսքանիս համար մի երկու ժամվա չափ հնձելու տարածք ունի, ասում է` սեղանն իրենից, իր բաժին խոտհարքը հնձելը` մեզանից»:

Մենք անակնկալ առաջարկից աշխուժացած իրար նայեցինք, գործարքը մեզ շատ հարմար թվաց և առանձնապես չկարևորեցինք` մեր կոլխոզի՞ խոտն էինք հնձելու, թե վրացի Վալիկոյի: Առանց երկար-բարակ մտածելու` համաձայնեցինք: Նա մեզ տարավ ներքևում փռված իր խոտհարքը ցույց տվեց, ու ինքը դեպի «Վիլիսը» գնաց:

Մենք հնձում ու աչքի պոչով հետևում էինք նրա գործողություններին. գառը մորթեց, կաղնու ճյուղից կախեց, մանրամասն քերթեց, փայտ բերեց, օջախ սարքեց, միսը խնամքով փրթեց, լցրեց կաթսան ու դրեց կրակին: Հետո կաղնու տակ շոր փռեց, սեղան սարքեց, քսան լիտրանոց ապակե տարայով գինին մեջտեղը դրեց, նոր թխած պուրին, պանիրն ու կանաչին բաժակների կողքը խնամքով դասավորեց, իր բաժակը գինի լցրեց ու պառկեց ծառի տակ: Եվ գինուց կում արեց ու վերևից ներքև գոռաց. «Մի շտապեք, խնամքով, հանգիստ գործ արեք»: Մենք նրա դանդալոշությունը ծաղրելով ու դիպվածի պատեհությունը փառաբանելով, մեր քթի տակ ու մեր ջահել թափի մեջ նրան էինք ձեռք առնում, նա ծառի հովում պառկած իր գինին խմում ու միայն մեզ չէ` ամբողջ աշխարհին էր ձեռք առնում:

Մենք իսկապես էլ երկու ժամում խոտհարքը մաշկեցինք, գերանդիները ուսներիս, վաստակածի գոհունակությամբ բարձրացանք վերև ու բոլորեցինք սեղանը: Եվ մի փառահեղ քեֆ արեցինք, այդ կերած-խմած անկյալի թանձրամտությունը բացապարզ գոհունակությամբ և աչքունքի խաղով դարձյալ ծաղրեցինք, ու նա մեզանից գոհ գնաց:

Երեկոյան Արտաշ հոպարը եկավ. նրան մեզ ղեկավար էին կարգել, որ թոկից փախած մեր մոզիական վարքը հսկեր ու մեր մկանուտ ջանքը հատկապես գործի վրա սևեռեր: Եկավ, շվարած կանգնեց ու տարակուսանքի տոլապն ընկած` մեկ մեզ էր նայում, մեկ` քեֆի սեղանին: Հետո չհամբերեց, ասաց. «Էս ի՞նչ պատվական առիթով է, էս ո՞ր մի հաղթանակած երկրի թագավորն է ձեզ պատիվ տվել»: Եվ քանի որ պատասխանելու պարտականությունն արդեն իր վրա էր վերցրել մեր միջի ամենալավ վրացերեն իմացող Գուրգենը, հենց նա էլ պատասխանեց, ասաց. «Մեկը եկավ թե` մի քիչ գործ կա անելու, ու մինչև ինքն իր սեղանը գցեց, մենք մեր գործն արդեն վերջացրել էինք»:

Արտաշ հոպարի հետ մի անհասկանալի բան կատարվեց. դեմքը ձգվեց, երկարեց, ակնագնդերը բների մեջ կլորացան, մեծացան, թշերը փուչիկի պես ուռան, ու նա պայթեց. «Թյո՛ւ,- ասաց,- թյո՛ւ ձեր նամուսին… Բա դուք արժանապատվություն չունե՞ք. ջահել տղերք եք, դեռ մի կարգին մարդ չդարձած, արդեն ճորտ եք դարձել: Կարդացող եք,- ասաց,- բա ձեր կարդացած գրքերում մի տեղ չե՞ք հանդիպել արժանապատվություն բառին, որ էդպես ուրիշի տափանի տակ ընկած կապրիք: Լուսավոր դարի ծնունդ եք, բայց դեռ Խորենացու ողբի բնկալում եք: Ձեզ մարդ ասողին…»:

Եվ իր մեջ եռալով ու խաղաղվելով` դեպի քողտիկը գնաց: Մենք թեպետ չգիտեինք, թե ով էր Խորենացին, բայց հատկապես ազդվեցինք «Խորենացու ողբ» բառակապակցությունից, և որովհետև մեզ համար ամենամեծ հեղինակությունը մեր դպրոցի դիրեկտորն էր, ենթադրեցինք, որ Խորենացին պիտի որ նրանից էլ մեծ հեղինակություն լիներ:

Արտաշ հոպարին գյուղում ասում էին Արժանապատիվ Արտաշ. նա այդպես մտածում ու այդպես ապրում էր, «արժանապատվություն՚ բառը նրա խոսքի ու գործի մեջ իր արժանապատիվ տեղն ուներ: Թեպետ բարձրագույն կրթություն չուներ, բայց աշխարհի գրքերը կարդացել ու ստանձնել էր գյուղի խորհրդարանի խոսնակի անաշխատավարձ պաշտոնը. գյուղամիջի հավաքատեղիում կանգնում, հայոց պատմության թելերը հերթական անգամ մանրամասն մանելով գալիս ու հատկապես խավար ուղեղների համար Հայոց ոգու կերպն էր բացապարզում: Եվ վերջում միշտ ավելացնում էր. «Կարդացեք, ծո, կարդացեք, որ ձեր կարդացածի մեջ ձեզի ճանչեք, ձեզի որ ճանչեք` Աստծուն էլ կճանչեք ու արժանապատիվ կապրիք»:

Հետո ջրեր հոսեցին, մենք մեծացանք, ինստիտուտ ու համալսարան գնացինք, հազար բան իմացանք, բայց ամեն անգամ  «արժանապատվություն» բառը լսելիս զգաստանում էինք, և մեր մաքուր սարերի հեռվում թողած Արտաշ հոպարի այն օրվա զրույցը դարձյալ լեզվանի էր դառնում:

Արդեն չափահաս մարդիկ էինք, ինքնահաստատման բարդույթը կարծես թե բարեհաջող շրջանցել էինք, երբ մի օր հանկարծ ժամանակ կոչված անսանձելի ոգին անժուժկալ կնոջ նման փեշը բարձրացրեց, և… հրաշք եղավ, և եղավ երևակայության մեջ չտեղավորվող չտեսնված-չլսված մի բան` համայնավար երկրի միտքն իր ընթացքի մեջ հանկարծակի պղտորվեց, տասնամյակներով հղկված-կարծրացած միտքն իր ընթացքի մեջ հանկարծակի իրեն մերժեց, կողքին տվեց ու քաջքաքամու հանգով ելավ շուրջպարի: Այն նույն երկրի, որն իր հզոր թաթի տակ դողացնող-զսպող-մամլող թափով աշխարհի խաղաղության իրավունքն իր բռի մեջ ամփոփել, աշխարհի անդորրը մեծահոգաբար հսկում էր. դեմերես առարկություն չկար` և՛ իրավունքն էր իրենը, և՛ կամքը, և՛ բռունցքվելու անհրաժեշտության տերն էր ինքը, և՛ խղճի սահմանագլխին թաթը բարձրացնել-իջեցնելու խաղն էր իրենը… Եվ հանկարծ… «Մի-ա-ցում…Ղա-րա-բաղ… Մի-ա-ցում…». օդը թրատող կայծակի թափով միտքն ու հույզը բռնեցին Հայաստան աշխարհը: Օդը շիկացել վառվում էր, օդը ծայրեծայր լցված էր վրեժի տենդով, բայց դեռ ընթացք չկար, հայի միտքն ու մկանը դեռ պնդվում էին: Գեհենի քուրայում մղձավանջի պատկերներ էին հյուսվում-քանդվում, երևակայության քամին հեռուներից գորշ գայլերի ոռնոցների արձագանքն էր բերում, և Հայոց աշխարհում օրորոցի նորամանուկը դարձյալ քնից վեր թռավ: Կարծեց, թե գեշ երազ է տեսել, ուզեց նորից քնել, բայց ցեղի արյունը հեռուներից թանձր-տտիպ հիշողություններ բերեց, և որովհետև նորամանուկը դեռ բոլորովին չէր հասկանում դրանց իմաստը` ուղղակի լաց եղավ: Իսկ հիշողությունը խանձում ու ամայացնում էր ապատների ընդարձակ ու շեն տիրույթները: Հիշողությունն այրում ու վրեժի գործողություն էր պարտադրում. ձեռքը դառնում էր բռունցք, խոսքը դառնում էր նզովք ու հիշոց, թևավորված խոսքը դառնում էր լիցքավորված հրացան, միտքը դառնում էր քայլի ծրագիր…

Համազգային ոգու այդ տիեզերածավալ ճիչն իմ մեջ` գյուղ էի գնացել: Արտաշ հոպարը մեր տուն եկավ, ասաց. «Ձագ ջան, արի աչքերդ համբուրեմ, որ էդ ամեն ինչը տեսնիս կը ու էդ ամեն ինչի մասնակիցն ես: Արժանապատիվ կռիվ է լինելու,- ասաց,- հայն էս կռվից արժանապատվորեն պիտի դուրս գա: Ափսոս, հասակս չի ների, որ գամ խառնվեմ ձեզի, պապերիս կիսատ թողած կռիվը տամ, որ օր ծերության հոգիս փառավորվի»: Մի տեսակ գունատ էր, ձեռքերը թեթևակի դողում էին, բայց հոգու կրակը դեռ թեժ էր…

Երբ ես Երևան վերադարձա, ջուրն արդեն վերջնականապես քանդել էր երբեմնի «եղբայրության» կամուրջը: Թեպետ դեռ անցնելիք ճանապարհ կար, վրեժի նյարդը թեպետ դեռ նոր էր թրթռալու, հերոսության մղող օրերը դեռ նոր էին ծլարծակելու, բայց ահա արդեն հերոս էին թաղում: Սահմանային կռիվներում զոհված հերոսի դին բերել էին Օպերայի հրապարակ և հերոսին վայել արժանապատվությամբ ճանապարհում էին: Թաղման արարողություն չէր միայն, ու թաղման արարողությունն իր մեջ ամփոփած երախտիքի տուրք էր, ատամների տակ սեղմած համր երդում էր, կանանց համար չզսպվող արցունք էր, մահվան աչքերին նայել կարողացող հերոսացու տղերքի համար հպարտություն ու երանելի մահ էր, բայց որևէ մահ իր մեջ ունի՞ երանի տալու թեկուզ մի նշույլ` երևի թե մահվան աչքերին գեթ մեկ անգամ նայած երդվյալը կիմանա…

Ողբի այդ պատկերին նայելով` չգիտես ինչու ես դարձյալ Արտաշ հոպարին էի հիշել, նրա մասին էի մտածում, երբ մեկը հանկարծ թևս բռնեց: Շրջվեցի. իմ մանկության ընկերն էր, ասաց. «Գյուղ էի գնացել»: «Ի՞նչ կար»,- չհարցնելու նման հարցրի ես: «Արտաշ հոպարն էր մահացել,- ասաց,- թաղեցինք, եկա»: «Արժանապատիվը՞»,- առեղծվածի դիմահար հարվածից ցնցվեցի ես. նրա մասին էի մտածում ու… «Հա,- ասաց,- ինչպես որ ապրեց` էդպես էլ գնաց: Երեկոյան պառկել, տնեցիներին կանչել, ասել էր. «Ես կերթամ, թաղմանս հազար մարդ կուգա-կերթա, ձեզի արժանապատիվ կպահեք: Մարդու մահն էլ պիտի արժանապատիվ լինի»: Եվ պատի կողմը շուռ եկել ու աչքերը արժանապատվորեն փակել էր՚:

Սգո արարողությունն արդեն ավարտվել էր, հնչեց շեփորի ձայնը, և դագաղը գլխավերևում պահած թափորը շարժվեց տեղից: Հուսակոտոր ճիչի մեջ ինչ-որ մի կին փլվեց, տղամարդկային մի ձայն տոկունության հորդոր արեց, ու թափորը վերջնականապես տրվեց հերոսի վախճանն ամփոփելու բնազդին: Ես նայեցի զոհվածի դեմքին. վիրակապը ճերմակ հավերժության պատրանքով պսակել էր նրա վեհ ճակատը. նրա ծրարված հայացքի դիմաց` ամենաբարձր ծառի կատարին, մի թռչուն էր նստել և իր ճախրանքի վեհորեն բարձր դիրքից նայում էր ինքն իր մեջ թեժացող ողբի վրեժով ակոսված կնճիռներին, իսկ այդ ամենից տարանջատ ու անտեսանելի, թափորի սևազգեստ տխրության քողը պատռելով` դեպի տիեզերք էր միտվում արժանապատվության լուսեղեն ղողանջը…

 

 

Անդին 2, 2013

Կարծիքներ

կարծիք