Անկանխատեսելին

20141011155042340

Եթե չեմ սխալվում, այս բառիմաստն առաջին անգամ է վերնագիր դառնում հայկական ամսագրում: Թերևս նորահայտ բառ է մեզանում, բայց ոչ նոր գաղափար: Ինձ թվում է՝ ոչ միայն հայության, այլև մյուս ժողովուրդների աքսորական բառերից կամ իմաստներից է: Ոչ մի պետություն, առավել ևս պետության դասական օրինակը հանդիսացող Հին Հռոմն ու Հռոմ երևակայող հետագա բազմաթիվ պետություններից ոչ մեկը չի քաջալերել անկանխատեսելի անհատին կամ անկանխատեսելի իրավիճակը:

Անկանխատեսելի մարդը չի կարող երկիր կառավարել, դեսպան լինել, գնացք վարել:

Այն, ինչ որ պետք չէ պետությանը, գնացքին կամ օդանավին, ոչ միայն պիտանի, այլև անհրաժեշտ է գիտությանը, մշակույթին, մտքին ու փիլիսոփայությանը:

Գիտությունն ու մշակույթը շարժողը մտքի և հոգու անկանխատեսելի ընթացքն է, բանակն ու պետությունը կառուցողը` հին կառուցվածքների կաղապարը կրկնող առողջ ու նպատակասլաց միավորը: Անկանխատեսելի անհատին պատմության անիմանալի և անկանխատեսելի տարերքը կարող է կարգել պետության գահին, սակայն նա կշողշողա և կբոցավառվի ասուպի նման՝ իրենից հետո թողնելով անսպասելի հրդեհի խորհրդավոր հետքը:

20-րդ դարի մեծագույն լեզվաբան Ռոման Յակոբսոնը (որը, ի դեպ, ավարտել էր Լազարյան ճեմարանը և իր վերջին ուսումնասիրություններից մեկը նվիրել «Վահագնի ծնունդը» առասպել-երգին) մի տեղ ասում է, թե, բարեբախտաբար, քաղաքական և գիտական նստաշրջանները իրարից խորապես տարբերվում են: Առաջինի հաջողությունը եթե կախված է կարծիքների միանման-միասնականությունից, ապա երկրորդի դեպքում կարծիքները, թեզերը, վարկածները, եզրակացությունները, որքան տարբեր և իրարամերժ, այնքան բնական ու հետաքրքիր են:

Մոցարտը, Բեթհովենը, Կոմիտասն ու Թումանյանը, վաղ շրջանի Սարյանը անկանխատեսելի են: Խոսքը վերաբերում է նրանց ներքին, խորը ստեղծագործական ընթացքին: Մարդը ծնվում է անկանխատեսելի, պատրաստ թռիչքի, հրաշագործության, նույնիսկ` հեղափոխության: Սակայն մանկապարտեզում, դպրոցում, բարձրագույն կոչվող ուսումնական հաստատությունում խուզում են նրա մազերը, կտրում են նրա թևերը, և գերազանցիկները դառնում են առավել կանխատեսելի, հասարակությանը պիտանի, օրինակելի անդամներ: Դպրոցների ամենահետաքրքիր, ինքնատիպ, որոշակի անհատական գծեր ունեցող երեխաները, որքան էլ պրոֆեսորների համար տարօրինակ է, վատ սովորող, իբրև թե հետամնաց աշակերտներն են: Իսկ լավ սովորողները… Օ՜, «Անգետիկը» մուլտֆիլմի Անգետիկի կերպարի խայտառակ կրկնօրինակը:

Ե. Չարենցը լուսավոր ու անկանխատեսելի էր. Լուսամփոփի պես աղջիկ: (Ի դեպ, մեր ճանաչված գրականագետներից ոչ ոք երբևէ չասաց, թե այս կերտվածքի մեջ առարկայական  պատկերին հավասար կամ այդ պատկերից առավել անկանխատեսելի գեղեցիկ ու արվեստային է «լուսամփոփ», «աղջիկ» հայերեն բառերի հարաբերությունը): Թերևս այն պատճառով այս բացատրությունը  չլսեցինք,  չտեսանք, որովհետև նյութապաշտ հետազոտողը իրերից չի կարող վերանալ:

Խեղճուկրակ քննադատ Վանանդեցին մղձավանջային 30-ականների հայտնի կանխատեսողներից էր և կռվում էր Չարենցի ու Սարյանի անսպասելի շեղումների դեմ: Միջակ, կանխատեսելի տեսաբանները գովում են ստեղծագործողների կանխատեսելի իրողությունը, քննադատում անկանխատեսելիի փշրանքները: Հիշեք Մինաս Ավետիսյանին և նրա նկարիչ, արվեստաբան քննադատներին, հիշեք Փարաջանովին և «Նռան գույնի» շուրջը գոյացած առաջին տարիների ամոթալի լռությունը: Ի դեպ, այդ լռության մեջ ուզում էր խոսել Տարտուի համալսարանից ժամանակավորապես Երևանի պետական համալսարան հրավիրված նշանավոր Յուրի Լոտմանը, սակայն նրա երկու և կես էջի մեջ տեղավորված կարևոր խոսքը ընթերցողին չհասավ այն ժամանակվա «Կոմունիստ» ռուսերեն թերթի, ապա՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի «ուշիմ և խելացի» աշխատակիցների շնորհիվ: Կենտկոմը հրահանգել էր` քար լռություն պահպանել:

Ես կոմունիստ չեմ եղել, բայց երբևէ ատելությամբ չեմ խոսել անցյալի մասին, որովհետև որքան կարճ խելքս հուշում է` կարևոր բաները չեն փոխվում: Հիշում եք, նախքան մեր  ժամանակների «կարևոր ձեռքբերումը» կայսրության ու երկրի մեջ շատերը ոգևորվեցին 1910-ականնների «զինավառ երգերով», լարված իրողությամբ, բայց մի պայծառ մարդ անկեղծորեն ասաց.«…չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին»: Այո, այստեղ և այնտեղ ասում են, թե Պերիկլեսի ժամանակներում Աթենքի քաղաքացին լողում էր ազատության մեջ, սակայն չեմ կարծում, թե այդ ժողովրդավարության մեջ մարդիկ երջանիկ էին ավելի,  քան ես, Ալբերտ Ուսոլցևը, Կորյուն Խումարյանը` խորհրդային բանակում:

Վերոհիշյալ Յուրի Լոտմանի և նրա փոքրաթիվ համախոհների շնորհիվ  Տարտու համալսարանական քաղաքում, նաև խորհրդային ուրիշ բնակավայրերում երբեմն առկայծում էր անկանխատեսելի միտքը:

Լճացման տարիներին, որքան էլ զարմանալի էր, 60-ականների «ձնհալի» նմանությամբ լույս էին տեսնում թարգմանական գրքեր, որոնցից շատերը մեր երկրի գլխավոր գրադարանում դուք այսօր չեք գտնի: Այդ տարիների (1975 թ.) գրքերից  մեկում հրապարակվել էր Պրահայի լեզվաբանական,  գեղագիտական  դպրոցի  փայլուն ներկայացուցիչ Յան Մուկարժովսկու  «Կանխամտածվածությունը և ոչ կանխամտածվածությունը արվեստում» ուսումնասիրությունը, որում նշանավոր գիտնականը`  Ռոման Յակոբսոնի լիարժեք գործընկերը, ուշադրություն էր հրավիրում արվեստի մեջ խաղաղ չգոյակցող կանխամտածված և ոչ կանխամտածված տարրերի, շերտերի վրա: Ուսումնասիրությունից դուրս գալով նկատենք. դժբախտաբար, 20-րդ դարի չափազանց հետաքրքիր մշակույթը ավելի կանխամտածվածության արդյունք է, քան հակառակը: Այսինքն` արհեստականությունն ավելին է, քան բնականությունը: Համեմատեք Պաբլո Պիկասոյին Վինսենթ Վան Գոգի հետ և կտեսնեք, որ առաջինն իր վրձինն ուղղորդել է իբրև թե խելքով, երկրորդի նկարչությունը բացարձակապես հոգու տարերք է: Նախնադարյան նկարչի գիծն ու ձևը շատ ավելի բնական են, քան Վերածննդի հեռանկարչության կանոնները պարունակող վիրտուոզ պատկերումները: Եթե նախնադարի գիծը տարերք ու հոգեվիճակ է արտահայտում, ապա Վերածննդի ու հետագա ժամանակների ձևերը նախ և առաջ ներկայացնում են առարկան, իրը, իրական ծավալները: Կանխամտածվածության մեծ քանակ կա Ջոյսի, Էլիոթի երկերում: Սալվադոր Դալին ամբողջովին կանխամտածված-արհեստական է: Ի դեպ, նրա մտերիմ Գարսիա Լորկան քար լռություն է պահում ընկերոջ հանդեպ` նշելով, որ 20-րդ դարի Իսպանիայի մեծագույն նկարիչները Պիկասոն, Միրոն և Խուան Գրիսն են:

Ըստ Մուկարժովսկու՝ արվեստի երկը շահում է, երբ կանխամտածվածության տարրերը չեն գերազանցում «սահմանված» քանակը:

Անկանխատեսելի… այս բառը չկա Հայկազյան բառարանում, չկա Համաբարբառում: Մենք այս բառիմաստը հայտնաբերեցինք Դավիթ Գյուրջինյանի օգնությամբ՝ դպրոցական-ուղղագրական բառարանում:

Այս իմաստը քիչ է գործածված օտար ազգերի բառարաններում: Ահա արդեն քանի հազար  տարի մարդկության հավաքական միտքը բարձր է գնահատում կարգը, կանոնը, կարգաճշտություն-համակարգը: «Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես»: (Ափսոս, ուսյալ զավակներն այսօր օտարական են, սիրելի Ջիվանի): Անկանխատեսելին պախարակելի, ծիծաղելի է:

1920-ականների վերջին, թե 1930-ականների սկզբին Հայդելբերգի համալսարանը նամակ է ստացել ֆրանկֆուրտցի մի տիկնոջից, որը մոտավորապես հարցնում էր, թե այն ինչն է, որ ավելի փոքր է, քան ոչինչը: Բոլոր պրոֆեսորները մտածեցին, թե տիկինը տառապում է շիզոֆրենիայով, և միայն, ինչպես վկայում է այս ամենը պատմող Կարլ Յասպերսը, Հայդեգերն է լրջորեն վերաբերվել նամակին:

Հասարակական մտքի շարժումը, այս և այն հակադրությունները, թերևս, կանխատեսելի և անկանխատեսելի գաղափարների բախման արգասիք են:

Ոչ ոք չի արտոնել որևէ մեկին կամ խմբի` լինել անկանխատեսելի: Որովհետև կանխատեսելի մարդկության բազմալեզու մատյանների և օրենքների մեջ գրված է. միմիայն Նրա` Բարձրյալի գործերն են անքննելի, անիմանալի, անկանխատեսելի…

 

 

Անդին 1, 2013

Կարծիքներ

կարծիք