Այվազովսկին՝ ինչպես որ կա

20141011155042340

Չեմ ուզում որոշ տարրական ճշմարտություններ ասելով տաղտկալի դարձնել, էժանացնել ներկա գիրը: Ահա թե ինչու ուզում եմ դրանք  թվարկել նախապես:

1. Իբրև «դասական», այսինքն` ակադեմիա ավարտած նկարիչներ, Վարդան   Մախոխյանը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը ավելին են և հայ  արվեստի համար կարևոր, քան աշխարհում 19-րդ դարում հռչակված Այվազովսկին:

2. Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում ցուցադրում են ոչ միայն Այվազովսկու և տաղանդավոր նկարիչների, այլև արվեստի համար կարևորություն չունեցող բազմաթիվ հայտնի և անհայտ մարդկանց, որոնց թվում նաև ԽՍՀՄ ժողովրդական  նկարիչ Վիկտոր Իվանովի ինքնադիմանկարները:

3. Սուլթան Համիդի մեդալը, շանը ծովը նետելու պատմությունը ցածրաճաշակ  անեկդոտների թվին է պատկանում:

4. Նույնքան գռեհիկ (հավանաբար որոշ շրջանակների նախանձի դրդմամբ) անեկդոտ է նաև Այվազովսկու նախնիների մեջ թուրքական ծագում փնտրելը:

 

 

***

«Հայ և պարսիկ մտավորականները, իրենց կարիերայով ու առօրյա խնդիրներով մտահոգված, այդպես էլ չիմացան, թե ինչ մեծ մշակույթների կրողներ են: Նկատի ունեմ լայն հասարակությանը անհայտ հոյակապ հայկական մանրանկարչությունը և փառահեղ պարսկական մանրանկարչությունը»,- իրանական արվեստի ցուցահանդեսի բացմանը աչալուրջ անձանց ներկայությամբ ասացի ես:

Սա մեծ, առավել ևս հեղափոխական միտք չէ. լայնախոհ արվեստագետներն ու  մասնագետները գիտակցում են դա, բայց ժողովուրդը, հեռուստատեսությամբ ու գաղափարախոսությամբ կլանված,  գոյապայքարի երթը ընդհատելու, մշակույթի  անցյալին հայացք նետելու մեկ վարկյան իսկ ժամանակ չունի: Թվում էր, թե մերոնք,  գինու ու խաղողի, քանդակազարդ քարի արվեստի ճանաչողության նման գաղափար  պիտի ունենան մանրանկարչության մասին: Օ, բայց այդպես չէ. նույնիսկ  մասնագետ կոչեցյալները չեն ըմբռնում, չեն  հասկանում և բացարձակապես  չեն զգում մանրանկարների առավել կամ նվազ արվեստային կառուցվածքները:

Նրանք գրեթե բոլորը Սուրբ գրքի հայկական նկարազարդումներին նայում են  (բարեբախտաբար կան բացառություններ) անցյալի մասնագետների կաղապարներով, ովքերմիջնադարի մեր ոգեղեն գանձերը քննել են Վերածննդի, նյութապաշտության, հեթանոս կենսակերպի դիրքերից:

Մի՞թե դժվար է կռահել, որ Վասպուրականի հայկական մանրանկարը, չինացի վարպետի նկարազարդ էջը նկարիչ-վարպետի մասին ավելի ընդգրկուն տեղեկատվություն են  պարունակում, հաղորդում, քան Լեոնարդոյի փառաբանված   գծանկարները կամ Միքելանջելոյի հայտնի  «առաստաղի» ցանկացած հատված:  Որովհետև հռչակավոր իտալացիաները, իրենց ուսուցիչների ծավալներով, լուսաստվերով, հեռանկարչությամբ տարված, ՙխեղդել՚ են իրենց զգացողությունները, եթե կուզեք` «սպանել» են իրենց խորքի աստվածավախ,  կարեկցանքի ու սիրո արժանի մարդուն, հագել «դասականի» թիկնոցը և հայտնվել «բեմում»: Իհարկե, այսպիսի զինանոցի դիտակետից մեր ծաղկողների անկեղծությունն ու ամիջականությունը կթվան «խեղճ» ու «պրիմիտիվ»:

Իհարկե, այդպիսի հետազոտողների համար հայերի լավագույն նկարիչը Այվազովսկին է, Պիկասսոյի լավագույն շրջանները` երկնագույնն ու վարդագույնը:

Պիկասսոյի «դասական» շրջանի երկպագուներին ուզում եմ մի իրողություն հիշեցնել. երբ 1960-ականներին նշանավոր վարպետն այցելեց պատանի  նկարիչների ցուցահանդես, խոստովանեց. «Ես նրանց տարիքում նկարում էի Ռաֆայելի պես, բայց մի ողջ կյանք պահանջվեց` հասկանալու համար, որ պետք է նկարել  երեխայի նման»:

Նկարելն ու լուսանկարելը մարդկության մեծամասնության համար իրարից շատ չեն տարբերվում. մարդկային որոշ ջերմություն և մեքենայի սառնություն: Ահա այսպես են իրարից տարբերում նկարելն ու լուսանկարելը արվեստից հեռու մարդիկ: Ճիշտ այսպես են պատկերացնում տվյալ իրավիճակը նաև գեղարվեստի ակադեմիաների անդամներն ու պրոֆեսորները, որոնց տեսանկյունից նախնադարի խորհրդավոր նկարիչը, մեր մանրանկարիչները նկարել չգիտեն: Ըստ նրանց` նկարել գիտեն միայն ակադեմիաների գերազանցիկ շրջանավարտները: Բարեբախտաբար, Հայաստանում գուցե թե Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գայֆեջյանի, Հակոբ Կոջոյանի, Հարություն Կալենցի և մյուսների շնորհիվ ակադեմիական նկարչությունն այնպես չհիմնավորվեց, ինչպես Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում և այլուր:

Հայերը 20-21-րդ դարերում ունեն ավելի քան հարյուր հետաքրքիր նկարիչ: Բայց արի ու տես, որ մերոնք նրանցով, մանրանկարիչներով, աշխարհի ազատ ու տաղանդավոր արվեստագետներով հետաքրքրվելու փոխարեն հրճվանքով մտորում են Սալվադոր Դալիի, Այվազովսկու, իրականության պատրանքով աչքի ընկնող,  նյութականությունը ներկայացնող արժեքների մասին:

«Ընդհանրապես շատ հաջող են Բաքվի ցուցահանդեսի արդյունքները,-կարդում ենք 1899-ին Կարապետ Եզյանին ուղղված Այվազովսկու նամակում,- բացի ծախված 10 պատկերից դեռ երկու մեծ նկար (5000 ռուբ.) ուղարկելու եմ Թաղիևին` իր պատվերով»: Ի դեպ, 1901-ին Բաքվում բացված Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսից ոչ մի կտավ չվաճառվեց: Բաքվի, առհասարակ Այսրկովկասի ոչ մի  մեծահարուստ չգնեց մեծատաղանդ Եղիշե Թադևոսյանի որևէ նկար: Կովկասի ոչ մի հայ հարուստ Մարտիրոս Սարյանով չհետաքրքրվեց. այն դեպքում, երբ 1910-ականներին «Ապոլոն» ամսագիրը հրատարակել էր ժամանակի մեծատաղանդ բանաստեղծ, նկարիչ, գեղագետ Մաքսիմիլիան Վոլոշինի ծավալուն հոդվածը 1907-1913 թվականների Եվրոպայի թիվ 1 գեղանկարչի (սա իմ կարծիքն է) մասին: Այվազովսկու հաջողություններով գլխապտույտի մատնված հայ արվեստաբանները երբեք չեն փորձել սթափ, սառը դատողությամբ վերլուծել նկարիչի արվեստը:

Այվազովսկին, անկասկած, երևույթ է համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Թերևս ոչ մի նկարիչ կենդանության օրոք չի վայելել այն հաջողությունը, որը գեթ փոքր-ինչ նմանվեր ծովանկարչի աննախադեպ փառքին: 20-րդ դարի երկրորդ կեսին նկատելի հաջողության են ունեցել Պիկասսոն, Դալին: Բայց նրանցից հատկապես վերջինի համար դռներն ու դարպասները բացվել են ոչ թե տաղանդի, այլ գովազդի շնորհիվ: Ճիշտ այնպես, ինչպես Քաջ Նազարի առջև` մեր հեքիաթում: Այվազովսկին Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի,  Թուրքիայի զանազան քաղաքները գրավել է իբրև մի կախարդող մոգ իր մեծաչափ կտավների մագնիսական ուժով: Այվազովսկին ծնվել էր հայկական հետաքրքիր ընտանիքում, որը մեր պատմությանը պարգևել է նաև Գաբրիել Այվազովսկուն: (Մեծաքանքար Միքայել Նալբանդյանի հակակրանքը երկար ժամանակ խանգարել է  ըստ արժանվույն գնահատելու եկեղեցական, մշակութային այս նշանավոր գործչին):

Դեռ մինչև իր ուսուցիչներ Ֆիլիպ Տոններին և Միխայիլ Վորոբյովին հանդիպելը Այվազովսկին արդեն իր գծանկարների մեջ կյանքի թրթիռը զգացող նկարչի տեսակ էր, որն առանձնապես չէր հետաքրքրում բնությունը պատճենահանելու մղումով ապրող նկարիչների մեծամասնությանը:

Դագերոտիպը 1822-ին ստեղծեց ֆրանսիացի մի գյուտարար, բայց այն տարածեց նկարիչ Լուի Դագերը 1851-ից հետո: Ուրեմն, ինչ մեծ արվեստագետներ էին 19-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի նկարիչները (խոսքը չի վերաբերում ակադեմիական, սալոնային ճաշակը ամրապնդողներին), անգլիացի Թյորներն ու Կոնստեբլը, հայ Հովհաննես Այվազովսկին, որոնք չէին ենթարկվում կտավի մեջ լուսանկար տեսնելու էժան ճաշակին: Բայց, ներեցեք, Այվազովսկին արդեն հայտնվել էր արվեստը գնահատողների, ավելի ստույգ` շուկայի էժան ճաշակի սարդոստայնում, որից  չկարողացավ ազատվել միջև կյանքի վերջը:

Պատահական չէ նրա ծովանկարների ահռելի քանակը` 6000: 19-րդ դարի երկրորդ կեսի Ռուսաստանի, նաև որոշ չափով Եվրոպայի արվեստի շուկայի գլխավոր ապրանքը Այվազովսկու նկարներն էին: Դրանք հասարակական ճաշակի վրա այնպես ազդեցին, որ Այվազովսկու նկարը Պետերբուրգում դարձավ նյութական   հարստության, բարեկեցության խորհրդանիշ` այսօրվա «մերսեդես» ավտոմեքենայի  նման: Ահա թե ինչու ինչ-որ բան հասկացողները, առավել ևս զգացողները ապստամբեցին եվրոպական ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ աշխարհահռչակ նկարչի դեմ: Դոստոևսկին ծովանկարչի հմայելու եղանակը համեմատեց Ալեքսանդր Դյումա-հոր «Երեք հրացանակիրների» ընթերցողների վրա ազդելու էժան ձևերի, էֆեկտների հետ: Իսկ երբ մեծատաղանդ Ալեքսանդր Բենուան «Ռուս արվեստի պատմության» մեջ ցավով նշեց, թե Այվազովսկին տաղանդը զոհեց շուկայի ցածր ճաշակին, թեոդոսիացի հայ նկարիչը այլևս հեռացել էր կյանքից:

Այվազովսկու աշակերտ Նիկոլայ Բարսամովի (Ղրիմի հետաքրքիր հայերից մեկը) այն միտքը, թե Այվազովսկու նկարչությունը 19-րդ դարի երկրորդ կեսին նույն նշանակությունն ունեցավ, ինչ Մարտիրոս Սարյանի արվեստը 1910-ական թվականների համար, այլևս քննություն չի բռնում:

Անկասկած, Այվազովսկու նկարները թարմություն էին 1830-ական թվականների Պետերբուրգի ակադեմիական մթնոլորտում: Սակայն այդ կտավների գեղանկարչությունը, արվեստի մակարդակը, մանավանդ ազատության աստիճանը մեծապես զիջում էին ոչ միայն ֆրանսիացի Դելակրուայի և Կուրբեի, անգլիացիներ Թյորների ու Կոնստեբլի, այլև Պետերբուրգի նույն ակադեմիան ավարտած Սիլվեստր Շչեդրինի, նաև ուսումնական այդ հաստատությունը բոլորովին չհաճախած իսկական ռուս նկարիչ Ալեքսեյ Վենեցիանովի ստեղծագործությունների  համեմատ:

Եթե չլինեին Թյորներն ու Կոնստեբլը, եթե չլինեին Կուրբեն ու իմպրեսիոնիստները, եթե գոյություն չունենային դագերոտիպն ու կատարելագործված լուսանկարչական գործիքը, Այվազովսկին նաև 1900-ից,  այսինքն` կյանքի ավարտից հետո կհարմարվեր այսպես կոչված «ծովանկաչության» թագավորը: Բայց այդ հասկացությունը հնարել են իրականության լուսանկարը տեսնելու մեծ ցանկություն ունեցողները: Իսկ կա լուսանկարչությունից  տարբերվող նկարչություն, որի վարպետները ոչ միայն Այվազովսկու ապրած  ժամանակաշրջանում ու շատ առաջ, նույնիսկ նախնադարում ինքնաբերաբար ապացուցել են մշակույթի չափազանց հետաքրքիր մի բնագավառի մասին, որը  իրականության պարզ ու լղոզված պատրանքի փոխարեն ներկայացնում է կենդանի, ընթացքի մեջ գտնվող ոչ սովորական մի էություն: Սեզանը, Վան Գոգը, Պիկասսոն ու Կանդինսկին, վաղ շրջանի Սարյանը իրականության, բնության, կյանքի մասին  արտահայտվեցին բոլորովին ուրիշ եղանակով, որը սովորական ու անիմաստ դարձրեց իրականության կեղևի պատճենհանման նույնիսկ վիրտուոզ փորձերը:

Այվազովսկին նկարիչներին, առավել ևս այսօրվա բազմաշերտ մշակույթի ներկայացուցիչներին վաղուց արդեն չի հետաքրքրում: Նրա նկարները հարյուր տարուց ավելի արդեն դադարել են «պատկեր» (իր արտահայտությունն է) լինելուց: Այդ նկարները ապրանք են, որոնց  գինը արվեստի միջազգային շուկայում բարձրանալու միտում ունի: Շուկայում գեղանկարի գինը ամենևին կախված չէ գեղարվեստական արժեքից:

Իրը ստեղծեց Աստված, մարդն այն վերածեց ապրանքի, եթե մարդկությունը ոսկու և ադամանդի հանդեպ կենդանական մղում չունենար, եթե մարդկությունը ճանաչեր մեր աննման Թորոս Թորամանյանին, Հովհաննես Թումանյանին, մեր մանրանկարիչներին, հայերից ճանաչեր ոչ միայն Հովհաննես Այվազովսկուն, ապրելը հետաքրքիր չէր լինի, և չէր լինի ոչ մի առաջընթաց:

Հատկապես վերջին նախադասությունը մեր մեջ դեռ ապրող 20-րդ դարի մարդու հոգու ճիչն է: Իսկ 21-րդ դարի մարդը, որն անցյալ դարի 80-ական թվականներից դանդաղ հեռացավ իր մշակութային և մտավոր ավանդույթների հիշողությունից, այսօր իր անցյալը, պատմությունը, մանավանդ մշակույթը լուսավորելու ցանկություն և ժամանակ չունի: Ստատուս քվոն նրան լիուլի բավարարում է:

Թեև 21-րդ դարի հարազատ զավակ Վիկտոր Յանուկովիչի առանձնատանը հայնտաբերվեց Այվազովսկու ոչ թե միջին կամ վերջին շրջանի սովորական  ծովանկարներից, այլ սկզբնական շրջանի գլուխգործոցներից մեկը:

 

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք