Ամենն ամենայնիվ

22Գ. Հ. Գյուրջիև (1877?-1949), Գեորգի Հովհաննեսի /Իվանի/ Գյուրջիև, ծագումով՝ կեսհույն-կեսհայ, հոգևոր ուսմունքի հիմնադիր: Ժամանակակից կրոնական և հոգեբանական ուսմունքների գունապնակում Գյուրջիևը շարունակում է մնալ հանելուկային դեմք՝ անընդհատ աճող ազդեցությամբ: Առավել նման լինելով ձեն-բուդդայականության հոգևոր նահապետի կամ Սոկրատին, քան տիպիկ քրիստոնեական միստիկի՝ Գյուրջիևն իրեն ճանաչողների շրջապատում ուներ մարդկանց «արթնացնելու» անգերազանցելի շնորհով օժտված անձնավորության հռչակ: Նա Արևմուտք հասցրեց գաղտնատեսական համընդգրկուն գիտելիքներ և իրենից հետո թողեց մի դպրոց, որն աչքի է ընկնում գիտակցության զարգացման ուրույն մեթոդաբանությամբ:

«Գիտակցություն» ասելով՝ Գյուրջիևը հասկանում էր ավելին, քան ուղեղի ակտիվ վիճակն ու գործունեությունը: Ըստ նրա ուսմունքի՝ գիտակցելու ունակությունը պահանջում է մտավոր, զգացական և մարմնական առանձին էներգիաների ներդաշնակ համակցություն, և միայն դա է թույլ տալիս, որ մարդու ներսում արթնանան այն բարձրագույն գործոնները, որոնք կապված են այնպիսի ավանդական հասկացությունների հետ, ինչպիսիք են նուս-ը (համաշխարհային բանականությունը), բուդդան (պայծառացումը) կամ ատման-ը (կյանքի հիմքը, հոգին): Այդ տեսակետից մարդը, ինչպիսին կա, իրականում անկատար էակ է, որին արտաքին խթաններով առաջնորդում են նրա պայմանական ռեֆլեքսները: Լայն բազմազանությամբ աչքի ընկնող գյուրջիևյան մեթոդները կարող են որպես միջոց ծառայել «իսկական մարդու» ինքնագիտակցությանն ու հոգևոր որակներին հասնելու համար, ինչպիսիք են կամքը, անձը և օբյեկտիվ գիտելիքները: Մարդու էվոլյուցիային առնչվող նրա մեթոդն ու ուսմունքն իրենց արտացոլում են գտել տիեզերաբանական ընդարձակ համակարգում, որը լուսաբանված է հենց իր՝ Գյուրջիևի թողած ժառանգության մեջ և Պ. Դ. Ուսպենսկու «Հրաշալիի որոնումներ» գրքում (Նյու Յորք, 1949):

Չնայած 1920-ական թվականներին մամուլում տեղ գտած և նրան վերաբերող սենսացիոն բնույթի տեղեկատվությանը՝ իր հետևորդների շրջանակից դուրս Գյուրջիևը գրեթե անհայտ մնաց իր ողջ կյանքի ընթացքում: Սակայն 1950-ականներին նրա գաղափարները սկսեցին տարածվել. դրան նպաստեց ինչպես նրա սեփական ստեղծագործությունների, այնպես էլ աշակերտների հուշագրությունների հրատարակումը: Նրա անձի բացառիկ հատկանիշները և հատկապես կյանքի հանգամանքներն օգտագործելու հանճարեղ ունակությունը, որով նա աշակերտներին օգնում էր, որպեսզի նրանք իրենց մասին իմանան ամբողջ ճշմարտությունը, առիթ տվեցին նաև, որ նրա մասին տարածվեն բազմաթիվ կեղծ պատմություններ, որոնք էլ երկար տարիներ ստվեր գցեցին նրա գաղափարների անաղարտության վրա: Բայց այսօր արդեն կարելի է ասել, որ Գյուրջիևի ուսմունքն ազատվել է ասեկոսեների ու զրպարտությունների սարդոստայնից և ճանաչվել որպես ներկա դարաշրջանի ամենախորախորհուրդ հոգևոր ուսմունքներից մեկը:

Գյուրջիևը ծնվել է ռուսական Անդրկովկասի հարավային մասում գտնվող Ալեքսանդրապոլ քաղաքում: Հայրը հույն էր, մայրը՝ հայ: Արտակարգ ընդունակություններով օժտված պատանին վայելում էր իր դաստիարակների՝ ուղղափառ վանականների հատուկ բարեհաճությունը և վաղ ստացել հոգևոր ու բժշկական կրթություն: Համոզված լինելով, որ հավերժական գաղտնատեսական գիտելիքների ավանդույթներն ինչ-որ տեղ դեռևս պահպանվում են, նա լքում է ակադեմիական ուսումնառության արահետը և սկսում փնտրել իր առջև ծառացած էական հարցերի պատասխանները: Մոտ 20 տարի (1894-1912) ճամփորդելով հիմնականում Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում՝ նա փորձում է խորամուխ լինել հինավուրց ավանդույթների բուն էության մեջ: Նրա կյանքի այդ շրջանն առաջվա պես մեզ համար գաղտնիք է մնում, թեև դրա առավել նշանակալից իրադարձությունները նա շարադրել է  «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» ինքնակենսագրական պատումում:

1913 թ. Գյուրջիևը հայտնվում է Մոսկվայում: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր լիարժեք ուսմունք ստեղծել և սկսում է իր շուրջը հավաքել աշակերտների խմբեր՝ հիմնականում մտավորական միջավայրից: Այդ շրջանից սկսած՝ նրա կենսագրությունն ավելի հստակ է: Ռուս գրող Պ. Դ. Ուսպենսկին և երգահան Թոմաս դը Հարտմանը նկարագրում են, թե ինչպես նա, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է աշխատել նաև բոլշևիկյան հեղափոխության տարիներին, ինչպես է իր հետևորդների հետ ճանապարհորդում դեպի Կովկաս (1917), Կոստանդնուպոլիս (1920) և վերջապես հասնում Փարիզից հարավ գտնվող Ֆոնտենբլո քաղաքը, որտեղ էլ՝ դը Ավոն ամրոցում (Prieure d’Avon), մշտական հիմունքով վերականգնում է իր «Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտը»:

Ինստիտուտի վարդապետությունն ու դրանում կիրառվող փորձարարական մեթոդները շուտով իրենց կողմն են գրավում Անգլիայի և ԱՄՆ¬ի առաջատար շատ նկարիչների ու մտածողների, որոնք գալիս էին ծանոթանալու Գյուրջիևի հետ և ի վերջո մնում, որպեսզի աշխատեն նրա կողքին: Նրանցից շատերին, օրինակ՝ Մորիս Նիկոլին, Ջեյն Հիփին ու Քեթրին Մենսֆիլդին, Գյուրջիևի ուսմունքին ծանոթացրել են հայտնի քննադատ և «Նոր դար» ամսագրի խմբագիր Ա. Ռ. Օրեյջը և Պ. Դ. Ուսպենսկին:

1924 թ. սկզբին Գյուրջիևն աշակերտների հոծ խմբի ուղեկցությամբ առաջին անգամ այցելում է Միացյալ Նահանգներ, որտեղ մի քանի հրապարակային ելույթներ է ունենում սրբազան պարերի իր ուսումնասիրությունների թեմայով: Այդ ելույթները տեղի են ունեցել հիմնականում Նյու Յորքում: Գյուրջիևն իր առջև նպատակ էր դրել ցուցադրելու  «շարժումների գիտության» մոռացված սկզբունքները և լուսաբանելու այն հատուկ դերը, որն այդ գիտությունն ունի հոգևոր զարգացման ասպարեզում:

1924 թ. ամռանը տեղի ունեցած ավտովթարից հետո, որը քիչ էր մնացել նրա համար ճակատագրական լիներ, Գյուրջիևը որոշ չափով սահմանափակում է ինստիտուտի գործունեությունը, նեղացնում հետևորդների շրջանակը և ձեռնամուխ լինում իր ժառանգությանը գրավոր տեսք տալու գործին: Մինչև 1934 թ. նա արդեն ավարտին էր հասցրել իր աշխատությունների առաջին երկու գրքերը և երրորդ գրքի մի մասը: Այդ ընթացքում նա շարունակում էր կապ պահպանել նախկին աշակերտների հետ, ևս երկու անգամ այցելում է ԱՄՆ (1929 և 1933 թթ.) և վերջնականապես բնակություն հաստատում Փարիզում:

1935 թ. Գյուրջիևը վերսկսում է աշխատանքն աշակերտների խմբերի հետ: Այդ գործում նրան օգնում էր Ժաննա դը Զալցմանը, որը նրա հետևորդների շարքում նրան ամենամոտ անձնավորությունն էր և ավելի ուշ շարունակեց նրա գործը: Թեև Գյուրջիևի աշակերտներին պատվիրված էր ծայրահեղ փակ գործել, սակայն Ֆրանսիայում նրա հետևորդների թիվն անընդհատ աճում էր նույնիսկ պատերազմի տարիներին: Նրանց թվում կային գրականության, արվեստի և բժշկության այնպիսի ականավոր դեմքեր, ինչպիսիք են Ռենե Դոմալը, Քատրին Հալմը, Պ. Լ. Թրևերսը: Պատերազմից հետո Գյուրջիևի աշակերտների բազմազգ ընտանիքը կրկին հավաքվեց նրա շուրջը: 1948 թ. դեկտեմբերին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա և, չնայած հիվանդությանը, իր եռանդուն աշխատանքը շարունակեց ընդհուպ մինչև մահը, որը վրա հասավ հաջորդ տարվա հոկտեմբերի 29-ին Փարիզում:

«Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը» գիրքը, որն առաջին անգամ լույս տեսավ 1950 թ. անգլերեն, Գյուրջիևի ստեղծագործությունների պսակն է: Այն ընթերցողի առջև փռում է Երկրի վրա մարդու կյանքի անօրինակ լայնարձակ համայնապատկերը, ինչպես այն կներկայանար հեռավոր աշխարհի էակին: Պատմությունների ոչ հաջորդական հերթագայությամբ և միտումնավոր լեզվական իմաստաբանություններով հյուսված տիեզերական այլաբանության հետևում Գյուրջիևի ուսմունքի էությունն է թաքնված:

1963 թ. լույս տեսած «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ» գրքում Գյուրջիևը պատմում է իր պատանեկության և գիտելիքների համառ որոնումների մասին:

Նախապես Գյուրջիևը մտադրվել էր իր եռագրությունն ավարտել «Կյանքն իրական է միայն այնժամ, երբ ԵՍ կամ» գրքով, սակայն այն այդպես էլ անավարտ է մնում. դեռ ավելին, դրա մի մասն այժմ անհետ կորած է համարվում: Պահպանված հատվածները հրատարակվել են 1981 թ.: 1973 թ. լույս տեսած «Հայացքներ իրական աշխարհից» գիրքը պարունակում է Գյուրջիևի դասախոսությունները, որոնք նրա աշակերտների կողմից գրի են առնվել 1920-ական թվականներին: Այդ ամենից զատ Գյուրջիևը թողել է նաև բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ, որոնք գրվել են Թոմաս դը Հարտմանի համահեղինակությամբ: Դրանց մի մասն օգտագործվել է այն սրբազան պարերի ու շարժումների նվագակցության համար, որոնք Գյուրջիևի ուսմունքի կարևոր մասն են կազմում: Այդ շարժումները փաստագրվել և պահպանվել են նրա աշակերտների կողմից:

Գյուրջիևի սկսած գործունեությունն ու դրան հարակից հետազոտությունները նրա աշակերտների գլխավորությամբ շարունակվել ու ընդլայնվել են զանազան ֆոնդերի և ընկերությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են արևմտյան աշխարհի խոշորագույն քաղաքների մեծ մասում: Առաջացել են նաև մի շարք խմբեր, որոնք նրա աշակերտների հետ որևէ կապ չունեն, թեև իրենք իրենց Գյուրջիևի հետևորդներ են հռչակում կամ պնդում նրա ուսմունքի հետ իրենց կապված լինելը:

Միշել դը Զալցման

«Որևէ մեկը նրանցից, ովքեր հետաքրքրվում են իմ գրվածքներով, չպիտի նույնիսկ փորձի դրանք կարդալ այլ հերթականությամբ, քան նշված է. այլ կերպ ասած, երբեք չպիտի կարդա իմ որևէ գրվածքը՝ առանց լավ ուսումնասիրելու իմ նախորդ գործերը»:

Գ. Հ. Գյուրջիև

 

Ընկերական խորհուրդ

(հանպատրաստից գրված է հեղինակի կողմից, երբ արդեն տպագրության պատրաստ գիրքը /բնագիրը.- Անդին/ հանձնվում էր հրատարակման)

 

Իրենց ամբողջ կարդացածի կամ լսածի նկատմամբ ժամանակակից մարդկանց ընկալման արդյունավետության վերաբերյալ արված բազմաթիվ հետևությունների և եզրահանգումների հիման վրա, որոնց հանգել եմ իմ փորձարարական պրպտումների ընթացքում, նաև ելնելով հնուց եկած մի իմաստուն ասույթի գաղափարից, որը հենց նոր մտքիս եկավ, այն է՝ «Ամեն մի աղոթք կարող է լսելի դառնալ Վերին Ուժերին և համապատասխան արձագանքի արժանանալ, եթե այն արտաբերվում է եռակի.

առաջին անգամ՝ ի ողջություն ծնողների կամ նրանց հոգու հանգստության համար,

երկրորդ անգամ՝ ի ողջություն մերձավորի,

և միայն երրորդ անգամ՝ հանուն քեզ,

անհրաժեշտ եմ համարում լիովին հրատարակման պատրաստ այս գրքի հենց առաջին էջում տալու հետևյալ խորհուրդը. «Իմ յուրաքանչյուր գրավոր շարադրանք կարդացեք եռակի.

առաջին ագամ՝ հենց այնպես, ինչպես սովոր եք կարդալ բոլոր ժամանակակից գրքերն ու թերթերը,

երկրորդ անգամ՝ այնպես, կարծես բարձրաձայն կարդում եք ուրիշ մեկի համար,

և միայն երրորդ անգամ ջանացեք հասկանալ գրվածքիս բուն էությունը»:

Միայն այս դեպքում կարող եք ակնկալել, որ ձեր սեփական, միայն ձեզ հատուկ անաչառ կարծիքը կկազմեք իմ գրվածքների վերաբերյալ: Եվ միայն այդ դեպքում կիրականանա իմ հույսը, որ դուք, ձեր ըմբռնմանը համապատասխան, կքաղեք այն առանձնահատուկ օգուտը, որը ես ակնկալում եմ և կամենում ձեզ իմ ողջ էությամբ:

Հեղինակ

Գլուխ Ա

Մտածողության արթնացում

/հատված/

 

Իմ բոլոր համոզմունքների շարքում, որոնք ձեռք եմ բերել պատասխանատվությամբ լի և անսովոր դասավորված կյանքում ունեցած իմ ընդհանրական ներկայությամբ, կա տարակույս չհարուցող մեկը, ըստ որի երկրի վրա միշտ և ամենուրեք, մարդկանց հասկացողության տարբեր աստիճանների և այն գործոնների բոլոր ձևերի դրսևորումների պայմաններում, որոնք այլազան գաղափարներ են ծնում իրենց անհատականությունների ներսում, ընդունված է ինչ-որ նոր բանի առկայության դեպքում բարձրաձայն կամ եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե մտքում արտաբերել բոլորին և նույնիսկ անգրագետին հասկանալի այն ասույթը, որը տարբեր դարաշրջաններում տարբեր է ձևակերպվել, իսկ մեր ժամանակներում հնչում է հետևյալ բառերով՝ «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, Ամեն»:

Ահա թե ինչու, ձեռնամուխ լինելով ինձ համար բոլորովին նոր այս հղացմանը՝ հեղինակ դառնալուն, սկսում եմ այդ կոչը մեջտեղ բերելով և դա անում եմ ոչ միայն բարձրաձայն, այլ նաև շատ ցայտուն ու լիահունչ, ըստ հինավուրց տուլուզցիների մի բնորոշման՝ «լիովին արտահայտված հնչերանգով» և, իհարկե, այնքան լիահունչ, որքան դա կարող է արտահայտվել իմ ներսում կուտակված և արմատավորված այն տվյալների շնորհիվ, որոնք ընդհանրապես ձևավորվում են մարդու բնույթի մեջ, մասնավորապես՝ նրա նախապատրաստական տարիքում, իսկ ավելի ուշ՝ պատասխանատու կյանքի ընթացքում, տվյալ անհատականությանն օժտելով նման հնչերանգ դրսևորելու բնույթով և ունակությամբ:

Ահա այսպես սկսելով՝ ես արդեն կարող եմ լիակատար հանգիստ լինել և նույնիսկ ներկայիս մարդկանց կրոնական բարոյախոսության տեսակետից՝ առանց դույզն-ինչ կասկածի, վստահ, որ իմ այս նոր նախաձեռնության հետագա ողջ ընթացքը կլինի, ինչպես ասում են, «հալած յուղի պես»:

Ամեն դեպքում, ես սկսեցի՛ այդպես, իսկ թե հետագան ինչպիսին կլինի, ես առայժմ միայն կարող եմ ասել «տեսնենք», ինչպես կույրը կասեր…

Նախ և առաջ ես իմ ձեռքը, ավելին՝ աջը, որը թեև մի փոքր վնասվել է վերջերս ինձ հետ պատահած վթարի հետևանքով, այնուամենայնիվ իմ սեփականն է և իմ ողջ կյանքի ընթացքում երբեք ինձ չի դավաճանել, կդնեմ իմ սրտի վրա (որը նույնպես իմ սեփականն է, բայց իմ կազմվածքի այդ հատվածի կայունության կամ անկայունության մասին այստեղ հարկ չեմ համարում շատ ծավալվելու), որից հետո անկեղծորեն կխոստովանեմ, որ ներկա պահին անձամբ ես դույզն-ինչ ցանկություն չունեմ որևէ բան գրելու, սակայն ինձնից բոլորովին անկախ հանգամանքներ կան, որոնք ստիպում են ինձ դա անել: Այդ հանգամանքները պատահաբար են գոյացել, թե միտումնավոր կերպով ստեղծվել կողմնակի ուժերի կողմից՝ ես ինքս դեռ չգիտեմ: Գիտեմ միայն, որ այդ հանգամանքներն ստիպում են ինձ գրել ոչ թե այնպիսի դատարկ բաներ, որոնք, օրինակ, ընդունված է կարդալ քնելուց առաջ, այլ ծանրակշիռ և ծավալուն հատորներ:

Ինչևէ, ես սկսում եմ…

Բայց ինչի՞ց…

Գրո՛ղը տանի… Մի՞թե նորից կկրկնվի այն չափազանց տհաճ և վերին աստիճանի տարօրինակ զգացողությունը, որն ինձ վիճակվեց ապրել մոտավորապես երեք շաբաթ առաջ, երբ մտովի պլան և գաղափարների հերթագայման ծրագիր կազմեցի հրատարակման պատրաստելու համար և չիմացա, թե ինչից սկսեմ:

Այն ժամանակվա այդ զգացողությունը ես կարող եմ հիմա ձևակերպել որպես «սեփական մտքերի գերառատության մեջ թաղվելու երկյուղ»:

Այդ զգացողությունից ազատվելու համար ես այն ժամանակ դեռ կարող էի օգտվել ինչպես ամեն մարդու, այնպես էլ ինձ հատուկ այն վնասակար հատկանիշից, որը մեզ թույլ է տալիս, առանց խղճի խայթ զգալու, այսօրվա գործերը հետաձգել վաղվան: Եվ դա շատ հեշտ կարող էի անել, քանի որ գրելն սկսելուց առաջ այն պատկերացումն ունեի, որ առջևում դեռ շատ ժամանակ կա: Բայց հիմա նման կերպ վարվել չեմ կարող. ես անպայման պետք է սկսեմ, ինչպես ասում են, «թեկուզ ճաքեմ»:

Բայց, իսկապես, ինչի՞ց սկսել…

Ուռա՜, էվրիկա…

Համարյա բոլոր գրքերը, որոնք ինձ վիճակվել է կարդալ իմ կյանքում, սկսվում են նախաբանով:

Նշանակում է՝ իմ դեպքում նույնպես ես պետք է նման բանով սկսեմ:

Ասում եմ «նման բանով», քանի որ ընդհանրապես իմ կյանքի ընթացքում՝ սկսած այն պահից, երբ տղան աղջկանից սկսել եմ ջոկել, ես միշտ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ արել եմ ոչ այնպես, ինչպես Բնության բարիքների՝ մնացած ինձ նման երկոտանի ավերողները: Ուստիև, ձեռնամուխ լինելով գրելու գործին, ես պետք է (նաև, սկզբունքից ելնելով, պարտավոր եմ) սկսեմ ոչ այնպես, ինչպես մյուս գրողները:

Ամեն դեպքում, նախաբանով սկսելու փոխարեն ես կսկսեմ Նախազգուշացումով:

Նախազգուշացումով սկսելն իմ կողմից խելամիտ քայլ կլինի թեկուզև այն պատճառով, որ դա ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն, ո՛չ էլ նույնիսկ «կամային» առումով չի հակասի իմ սկզբունքներին: Միաժամանակ դա կլինի լիակատար անկեղծ քայլ, անկեղծ՝ օբյեկտիվորեն, քանի որ ինչպես ես, այնպես էլ ինձ ճանաչողներն անտարակույս վստահությամբ միասին ակնկալում ենք, որ իմ այս գրվածքների շնորհիվ ընթերցողների մեծ մասի մոտ հօդս կցնդի միանգամից (այլ ոչ թե աստիճանաբար, ինչպես վաղ թե ուշ պետք է վիճակվի յուրաքանչյուր մարդու) ամբողջ իրենց կամ ժառանգած, կամ սեփական աշխատանքով ձեռք բերած այն «հարստությունը», որն իր մեջ պարունակում է այնպիսի օրորուն պատկերացումներ, որոնցից միայն միամիտ երազներ կարող են ծնվել, ինչպես նաև պարունակում է իրենց ներկա կյանքի և ապագայի ձեռքբերումների գեղեցիկ տեսարաններ:

Արհեստավարժ գրողները սովորաբար իրենց նախաբանն սկսում են ընթերցողին դիմելով՝ իրենց խոսքը համեմելով ամեն տեսակի փքուն-վերամբարձ, այսպես ասած, «քաղցր» ու «բարձր» դարձվածքներով:

Միայն մի բանում ես կհետևեմ նրանց օրինակին և կսկսեմ նման դիմումով, բայց կաշխատեմ այնպես «քաղցր-մեղցր» չլինել, ինչպես նրանք՝ գլխավորապես իրենց վնասակար իմաստակության պատճառով, որով գրգռում են քիչ թե շատ նորմալ ընթերցողի զգայնությունը:

Եվ այսպես…

Իմ շատ սիրելի պատվարժան, վճռական և, իհարկե, շատ համբերատար պարոնա՛յք. իմ շատ հարգելի, հիասքանչ և անաչառ տիկնա՛յք…  կներեք, ամենակարևորը բաց թողեցի… և բոլորովին ո՛չ հիստերիկ տիկնայք, պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ չնայած իմ կյանքի ընթացքի վերջին փուլում ծագած հանգամանքների թելադրանքով ես հիմա պատրաստվում եմ գիրք գրելու, բայց իմ կյանքի նախորդ տարիներին ես երբեք ոչ միայն գիրք կամ զանազան այսպես կոչված «ուսանելի հոդվածներ» չեմ գրել, այլև նույնիսկ նամակներ, որոնցում անպայման, ինչպես ասում են, «քերականությունը» պետք է ապահովվի: Եվ, հետևաբար, թեև հիմա պատրաստվում եմ դառնալու արհեստավարժ գրող, բայց, որևէ փորձառություն չունենալով ընդունված բոլոր արհեստավարժական կանոններից ու հնարքներից, ոչ էլ տիրապետելով, այսպես կոչված, «գրականության լեզվին ու լավ տոնին», ստիպված եմ գրելու ոչ այնպես, ինչպես սովորական «պատենտավորված գրողները», որոնց գրելաոճին դուք, ամենայն հավանականությամբ, այնպես եք վարժվել, ինչպես սեփական հոտին:

Իմ կարծիքով՝ տվյալ դեպքում դժբախտությունը գլխավորապես այն է, որ դեռևս մանուկ հասակից ձեր մեջ ներարկվել և հիմա ձեր ընդհանուր հոգեկառույցին իդեալական համապատասխանելուն է հասել ամեն մի նոր տպավորություն ընկալելու հրաշալի գործող այն ավտոմատիզմը, որի այդ կարգի «բարեգործության» շնորհիվ դուք հիմա ձեր կյանքի պատասխանատու շրջանում կարիք չեք զգում որևէ անհատական ջանք գործադրելու:

Անկեղծ ասած, իմ այս խոստովանության մեջ անձամբ ես գլխավորը համարում եմ ոչ թե գրողական կանոնների ու հնարքների վերաբերյալ իմ գիտելիքների անբավարարությունը, այլ այն, որ չեմ տիրապետում նշածս «գրականության լեզվին ու լավ տոնին», ինչը ժամանակակից կյանքում անպայմանորեն պահանջվում է ոչ միայն գրողներից, այլ նաև բոլոր հասարակ մահկանացուներից:

Ինչ վերաբերում է առաջինին՝ զանազան գրողական կանոնների ու հնարքների վերաբերյալ գիտելիքներիս անբավարարությանը, ապա դա ինձ այնքան էլ չի մտահոգում: Եվ չի մտահոգում այն պատճառով, որ նման «անգրագիտությունն» էլ է արդեն մարդկանց կյանքում ընդունելի բան դարձել: Նման բարեհոգությունը ծագել և այժմ Երկրի վրա ամենուրեք բուռն ծաղկում է ապրում այն նոր ու տարօրինակ հիվանդության հետևանքով, որով վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում այս կամ այն պատճառով հիվանդանում է հատկապես բոլոր երեք սեռերի ներկայացուցիչների մեծ մասը, որոնք քնում են կիսաբաց աչքերով, իսկ երեսները բոլոր առումներով պարարտ հող են ամեն տեսակի պզուկների առաջացման համար:

Այդ տարօրինակ հիվանդության ախտանշանն այն է, որ եթե դրանով հիվանդն ինչ-որ չափով գրագետ է, և նրա բոլոր ռենտաներն էլ կանխավ վճարված են երեք ամիս առաջ, ապա տվյալ սեռի ներկայացուցիչն անհապաղ գրիչ է վերցնում և գրում կամ որևէ «ուսանելի հոդված», կամ ամբողջական մի գիրք:

Լավ տեղյակ լինելով մարդկանց այդ նոր հիվանդության և Երկրի վրա դրա համաճարակային տարածվածության մասին՝ ես, ինչպես դուք կարող եք գլխի ընկնել, իրավունք ունեմ ենթադրելու, որ դուք, ինչպես կասեին գիտուն «բժիշկները», «իմունիտետ» ունեք դրա նկատմամբ, և այդ պատճառով ձեզ չի զայրացնի գրողական կանոններից ու հնարքներից անտեղյակ լինելուս հանգամանքը:

Այս բանի ըմբռնումը ստիպում է իմ զգուշավորության ծանրության կենտրոնը տեղափոխել գրականության լեզվի իմ չիմացության վրա:

Որպեսզի արդարացնեմ ինքս ինձ, նաև, չեմ բացառում, մեղմեմ ձեր զգոն գիտակցության կողմից այդ լեզվի իմ չիմացության դատափետումը, որն այդքա՜ն անհրաժեշտ բան է համարվում ժամանակակից կյանքում, խոնարհ սրտով և ամոթից կարմրած այտերով հարկ եմ համարում նաև ասելու, որ թեև մանուկ հասակում ինձ ուսուցանել են այդ լեզուն և նույնիսկ ինձ իմ պատասխանատու հասակին նախապատրաստող մերձավոր ավագներից ոմանք, խտրություն չդնելով ահաբեկման միջոցների միջև, մշտապես ստիպում էին ինձ «անգիր անել» բազմաթիվ ու զանազան «նրբահունչ բաներ», որոնց համախումբն էլ գոյացնում է հենց ժամանակակից այդ «անուշ-մեղուշությունը», բայց, ցավոք սրտի (ձեզ համար, իհարկե), այն ամենից, ինչ ես ժամանակին անգիր եմ արել, ոչինչ չի պահպանվել ու չի հասել իմ ներկայիս գրողական գործունեության մատույցներին:

Եվ ոչինչ չի պահպանվել, ինչպես վերջերս ինձ համար պարզ դարձավ, ոչ իմ, ոչ էլ իմ երբեմնի հարգելի կամ ոչ հարգելի ուսուցիչների մեղքով, այլ բոլոր այդ ջանքերն ի դերև են ելել մի անսպասելի և կատարելապես բացառիկ իրադարձության հետևանքով, երբ ես հայտնվում էի Աստծո աշխարհում: Ինչպես բավականին երկար տևած «հոգե-ֆիզիկա-աստղաբաշխական» հետազոտությունից հետո ինձ բացատրեց Եվրոպայում շատ լավ հայտնի մի օկուլտիստ, իմ աշխարհ գալու պահին այն անցքի միջով, որը մեր խելառ այծն էր բացել պատուհանի ապակու վրա, ներթափանցել են ձայնային թրթիռներ, որոնք արձակվել են հարևան տանը եղած Էդիսոնի ձայնարկիչից, իսկ տատմոր բերանում այդ ժամանակ գերմանական կոկաինով ներծծված հաբ է եղել (ի դեպ՝ ոչ «էրզաց»[1]), որը նա ծծել է այդ հնչյունների տակ առանց հարկ եղած հաճույքի:

Իմ ներկա վիճակն արդյունք է ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում այդքան հազվադեպ պատահող այդ իրադարձության, այլ նաև այն բանի, որ իմ հետագա նախապատրաստական և հասուն տարիքում (պետք է խոստովանեմ, որ սա ինքս եմ գլխի ընկել՝ երկար ժամանակ մտորելով գերմանացի պրոֆեսոր հերր Շտումպզինշմաուզերի մեթոդով), ինչպես բնազդով, այնպես էլ ինքնաբերաբար, երբեմն նույնիսկ գիտակցաբար, միով բանիվ՝ սկզբունքորեն, միշտ խուսափել եմ այդ լեզվից օգտվելուց, երբ հաղորդակցվել եմ ուրիշների հետ: Եվ նման դատարկ կամ գուցե ոչ դատարկ բանի պատճառով ես ինձ այդպես եմ դրսևորել ևս երեք առանձնահատուկ տվյալների շնորհիվ, որոնք իմ կառույցում ձևավորվել են իմ նախապատրաստական հասակում, իսկ թե ինչ տվյալներ են դրանք՝ ես մտադիր եմ ձեզ հայտնի դարձնել իմ գրվածքի հենց այս առաջին գլխում:

Այսպես թե այնպես, այնուամենայնիվ իրական փաստ է՝ բոլոր կողմերից լուսաբանվող ամերիկյան գովազդի պես, կամ փաստ, որը ոչ մի ուժի կողմից այլևս չի կարող փոփոխության ենթարկվել (եթե նույնիսկ այդ ուժն օժտված լինի ըստ «մարտիշկինյան աշխատանքի»[2], մասնագիտացված հմտությամբ), այն, որ ես, ում ոչ վաղ անցյալում շատ մարդիկ համարում էին բավականին լավ տաճարային պարուսույց, այժմ ահա դարձել եմ արհեստավարժ գրող և, իհարկե, կգրեմ չափազանց շատ, քանի որ դա ինձ դեռ մանկուց է բնորոշ. երբ ես ինչ-որ բան եմ անում, պետք է անեմ չափազանց շատ: Այնուհանդերձ, քանի որ, ինչպես տեսնում եք, դրա համար չունեմ ինքնաբերաբար ձեռք բերված և ինքնաբերաբար ձևավորված հմտություններ, ես ստիպված կլինեմ ողջ մտադրվածս գրի առնել սովորական, հասարակ, կյանքում իր տեղը գտած լեզվով՝ առանց գրական պաճուճանքների ու «քերականական իմաստակության»:

Սակայն կճուճը դեռ լիքը չէ… Չէ՞ որ ես դեռ չեմ որոշել, թե ինչ լեզվով պետք է գրեմ:

Թեև ռուսերենով սկսեցի, սակայն, ինչպես կասեր իմաստնագույն Խոջա Նասրեդինը, այդ լեզվով շատ հեռու չես գնա:

Մոլլա Նասրեդինը, որին նաև Խոջա Նասրեդին են ասում, կարծես թե այնքան էլ հայտնի չէ Եվրոպայում և Ամերիկայում, բայց լավ հայտնի է ասիական աշխարհամասի բոլոր երկրներում. այդ առասպելական կերպարը համապատասխանում է ամերիկյան քեռի Սեմին կամ գերմանական Թիլ Ուլենշպիգելին: Այդ Նասրեդինին են վերագրվել և այժմ էլ շարունակում են վերագրվել Արևելքում տարածում ստացած շատ պատմություններ, որոնք նման են իմաստախոսությունների: Դրանց մի մասը շատ հնուց է գալիս, որոշներն էլ սկիզբ են առել ոչ շատ վաղ անցյալում:

Ռուսերենը, չի կարելի ժխտել, շատ լավ լեզու է: Այն նույնիսկ ինձ դուր է գալիս, բայց… միայն այնքանով, որ դրանով կարելի է լավ անեկդոտներ փոխանակել կամ դրանից օգտվել, երբ հարկ է լինում անդրադառնալու որևէ մեկի ծագումնաբանության խնդրին:

Ռուսերենը նման է անգլերենին, որը նույնպես շատ լավ լեզու է, բայց միայն այն բանի համար, որ «ծխարաններում» կամ բազմոցին նստած մի ոտքդ մյուսի վրա գցես ու զրուցես ավստրալիական սառեցրած մսի կամ հնդկական հարցի շուրջ:

Այդ երկու լեզուները նման են մի կերակրատեսակի, որին Մոսկվայում «սոլյանկա» են անվանում և դրա մեջ լցնում ինձնից ու ձեզնից բացի ամեն ինչ, որի տակ կարող եք ներառել, ըստ էության, ամեն բան, ինչ մտքներովդ կանցնի, նույնիսկ Շեհերեզադեի «հետճաշյան չեմշուն»[3]:

Հարկ է նշել նաև, որ, շնորհիվ իմ պատանեկության պատահական, գուցեև ոչ պատահական հանգամանքների դասավորության, ինձ վիճակվել է սովորել, ընդ որում՝ լրջորեն և, իհարկե, մշտապես ինքս ինձ ստիպելով, խոսել, կարդալ ու գրել բազմաթիվ լեզուներով և այնքան վարժ, որ հիմա հնարավոր է, որ կկարողանայի գրել դրանցից յուրաքանչյուրով, եթե Ճակատագրի կողմից անսպասելիորեն ինձ պարտադրված այս մասնագիտության մեջ ես չորոշեի չօգտվել իմ այդ գործնական ճանապարհով ձեռք բերած «ավտոմատիզմից»:

Իսկ եթե ձգտեի խելամտաբար օգտվել իմ այդ մեխանիկորեն ձեռք բերված ավտոմատիզմից, որը դյուրին է դարձել երկարատև գործառությունների շնորհիվ, ապա պետք է գրեի կամ ռուսերեն, կամ հայերեն, քանի որ կյանքիս վերջին քսան-երեսուն տարիների հանգամանքները եղել են այնպիսին, որ ուրիշների հետ հաղորդակցվել եմ հատկապես այդ երկու լեզուներով և, հետևաբար, դրանցով առավել շատ գործնական փորձառություններ եմ անցել, որպեսզի դրանց տիրապետեմ ավտոմատիզմի աստիճանի:

Գրո՛ղը տանի… Նույնիսկ այս դեպքում նորմալ մարդու համար անսովոր իմ յուրահատուկ հոգեկառույցի մի կողմն ահա սկսում է տանջել ամբողջին:

Եվ համարյա ծերունական տարիքում ինձ հասած այս դժբախտության գլխավոր պատճառն այն փաստի հետևանքն է, որ մանուկ հասակում իմ յուրահատուկ հոգեկառույցի մեջ բազմաթիվ այլ թափելու բաների հետ մեկտեղ, որոնք պիտանի չեն ժամանակակից կյանքում, ներմուծվել է ևս մի անքակտելի հատկանիշ, որը միշտ և ամեն ինչում ինքնաբերաբար իմ ամբողջ կառույցին ստիպում է վարվել այնպես, ինչպես ժողովրդական իմաստությունն է թելադրում:

Ներկա դեպքում, ինչպես միշտ լինում է կյանքի՝ դեռևս իրենց ավարտին չհասած նմանատիպ դեպքերում, իմ մտքում (որն իմ պարագայում անհաջող է կառուցված հեգնասիրության առումով, և հիմա, ինչպես ընդունված է ասել, ծայրեծայր «ներծծված է» դրանով) անմիջապես հառնեց ժողովրդական իմաստության այն ասույթը, որը գոյություն է ունեցել դեռևս հինավուրց մարդկանց օրոք և հասել մինչև մեր օրերը՝ ստանալով հետևյալ բառային տեսքը. «Ամեն մահակ միշտ երկու ծայր է ունենում»:

Եթե սկզբում փորձ արվի հասկանալու այդ տարօրինակ բառային ձևակերպման մեջ թաքնված հիմնական միտքն ու ճշմարիտ իմաստը, ապա ամեն մի քիչ թե շատ առողջ մտածողություն ունեցողի գիտակցության մեջ նախ և առաջ, իմ կարծիքով, պետք է ծագի ենթադրություն, որ բոլոր այն գաղափարների բազմության մեջ, որոնց վրա հիմնված է և որոնցից պետք է բխի այդ ասույթի խորիմաստ լինելը, ընկած է երկար դարերի ընթացքում մարդկանց հասու դարձած այն ճշմարտությունը, համաձայն որի մարդու կյանքում պատահած ամեն մի պատճառ, ինչպիսի երևույթներից էլ այն ծագած լինի, որպես այլ պատճառից ծնված երկու հակադիր հետևանքներից մեկը, իր հերթին անպայմանորեն ծնում է երկու կատարելապես իրար հակադիր հետևանքներ: Այսպես, օրինակ, եթե «ինչ-որ բան», որն ստացվել է երկու իրարից տարբեր պատճառներից, լույս է ծնում, ապա այդ բանն անխուսափելիորեն պետք է ծնի նաև իրեն հակադիր երևույթը, այսինքն՝ խավար. կամ այն գործոնը, որը կենդանական նյութի օրգանիզմում բավարարվածության զգալի ազդակ է ծնում, ապա անպայմանորեն ծնում է նաև անբավարարվածություն և, իհարկե, նմանապես զգալի, և այլն, և այլն, միշտ և ամեն ինչում:

Կիրառենք հենց այդ նշածս դեպքի համար սույն ժողովրդական իմաստությունը, որը ձևավորվել է դարերի ընթացքում և արտահայտվել մահակի կերպարով, որը, ինչպես ասվում է, իսկապես երկու ծայր ունի, որոնցից մեկը համարվում է լավ ծայր, իսկ մյուսը՝ վատ: Իմ դեպքում, եթե օգտվեմ վերը նշածս ավտոմատիզմից, որը ձեռք եմ բերել երկարատև գործնական փորձառության շնորհիվ, ապա անձամբ ինձ համար դա, իհարկե, շատ լավ կլինի, սակայն, համաձայն այդ ասույթի, ընթերցողի համար կստացվի բոլորովին հակառակ արդյունքը. իսկ թե որն է լավի հակառակը, պետք է որ ամեն ոք շատ լավ հասկանա, նույնիսկ թութքով չտառապողը:

Կարճ ասած, եթե ես, իմ արտոնությունից օգտվելով, իմ ձեռքը վերցնեմ մահակի լավ ծայրը, ապա վատ ծայրն անխուսափելիորեն կկոտրվի «ընթերցողի գլխին»:

Դա իսկապես կարող է տեղի ունենալ, քանի որ ռուսերենով հնարավոր չէ արտահայտել փիլիսոփայական հարցերի, այսպես կոչված, «նրբությունները», ինչպիսիք ես մտադիր եմ բավականին լիարժեք կերպով արծարծել իմ գրվածքներում: Թեև հայերենով այդ բանը հնարավոր է անել, սակայն, ի դժբախտություն ժամանակակից հայերի, ժամանակակից հասկացությունների կիրառությունն այդ լեզվում արդեն դարձել է լիովին անիրագործելի խնդիր:

Որպեսզի մեղմեմ ներքին վհատության առաջ բերած դառնությունը, պետք է ասեմ, որ վաղ պատանեկության շրջանում, երբ ես հետաքրքրված ու շատ կլանված էի բանասիրական հարցերով, հայերենը գերադասում էի իմ իմացած բոլոր լեզուներից, նույնիսկ իմ մայրենի լեզվից:

Ես այն ժամանակ սիրում էի հայերենը գլխավորապես այն պատճառով, որ այն ինքնատիպ էր և ոչ մի ընդհանուր բան չուներ հարևան ու ազգակից լեզուների հետ:

Ինչպես ասում են գիտուն բանասերները, այդ լեզվի բոլոր «տոնայնությունները»  հատուկ են միայն իրեն, և նույնիսկ, ըստ իմ այն ժամանակվա հասկացողության, այն լիովին համապատասխանում է հայազգի մարդկանց հոգեկառույցին:

Սակայն վերջին երեսուն կամ քառասուն տարիների իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այդ լեզվում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ հեռավոր դարերի խորքից ուրույն և անաղարտ կերպով մեզ հասած այդ լեզուն արդեն դարձել է այնպիսին, որ առանձնահատուկ և ինքնուրույն լինելով հանդերձ վերածվել է, եթե կարելի է այսպես ասել, տարբեր լեզուների խառնուրդից ստացված մի խեղկատակության, որի հնչերանգների ողջ համախումբը, եթե հասնում է քիչ թե շատ գիտակից ու հասկացող մարդու ականջին, հնչում է այնպես, ինչպես թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, քրդերեն և ռուսերեն բառերի տոնային մի խառնուրդ՝ գումարած «դժվարամարս»՚ ու անհոդաբաշխ աղմուկներ:

Համարյա նույնը կարելի է ասել նաև իմ մայրենի լեզվի՝ հունարենի վերաբերյալ, որով խոսել եմ իմ մանկության տարիներին և, եթե կարելի է այսպես ասել, դեռևս պահպանում եմ իմ մեջ այդ լեզվի «ինքնաբերական ասոցիատիվ ուժի համը»: Կարծում եմ՝ հիմա կկարողանայի այդ լեզվով արտահայտել այն ամենը, ինչ ուզում եմ, բայց գրվածքիս համար այն չեմ կարող գործածել այն պարզ ու բավականին ծիծաղաշարժ պատճառով, որ ինչ-որ մեկը պետք է հետո արտագրի իմ գրածը և թարգմանի այլ լեզուների: Իսկ ո՞վ կարող է դա անել…

Վստահությամբ կարելի է ասել, որ ժամանակակից հունարենի ամենալավ մասնագետն անգամ պարզապես ոչինչ չէր հասկանա այն ամենից, ինչ ես կգրեի մանուկ հասակում յուրացրած իմ մայրենի լեզվով, քանի որ իմ սիրելի, եթե կարելի է այսպես կոչել, «հայրենակիցները» նույնպես համակված լինելով նաև իրենց լեզվով ժամանակակից քաղաքակրթության ներկայացուցիչներին նմանվելու ցանկությամբ, այս վերջին երեսուն-քառասուն տարում վերափոխել են իրենց լեզուն ճիշտ այնպես, ինչպես հայերն իրենցը՝ ձգտելով դասվել ռուս մտավորականության շարքը:

Այն հունարենը, որի ոգին ու էությունը փոխանցվել են ինձ ժառանգաբար, և այն լեզուն, որով հիմա խոսում են ժամանակակից հույները, նման են իրար այնքան, որքան «մեխը հոգեհանգստին», ինչպես կասեր Մոլլա Նասրեդինը:

Ի՞նչ անել հապա…

Է՜, գրողը տանի, առանձնապես ոչի՛նչ, ո՜վ իմ իմաստակությունների հարգարժա՛ն գնորդ: Ֆրանսիական արմանյակն ու «խազարյան[4] բաստուրման» եթե պակասություն չանեն, ապա ես ելք կգտնեմ նույնիսկ այս դժվարին իրավիճակից:

Դրանում ես մեծ փորձ ունեմ:

Կյանքում այնքան հաճախ եմ հայտնվել դժվարին իրավիճակներում և դուրս եկել դրանցից, որ դա համարյա սովորություն է դարձել ինձ համար:

Առայժմ կգրեմ մասամբ ռուսերեն և մասամբ էլ հայերեն, առավել ևս, որ մշտապես «իմ շուրջը պտտվող» մարդկանց մեջ կան մի քանիսը, որոնք քիչ թե շատ «գլուխ հանում են» այդ երկու լեզվից, ուստիև ես առայժմ հույս եմ փայփայում, որ նրանք բավականին լավ կարտագրեն և կթարգմանեն այդ լեզուներով գրածներս:

 

Ծանոթագրություններ

1. Իսկականին փոխարինող ոչ լիարժեք ապրանք:

2. «Мартышкин трyд» — ռուսական դարձվածք, նշանակում է անօգուտ, անպտուղ աշխատանք:

3. Չադրա:

4. Ռուսերեն տարբերակում — хайзарьян, անգլերեն տարբերակում — Khaizarian:

Թարգմանիչ՝ Խ. Մանասելյան

 

«Նահապետ» հրատարակչություն, 2012

/թարգմանությունը կատարվել է ռուսերենից, անգլերենի հետ համեմատելով — Անդին/

Անդին 9, 2013

Share

Կարծիքներ

կարծիք