Ազգային ծրագիրը պետության հզորացումն է

Հեղինակ:

20141011151321659

Արձագանք Ազգային ծրագիր բանավեճին

 

Հարգելի խմբագրություն,

Ուրախ եմ, որ սկսում եք Հայոց ազգային ծրագրին վերաբերող քննարկումների շարք: Հուսամ, այն կտա որոշակի գործնական արդյունք, քննարկմանը կմասնակցեն գիտակ, բանիմաց, շահագրգիռ անձինք ու մասնագետներ: Համոզված եմ՝ չկա հայ մարդ, որն իր Ազգային ծրագիրը կամ առնվազն խորհրդածությունը չունենա: Ես ինձ համարում եմ նրանցից մեկը: Ուստի խնդրում եմ իմ այս նամակը հրապարակել եթե ոչ որպես ծրագիր, ապա իբրև խորհրդածություն: Թույլ տվեք նաև առաջարկել Անդինի ընթերցողներին՝ մասնակցել քննարկմանը: Հավատացած եմ, այն իր վերջո տալու է իր պտուղները:

Ա. Մ. 

   

Հարկ եմ համարում նշել, որ Ազգային ծրագիր քննարկելիս առաջին հերթին պետք է խոսել պետականության մասին, քանի որ պետականությունն է ազգի համար ամենաբարձր աստիճանը, որը մարտահրավերների ժամանակ ազգին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս: Ազգային ծրագրի վերաբերյալ շատ անվանի հայորդիներ են խոսել և դեռ շատ կխոսեն, ես միայն կփորձեմ իմ մտորումները հանձնել թղթին:

Շնորհիվ մեր նախնիների՝ Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի և այլ մեծերի, կերտվել է մեր պատմությունը, այսօր մեզ նվիրելով մի գեն, որով հայ ազգը կարողանում է դիմակայել ճակատագրի հարվածներին, ապրել, ավելին՝ այսօր միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես անկախ պետականություն ունեցող ազգ: Բարեբախտաբար ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ ականատես և մասնակից դարձա ազգիս վեածննդին, հայ ազգի յուրաքանչյուր զավակի երազանքին՝ անկախ Հայաստանի վերականգնմանը:

Իմ ամբողջ գիտակցական կյանքում փորձել եմ հասկանալ այն ծրագրի էությունը, որով կարելի է ղեկավարվել և հասնել մեր ազգի հզորացմանը: Չափազանց բարդ է ազգային ծրագրի մասին մտածելը՝ առանց հասկանալու, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը: Հայ ազգը ունի մեծ առավելություն այլ ազգերի նկատմամբ այն իմաստով, որ անցել է պատմական երկար ճանապարհ, որի ընթացքում ունեցել է վառ անհատականություններ, որոնք իրենց խոսքով ու գործով մեծ ներդրում են կատարել ազային գաղափարախոսության կայացման գործում: Ցավոք, մեր պատմության մեջ վերելքների կողքին միշտ եղել են անկումներ, սակայն դրանք չեն կոտրել հայ ազգի կամքը և ոգին, ընդհակառակը, կոփել են, ինչի արդյունքում մենք դարձել ենք ավելի հզոր:

Ազգային գաղափարախոսությունը, ըստ իս, ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի գիտակցումն է՝ իր ընտանիքից, աշխատանքից դուրս տեսնել, թե ինչ պարտականություն ունի իր կյանքում իր ազգի նկատմամբ: Այս գաղափարախոսությունը յուրաքանչյուր հայի մեջ ներդնելու համար պետությունը պետք է ունենա ազգային ծրագիր: Այստեղ կարևորը պետության կողմից ազգային ծրագրով առաջնորդվելն է, որի միակ նպատակն է ազգային գաղափարախոսության, ազգային մտածելակերպի ներդրումը հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի մեջ: Պետության կողմից պետք է մշակվեն այն սկզբունքները, որով յուրաքանչյուր հայ հպարտ կլինի զգալ իրեն մի մասնիկը հայոց պետականության և հայ ազգի:

ՀՀ Սահմանադրությունը ամրագրել է մարդու իրավունքները և ազատությունները, որոնց գիտակցումը յուրաքանչյուր հայի կողմից պետք բերի այն հոգեվիճակին, որ ամեն հայ իր գործով ձգտի օրենքի գերակայությանը, որովհետև միայն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն է բերում ազգի համախմբմանը և աշխարհաքաղաքական  մարտահրավերների դիմակայմանը: Երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ օրենքի առաջ հավասար է և օրենքի խախտումն անմիջապես բերում է պատասխանատվություն՝ առանց հաշվի առնելու անձի քաղաքական հայացքները, ազգությունը, սեռը, դավանանքը և այլ հանգամանքներ, ապա կզգա իրեն պաշտպանված իր երկրում:

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր պատմության ընթացքում վերելքները եղել են միայն համախմբան, իսկ անկումները՝ դրա պակասի արդյունքում: Իսկ ազգը կարող է համախմբվել, երբ ազգի յուրաքանչյուր մասնիկ օրենքի առաջ իրեն հավասար է զգում:

Սակայն օրենքի առաջ հավասար զգալը միակ հիմքը չէ ազգային ծրագրի ստեղծման գործում:

Կարևոր է նաև այնպիսի միջավայրի ստեղծումը, որում յուրաքանչյուր հայ իր բարեկեցությունը տեսնի պետության զարգացման և հզորացման մեջ:  Պետք է յուրաքանչյուր հայի մեջ սերմանել այս միտքը, քանի որ միայն դրա շնորհիվ կարող ենք հասնել մեր պետականության ամրապնդմանն ու հզորացմանը:

Այս պատճառով, կարևոր է օրենքի առաջ յուրաքանչյուր քաղաքացու հավասարությունն ու բարեկացությունը քննարկել ընդհանուր համատեքստում: Այս երկու երևույթները հնարավորինս իրական դառնալու պարագայում հնարավորություն կունենանք ազգային ծրագիրը տեսնել իրականացած, քանի որ յուրաքանչյուր պետության հենասյուները թուլացնող առաջին հարվածը թշնամին հասցնում է հենց այս հասկացություններին: Արտաքին թշնամին վարկաբեկող նյութերի միջոցով միշտ փորձել է և կփորձի  խարխլել ազգային արժեքները, դրա բարոյական սկզբունքները՝ թշնամանք սերմանելով ազգի ներսում: Սակայն մենք պետք է լավ գիտակցենք, որ մենք չունենք ներքին թշնամիներ ու միևնույն գաղափարախոսությանը և միևնույն նպատակին ենք ծառայում ամբողջ ազգով:

Մեր ամենօրյա խնդիրն է զարգացնել օրենքի գերակայության վրա հիմնված պետության բարեկեցությունը, որը հավատ կներշնչի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեջ, և օտար երկրներում ապրող հայը կվերադառնա, կցանկանա ապրել և արարել իր հողի վրա, այլ ոչ հակառակը:

Պատմականորեն աշխարհով մեկ սփռված լինելով՝ հայ ազգը իր հանգրվանն է գտել աշխարհի տարբեր անկյուններում: Այս է պատճառը, որ «ազգային ծրագիր» ասվածը պետք է նույնականացվի մեր պետության հետ:

Հայ ազգի բոլոր ներկայացուցիչները, աշխարհի որ անկյունում էլ լինեն, պետք է պատկանելիությամբ իրենց հայ զգան և հպարտ լինեն դրանով, ցանկանան լինել ազգային ծրագրի մի մասնիկ, ասել է՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Միայն այս մոտեցմամբ է ամրապնդվելու հայ ազգի դարերով կերտված դրական կերպարը, ինչը անմիջականորեն կբերի Հայաստանի Հանրապետության հզորացմանը:

Դարեր շարունակ հայ ազգը ապացուցել է իր համախմբան ունակությունը: Դրա վառ ապացույցը հայ ազգի կրոնն է: Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա ազգը՝ հայերը ցույց են տվել, թե ինչպես են պահպանել իրենց կրոնը: Նույնիսկ կործանման սպառնալիքի ներքո չեն հրաժարվել քրիստոնեությունից և իրենց ազգային պատկանելիությունից:

Ազգային գաղափարախոսության ձևավորման և տարածման համար կարևոր դեր ունեն երիտասարդները, ովքեր պետք է դաստիարակվեն ազգային ոգով: Նրանք են հայ ազգի լավագույն ավանդույթների կրողը: Յուրաքանչյուր ազգի գաղափարախոսության պահպանողը, կրողը, զարգացնողը և փոխանցողը երիտասարդներն են: Ազգային գաղափարախոսությամբ դաստիարակելը յուրաքանչյուր հայ ընտանիքի առաքելությունն է:

Հայ ազգը իր ողջ պատմության ընթացքում դիմակայել է տարբեր տեսակի թշնամիների և այսօր ունի պետություն: Այսօր յուրաքանչյուր հայի և ընդհանրապես հայ ազգի գերխնդիրն է իր ապագան տեսնել Հայաստանի զարգացման և հզորացման մեջ:

Ըստ իս՝ հայ ազգի միակ ծրագիրն այսօր պետությունը շենացնելն է: Առանց պետականության ամենահզոր ազգերն են անհետանում պատմության էջերից և, միախառնվելով այլ ազգերի հետ, կորցնում իրենց ազգային դեմքը՝ դառնալով ուրիշ, նույնիսկ շատ դեպքերում իրենց ազգային գաղափարախոսությունից շատ հեռու գաղափարների կրողն ու ներկայացնողը:

Մերօրյա իրականության մեջ բազմիցս առնչվում ենք պատմական փաստերի խեղաթյուրմանը, որը բերում է մի ցավալի կետի, այն է՝ նոր սերունդն արդեն ընդունում և հավատում է դրան ու կորցնում կապը նախնիների հետ՝ ամաչելով ցույց տալ իր ազգային պատկանելիությունը: Նման դեպքերում ազգի ներկայացուցիչը փորձում է իրեն կապել այլ ազգի հետ, ներկայանալ որպես այլ պետության արժեքների կրող:

Սա է պատճառը, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ողջ էությամբ գիտակցի պետություն ունենալու արժեքը և հպարտ լինի այդ փաստով՝ իր ներուժը լիովին օգտագործելով Հայաստանի բարօրության համար, որը անմիջականորեն բերելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարօրության:

Այս հարցում կարևոր է պետության դերը հայոց պատմության միասնական գնահատականի ձևավորման հարցում, այն է՝ թույլ չտալ որևէ կերպ աղճատել դարերով կերտված իրականությունը, քանի որ պատմական փաստերը ճիշտ ներկայացնելն ու պահպանելը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին չկրկնել պատմական նույն սխալները և ազգային վերելքի պատմական փորձն օգտագործել ազգի ապագան կերտելու գործում: Միայն պատմական փաստերի ճիշտ ներկայացումը կարող է ուղենիշ հանդիսանալ ներկա և ապագա սերունդներին՝ կերտելու մեր ազգի վաղվա օրը:

Հ.Գ.

Խորհրդածություններիս ընթացքում ինձ պարզ դարձավ, որ ազգային ծրագիրը նույնանում է պետության հետ, իսկ ազգային գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան ազգի էության գիտակցում, նախնիներից մեզ հասած մտքերի և գործերի արդյունքում ստեղծված տեղեկատվություն, որը սերունդներին ճիշտ փոխանցելը մեր պարտականությունն է:

 

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք