Օշինդր աստղը

20141509124948321

Հատված «Թլփատվածները» եռագրության երկրորդ՝ «Դատավճիռ» գրքից

(ամսագրային տարբերակ)

 

Այն ժամանակ, երբ «Թուրք վրեժի միության» քառյակի առջև՝ Հաջիի կողքին նստած Սևանը ներկայացնում էր Ապրիլի 24-ի պատարագին եկեղեցիներում պատանդ վերցված հայերի մեջ Ցեղասպանության պնդումից հրաժարվելու հանրաքվե անցկացնելու նրանց ծրագրի ընթացքի իր վարկածը և նվաղուն զգում, որ ինքը միայնակ չէ, իսկ Գյուլը շառագունել էր մատաղարանում կողքին նստած Մահտեսյանից աննկատ ելնող ջերմության մեղմ ծփանքից, էթնոհոգեբանը հայացքը գամեց մկրտության ավազանում Վրեժ անվամբ կնքված մանկան հոր՝ Հարություն Մարտիրոսյանի պրոթեզե ձեռքին և անսպասելի անողոքությամբ ասաց.

-Ոչ, ձեր խոսքերը, որ եթե «Թլփատվածները» լինեին՝ կորոնեին ձեզ, կգտնեին և կառաջարկեին դառնալ իրենց կազմակերպության անդամ, իրատեսական չեն: Դուք չէիք կարող «Թլփատված» լինել: Ոչ այն ժամանակ, ոչ հիմա: Հիմա՝ որովհետև ձեր որդուն Վրեժ անվամբ կնքելով՝ դուք ընդունել եք ձեր պարտությունը և ներքուստ նրան ժառանգել այն առաքելությունը, որին հավատարմագրվել, բայց իրականացնելու կարողություն չեք ունեցել ինքներդ: Այն ժամանակ էլ այդ կարողությունը չեք ունեցել, պարզապես ներարկել, խաբել եք ձեզ, թե պատրաստ եք ամեն ինչի:

«Թլփատվածները», եթե կան իհարկե, պիտի որ դա լավ իմանային և, բնականաբար, ձեզ իրենց շարքերը չէին ընդունելու: Եվ ոչ թե այն պատճառով, որ դուք հրաժարվեցիք «Սրբազան ոճրագործի» վեհ գաղափարից, փրկեցիք ականի վրա հայտնված ազերի պատանուն և կորցրիք ձախ ձեռքն ու ոտքը, դարձաք անպետք այն գործին, որին անդամագրվել էիք, իսկ հետո էլ ցրեցիք ձեր հրամանատարությամբ գործող «Շահան Նաթալի» ջոկատը, որը համարվում էր ազատամարտիկների ամենամարտունակ ջոկատներից մեկը, ազերիների ահ ու սարսափն էր ու բազում վճռական հաղթանակներ էր տարել: Ոչ այդ պատճառներով: Թեև դրանք լիուլի բավարար էին: Բուն պատճառն այլ է. առավել վաղ կատարված այն դեպքը, երբ դուք Օշինդր աստղի համար ծեծեցիք ձեր զինվորին:

Գյուլն ակամա մղվեց Մահտեսյանի կողմը, թեև տարօրինակ, անբացատրելի դիմադրողականությունը, անտեսանելի պատնեշը, որ կար նրանց միջև, որը գոյություն է ունենալու միշտ, նույնիսկ այն ժամանակներում, որոնց մասին այս գրքում չի խոսվելու, նույնիսկ սիրո համբույրների ու ամուսնական կենակցության ժամանակ, դեռ պահպանվում էր, ու հիմա էլ Գյուլի շարժումը դեմ առավ այդ առաձգական դիմադրությանը: Գյուլը լավ գիտակցում էր, որ էթնոհոգեբանն այդ ամենն այդպիսի մանրամասնությամբ պատմում է իրեն՝ Գյուլին տեղեկատվություն հաղորդելու, գուցե նաև հոր և որդու ու նրանց հայրերի ու որդիների անունների կրկնության միստիկական, սահմռկեցուցիչ ու ճակատագրական իմաստը ակնարկելու համար, վստահ էր, որ նա խոսքը շարունակելու է և ավարտին է հասցնելու, բայց տարօրինակ անհամբերություն զգաց, որից Մահտեսյանի կողմ արված աննկատ շարժումը վերածվեց ջղաձիգ ցնցումի. ի՞նչ Օշինդր աստղ, խոսքն ինչի՞ մասին է:

-Օշինդր ա՞ստղ, խոսքն ինչի՞ մասին է,- ասես Գյուլի մտքերը կարդալով՝ հարցրեց քահանան ու գինու գավաթը դրեց մատաղի ափսեի կողքը:

Էթնոհոգեբանը կարծես այդ հարցին էր սպասում և հաճույքով ներկայացրեց Օշինդր աստղի պատմությունը, իսկ մինչ նա պատմում էր, Հարություն Առաքելյանի աչքերի առջև վերակենդանացան հիշատակված օրվա պատկերները:

 

— Քեռի, հասի՛ր, հրամանատարը Թուրքին ծեծում է,- ջոկատի ամենաավագ զինվորին վազքով մոտենալով՝ տագնապահար բացականչեց զինվորներից մեկը,- շո՛ւտ արա, կսպանի:

Քեռին թողեց դիրքն ու վազքով նետվեց զինվորի ցույց տված կողմը: Բայց ամեն ինչ կարծես ավարտվել էր: Հրամանատարը անխռով նստած էր քարին, որի տակից սառն ու հորդ աղբյուր էր բխում: Ի զարմանս Քեռու՝ նրա ձեռքին ոչ թե զենք էր, ինչպես պիտի լիներ զինվորի ահազանգից դատելով, այլ ինչ-որ գիրք: Զինվորը, որին «Թուրք» մականունն էին տվել դաժանության համար, բարձրացել էր ընկած տեղից ու շփոթահար թափ էր տալիս շորերը: Նրա աջ այտին հստակ երևում էին ապտակի հինգ մատների հետքերը: Մեկը մյուսի հետևից մոտեցան նաև մյուս զինվորները:

-Ի՞նչ է պատահել, հրամանատար,- տարակուսած հարցրեց Քեռին:

Հրամանատարը նույն անխռովությամբ նայեց նրան:

Ջոկատը շրջապատված էր: Թշնամու խոր թիկունքում գործողություն կատարելուց հետո՝ վերադառնալիս, գիշերվան սպասելով՝ ցերեկը կանգ էին առել խորհրդային տարիներից մնացած լքված գործարանի կիսավեր շենքում, որը ապահով թաքստոց էր թվում, սակայն, ինչպես պարզվեց, բնական ծուղակ էր: Գործարանը գտնվում էր լեռներում՝ բարձր, անմատչելի ժայռերով շրջապատված նեղլիկ կիրճում, ուր բերող մի ճանապարհ կար միայն՝ աղբյուրի առվակի հետ ձգվող արահետը: Բայց այդ արահետը կիրճից դուրս տանող միակ ճանապարհն էր նաև, որը հիմա փակել էին ազերիների գերազանցող ուժերը:

Հրամանատարը գիտեր, որ գործարանը սառը պատերազմի տարիներին եղել է հույժ գաղտնի ռազմական օբյեկտ, արտադրել քիմիական զենք, բայց լքվել ու ավերակների է վերածվել Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ: Որ գործարանը եղել է քիմիական, զգացվում էր նույնիսկ հիմա՝ տարիներ անց: Շրջակայքի բնությունը չքնաղ էր, պերճ: Ծառ ու ծաղիկ էր աճում նույնիսկ շուրջբոլորը պատի նման բարձրացող ժայռերի կրծքին: Իսկ գործարանի տարածքը լերկ էր, անկենդան, մռայլ և չարագույժ: Առանձնապես չարագույժ էր հարավային պատի տակ գտնվող փոսորակը, որտեղից գարշահոտություն էր ելնում: Հավանաբար այդտեղ եղել էր քիմիական զենքի թափոնների գերեզմանոցը:

Հրամանատարը, աղբյուրի քարին նստած, տենդագին ելք էր որոնում, դժգոհում ինքն իրենից, որ այդպես միամտաբար ծուղակն ընկավ, դժգոհությունը տարածում հետախուզության վրա, որ ուշադրություն չէր հրավիրել այդ հանգամանքին, զայրանում լեռնային մեղմ հովի վրա, որը երբ ժայռերի կողմից էր փչում, անմահական բույր էր տարածում, բայց երբ փոխում էր ուղղությունը՝ գարշահոտություն էր բերում: Եվ այն պահին, երբ քամին կրկին փոխեց ուղղությունն ու ծաղիկների բույրի փոխարեն գարշահոտություն բերեց, մոտեցավ Թուրքը: Հրամանատարը տեսավ, որ նրա ձեռքին ինչ-որ գիրք է, աչքերը մի տեսակ պսպղում են և ավելի փայլեցին, երբ գարշահոտությունը դիպավ նրա ռունգերին. ասես քամու այդ պոռթկումը, ուղղության այդ փոփոխությունը, գարշահոտության այդ շունչը նրան թվաց նախախնամության կողմից ուղարկված նշան:

-Հրամանատար, ելք եմ գտել,- տենդոտ շշնջաց Թուրքն ու հրամանատարի հարցական հայացքն անտեսելով, ասես ձգտելով երկարաձգել ավետաբերի հրճվանքը՝ շարունակեց,- խնդրում եմ կարդաք:

Նա հանեց էջանշանի նման գրքի մեջ դրած մատն ու գիրքը պարզեց հրամանատարին:

Ավետարանն էր: Չնայած դաժանությանն ու «Թուրք» մականվանը՝ այս զինվորը նաև զարմանալիորեն աստվածավախ էր և ուսապարկում միշտ Ավետարան էր պահում…

-Ոչ թե աստվածավախ, այլ աստվածասեր պիտի լինել,- ինքն իրեն մրմնջաց քահանան, սակայն էթնոհոգեբանը ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին. ընդամենը չար նայեց քահանայի կողմն ու շարունակեց.

-Հրամանատարը նայեց. զինվորը բացել էր «Հայտնության» էջերից մեկը: Հրամանատարը նախ կարդաց մատիտով ընդգծված տողերը, կարծես սփրթնեց, կարդաց ամբողջ հատվածը, վեր կացավ, ապտակեց Թուրքին ու գիրքը ձեռքին դարձյալ նստեց քարին: Քեռուն լուր հասցրած զինվորը ծեծ ասելով այդ ապտակը նկատի ուներ, որից Թուրքը տապալվել ու հիմա ոտքի կանգնելով՝ վիրավորված թափ էր տալիս շորերը:

-Ի՞նչ է եղել, հրամանատար,- կրկին հարցրեց Քեռին:

Սակայն հրամանատարը չպատասխանեց, դարձյալ անխռով սիգարետ հանեց, վառեց ու դանդաղ ներս քաշեց ծուխը:

-Ի՞նչ է եղել, Թուրք,- հրամանատարին, Թուրքին ու գրքին նայելով՝ տարակուսած հարցրեց Քեռին:

— Մոտեցա, ասի, հրամանատար, ելք եմ գտել, կարդացեք: Կարդաց, խփեց,- խոր վիրավորանքով պատասխանեց Թուրքը և շարունակեց,- կարդա, Քեռի, բարձրաձայն կարդա՝ թող բոլորն իմանան: Բա սրա համար հրամանատարը զինվորին կխփի՞:

Եվ Քեռին կարդաց.

 

ԱՎԵՏԱՐԱՆ,  ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ, ԳԼՈՒԽ Ը

 

ՅՈԹԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ՝ ՅՈԹԸ ՓՈՂԵՐՈՎ

 

Եվ երբ բացվեց յոթներորդ կնիքը, երկնքում լռություն եղավ մոտ կես ժամ: Եվ տեսա յոթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստուծո առաջ. և նրանց յոթը փող տրվեց: Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց խորանի մոտ. նա ուներ ոսկե խնկաման. և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե խորանի վրա, Աստուծո աթոռի առաջ: Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպես աղոթք սրբերի, ելավ Աստուծո առաջ: Եվ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրա. և եղավ որոտ և ձայներ և փայլատակում և մեծ երկրաշարժ: եվ յոթը հրեշտակները, որ ունեին յոթը փողերը, պատրաստվեցին հնչեցնելու:

 

ԱՌԱՋԻՆ ՉՈՐՍ ՓՈՂԵՐԸ

 

Եվ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. և եղավ կարկուտ ու կրակ՝ արյունով խառնված, և ընկավ երկրի վրա. և երկրի մեկ երրորդ մասը այրեց. այրեց և ծառերի մեկ երրորդ մասը. այրեց և ամբողջ դալար խոտը:

Փող հնչեցրեց նաև երկրորդ հրեշտակը. և մի բան, ինչպես մի մեծ հրդեհված լեռ, ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ. և ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, և կենդանի ինչ  որ շունչ կար, ոչնչացավ:

Փող հնչեցրեց նաև երրորդ հրեշտակը. և երկնքից ընկավ մի մեծ աստղª հրաբորբոք ինչպես ջահ. և ընկավ գետերի և աղբյուրների մեկ երրորդի վրա: Եվ աստղի անունն էր Դառնություն. և ջրի դառնությունից շատերը մեռան:

Փող հնչեցրեց նաև չորրորդ հրեշտակը. և զարկվեց արեգակի մեկ երրորդ մասը, լուսնի մեկ երրորդ մասը և աստղերի մեկ երրորդ մասը: Եվ խավարեց նրանց մեկ երրորդ մասը, նույնպես և՝ գիշերվա մեկ երրորդ մասը:

Եվ տեսա ու լսեցի երկնքի մեջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վայ, վայ, վայ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչի նաև մյուս երեք փողերի ձայնը, որ պիտի հնչեցնեն հրեշտակները»:

 

Քեռին ավարտեց կարդալը, դարձյալ տարակուսած նայեց հրամանատարին, Թուրքին, գրքին, ապա կարծես ինչ-որ բան կռահեց ու վերընթերցեց մատիտով ընդգծված տողերը.

«Փող հնչեցրեց նաև երրորդ հրեշտակը. և երկնքից ընկավ մի մեծ աստղ՝ հրաբորբոք ինչպես ջահ. և ընկավ գետերի ու աղբյուրների մեկ երրորդ մասի վրա: Եվ աստղի անունն էր Դառնություն. և ջրերի դառնությունից շատերը մեռան»:

Կարդաց, ինքն էլ սփրթնեց, իսկ Թուրքը, այտը շփելով, ոգևորված բացականչեց.

-Մեզ համար է ասված, մեզ համար: Էս՝ աղբյուրը, էն՝ Դառնության աստղը,- Թուրքը ձեռքով ցույց տվեց քիմիական զենքի թափոնների գերեզմանոցի կողմը,- թող ընկնի աղբյուրի վրա: Ինչպես ասված է: Եվ ջրի դառնությունից թող շատերը մեռնեն:

Զինվորները նույնպես սփրթնեցին, իսկ Թուրքը ոչինչ չէր տեսնում և ավելի ոգևորված շարունակեց.

-Թունավորենք ջուրը, թող խմեն, սատկեն, ազատվենք: Տեսնո՞ւմ եք, չեն գրոհում, կռվի չեն բռնվում, վախենում են, զգուշանում են, չարախնդում են. ընդամենը կրակում են: Գիտեն, վստահ են, որ փախչելու տեղ, փրկվելու ելք չունենք: Կամ պիտի գրոհով ճեղքենք օղակը, կամ պիտի հանձնվենք: Ճեղքել չենք կարող. շատ են, տանկ ու զրահամեքենա ունեն: Հանձնվել չենք կարող. կստորացնեն, կտանջեն, կսպանեն: Օգնության հույս չկա. կապ չունենք, մերոնք մեր տեղի ու վիճակի մասին պատկերացում չունեն: Դիմանալ չենք կարող. ռազմամթերքը քիչ է, պարենը սպառվում է: Երրորդ օրն է՝ փակված ենք: Ուրիշ ի՞նչ է մնում անելու: Աստված է մեզ այս հնարավորությունը տվել: Իսկ նա ինձ խփում է…

Թուրքը հաղթական նայեց շուրջն ու ընկերների դեմքերի արտահայտությունը տեսնելով՝ ապշահար լռեց: Ապա կարճատև լռությունից հետո կտրուկ ասաց.

-Քեռի, ես պահանջում եմ ռազմական խորհուրդ գումարել:

Քեռին, որ միաժամանակ և շտաբի պետն էր, և դաստիարակության գծով տեղակալը, և, ընդհանրապես, զինվորների հայրը, խիստ նայեց Թուրքին, ապա հարցական՝ հրամանատարին: Վերջինս շարունակում էր անխռով ծխել և ի պատասխան Քեռու հայացքի՝ գլխով համաձայնության նշան արեց:

-Խոսիր,- գրպանից ծոցատետր ու գրիչ հանելով և պատրաստվելով ռազմական խորհրդի նիստը արձանագրել՝ կարճ ասաց Քեռին:

-Արդեն ասացի: Ես՝ զինվոր Գուժ Չարխիֆալաքյանս, առաջարկում եմ քիմիական զենքի թափոններով սպանել մեզ շրջապատողներին, արահետով իջնել ներքև, ոչնչացնել ողջ մնացածներին՝ եթե լինեն, դուրս գալ շրջապատումից և ազատվել:

-Վե՞րջ,- հարցրեց Քեռին ու պատասխանի չսպասելով՝ շարունակեց,- քվեարկում ենք:

-Ոչ,- ասաց առաջին զինվորը:

-Ոչ,- ասաց երկրորդ զինվորը:

-Ոչ,- ասաց երրորդ զինվորը:

-Ոչ,- ասաց չորրորդ զինվորը:

-Ոչ,- ասաց հինգերորդ զինվորը:

-Ոչ,- ասաց վեցերորդ զինվորը:

-Ոչ,- ասաց յոթերորդ զինվորը:

-Ոչ,- ասաց շտաբի պետը:

-Ոչ,- ասաց հրամանատարը:

-Ռազմական խորհուրդը միաձայն մերժում է զինվոր Գուժ Չարխիֆալաքյանի առաջարկը: Խորհրդի նիստը հայտարարում եմ փակված:

-Մի րոպե,- ընդհատեց Թուրքը,- համարձակվում եմ ասել, որ դուք բոլորդ խելագար եք: Տխմար ասպետականության հովերով տառապում՝ կյանքներդ վտանգում եք քիչ է, մարտը, ճակատամարտն ու պատերազմը տանուլ տալու նախադրյալներ եք ստեղծում: Իրենք՝ թշնամիները, ինչպե±ս կվարվեին. ճիշտ իմ առաջարկի նման…

-Որովհետև նրանք թուրք են, մենք՝ հայ,- քամահրանքով միջամտեց Քեռին:

-Ոչ,- նույն քամահրանքով հակադարձեց Թուրքը, որովհետև նրանք իրատես են, դուք՝ սենտիմենտալ: Այդ պատճառով էլ Արևմտյան Հայաստանը հիմա Արևելյան Անատոլիա է ու հայաթափ:

Բայց այդ ամենը մի կողմ. ես հայտարարություն ունեմ: Խնդրում եմ արձանագրել: Ես՝ զինվոր Գուժ Չարխիֆալաքյանս, հայտարարում եմ, որ շրջապատումից դուրս գալու դեպքում զեկուցագիր եմ ներկայացնելու հրամանատարությանը, ուր ամենայն մանրամասնությամբ շարադրելու եմ իմ առաջարկը, մերժումը, բայց ապտակի մասին չեմ գրելու: Ես ձեզ ներում եմ, հրամանատար: Ապտակը ներում եմ, իսկ մերժումը՝ ոչ: Եվ զեկուցագրում իմ առաջարկը ներկայացնելու եմ ավելի լայն տեսանկյունից: Ահա այսպես.

Աստված մեզ տվել է բնական զենք՝ ջուրը:

Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի մեջ են: Ադրբեջանը չի համակերպվում Արցախի անկախության մտքի հետ: Մեր հաղթանակից հետո, որը մոտալուտ է և անխուսափելի, դարձյալ չի համակերպվելու և հենց զգաց, որ մեզնից ուժեղ է, դարձյալ պատերազմ կսանձազերծի, կփորձի զենքի ուժով գրավել Արցախը: Ադրբեջանի հույսն իր նավթն է: Նավթից ստացած գումարներով նրանք փորձելու են ռազմական առավելություն ձեռք բերել Հայաստանի նկատմամբ:

Նավթը Ադրբեջանի զենքն է, ջուրը՝ Հայաստանի:

Հայաստանը պիտի իր զենքը՝ ջուրը, օգտագործի Ադրբեջանին զսպելու և կապիտուլյացիայի ենթարկելու համար:

Դա արվելու է այսպես.

Հայաստանից և Արցախից ելնում են բազմաթիվ գետեր, որոնք հոսում են Ադրբեջան: Մենք պիտի նրանց հասկացնենք, սպառնանք, որ պատերազմը վերսկսելու դեպքում կթունավորենք, կվարակենք այդ գետերը: Որպես նախազգուշացում պիտի կատարել ցուցադրական ակցիա: Թող տեսնեն, որ մեր մտադրությունները չափազանց լուրջ են: Թող տեսնեն, որ պատերազմի դեպքում իրենց երկիրն ամայանալու է թունավոր ջրերով ոռոգվելով, և իրենց բնակչությունը ախտահարվելու և ոչնչանալու է: Միջազգային հանրություն, օրենքներ, հումանիզմ  և նմանատիպ այլ բաները պիտի անտեսել: Ավելին, պիտի վերջնագիր ներկայացնել այն երկրներին, ովքեր կփորձեն դատապարտել Հայաստանին, պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ: Ադրբեջանը միջոցների միջև խտրություն չի դնում: Նրանց կռվում որևէ բարոյական մոտեցում տեսե՞լ եք: Չեք տեսել: Չեք էլ տեսնի: Իրենք լինեին՝ անվարան կանեին, կթունավորեին Հայաստան եկող ջրերը: Բարեբախտաբար, Հայաստան ջուր չի մտնում, Հայաստանից ջուր է ելնում: Ադրբեջանը ողջ աշխարհին՝ սրան-նրան թելադրում ու կարգադրում է իր նավթով, ստիպում իրեն ձեռնտու որոշումներ կայացնել, վարվել իր ուզածի պես: Մենք էլ պիտի սպառնանք, որ այդպիսի երկրներին խմելու ջուր չենք տա: Գալու է, չէ՞, ժամանակ, երբ ջուրը նավթից թանկ է լինելու: Եվ մեր ջուրը պիտի վաճառենք ու զենք գնենք: Հաստատ՝ նավթն ավելի շուտ է սպառվելու, քան ջուրը: Եվ պիտի ամբարտակներ կառուցենք և թույլ չտանք, որ մեր ջուրը Ադրբեջան հոսի: Թող ծարավ կոտորվեն, և բույս ու բերք անջրդի չորանան: Եվ ջրագծեր կառուցելիս ու աշխարհի այս ու այն երկրին ջուր մատակարարելիս պիտի շրջանցենք Ադրբեջանը: Ինչպես հիմա նրանք՝ իրենց նավթամուղ ու գազամուղ խողովակաշարերով են պաշարում մեր երկիրը, այդպես էլ մենք պիտի վարվենք: Եվ ի վերջո, հաղթողներին չեն դատում: Մեր պատմությունը ունի դրա դառը փորձը: Հիմա այսպես, այս պահից կարող ենք ձեռք բերել նաև դրա քաղցր փորձը, քաղել պտուղները: Ահա ընձեռվել է առիթը. մեր ջոկատն այս առվակը թունավորելով ոչ միայն կփրկվի, այլև ցույց կտա նախադեպը, կյանքի կկոչի այն ցուցադրական օրինակը, որի մասին քիչ առաջ ասացի: Ես պատրաստ եմ լինել այդ կռվի առաջին նվիրյալներից մեկը…

Թուրքի խոսքն այդ պահին ընդհատվեց: Բարձրաբերձ, անմատչելի թվացող ժայռերից մեկից քարեր թափվեցին: Բոլորը լարված շրջվեցին այդ կողմ: Սկզբում թվաց, թե ազերիներն են, շրջանցել են, պատրաստվում են վերևից գնդակոծել, գրոհել: Սակայն այդպես չէր:

— Քարայծ է,- աղմուկի կողմը մատնանշելով՝ ասաց զինվորներից մեկը,- տեսեք, կանգնած է:

Ժայռի գրեթե մեջտեղում ցցված ելուստին կանգնած էր քարայծերի ընտանիքը: Արուն հզոր եղջյուրները տարածել էր երկինք ու խրոխտ զննում էր շուրջը: Կողքին փխրուն ու վետվետ կանգնած էր էգը: Քիչ այն կողմ ձագն էր, որը, վտանգին անտեղյակ, ցատկոտում էր անդունդին կախված ելուստի վրա: Մայր քարայծը դունչը դրեց նրա պարանոցին ու սեղմելով՝ փորձեց սաստել: Սակայն չհասցրեց: Ազերիների դիրքերից կրակոց հնչեց, ու խոցված ձագուկը գահավիժեց ներքև: Մայրը մղկտալով առաջ հակվեց: Իսկ արուն հրացայտ հայացքով շամփրեց վայրը, որտեղից հնչել էր կրակոցը: Այնտեղից դարձյալ կրակոցներ հնչեցին: Սակայն նշանակետին չհասան: Գնդակները դիպան ժայռի կրծքին ու բեկորների տարափ առաջացրին:

-Տեղերո՛ւմ,- վեր ցատկելով՝ բացականչեց հրամանատարը,- կսպանեն: Կրա՛կ բացեք, ստիպեք թաղվել գետնի մեջ:

Եվ ավելացրեց.

-Ուրեմն ժայռերի վրա արահետ կա, գալիս էին աղբյուրից ջուր խմելու: Գիշերն այդ արահետով դուրս կգանք շրջապատումից:

Ապա դարձավ Թուրքին, որը սպասում էր նրա կարգադրությանը.

-Գնա՛, զինվոր Չարխիֆալաքյան: Մարտը սկսվեց: Եվ հիշի՛ր՝ մենք ոչ թե իջնելու ենք, այլ դեպի վեր ենք գնալու: Փրկության ճանապարհը դա է:

-Հրամանատար, նկատեցի՞ր, ոնց որ վերջին խոսքը լիներ, ոնց որ կտակ էր թողնում, պատգամ,- հրամանատարի կողքին դիրքավորվելով՝ ասաց Քեռին:

-Տեսա, Քեռի, գնա մոտը, պաշտպանիր,- կարճ կրակահերթ արձակելով՝ պատասխանեց հրամանատարն ու բղավեց,- փամփուշտները խնայե՛ք, կարճ կրակահերթերով, ուղիղ նշանառությամբ՝ կրա՛կ:

Կիրճը լցվեց համազարկերի արձագանքներով: Գիշերը ջոկատը քարայծերի արահետով ելավ ժայռն ի վեր ու դուրս եկավ շրջապատումից: Ազերիները նույնիսկ չնկատեցին դա: Նրանք ընդամենը մերթ ընդ մերթ կրակ էին բացում՝ ասես ցանկանալով ասել, որ իրենք կան, դեռ այդտեղ են: Սակայն այդ գնդակներից մեկը խոցեց Թուրքին: Հենց այն պահին, երբ նա բարձրացավ ժայռի եզրին: Նա նախավերջինն էր: Վերջինը հրամանատարն էր: Թուրքը ճոճվեց ու քարայծի ձագի նման թեքվեց դեպի անդունդ: Սակայն հրամանատարը հասցրեց պահել նրան ու գրկելով՝ հեռու տանել անդունդից: Բայց Թուրքը անկենդան էր: Գնդակը թիկունքից մխրճվել էր սիրտը:

Նրա մարմինը տանելու ժամանակ չկար: Հարմար փոս գտան, պառկեցրին, քար ու հող լցրին վրան, ժամանակավոր գերեզման սարքեցին:

-Քեռի,- երբ զինվորները շարժվեցին առաջ, ասաց հրամանատարը,- ռազմական խորհրդի արձանագրությունը տուր:

Քեռին լուռ նրան պարզեց ծոցատետրից պոկած թերթիկները: Հրամանատարը վերցրեց թերթիկները, ճմռթեց ու խցկեց Թուրքի գերեզմանի քարերի տակ:

Ահա սա է Օշինդր աստղի պատմությունը:

 

-Իսկ դուք որտեղի՞ց գիտեք այդ ամենը,- հարցրեց Գյուլը,- եթե հրամանատարը Թուրքի առաջարկությունը թաղել է նրա հետ, նրա գերեզմանում:

-Տարածքը ազատագրելուց հետո, երբ հրամանատարն արդեն վիրավոր էր ու հաշմանդամ, արտաշիրմում է կատարվել: Թուրքի դին հանողներից մեկը գտել է թերթիկները, կարդացել: Հիմա այդ մասին շատերը գիտեն, բայց լռում են,- սառը ժպտալով ասաց էթնոհոգեբանը և անսպասելիորեն հարցրեց,- իսկ դուք ի՞նչ կարծիքի եք՝ «Թուրք» մականվամբ զինվորին մկրտելիս պիտի Գուժ անվամբ կոչեի՞ն, թե՞ Ավետիս:

Եվ մինչ Մահտեսյանը Գյուլին բացատրում էր Գուժ և Ավետիս անունների խորհուրդը, քահանան մտախոհ մրմնջաց.

-Օշինդր աստղը…- Սուրբ գրոց բառարանը Օշինդր աստղը այլաբանորեն բացատրում է իբրև աստվածային գործիք, որ ընկնելով չարերի բազմության վրա՝ դառն պատուհաս պիտի բերե… Բայց խոսքը աստվածային գործիքի մասին է… Աստծո գործերին միջամտել չի կարելի: Աստծունը՝ Աստծուն, և մարդունը՝ մարդուն: Ինչ Աստված պիտի անի՝ մարդն իրավունք չունի իրեն վերապահելու: Աստվածաշնչի խոսքերը պիտի օգտագործել այնպես, ինչպես միջնադարյան Գրիգոր Գրիչը:

-Խոսքն ինչի՞ մասին է,- այս անգամ հարցրեց էթնոհոգեբանը:

Եվ քահանան պատասխանեց.

-Գրիգոր Գրիչը երկնքի պաստառի վրա գրեց ընդամենը մեկ կիսատ տող՝ «եղիցին կամք քո որպես հերկինս և հերկրի»…

-Եվ ի՞նչ եղավ դրանից հետո,- ծաղրանքով միջամտեց էթնոհոգեբանը:

Եվ քահանան ասաց…

 

Անդին 5 2013

Կարծիքներ

կարծիք