Քո հարյուրամյա Պետությունը

20151901172535680

Բարեկա՛մ, ընկե՛ր, հոգեհարազա՛տ, եղբա՛յր, հա՛յ, հայաստանցի՛. մեզ ինչ-որ բան սխալ են համոզել. համոզողները, որոնցից շատերը մերոնք են, կամ միամտություն են ունեցել, կամ թյուրիմացության մեջ են եղել, կամ միտումնավոր մեզ թյուրիմացության մեջ են պահել ու պահում՝ անընդմեջ խոսելով հայից, հայի տեսակից, ազգից, որն իհարկե շատ կարևոր է, բայց հիմնականում մոռացության տալով կամ անտեսելով է՛ս հայի, է՛ս տեսակի, է՛ս ազգի պետությունն ու քաղաքացի լինելու էրեկվա ու էսօրվա փաստը:

Հայի տեսակի ուսումնասիրություններին ու բազմապիսի մեկնաբանություններին ծանոթ ենք դեռ Խորենացուց, գուցե ավելի վաղ էլ կային հայ ու օտարազգի բազում մտավորականներ, փիլիսոփաներ, պոետներ ու ճշգրիտ գիտությունների ջատագովներ, որոնք դարեր շարունակ ուսումնասիրում ու եզրակացնում են՝ որևէ սահմանման ու բանաձևումի չհասնելով: Քանզի մտավարժանքից ու սուբյեկտիվ վերլուծությունից բացի, ապա հումորեսկային, հաճախ հեգնախառն նյութեր ու հոդվածներ հրապարակելուց բացի ասելիքը խեղճանալու էր հայոց ահռելի բանահյուսության առաջ: Բայց էս փորձերն էլ կարևոր էին ու հայագիտության համար մասամբ նպաստավոր: Թեման կհավերժի մեր հավերժող ազգի հետ, ու դա բոլորովին էլ վատ չէ, մանավանդ որ ժամանակներում հազար ու մի ազդեցություն է իշխում, ու հետադարձ հայացքով ինքնաարժևորման ու ինքնագնահատականի կարիքն է լինում:

Բայց մենք էլ է՛ն չենք, էն առաջվանը չե՛նք, մենք միայն հայ ժողովրդի զավակը չենք. մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին ենք: Շուրջ հարյուրամյա Պետության քաղաքացին:

Այո՛, շուրջ հարյուրամյա պետության և պետականության, իսկ պետությունը լոկ զգացում ու տեսիլք չէ, կարգավիճակ է, որն, ի դեպ, էլի աշխարհում բոլորի կողմից միարժեքորեն ընդունվող բանաձևում չունի: Եվ ազգի զարգացման, հետագա գոյակեցության ու աշխարհում պատվով, այլոց հետ համահավասար դրսևորման, տեսակի պահպանման համար աշխարհում առայժմ հայտնի և գրեթե արդարացված քաղաքական ձևաչափը մնում է պետությունը, տվյալ ազգի ազգային նպատակների, մղումների, լիցքերի և երազների իրականացման ապահովումը տեսնելով պետության միջոցով, որին պետք է հաճախ դիտել հենց միայն միջոց:

Մեր դարավոր գոյապայքարի, վայրիվերումների, անցքերի, նկրտումների ամփոփումն ու ազգիս արդյունավետ դրսևորումներից լավագույնն ու վերջնահանգրվանը՝ մեր պետությունն է: Դրա գիտակցումն ու ձգտումը երեկ չէր, վաղուց էր: Միայն երեկ չէր, որ ձեռք բերեցինք, ավելի վաղ էր:

Հաճախ ենք ասում՝ վեցհարյուրամյա  պետականություն չունեցող ազգն իմ՝ խոհեմ, խոհուն, խոնարհ… ունի քսանհինգամյա գեղեցիկ, երազած պետություն: Այո, փաստում ենք… քսանհինգամյա պետություն ու պետականություն:

Անկախությունից ի վեր և նորօրյա պատմության շառավիղներում հարյուր ու մի խնդրով մեզ բարդույթավորելու ունակ մեր խոհուն ազգը իր անտարբերությամբ կարծես չարժևորեց իր ոչ վաղ անցյալը ու սկսեց նորից: Սկսեց, բայց իրեն միայն մասամբ շաղկապելով իր ունեցած պատմական ժառանգությանը՝ երբեմնի պետականությանը:

Ոչ, ե՛ս, դո՛ւ, նա՛… հա՛յը…ՀՀ ներկայիս քաղաքացին իրականում հարյուրամյա պետության քաղաքացի է, ժառանգորդն ու իրավահաջորդը: Ու սա՝ բազմաթիվ իրավական փաստաթղթերում, հռչակագրերում արձանագրված, որոնց նկատմամբ շարունակում ենք բարդույթավորված  ու անտարբեր մնալ, դիտելով այն լոկ փաստավավերագրում:

Այնինչ արքունիքի շուրջ վեց հարյուր տարվա անկումից հետո պետականության առաջին դրսևորումը՝ հիմնումն ու կայացումը, 1918-ն էր, մայիս 28-ը: Կոտորածին, Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած հռչակագիրն ու պայմանագրերը փաստել էին մեր սահմանները, կարգավիճակը, կերպը… Մեր տոնացույցում իր տեղը գտած փառահեղ այդ օրը ե՞րբ պիտի լիարժեքորեն արմատավորենք որպես մեր պետականության սկիզբ ու ծնունդ…

Վերապահո՞ւմ ունենք, որովհետև հիմնադիրները դաշնակցականնե՞ր էին ու հաջորդող մերժողական ժամանակը պարտադրում էր մոռացու՞մ… իսկ հիմա՞: Ու այսօր գլխի չե՞նք, թե՞ զահլա չունենք փաստելու, որ գրեթե հեղինակավոր մեկը չկար՝ այդ ժամանակ դաշնակցական չլիներ, ինչպես միջնադարում, երբ գրեթե մտավորական  չկար, եթե հոգևորական չէր: Անսացինք սովետմիության  քարոզչությանը, քաղաքականությանը, ուր մոլեգին կացնահարումն էր իշխում ցանկացած դաշնակցականի ժառանգի համար անգամ, ու դեռ վերապահումը արդիակա՞ն է:

Մեզ հիասթափեցրեց հիասթափությունը դաշնակցական Անդրանիկի՞, իսկ գուցե Թումանյանի, մյուսների, շատերի… Ժամանակը բարդ էր. խոլերային ու սովին զուգահեռ, մաուզերիստների աճին զուգահեռ, ցավոք, առկա էր նաև միջանձնային պատվախնդրության ցավալի գործոնը և…

Ի սեր Աստծո, այսօրինակ թեմաներին թող պատասխանեն Մալխասյանները, Մանանդյանները, Ահարոնյանները, Շանթերն ու Լեոները: Այնինչ անժխտելի պետություն էր կազմավորված, որն ուներ Արամ Մանուկյաններ, Քաջազնունիներ, Աղբալյաններ ու էլի° Ահարոնյաններ ու Շանթեր… նրանք ստեղծել էին պետություն, և այն պատրանք չէր:

Դա մեր երկամյա պետությունն էր՝ իր ողջ հմայքով ու ողբերգությամբ:

Ժամանակի աշխարհաքաղաքական դրսևորումների արդյունքում չէ՞ր նույն այդ պետության՝ որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն դառնալը: Իսկ այս կարգավիճակը արդյոք պետության տեսա՞կը չէր փաստում՝ Սոցիալիստական… ունենալով նաև ղեկավարման հստակ Կենտրոն, բայց նաև պետական սահման ու գույն քարտեզում:

Հիմքում, իհարկե, մեր առաջին Հանրապետությունն  էր:

Մեզ համար, ժամանակի մեջ Սովետական Հայաստանը գուցե անխուսափելի էր, գուցե հայ ժողովրդի անվտանգության համար՝ անհրաժեշտություն: Այս գիտակցմամբ էլ առաջնորդվեցին Մյասնիկյաններն ու Խանջյանները, ու Կարմիր ու Խելագարված Ամբոխ երգող Չարենցները, շատերը… Թերևս, ճանապարհ էր ազգի հեռանկարի ու տեսլականի:

Ինչո՞ւ ենթադրեցինք, որ սա սին էր, սուտ ու ստահոդ: Երբ այդ պետության մեջ ստեղծված մշակութային արժեքները մեզ վերադարձրին ազգային ինքնագիտակցության, ազգային ես-ի փնտրտուքի, կորուստի իրական իմացության. Զարոբյաններ, Քոչինյաններ, Սևակներ, Համո Սահյաններ, Դաշտենցներ… Նրանք էլ հետո… Նրանք ստեղծում էին պետության մեջ ուրույն պետություն, սովետական պետության մեջ զգուշավոր ու նպատակասլաց, ուրույն «պետություն»: Սա այլընտրանքի գիտակցումն էր, ու ներազդումը ենթագիտակցության մեջ էր…

Դա մեր յոթանասունամյա պետությունն էր՝ իր ոչ ինքնիշխանության դառնությամբ ու վերելքով:

Մենք, իհարկե, մեր նորօրյա պետության քաղաքացին ենք: Այո: 88-յան ընդվզում, օգոստոս 23-ի հռչակագիր ու հաջորդած հանրաքվե… պետության հիմնումը ամրագրող փաստաթղթեր, որով Հայաստանի Հանրապետությունը հանդիսացավ ՀԽՍՀ իրավահաջորդը՝ նյութական, բարոյական, մշակութային, տնտեսական ժառանգորդը:

Ունենալով ազգային փայփայած նպատակների և տարածքի վերականգնման խնդիր, ապարդյուն փորձերից հետո, լավագույն լուծումը Սովետական Միությունից անկախանալն էր ու Խորհրդային Հայաստանից Հայաստանի Հանրապետության վերափոխվելը: Փոխվեց կառավարման ձևը, տնտեսության սկզբունքները… ազգային նպատակները դարձան անթաքույց…

Փառք Աստծո, որ ժամանակը զարմանալիորեն բարեգութ էր, ու մենք մեր պետությունը ձեռք բերեցինք առանց մեծ կորուստների: Կորուստն ու արյունը պատերազմում էր. պատերազմը պարտադրված էր: Պատերազմն ու կորուստները կարող էին լինել և առանց պետության ու պետականության, ինչպես վեցհարյուր  տարի շարունակ:

Սա մեր շուրջ քսանհինգամյա պետությունն է՝ իր հակասություններով ու հաղթանակներով:

Այնինչ շուրջբոլորը հնամենի պետություններ են. ամերիկացին հրճվում է իր երկու հարյուր երեսունամյա պետականությամբ, ֆրանսիացին՝ երկու հարյուր, թուրքը՝ իննսուն, և այս համատեքստում ինչպիսի ընկճախտ ու տարօրինակ խեղճություն. ես քսան-քսանհինգամյա երկրի քաղաքացի եմ:

Ուրեմն. ես տերն եմ անուրանալի մեր պատմության ու իմ հարյուրամյա պետականության. իմ պետականության  սկիզբը 1918-ն է ու հասարակարգեր փոփոխած, միմյանց հաջորդած մեկդարյա պետականության քաղաքացին եմ:

Մի՛ համոզեք, մի՛ նվազեցրեք պետական ու քաղաքացիական մտածողության մեր գիտակցությունը՝ շաղկապելով միայն քսանամյա պետության շառավիղներին: Ինձ մի՛ բարդույթավորեք աշխարհում իմ նորելուկ լինելով: Պետականություն և պետություն ունեցող երկրների շքերթում ես նորելուկ չեմ և ունեմ հարյուրամյա պետականություն:

…Բարեկա՛մ, ընկե՛ր, հոգեհարազա՛տ, եղբա՛յր, հա՛յ, հայաստանցի՛. մենք հարյուրամյա պետության քաղաքացին ենք, չուրանա՛նք, հավատա՛նք, սերմանե՛նք, արժանապատվորեն կրենք ու այս գիտակցմամբ  առավել լայնախոհ, հպարտ, զգոն ու կենսունակ կլինենք…

Եվ թող ներեն մեր նախնի մեծերը, ովքեր յոթ հազար տարի շարունակ հիմնեցին ու ստեղծեցին թագավորություններ, ապրեցին ու ապրեցրին… դարավոր ընդհատումներով…

Այսօր աշխարհում առվել ընկալելի երկրի ձևաչափերի տրամաբանության մեջ մենք հարյուրամյա հանրապետության քաղաքացին ենք:

 

Անդին 7, 2014

Share

Կարծիքներ

կարծիք