Տիեզերական ակնթարթ

ԼուսանկարՌիտա Շառոյանի բացառիկ հարցազրույցը աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս  Գրիգոր Գուրզադյանի հետ)

Ռ.Շ.- Մի առիթով Դուք ասացիք, որ աստղերի ամենաարտառոց վարքը, մոլորակների ամենաբարդ երևույթները ֆիզիկայի և մաթեմատիկայի լեզվով բացատրելի են: Իսկ ի՞նչ է մարդը, որտեղի՞ց է գալիս, ո՞ւր է գնում: Եվ ի՞նչ կպատասխանեք Ձեզ Սարոյանի տված հարցին՝ «Երբ  մարդը վերանա, տիեզերքեն բան մը կպակսի՞»:

 

Գ.Գ.- Մարդը խիստ է տարբերվում տիեզերական մարմիններից և չունի այն հատկությունները, ինչ ունեն տիեզերական մարմինները, բայց բանն այն է, որ տիեզերական մարմինները նույնպես չունեն այն հատկությունները, ինչ ունի մարդը: Տիեզերական մարմինները՝ աստղեր, գալակտիկաներ, մոլորակներ, նրանց վարքագիծը կանխորոշված է միլիոնավոր և միլիարդավոր տարիների համար, բոլորը ենթարկվում են ֆիզիկայի և մեխանիկայի անողոք օրենքներին: Մարդն այդպես չէ, մարդը բոլորովին նոր երևույթ է որպես տիեզերական մարմին, և ամենից բնորոշը մարդու համար որոշում կայացնելու ունակությունն է: Մարդը կարող է որոշում կայացնել: Աստղերը, գալակտիկաները չունեն այդ հատկությունը: Միչդեռ ինչ կարող է անել վաղը կամ մեկ ժամ հետո մարդը՝ կանխատեսել անկարելի է, և այդ ընթացքում էլ նա կարող է փոխել իր որոշման արդեն սկսած իրականացումը: Միտքը կարելի է իհարկե շատ ընդարձակել՝ ի՞նչ նոր բան է տիեզերքում հայտնվել մարդու ի հայտ գալով: Պարզվում է, որ, այո, մարդը այնքան հետաքրքիր բաներ է ստեղծել իր մարդ լինելով, որ տիեզերքում չկա: Մարդը ստեղծել է պոեզիա, արվեստ, մտածողություն, այսպիսի բաներ տիեզերքում չկան: Այո, հետաքրքիր տիեզերական մարմին է մարդը: Քիմիապես ոչ մի արտառոց բան չկա, նույն էլեմենտներն են՝ ինչ աստղերի և մոլորակների վրա, բայց կառուցվածքային տարբերությունը բերում է վիթխարի իմացական տարբերության:

 

Ռ.Շ.- Ինչպե՞ս են հակասություններն ազդում մարդու ապրելու և գործելակերպի վրա:

 

Գ.Գ.- Կարևոր է, որ հակասությունը լինի մարդու մեջ, իր մեջ թող դա ինքը վերամշակի և այդպիսով հասնի արդյունքի: Բայց անթույլատրելի է, երբ հակասությունները տեղափոխվում են հասարակություն: Հասարակության մեջ   հակասությունները չեն նպաստում առաջընթացին, որովհետև դա չի համատեղվում մարդու գենետիկ որոշ հատկությունների հետ: Քիչ առաջ ես ակնարկեցի՝ մարդը որոշում կայացնելու հնարավորություն ունի, եթե այն կայացնելու հատկությունը կախման մեջ է հասարակական փոխհարաբերություններից, անպատճառ բերում է հակամարտության: Արդյոք հասարակությանը պե՞տք է հակամարտություն: Ոչ, որովհետև ցանկալի երևույթ չէ. տիեզերքում հակամարտություն չկա, բոլոր զարգացումները ընթանում են որոշակի օրենքներով: Ինչո՞ւ չմտածել, որ մարդկային հասարակությունը նույնպես ունենա իր օրենքները, այդ օրենքներով գոյատևի ու հարատևի: Շատ տարիներ առաջ սաթի մեջ մեղու հայտնաբերվեց: Գիտնականները շատ արագ և շատ վստահ որոշեցին սաթի տարիքը՝ 135 միլիոն տարի: Մեղուն կպել է թաց սաթին, հետո սաթը ձևավորվել է. շնորհիվ այն բանի, որ սաթի մեջը օդ չի եղել, մեղուն, զարմանալիորեն, պահպանվել է: 135 միլիոն տարի: Եվ ինչն է ամենահետաքրքիրը. բացարձակապես ոչ մի տարբերություն այդ մեղվի և այսօրվա մեղվի միջև: Այս հանգամանքը հուշում է մտածել, որ 135 միլիոն տարվա ընթացքում մեղուն որպես օրգանական տեսակ գոյատևել է: Մեղուների աշխարհում այնպիսի հստակ  կազմակերպչական վիճակ է ստեղծվել, որն ապահովում է այդ տեսակի՝ որպես օրգանական կառուցվածքի հարատևությունը: Թող տարօրինակ չթվա, մարդը դրան հարմարված չէ: Հասկանո՞ւմ եք, մեղուն լցնում է փեթակի բջիջը, մոմով ծածկում, անցնում հաջորդին, բայց ծածկածի վրա չի գրում, թե սա իմն է: Բոլոր մեղուները այդպես են գործում, բոլորը հավասար աշխատում են և ապրում: Մարդն այդպես չէ, մարդու՝ իրենը, սեփականը ունենալու մոլուցքը կենսաբանական հատկություն է: Եվ հենց այդ հատկության պատճառով մարդը դատապարտված է: Որպես կենսաբանական տեսակ մարդը երբեք ու երբեք 135 միլիոն տարի չէ, 1 միլիոն տարի էլ չի կարող ապրել: Այնպես որ մարդու գենետիկ կառուցվածքն արդեն կանխորոշում է նրա հետագա ընթացքը: Ինչը մեղվի դեպքում եղել է բացառիկ նպաստավոր: Աննպաստ է եղել իխտիոզավրերի, դինոզավրերի դեպքում: 65-70 միլիոն տարի առաջ նրանք բոլորը միանգամից չքացան: Ինձ բնավ չի մտահոգում, թե ինչ պատճառով նրանք ոչնչացան, բայց մի բան գիտեմ՝ ոչնչացան, որովհետև նրանց գենետիկ կառուցվածքի մեջ արդեն չկար գոյատևման շարունակությունը: Իսկ մեղուն ապրել է: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության ապրելու, գոյության օրենքները և մարդու՝ անհատի ապրելու օրենքները տարբեր են: Ասել, որ հասարակության մեջ նույնպիսի պայքարը, այսինքն՝ հակամարտության ձևով ընթացող պայքարը ի վերջո կարող է բերել ճիշտ լուծումների, ճիշտ չէ: Դա պատահականություն է, օրինաչափ երևույթ չէ, իսկ ես խոսում եմ օրինաչափ երևույթների մասին: Հասարակության մեջ դա հանգեցնում է միայն անհաջողությունների:

 

Ռ.Շ.- Ի՞նչ հեղաշրջում բերեց տիեզերական դարաշրջանը:

 

Գ.Գ.- Տիեզերական դարաշրջանը՝ կոսմիկական էպոխան, հեղաշրջեց ամեն ինչ, ամենից առաջ՝ աստղագիտությունը: Մենք դարձանք ժամանակակից աստղագիտության հզոր հեղաշրջման ականատեսը: Այսպես կոչված գետնի վրայի աստղադիտարանները ապրեցին իրենց դարը, նրանք այլևս շարունակություն չեն ունենա: Եվրոպայում, օրինակ, այս պահին գրեթե չկա գործող աստղադիտարան: Գետնի վրայի աստղադիտարանները այլևս ոչինչ չեն կարող տալ գիտությանը, կփակվեն, կդառնան թանգարաններ: Ամերիկյան Հաբլ տիեզերական աստղադիտակը, օրինակ, մեր ժամանակների  խոշորագույն իրադարձությունն է: Դա և երեք կամ չորս կոսմիկական այլ աստղադիտակներ՝ նույնպես ամերիկյան, միայն մի քանի տարվա ընթացքում գիտությանը ավելի շատ  արդյունք տվեցին, քան գետնի վրայի աստղադիտարանները հարյուր տարվա ընթացքում: Ամերիկայում այս պահին մտածում են տիեզերք հանել աներևակայելի հզոր աստղադիտակ՝ հայելու տրամագիծը՝ ութ մետր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ցնորալի հայտնագործություններ կարող է կատարել այսպիսի աստղադիտակը: Սպասվելիք, կանխատեսվելիք արդյունքներից մեկը սա է լինելու՝ նկարահանել մեզ ամենամոտ աստղի մոլորակները: Առայժմ մեզ հարևան աստղերի ոչ մի մոլորակ չի նկարահանվել: Ասեմ, որ ես, իբրև աստղագետ, առանձնապես ջատագով չեմ այդ խնդրի լուծմանը, որովհետև յուրաքանչյուր աստղագետ գիտի, որ աստղը չի կարող ծնվել առանց մոլորակների, ուստի ես սենսացիա չեմ սպասում: Դա գիտական խոշոր արդյունք չէ: Բայց այդուհանդերձ իհարկե արժե դրանով զբաղվել, որովհետև անպայման կլինեն անակնկալներ, որ դժվար է կանխատեսել: Երկրորդ, որ ամենակարևորն է. Հաբլի վերջին ութ տարվա բոլոր հայտնագործությունները բառիս բուն իմաստով անկանխատեսելի էին, բոլորը անսպասելի կամ ենթադրվող միայն: Իսկ անակնկալներ անչափ շատ եղան: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Հաբլ աստղադիտակը ինչ արժեցավ. կարծում էին՝ 300 միլիոն դոլարով այն կստեղծվի, բայց  պարզվեց, որ ոչ. աստղադիտակը 2 միլիարդ դոլար արժեցավ: Բայց Հաբլի գիտական արդյունքները անկարելի է գումարով չափել, դա արժեքից վեր է, դրանք  համամարդկային արժեքներ են, որոնք պրոզայիկ չափանիշներով բնութագրելը ճիշտ չէ: Բացի այդ, նույն Հաբլի ստեղծման շնորհիվ, միջոցով կամ պատճառով ամերիկյան կյանքը հարստացավ նորագույն տեխնոլոգիական գաղափարներով՝ նոր նյութերով, նոր առարկաներով.  կյանքը լիովին փոխվեց: Իսկ ով-ով, բայց ամերիկացիները շատ լավ գիտեն հաշվել, և  խնդրեմ, նրանք պաշտոնապես հայտնեցին նաև մյուս թիվը՝ տիեզերք ներդրված յուրաքանչյուր դոլարը վերադառնում է յոթ դոլարով: Այսինքն՝ օգուտը կազմում է 700 տոկոս: Անցյալ տարվա ՆԱՍՍԱ-ի բյուջեն կազմել է 15 միլիարդ դոլար, տարվա վերջին նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ այդ գումարը վերադարձել է 100 միլիարդ դոլարով: Դա նվազագույնը պետք է հարկադրի մտածել: 30 տարի առաջ ես հեռացա Բյուրականից միայն այդ պատճառով: Ես հասկացա, որ գետնի վրայի աստղադիտարաններն անելիք այլևս չունեն: Եվ այդ պահից սկսած ամբողջովին անցա տիեզերական աշխատանքներին: Պարզապես չէի կարող այլ կերպ:

 

Ռ.Շ.- Ձեր կենսագրությամբ հաստատում եք, որ Դուք ապրում եք ոչ միայն գիտության համար՝ նկատի ունեմ չոր գիտությունը: Դուք կարող եք մեկ գիշերվա ընթացքում ստեղծել հրաշալի գրական գործ՝ էսսե, նկարել կակաչների փունջ հոգու համար, երեխայի պես ապշել, թե ինչպես 2300 մետր բարձրության  վրա, գահավեժ ձորի անդունդին մարդ արարածը կառուցել է Կաքավաբերդը կամ ինչու է կառուցել: Մարդկային հոգու և գիտության այդ առեղծվածային ներդաշնակությունը ինչպե՞ս է դրսևորվում մարդ անհատի, գիտնականի մեջ:

 

Գ.Գ.- Երբեմն, ոչ թե երբեմն, այլ որպես կանոն գիտական չոր ու ցամաք արդյունքների մեջ կարծես անկարելի է գտնել մարդու հոգին: Ես ուզում եմ բերել միայն մեկ օրինակ, որը գիտության պատմության շռնդալից իրադարձություններից է: Խոսքը Հայզենբերգի այսպես կոչված անորոշության գաղափարի մասին է: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ գաղափարը առաջին անգամ Բորն է հայտնել Հայզենբերգին: Հայզենբերգը այնքան խելացի է եղել, որ իսկույն հասկացել է դրա արտասովոր ուժը և կարևորությունը: Այն ժամանակ ստեղծվեց բոլորովին նոր գիտություն, որը հետո կոչվեց քվանտային մեխանիկա: Ասեմ, որ այդ գաղափարի համար Հայզենբերգը 31 տարեկանում ստացավ Նոբելյան մրցանակ: Ուրեմն դա այդքան խոշոր իրադարձություն համարվեց գիտական կյանքում: Հայզենբերգն ասում է՝ կոորդինատները և արագությունը նույն հուսալիությամբ որոշել անկարելի է: Գիտե՞ք, ես ավելի քան համոզված եմ, որ Բորի այս հանճարեղ գաղափարը գալիս է մարդու էությունից, երբ ինքը՝ Բորը, առաջին հերթին վերլուծել է մարդուն և հանգել հիմա արդեն պարզ, բայց իր ժամանակի համար դեռևս ոչ այդքան լավ հասկանալի կամ միանգամից նկատելի գաղափարին: Բայց հիմա եթե ձեզանից ամեն մեկը մտածի, կտեսնի՝ իսկապես այդպես է և ինչքան պարզ է: Մենք երբեք երկու խոշոր ապրում չենք կարող ունենալ միաժամանակ. անպայման նրանցից մեկը գերակշռում է, երկրորդը ավելի պակաս է: Եթե այդ երկուսը միաժամանակ նույն ուժի են, նշանակում է՝ երկուսն էլ բանի պետք չեն: Ոչ մի գիտական հայտնագործություն չի կարող արվել առանց հոգեկան ցնցման: Իսկ եթե այդպիսի ակնթարթում հայտնագործությունը տեղի է ունենում, ապա հոգեկան իմաստով դա խրախճանք է արդեն: Մարդը կորցնում է իրեն: Դա չնկարագրվող, չմատուցվող, չհասկացվող մի վիճակ է, ես չգիտեմ՝ ինչի հետ համեմատել: Սա վիճակ է, որը կարող է հասկանալ և զգալ միայն նա, ով այն ապրում է:

Գիտե՞ք, ես գիտության և մարդկության խոշորագույն երևույթ եմ համարում Գալիլեյին: Նա բացառիկ երջանիկ մարդ էր, ով արեց հայտնագործություններ, որոնցից յուրաքանչյուրը հերիք էր պատմության մեջ անմահանալու համար: Նա արել է ինը խոշոր հայտնագործություն, որոնցից ամեն մեկը այսօրվա չափանիշներով արժեր Նոբելյան մրցանակի: Առանց չափազանցության: Բայց ես Գալիլեյին այդ ինը հայտնագործության համար պատրաստ եմ տալ տասը Նոբելյան մրցանակ. միայն տելեսկոպի՝ աստղադիտակի համար ես կտայի երկու մրցանակ: Եթե մի մարդ, մի աստղագետ դարակազմիկ այդքան հայտնագործություններ է արել, ապա նա ինչպիսի՜ հոգեկան ցնցումներ պիտի ապրած լինի: Եվ ես հիմա պատկերացնում եմ այդ վիճակը, երբ Գալիլեյն իր 4 սանտիմետրանոց աստղադիտակը առաջին անգամ ուղղում է դեպի Յուպիտերը և տեսնում Յուպիտերի 4 արբանյակները: Գիտե՞ք, պայթել կարելի է այդ պահին, դա ցնցում է, ես չեմ պատկերացնում՝ նա ինչպիսի՜ ճիչ պետք է արձակած լիներ, երբ տեսնում է չորս արբանյակ Յուպիտերի շուրջ, այն ժամանակ, երբ ընդհանրապես մարդկությունը, գիտությունը, աստղագիտությունը չուներ պատկերացում՝ մոլորակները արբանյակներ ունեն, թե ոչ. գիտեինք միայն Լուսինը և վերջ: Եվ ես ուզում եմ պատկերացնել այդ պահը, Գալիլեյի այդ ցնցումը, այդ խանդավառությունը, այդ խրախճանքը հոգու և, ինչ մեղքս թաքցնեմ, երբ Ֆլորենցիայում տեսա նրա քանդակը՝ հայացքը դեպի վեր ուղղված, ես ակամա պատկերացնում էի այդ պահը՝ ինչ է մտածում, ինչ է զգում…

 

Ռ.Շ.- Գիտենք, որ այստեղ՝ Գառնիում, Դուք նախապատրաստական աշխատանքներ եք տարել տիեզերագնացների հետ: Անշուշտ, այդ աշխատանքները չեն սահմանափակվել միայն ինժեներական և գիտական շրջանակներով: Դուք հաղորդակից եք եղել մարդկային հոգու բարդ հոգեվիճակներին, ապրումներին. մարդ, որը պիտի բարձրանա տիեզերք… Կուզենայի, որ Ձեր՝ հաղորդակից լինելու այդ ապրումները փոխանցվեին նաև մեզ:

 

Գ.Գ.- Պետք է զարմանալ, ինչո՞ւ չէ՝ նաև զայրանալ՝ ինչո՞ւ այս անթիվ-անհամար տիեզերական գիտությունները մարդու հետ կապված այսպես չոր ու ցամաք ձևով է մատուցվում՝ դուրս եկավ տիեզերք, սա արեց, նա արեց և այլն, և այլն: Այդպես չի կարելի, չպետք է մոռանալ, որ նրանք մարդիկ են, կենդանի մարդիկ՝ ապրումներով, զգացմունքներով, մտքով, ամեն ինչով օժտված և առավել օժտված, քան մենք՝ սովորական մահկանացուներս, որովհետև նրանք անցնում են նախապատրաստության հսկայական շրջան: Այդ փորձարկումները, դաժանության հասնող սահմանափակումները կուզենայի միայն մեկ օրինակով հաստատել: Խոսքը վերաբերում է Լեոնով-Բելյաև զույգին: Դա 6-րդ թե 7-րդ թռիչքն էր, մարդը առաջին անգամ պետք է դուրս գար բաց տիեզերք: Մինչ այդ նրանք հուսալի նստած են եղել նավի մեջ և վերջ՝ փակ   տարածություն, նորմալ ջերմաստիճան և այլն, և այլն: Պետք է դուրս գար Լեոնովը: Եվ գիտե՞ք, լավ հիշում եմ՝ ինչքան պարզունակ ձևով մատուցվեց այդ ողջ պատմությունը՝ Լեոնովը դուրս եկավ, հեռացավ ընդամենը 5 մետր, հետո ներս եկավ, ամեն ինչ հաջող էր, բռավո: Ախր էդպես չի կարելի: Այդ նույն Լեոնովը, երբ Երևանում էր, մեր տանը, իմ տղաները շատ փոքր էին այն ժամանակ, պատմեց այդ թռիչքի մասին բոլոր մանրամասները,- և պետք է տեսնեիք, թե տղաներս որքան հափշտակված էին լսում նրան,- և ավելացրեց. «Այդ թռիչքի ընթացքում յոթ անգամ նայել եմ մահվան աչքերին»: Բելյաևը նավի հրամանատարն էր, նա դուրս չէր գալու, բայց Լեոնովի բոլոր գործողությունները նա էր կառավարելու, նաև նավից դուրս գալու հրամանն էր տալու: Լեոնովը՝ արդեն սկաֆանդրի մեջ, պատրաստ, դուռը բաց է… և անդունդը՝ 250 կմ բարձրությամբ: Գիտե՞ք, մարդը մոտենում է ձորի եզերքին, և գլուխը պտտվում է սարսափից, Լեոնովն է պատմում. «250 կմ բարձրության վրա դուռը բացում եմ և էդ սարսափելի անդունդի առաջ կանգնած եմ ու մտածում եմ, որ հիմա պետք է դուրս գամ, և սպասում եմ Բելյաևի հրամանին… Հրամանն ուշացավ, ես սկսեցի անհանգստանալ…»: Իսկ հրամանի հապաղումը, պարզվում է, պատահական չէր: Ի՜նչ հուզմունք է ապրել ինքը՝ Բելյաևը, երբ պետք է ասեր выход, ի՜նչ սարսափ է ապրել ընկերոջը նավից դուրս գալու հրամանը հնչեցնելիս, որովհետև ինքն էլ չգիտեր՝ ինչով կվերջանա դա: Լեոնովի և Բելյաևի սրտի զարկերը արձանագրվել են ամբողջ ընթացքում: Ո՞վ կարող էր սպասել. այն պահին, երբ Լեոնովը պետք է դուրս գար, նրա սրտի զարկերը հասնում են 170-ի, իսկ երբ Բելյաևը ասում է ՝ դո°ւրս, Բելյաևի զարկերակը ցատկում-հասնում է  220-ի: Ինքը ներսում է, ապահով, վախենալու, անհանգստանալու ոչինչ չունի, բայց… նրա սրտի բաբախյունը հասնում է 220-ի: Դա, գիտե՞ք, մի արտասովոր, մի արտառոց բան է, ես այդ արձանագրությունները տեսել եմ և երկար մտորել. դա մի անօրինակ երևույթ է: Եվ լռել այսպիսի իրադարձությունների մասին… ես պարզապես ընդունակ չեմ հասկանալու:

 

Ռ.Շ.- Մի անգամ Մարտիրոս Սարյանը հարցրել է Ձեզ. «Լավ, ի վերջո գիտությունը իր առջև դրված բոլոր խնդիրները կլուծի և վերջ: Ինչո՞վ է զբաղվելու մարդը»: Դուք պատասխանել եք՝ աստղագիտությամբ և նկարչությամբ: Ինչո՞ւ եք այդպես պատասխանել:

 

Գ.Գ.- Սարյանի հարցին երևի այդպես էր պետք պատասխանել, որովհետև ինքը չափազանց հետաքրքիր, վերին աստիճանի խանդավառ, ասող-խոսող մարդ էր, չէր կարող համեմունքներով չմատուցել և արվեստը, և գիտությունը: Գիտե՞ք, նկարելը նվագելու պես բան է երևի, ես գոնե այդպես եմ ընկալում, դա միշտ մարդու հոգում կա: Շատ եմ սիրում գույնը: Գույնը շատ հետաքրքիր մտքեր է բերում, հարկադրում որոշակի վերաբերմունք ունենալ շրջապատի նկատմամբ: Գույների աշխարհը կարևոր  իրադարձություն է բնության մեջ:

 

Ռ.Շ.- Խոսենք գիտության բարոյականության խնդրի մասին:

 

Գ.Գ.- Գիտության բարոյականությունը իհարկե բացարձակ ճշմարտություն է: Գիտությունը իր լինելիությամբ, իր բուն էությամբ իսկ արդեն բարոյական գործոն է, բարոյական չափանիշ: Ամբողջ խնդիրն այն է, թե գիտության արդյունքները ինչ չափով և ինչ ձևով են կյանք մտնում և կիրառվում: Լինում է, երբ կիրառելիս բարոյական հանգամանքները անտեսվում են, ինչը բերում է շատ տխուր հետևանքների: Ես հաճախ եմ մտածում՝ ինչ կլիներ, եթե այս պահին հրաշքով միան•ամից վերանային երկու բան՝ վառոդը և ատոմային ռումբը: Վերանային այնպես, որ մնար միայն  հեռավոր հիշողություն, ասես դրանք եղել են ոչ թե այս Երկիր կոչված մոլորակի վրա, այլ ինչ-որ այլ տեղ: Վառոդն ամբողջովին կերպարանափոխեց մարդկության վարքագիծը: Մեր ժամանակներում ի հայտ եկավ ավելի զարհուրելի բան, որն անվանում ենք ատոմային ռումբ, ատոմային զենք: Երկուսն էլ նույն չարիքն են: Եվ եթե մարդկությունը ի վերջո չհասնի այդ խնդրի լուծմանը՝ վերացնել և՛ վառոդը, և՛ ատոմային ռումբը…

 

Ռ.Շ.- Վերադառնանք գիտության բարոյականության խնդրին:

 

Գ.Գ.- Գիտության մարդը միայն լավն է մտածում: Սակայն մարդկությունը զարմանալի կերպով կարողանում է կերպափոխել գիտության մարդու վարքագիծը: Նա անում է հայտնագործություն, բայց դրա կիրառումը անցնում է գիտության հետ առնչություն չունեցող մարդկանց և հաճախ վերածվում չարիքի: Օրինակ՝ վառոդը իհարկե նաև բարիք է, որովհետև վառոդի միջոցով կարելի է պայթեցնել ժայռերը, ջրանցքներ և ճանապարհներ բանալ: Գիտության մարդը ստեղծում է հրաշալի ինքնաթիռ կամ հեռուն տեսնելու, ճիշտ չափելու հրաշալի համակարգեր, բայց այս աշխարհի տիրակալները, զինվորականները, քաղաքական գործիչներն այդ ամենն անմիջապես վերպափոխում են, օգտագործում իրենց նպատակների ու խնդիրների համար: Այստեղ գիտության մարդը բացարձակապես անզոր է, նրան պարզապես անտեսում են, բանի տեղ չեն դնում, բացարձակապես կարևորություն չեն տալիս: Սա է այսօրվա մարդկության՝ աղետալի ճանապարհ դուրս գալու ամենացնցող հանգամանքը: Ահա՝ 30, 40, 50 տարի է՝ բանակցություններ են գնում երկու հզորագույն, հիմա՝ մի քանի հզոր երկրների միջև ատոմային ռումբը վերացնելու հարցի շուրջ: Ոչ մի արդյունք: Բայց, առանց զավեշտի, ես առաջարկում եմ՝ ատոմային ռումբը վերացնելու խնդիրը ֆիզիկոսների մի խմբի թող տան՝ աշխարհի լավագույն ֆիզիկոսներին: Նրանք 20 րոպեում կլուծեն այդ հարցը. բոլոր հարցերը կվերջանան այլևս, որովհետև ոչ ոք ավելի լավ չի գիտակցում այդ ռումբի արհավիրքը, որքան ինքը՝ ստեղծողը: Եվ ոչ մեկին այնքան պարզ չէ՝ ինչպես դրա վերջը տալ, ինչպես ֆիզիկոսին: Ինչո՞ւ նրանց ասպարեզից հանել և պետական գործիչներին, դիվանագետներին չվստահել իրենց խելքը չկտրող խնդրի լուծումը:

 

Ռ.Շ.- Ձեր գրքերից մեկում շատ հետաքրքիր մտքեր կային հանճարեղ սխալների վերաբերյալ: Օրինակ՝ ի՞նչը կարող է լինել հանճարեղ սխալ:

 

Գ.Գ.- Կյանքում, առօրյայում սխալը միշտ էլ վատ է: Բայց կան սխալներ, որոնք պատմական մեծ համապատկերում հետաքրքիր, նոր մտքեր են ծնում: Դրանցից մեկը՝ այն, որ ես բնութագրում եմ որպես հանճարեղ սխալ, իրոք կարծես արժեք է ներկայացնում: Բանն ի՞նչ է: Այդ սխալները իրոք նպաստել են առաջընթացին՝ գիտությանը, մարդկությանը, հասարակությանը, մտածողությանը… բոլոր չափանիշներով:

 

Ռ.Շ.- Ձեր անվան հետ է կապված գիտական հաջողություններից Օրիոն 1 տիեզերական աստղադիտարանի ստեղծումը:

 

Գ.Գ.- Այո, առաջին անձնակազմը՝ Ելիսեև, Շատալով և Ռուկավեշնիկով, բարձրացան տիեզերք: Նրանք էլ էին այստեղ՝ Գառնիում անցել այդ նախապատրաստությունը: Կցումը չեղավ: Ահավոր վիճակ էր, տագնապը շատ մեծ էր, հայտնի չէր՝ արդյոք այնպիսի բան չի՞ պատահել, որ վերադարձը դառնա անհնարին. տիեզերանավ է վերջապես: Իջան: Չեք պատկերացնի, բոլորը շունչ քաշեցին, երբ այս երեքը իջան: Հետո անցավ մի ամիս, և որոշեցին բարձրացնել երկրորդ անձնակազմը՝ Վոլկով, Դոբրովոլսկի և Պացաև: Պացաևը ֆանտաստիկ ռոմանտիկ տղա էր: Էլեկտրոնիկայի մասնագետ էր, բայց անգիր գիտեր ռուս պոեզիան, խենթ էր, էդքա՜ն լիրիկ, էդքա՜ն պոետիկ… Եվ սիրահարվեց էս բնությանը, էս աշխարհին… Եվ որոշել էր հաստատ. «Տիեզերքից վերադառնալուց հետո թողնելու եմ Մոսկվան, տեղափոխվելու եմ Հայաստան և ապրելու եմ աշխարհի այս անկյունում»:

…Ցնցումը զարհուրելի էր, ես չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում բոլորիս հետ հատկապես առաջին պահին, երբ ռադիոկայանները հայտնեցին, որ երեքն էլ Երկիր են հասել մահացած: Գիտե՞ք՝ այս պահը հոգեբանորեն հետաքրքիր է. մեզանից ամեն մեկը, ես առաջին հերթին, մտածում էր, որ պատճառը ես եմ եղել: Լուռ, ամեն մեկը մտածել է իր հոգու խորքում, որ պատճառը ես եմ եղել… մեր Օրիոնը այնտեղ էր… Ի՜նչ գիտական արդյունքներ էին ստացվել, բոլոր ամերիկյան ամսագրերը տպագրեցին: Իսկ աղետի հիմնական պատճառը որոշեցին չհրապարակել, որովհետև ժողովուրդը կարող էր պայթել: Ստեղծվեց կառավարական հատուկ հանձնաժողով, փորձագետներ, մասնագետներ, գիտակներ… և պարզեցին հետևյալը. այն վարպետը, որը հավաքել էր իջնող սարքի հանգույցներից մեկը, եղել էր սարսափելի հարբած…

 

Ռ.Շ.- Ձեր միտքը երկար ժամանակ զբաղեցրել է գիտական մի հայտնագործություն, որ հետագայում կոչվեց Քրոմոս: Ի՞նչ էր դա:

 

Գ.Գ.- Երկու տարի ես մտածում էի այդ խնդրի մասին և չէի կարողանում գտնել լուծումը: Պետք էր ինչ-որ մի ցնորամիտ օպտիկական համակարգ լիներ, ցնորամիտ: Ես օպտիկա շատ եմ սիրում, և իմ բոլոր օպտիկական համակարգերը ինքս եմ ստեղծել, ինքս եմ ներդրել: Բայց էս դեպքում դա պիտի լիներ ցնորամիտ ինչ-որ գաղափար, իսկ ես երկու տարի չէի կարողանում դա գտնել: Ես սովորություն ունեմ, գոնե առաջներում ավելի հաճախ, ազատ օրերիս բարձրանալ սարերը: Բարձրանում եմ, կանգնում մի թփի մոտ. զարթնեց էդ գաղափարը մի ակնթարթում, չեք պատկերացնի՝ մի ակնթարթ, ակնթարթը հրաշք է: Մի ակնթարթում գաղափարը ծնվեց, և հաջորդ ակնթարթը՝ թե ինչպես այդ պարզ միտքը էսքան տարի գլխի չեմ ընկել: Երկու տարի միայն այդ խնդրի վրա մտածել և հանկարծ մի ակնթարթում գտնել… իսկ հաջորդ պահին ապշել, թե էդքան պարզ մտքի համար երկու տարի արժե՞ր կորցնել: Դուք ինձ ներեցեք, երբ ես երգում եմ, թոռնիկս ասում է՝ պապի, մի երգի էլի, դա լսելու բան չէ: Ես սկսեցի երգել, ի՜նչ երգել, սարերը դղրդում էին, աննկարագրելի է, թե ինչ էր կատարվում ինձ հետ: Իջա սարից, գետում լողացա, եկա աշխատասենյակ ու 24 ժամ փակվեցի՝ առանց մի րոպե քնելու: Եվ 120 էջ մի գիշերվա մեջ գրեցի, ամբողջ գաղափարը հանձնեցի թղթին, այդպես ծնվեց Քրոմոսի գաղափարը: Քրոմոսը այսօր աշխարհի խոշորագույն նախագծերից է: Ես ոչ մի բան չեմ չափազանցնում: Քրոմոսը քննարկվել է ամեն տեղ՝ Ամերիկայում, ՆԱՍՍԱ-ում, այլ տեղերում: Եվ տիեզերական խոշորագույն կենտրոնները, օրինակ՝ Կոլորադո համալսարանը, որը հրաշալի գործեր է արել տիեզերքում, հատուկ արձանագրություն ընդունեց, որ Քրոմոսը պետք է դարձնել միջազգային տիեզերական աստղադիտարան: Ես, իհարկե, լռում էի այդ մասին, Համբարձումյանն էլ էր լուռ, բայց ժողովուրդը երեխա  չէ, ինչ-որ ձևով զգացել էին, իսկ հետագա ընթացքից իմացան, որ, ինչպես ասում են, բանը լավ չի վերջացել: Եղան հրճվողներ անշուշտ, բնական է, բայց եղան և խելացի, ծանրակշիռ մարդիկ, որոնք մեծ ափսոսանքով էին նայում այդ ամենին: Հետագայում գտնվեցին խոշոր մտածողներ, որոնք ճիշտ մեկնաբանեցին Գուրզադյան-Համբարձումյան այդ կոնֆլիկտը. դա ծնվել է հզոր գիտական սկզբունքներից, գիտությունը տարաձայնությունների շնորհիվ է միայն զարգանում: Կոնֆլիկտն այնքան էր խորացել, որ ես ամբողջ տարվա մեջ գոնե մեկ անգամ չհանդիպեցի Համբարձումյանին: Դա սարսափելի էր, հասկանո՞ւմ եք, ինքն էլ, ես էլ կարիք ունեինք հանդիպման, միայն գիտական խնդիրներով: Ես նրան շատ լավ գիտեի. եթե գիտություն բառը կա, ամեն ինչ մի կողմ կդնի…

 

Ռ.Շ.- Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը, թե ինչ ապրումներ, ինչու չէ՝ նաև հո•եկան ցնցումներ կարող են ապրել, ասենք, ջրածնային կամ ատոմային ռումբի հեղինակները:

 

Գ.Գ.- Ջրածնային ռումբը՝ ամերիկյանը, ստեղծեց Թելլերը, որը հակամարտության մեջ էր Ռոբերտ Օպենհայմերի հետ: Էդուարդ Թելլերը ժամանակի խոշորագույն ֆիզիկոսներից էր, անկասկած, բայց (երևի բառն այնքան էլ ճիշտ չէ) ռազմատենչ էր, ավելի ճիշտ՝ ահավոր ատելություն էր տածում Սովետների հանդեպ, նա այդ երկրի դեմ ուղղված ամեն ինչ անում էր և ձեռնամուխ եղավ ջրածնային ռումբի ստեղծմանը: Եվ գալիս է այդ օրը: Ջրածնային ռումբը Խաղաղ օվկիանոսում պետք է փորձարկվի: Թելլերին հրավիրում են ներկա լինելու, որ իր աչքով տեսնի. չէ՞ որ ինքն է ամերիկյան ջրածնային ռումբի, այսպես ասած, հայրը: Ամերիկյան լրագրողներից մեկը շատ հուզիչ է ներկայացրել այս ողջ պատմությունը: Թելլերը չի գնում: Նա մերժում է ջրածնային ռումբի փորձարկմանը ներկա լինելու առաջարկը, և ահա այդ լրագրողը նկարագրում է, թե Թելլերը ինչպես է դուրս գալիս իր տնից,- դա եղել է Կալիֆոռնիայում, եթե չեմ սխալվում, Լոս Անջելեսի կողմերում,- դուրս է գալիս իր մենատնից և ոտքով, գլուխը կախ գնում է, գնում է, գնում, մոտենում է մի տան՝ մի փոքր շենքի, կոճակը սեղմում է, դուռը բացվում է, նա ներս է մտնում և իջնում աստիճաններով, իջնում է, իջնում է, շատ երկար է իջնում և հայտնվում է բոլորովին մութ սենյակում, էլեկտրական լույսի տակ, դուռը հետևից փակում, նստում միակ աթոռին: Դիմացը ամերիկյան ամենահզոր սեյսմոգրաֆն էր, որը արձանագրում էր երկրագնդի յուրաքանչյուր թեթև ցնցում՝ երկրաշարժի կամ այլ բնույթի, այլ ծագում ունեցող: Այդ ամբողջ ժամանակ տագնապը, հուզմունքը և ահավոր  ապրումները արտացոլվում են նրա դեմքին. մոտավորապես այնպես, ինչպես Օպենհայմերի դեմքն էր. նա այդ վիճակի մեջ է եղել: Նա ժամացույցը թևից հանում ու դնում է սեղանին՝ աչքի առաջ. նա գիտեր ռումբի պայթյունի պահը և հաշվել էր երկրագգնդի կեղևի՝ պայթյունից առաջացող տատանումների արագությունը, հաշվել էր նաև, թե ալիքը ինչպիսի արագությամբ պետք է հասներ Լոս Անջելես… և ահավոր ապրումներով սպասում է այն պահին, երբ պետք է ցնցումի ալիքը հասնի… և ճիշտ այդ պահին սեյսմոգրաֆի կորը ցատկում է միանգամից: Նա  գլուխը բռնում է ու հոնգուր-հոնգուր արտասվում: Ահա ինչ ապրումներ է ունեցել այն մարդը, որը ստեղծեց ջրածնային  ռումբը: Ի՜նչ ապրումներ ունեցավ այն մարդը, որը ստեղծեց ատոմային ռումբը: Գիտե՞ք, այս կարգի բաների մասին սովորաբար չի խոսվում, բայց ես կարծում եմ, որ ընդհակառակը, դրանց մասին պիտի շատ խոսվի, մարդկության բարոյական դաստիարակության համար այս դեպքերը պետք է որոշիչ լինեն:

 

Ռ.Շ.- Ձեր էսսեներից մեկում մի արտասովոր փաստ է արձանագրված. եթե ատոմային և ջրածնային ռումբերի քանակությունը վերածենք սովորական ռումբերի, ապա երկրագնդի յուրաքանչյուր բնակչի կհասնի չորս տոննա սովորական ռումբ:

 

Գ.Գ.- Չորս տոննա ռումբ մեկ մարդու գլխին նետել… ռումբ չէ, չորս քարն էլ հերիք է մարդուն ոչնչացնելու համար, իսկ ռումբը … սա… քիչ առաջ ես բերում էի մեղուների հետ համեմատությունը. մարդը, եթե խելացի լիներ, այսպիսի բան կանե՞ր, եթե մեղվի չափ  տրամաբանություն ունենար, այսպիսի բան կանե՞ր: Ստեղծել են մեկ մարդու համար չորս տոննա ռումբ: Եվ եթե հեռավո՜ր մի աստղի շուրջ, մի հեռավո՜ր մոլորակի վրա ապրող էակներին ասեին, որ, գիտե՞ք, այսինչ տեղը բանական արարածի այստեսակ որակ կա, որը չորս տոննա ռումբ է ստեղծել մեկ մարդու համար, նրանք չէին կարողանա այդ փաստը համատեղել մինչ այդ իրենց ունեցած տեղեկության հետ, որ եղել է  Էյնշտեյն, որ այս երկրագունդը ունեցել է արվեստ, երաժշտություն, Աստված իմ, Վան Գոգ և ռո՞ւմբ՝ չորս տոննա մի մարդու համար: Ինչպե՞ս համատեղել: Հեռավոր մոլորակների արարածները սա չեն հասկանա:

 

Ռ.Շ.- Դուք լուռ մարդ եք, ինչի՞ մասին է Ձեր լռությունը:

 

Գ.Գ.- Ինչպե՞ս բացատրել լռությունը: Պարզապես երբ մարդ լի է մշտական ներքին տագնապով, ներքին անհանգստությամբ, լռությունը կարծես դառնում է անխուսափելի: Մարդը այդ հոգեվիճակը սովորաբար լուռ է տանում: Լուռ մնալը հատուկ է ստեղծագործողին: Ես միշտ այն կարծիքին եմ, որ երևի բոլոր խոշորագույն մտածողները այնուամենայնիվ իրենց հետ ավելի շատ տարել են, քան թողել այս աշխարհում…

 

Զրույցը՝ Ռիտա Շառոյանի

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք