Վտանգավոր հասակ

Հեղինակ:

20141509124430493

Լուռ ճիչեր

 

Գևորգը գյուղաբնակ հորեղբորորդուն մի քանի անգամ բողոքել էր Վալոդիկի ճնշումներից, պատմել էր, որ Վալոդիկը ծաղրում ու նեղացնում է իրեն, հասակակիցների ներկայությամբ վզին տալիս, ինչից իրեն նվաստացած է զգում: Հորեղբորորդին դիտողություն էր արել Վալոդիկին, վերջինս խոստացել էր Գևորգին այլևս չնեղացնել, սակայն զգալով, որ Գևորգը «թույլ օղակ» է, շարունակել էր ճնշումները:

Վալոդիկը համոզել էր Գևորգին, որ իր հեծանիվը նորոգի, և միասին քշեն: Գևորգը նորոգել էր հեծանիվը, Վլադիմիրը վերցրել էր այն, իսկ օրեր անց վաճառել էր 2 հազար դրամով: Գևորգը ոչինչ չէր ասել ծնողներին: Մոր հարցին՝ ո՞ւր է հեծանիվը, պատասխանել էր, թե նորոգման է տվել:

Ճնշումների ու սպառնալիքների ազդեցությամբ Գևորգից ստանալով 5 հազար դրամը, ապա հեծանիվը` Վլադիմիրը չէր հանգստացել: Հունիսին պահանջել էր 3 կամ 4 հազար դրամ: Այդ գումարը նրան պետք էր «վիպուսկնոյին» մասնակցելու համար: Գևորգը, հնարավոր է, գլուխն ազատելու համար ասել էր, թե փող ունենալու դեպքում կտա: Այս խոսքերը Վլադիմիրը զենք էր դարձրել Գևորգի դեմ և սկսել էր պահանջել, որ նա խոստումը կատարի, այլապես բոլորին հայտնի կդառնա որպես խոստումը չկատարող անպատիվ տղա: Ճնշումների նոր փուլ էր սկսվել:

Գևորգը փորձել էր թաքնվել Վլադիմիրից: Տնեցիներին զգուշացրել էր, որ Վալոդիկի զանգերին ու հարցումներին պատասխանեն, թե ինքը տանը չէ: Այս իրավիճակը արդեն իսկ տագնապ պիտի առաջացներ Գևորգի ծնողների մոտ: Սակայն նրանք մտածել էին, թե Գևորգը գլուխ կհանի: Ու դեռահասը դարձյալ մենակ է մնացել իր խնդիրներին հանդիման:

Հունիսի 25-ին Վլադիմիրը նրանց տուն էր գնացել և կանչել Գևորգին: Վերջինս թաքնվել էր դռան հետնամասում և քրոջը խնդրել, որ ասի, թե եղբայրը տանը չէ: Այդ նույն օրը Գևորգը փորձել էր փախուստի դիմելով գլուխն ազատել: Սա նրա առաջին փախուստն էր Վլադիմիրից: Դեռ անուղղելի փախուստ չէր. նա պարզապես Ստեփանավանից մեկնել էր գյուղ` տատիկի տուն: Այնտեղ մնացել էր… 12 օր:

Համարյա ամեն օր Վլադիմիրը Գևորգի տնեցիներին հարցրել էր նրա մասին: Իսկ Գևորգն էլ գյուղից զգուշավոր հետաքրքրվել էր՝ «Ինձ հարցնող հո չի՞ եղել»: Ծնողների համար սա էլ պետք է ահազանգ լիներ, ինքնատիպ  SOS, սակայն այս կանչը ևս չէր կարևորվել:

Վալոդիկը գյուղ էլ էր գնացել, երևացել Գևորգի աչքին, հասկացրել, որ իրենից փախչել հնարավոր չէ: Նրան հեռվից տեսնելով` Գևորգը վատացել էր: Բարեկամուհու խոսքով` տղայի զարկերակն այդ օրը արագացել էր, նա հաց չէր կերել, ասել էր, թե շատ վատ է զգում: Գևորգ Վարդանյանը գործնականում առողջ էր, իսկ հաճախացած զարկերակը, ախորժակի բացակայությունը օգնության ճիչեր էին, անփորձ, վախեցած տղայի ինքնապաշտպանական արձագանքը, որ մնացել էր չհասկացված:

Ինչքան էլ մնար գյուղում, մի օր պիտի տուն վերադառնար: Հուլիսի 7-ին վերադարձել էր: Իսկ հուլիսի 8-ին նա վերջին անգամ էր իրենց բակ մտնելու…

Գյուղից վերադառնալուն պես Գևորգը հետաքրքրվել էր՝ «Ինձ հարցնող չի՞ եղել»: Մայրն ասել էր` թաղի տղերքն են հարցրել: Իմանալով, որ Գևորգը վերջին շրջանում խուսափում էր Վլադիմիրի հետ հանդիպելուց, մայրը, որդուն խնայելով, դիտավորյալ չէր հայտնել, որ Վլադիմիրը համարյա ամեն օր հարցրել էր նրան: Այդ օրն էլ էր հայտնվել: Գևորգի հորդորով քույրն ասել էր, թե եղբայրը տանը չէ: Վլադիմիրը համոզված էր, որ Գևորգը տանն է: Նա մնացել էր փողոցում կանգնած: Տուն մտներ Գևորգը, թե տնից դուրս գար՝ նրան կտեսներ:

Ժամը 20-ին Գևորգը հոր հետ դուրս էր եկել տնից ու մեքենա նստել` հյուր գնալու: Հայրը հարցրել էր` չե՞ս ցանկանում ընկերներիդ բարևել: Գևորգը պատասխանել էր` չէ, ու առանց հայացքը թեքելու անցել էր Վլադիմիրի ու Ռազմիկի կողքով:

Բայց Վլադիմիրը սպասել էր մինչև Գևորգի վերադարձը, ապա ընկերոջ միջոցով նորից նրան դուրս էր կանչել: Գևորգը միայն այդ ընկերոջն էր մոտեցել, հայտնել, թե Վալոդիկի հետ խոսել չի ուզում, այ, վաղը գյուղից կգան եղբայրները, այդ ժամանակ էլ կխոսեն:

Գևորգը կարծում էր, թե գյուղում ապրող բարեկամորդիները իր խնդրանքին կանսան ու անմիջապես կգան Վալոդիկին կարգի հրավիրելու: Սակայն Գևորգի սպասելիքները չէին արդարացել. տղաները զբաղված էին եղել իրենց տնտեսության աշխատանքներով: Պատանու խնդրանքը հրատապ չէին կարծել, նրա հոգեվիճակի մեջ առաջացած կոտրվածքը չէին նշմարել:

Հուլիսի 8-ի ուշ երեկոյան դժբախտության մասին իմանալով` միգուցե մտովի կտրել-անցել էին գյուղից Ստեփանավան տանող ճանապարհը, մտովի հարթել էին Գևորգի կյանքի` այնքան էլ մեծ բարդություն չներկայացնող կնճիռը: Սակայն այս մտովի երթևեկն ու մտովի պարզաբանումն այլևս Գևորգին ոչինչ տալ չէին կարող: Գևորգն արդեն ոչ ոքի չէր սպասում:

Հուլիսի 7-ի երեկոյան հայրը վերջապես հետաքրքվել էր Վլադիմիրի նկատմամբ որդու լարվածության հարցով: Փորձել էր հարցուփորձ անել: Գևորգը խնդրել էր չխառնվել իր գործերին` վախենալով, թե շրջապատում կասեն` տեսեք, հորն է խառնել: Այնուամենայնիվ հայրը որոշել էր հաջորդ օրն աշխատանքից շուտ վերադառնալ, Գևորգի հետ գնալ Վալոդիկենց տուն ու վերջինիս ծնողների հետ լրջորեն զրուցել ստեղծված վիճակի մասին:

Սակայն այսօրվա գործը վաղվան թողնելը ճակատագրական էր եղել: Վլադիմիրի ծնողների հետ հանդիպումն ամենաուշը հուլիսի 7-ին պիտի կայանար, որովհետև Գևորգը, հալածյալի զգացողությամբ, արդեն սեղմվել էր փակուղու պատին:

Հուլիսի 8-ին՝ ժամը 12-ն անց 50-ի սահմաններում, հայրը զանգահարել էր որդուն, հարցրել, թե Վլադիմիրը նրան չի՞ նեղացնում: Գևորգը պատասխանել էր` ամեն ինչ կարգին է: Սա հոր և որդու վերջին խոսակցությունն էր: Գևորգը հեռախոսով անգամ չէր կարողացել հորից օգնություն խնդրել: Շատ պատանիներ կան, որ շրջապատի կարծիքից վախենալով` ծնողներից մեկուսանում են, փակվում: Ծնողն ամեն գնով պիտի գտնի այդ մեկուսացումը հաղթահարելու, զավակի կողպված հոգին բացելու ճանապարհը: Այլապես կարող է կորցնել շատ թանկ ժամանակն ու զավակին փրկելու վերջին հնարավորությունը:

Հուլիսի 8-ին՝ ժամը 17-ին, հոր հեռախոսին զանգահարել էր հարևանը և հայտնել, որ նրանց տանը դժբախտություն է պատահել: Հայրն անմիջապես զանգահարել էր կնոջը, հարցրել՝ ի՞նչ է պատահել£ Իսկ կինն ասել էր, թե ինքն ու դուստրը տանը չեն, Գևորգին են փնտրում: Մինչդեռ Գևորգը տանն էր, բայց արդեն անվերադարձ հեռացել էր տնից ու իր առաջ այդպես էլ դռները չբացած աշխարհից:

Կյանքի վերջին օրը` հուլիսի 8-ին, Գևորգը Վլադիմիրից խուսափել չէր կարողացել: Գնացել էր նրա տուն: «Եթե գումար ես խոստացել, ինչո՞ւ չես տալիս»,- սա էր խոսակցության հիմնական թեման: Գևորգը չէր կարողացել արդարացում գտնել, խոստացել էր… պարտադրված խոստումը կատարել, 3000 դրամը ճարել ու տալ իր հոգեառին:

Դուրս էին եկել Վլադիմիրենց տնից: Ճանապարհին ֆիզիկապես առողջ Գևորգի սիրտը վատացել էր: Սա պատանու զգայուն օրգանիզմի վերջին ճիչն էր` ի լուր շրջապատի: Շրջապատը ոչինչ չէր լսել: Պատանուն նորից տարել էին Վլադիմիրենց տուն: Վլադիմիրի քույրը Գևորգին «վալերիանի» հաբեր էր տվել:

Երբ պատանին իրեն լավ էր զգացել ու ցանկացել էր տուն գնալ, Վլադիմիրը, խեղճացած տղային վերջնականապես խեղճացնելու համար, նրա հետ առանձնացել էր ու, այսպես ասած, զրուցել: Արդյունքում նա Գևորգին էր տվել իր անմարտկոց հեռախոսը, որ հաջորդ օրը տղան հազար դրամանոց մարտկոց դնի մեջը և նույն օրն էլ մարտկոցավոր հեռախոսի հետ հանձնի «խոստացած գումարի» մնացած մասը` 2 հազար դրամը:

Գևորգը Վլադիմիրի տնից դուրս էր եկել հասակակիցներից մեկի հետ: Վերջինս հասկացել էր, որ «Վալոդիկը խոսքով կոտրել էր Գևորգին»: Ահա այսպիսի գողական հարաբերություններ` 15-16 տարեկան տղաների միջավայրում: Ահա այսպիսի տագնապալի և տխուր իրավիճակ:

Գևորգը ճնշված էր: Նա տատիկի տուն էր մտել: Մի կարճ նախադասություն էր ասել, թե Վալոդիկը նեղում է իրեն: Տատիկը, հնարավոր է, հարցեր էր տվել, սակայն Գևորգը խոսակցությունն սկսել էր ո՛չ հարցերի պատասխանելու համար: Նրա°ն էր պատասխան պետք, մի գործուն արձագանք` օգնության զուսպ կանչին: Իր պատկերացրած արձագանքն այդ օրը տղան ոչ մեկից չէր լսել: Նա միայնակ կանգնել էր ոչ բարդ, բայց իրեն ահռելի ու արդեն անլուծելի թվացող խնդրի հանդիման: Նայել էր այդ խնդրի աչքերին ու գութ չէր տեսել: Միայն թե տղան անփորձությունից էր խնդրի աչքերում գութ փնտրել: Մարդուն նեղը գցող խնդիրները գթառատ չեն լինում: Գութ ցուցաբերում են մարդիկ` տեսնելով նեղն ընկածի վիճակը: Բայց Գևորգն ամաչել էր անվերջ խեղճանալուց: Նա պատկերացրել էր, թե հասել է խեղճության անթույլատրելի սահմանագծին: Դրանից անդին, ըստ նրա, անգոյությունն էր: Նա էլ քայլ էր արել դեպի այդ անգոյությունը:

Տղան տուն էր մտել, որոշ ժամանակ, հնարավոր է, դեռ տատանվել էր, փորձել էր հասկանալ իրավիճակը, իրեն պատկերացնել վաղվա օրվա մեջ ու հաջորդ օրերին: Եթե տանը մարդ լիներ, խոսակցության մղեր պատանուն, անկեղծության դրդեր, հասկացներ, որ նա պարզապես պիտի ձեռքը մեկնի ու բացի հենց առաջին դուռը և վերջ տա ինքնամեկուսացմանը, վախվորած առանձնությանը, հակահարված տա այնպես, որ պահպանի ինքնահարգանքը, տղան հավանաբար ուշքի կգար: Բայց նա ճզմվածության աստիճանի մենակ էր եղել:

Հնարավոր է, որ վերջին ամիսների դժվարին պահերին Գևորգն էլի էր մտածել ինքնասպանության մասին: Նույնիսկ երևի աչք էր ածել շուրջը, որոշել, թե ինչը ինչպես կարող է անել: Այլ դեպքերում, միգուցե, կարողացել էր ձեռքը պարանին չմեկնել, կարողացել էր խույս տալ այսպիսի՛ վերջնական լուծումից: Բայց հուլիսի 8-ին Գևորգը ոչ մի այլ մտքով իրեն հուսադրել չէր կարողացել: Ու վերադարձել էր օրերից մի օր մտքի ծայրով սահած «միակ փրկարար» գաղափարին: Ենթադրել էր, թե ճիշտը կյանքից փախուստ տալն է: Եվ պատանեբար պատկերացրել էր անհոգի շրջապատի ցավն ու ափսոսանքը, ամոթն ու ինքնամեղադրանքը` իր հեռացումից հետո: Տղայակա՜ն ծայրահեղականություն: Ավարտին հասցված ինքնասպանությունն անհնար է վերաբեմադրել, մահը կյանքը վերսկսելու հնարավորություններ չի պարունակում, ոչ էլ մահացածն է, շրջապատի ցավը կողքից դիտելով, բավարարվածության զգացում ապրում: Մահը վերջակետն է: Յուրաքանչյուր կյանքի սահման-վերջնագիծը: Գևորգը գլխակորույս փախուստի պահին հատեց այդ սահմանը` փրկություն փնտրելով անփրկելիի` անէության մեջ:

Գևորգի հեռացումից հետո հանկարծ պարզվեց. բոլորին էլ հայտնի էր, որ Վլադիմիրը նեղել էր նրան, գումարներ պահանջել, նվաստացրել ու սպառնացել, թե կխայտառակի: Բոլորը հանկարծ բարձրաձայնեցին մի բան, որի մասին չէին խոսել մինչ այդ: Եթե խոսեին, եթե անհանդուրժող լինեին այնպես, ինչպես դրա մասին խոսում էին Գևորգի մահից հետո, պատանին այսօր ողջ կլիներ:

Վլադիմիր Սուքիասյանը սպանության համար չէ, որ մեղավոր ճանաչվեց, ոչ էլ` ինքնասպանության հասցնելու համար: Նա մեղավոր ճանաչվեց և 8 տարի ազատազրկման դատապարտվեց սպառնալիքներով զուգորդված շորթման համար, որը տուժողի մահվան պատճառն էր դարձել: Անչափահասի ողբերգությունը քայլ առ քայլ ներկայացնելով` ուզում եմ ահազանգ հնչեցնել ի լուր բոլոր անչափահասների, ծնողների, բոլոր, բոլոր մարդկանց:

Գևորգ Վարդանյանն առերևույթ իր ձեռքով էր պարանը գցել պարանոցին, իր ձեռքով էր այն ձիգ տվել ու խեղդամահ եղել: Սակայն իրականում նրան շնչահեղձ էին արել հասակակցի անհոգի ու անօրեն վերաբերմունքը, շրջապատի անտարբերությունն ու իր, ինչպես նաև ընկերների հնազանդությունը գողական պատկերացումներին, նրանց աշխարհայացքի սահմանափակությունը և դաստիարակության անկատարությունը: Այս դեպքում դեռահասի ինքնասպանության համար աղանդների մատը չէր խառը, ոչ էլ անհույս սերն էր մեղավոր կամ` ստացած ցածր գնահատականը: Անգամ գումարային խնդիրները չէին նրա հեռացման պատճառը: Դեռահասը, մարդկանց կողքին գտնվելով, ընտանիքում ապրելով ու դպրոցում սովորելով, մեն-մենակ էր մնացելլ իրեն տանջող մտահոգության հանդիման, գլուխ չէր հանել և օգնող կամ հենարան ձեռք չէր գտել:

Լուրջ մտածել է պետք, լսել, տեսնել ու ժամանակին արձագանքել մեր երեխաների` օգնություն հայցող լուռ ճիչերին:

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք