Վիկ Դարչինյան | Գուցե տասներկո՞ւերորդ գոտին…

Լուսանկար-Վախթանգ Դարչինյան… Վախթանգ, գեղեցիկ անուն ունես, ո՞վ է քեզ այդպես կնքել:

 

-Վախթանգը հորական պապիս անունն է: Ես իմ պապի անունով եմ կնքված:

 

-Իսկ ինչպե՞ս Վախթանգը դարձավ Վիկ: Դժվա՞ր էր արտասանել, թե՞…

 

-Այո, արտերկրում Վախթանգ դժվարությամբ էին արտասանում, բայց Վիկը ոչ թե անվանս կրճատ տարբերակն է, այլ victory՝ «հաղթանակ»  բառից է: Ես, իհարկե, նախընտրում եմ Վախթանգը, բայց Վիկը ևս հոգեհարազատ է ինձ: Այնպես որ՝ ում ինչպես հարմար է:

 

-Վախթանգ, ի՞նչ է քեզ համար սպորտը՝ աշխատա՞նք, կարիե՞րա, կենսակե՞րպ…

 

-Դեռ մանկուց ինձ համար սպորտն ասոցացվում էր չեմպիոնների հետ: Ընդամենը հինգ-վեց տարեկան էի, արդեն կուռք ունեի՝ Մայք Թայսոն: Երբ հեռուստատեսությամբ տեսնում էի նրան, ինքս ինձ ասում էի՝ ես նրան հաղթելու եմ: Փոքրուց էլ վստահ էի, որ աշխարհի չեմպիոն եմ դառնալու: Նպատակ դրեցի՝ բռնցքամարտ պարապեցի ու հասա նպատակիս:

 

-Իսկ Մայք Թայսոնից բացի եղե՞լ են մարդիկ, որոնք քեզ ուղղորդել են գնալ այս ճանապարհով:

 

-Այո, հորեղբորս  որդին՝ Ալբերտ Դարչինյանը, Հայաստանի մակարդակով արդեն ճանաչված բռնցքամարտիկ էր: Ես նրան էլ էի ասում՝ քեզանից ուժեղ եմ լինելու: Հայրս ևս զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով: Որոշ ժամանակ ես էլ էի ըմբշամարտ պարապում, այնուհետև ընտրություն կատարեցի:

 

-Սպորտում մեծ հաջողությունների և բարձունքների հասնելու համար ի՞նչն է կարևոր՝ քրտնաջան պարապմունքնե՞րը, մարզումնե՞րը…

 

-Բարձունքների հասնելու համար ամենակարևորը նպատակասլացությունն է և հավատը: Պետք է հավատաս, որ դու դա կարող ես: Իհարկե, բոլոր սպորտաձևերում էլ լինում են թե՛ խոչընդոտներ,  թե՛ պարտություններ, բայց երբեք չի կարելի կոտրվել: Իմ կյանքում եղել են և՛ պարտություններ, և՛ անարդարություններ: Եղել են դեպքեր, երբ  օտարի հողի վրա եմ կռվել, հաղթել եմ, սակայն միավորներս հակառակորդիս են տվել: Ես երբեք չեմ հուսահատվել: Վերադարձել եմ ռինգ ու ապացուցել, որ սխալն իրենցն է, այլ ոչ թե իմը: Պարտությունն ինձ ավելի է ուժ տվել: Իմ առաջին պարտությունը 2007 թվականին էր: Հաջորդ ութ ամսում ես դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն: Նման բան պատմության մեջ, կարծում եմ, չի եղել: Համենայն դեպս ես տեղյակ չեմ:

 

-Բացարձակ չեմպիոն լինելով՝ կարող ես ընտրել թույլ հակառակորդ՝ այդպես պահպանելով նվաճած գոտիները, սակայն «ռիսկի» ես դիմում և ընտրում ուժեղագույնին:

 

-Այո, աշխարհի չեմպիոն լինելով՝ մոտ մեկ տարի ժամանակ ունես քսանյակից ընտրելու որևէ մեկին և մրցելու հետը: Ես միշտ առաջին համարին եմ ընտրել՝ աշխարհի չեմպիոնների, ովքեր գոտիներ ունեն: Հենց այս պատճառով էլ նաև պարտություններ են եղել: Եղել է, երբ ընդամենը մեկ միավորի տարբերությամբ եմ պարտվել, պարտվել եմ նաև, երբ պայքարել եմ ավելի բարձրքաշայինի հետ: Իհարկե, եթե չես ուզում նման դեպքեր լինեն, պետք է բոլորին նոկաուտով հաղթես:

 

-Որքա՞ն հաճախ ես մենամարտում և որքա՞ն ժամանակ ես տրամադրում մարզումներին:

 

-Տարեկան երեք անգամ մենամարտում եմ, մրցումներից առաջ մոտ 9-10 շաբաթ անընդմեջ մարզվում եմ: Պարապմունքներս հիմնականում անցկացնում եմ Ավստրալիայում և Միացյալ Նահանգներում: Ավստրալիայում ունեմ սեփական մարզասրահ, որտեղ կարող է մարզվել 30-40 հոգի, բայց այն միայն ինձ համար է:

 

-Ի՞նչ խորհուրդ կտաս բռնցքամարտով լրջորեն զբաղվող հայ երիտասարդներին, հատկապես սկսնակներին. միայն Հայաստանում մարզվելու դեպքում հնարավո՞ր է լուրջ հաջողություններ արձանագրել և բարձունքների հասնել:

 

-Ես Հայաստանի բռնցքամարտիկ եմ եղել և 2000 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցել եմ Հայաստանի կողմից: Մինչ այդ՝ 1998-99 թթ., մասնակցել եմ Եվրոպայի գավաթի մրցումներին, երկու անգամ անընդմեջ հաղթել, աշխարհի գավաթի մրցումներում էլ՝ երրորդ տեղ գրավել: Այնպես որ, ես մեծ մրցումների եմ մասնակցել, լավ արդյունքներ ցուցաբերել և միայն դրանից հետո եմ արտասահմանից հրավերներ ստացել: Այսինքն՝ դու պետք է նախ աչքի ընկնես, դրանից հետո պահանջված կլինես: Ինքս, այո, Հայաստանում եմ սկսել մարզվել՝ Վանաձորում:

 

-Իսկ ցանկություն չունե՞ս Հայաստանում բռնցքամարտի դպրոց հիմնել, փորձդ նոր սերնդին փոխանցել:

 

-Իհարկե ունեմ: Նպատակ ունեմ դպրոց հիմնելու հենց Երևանում, բայց քանի դեռ գործող մարզիկ եմ, փոքր-ինչ դժվար է այժմ դա իրականացնելը: Երբ ավարտեմ կարիերաս, լուրջ կմտածեմ սեփական դպրոց ունենալու մասին:

 

-Իսկ ե՞րբ է ավարտվում բռնցքամարտիկի կարիերան: Գոյություն ունի՞ որոշակի տարիք:

 

-Տարիք չկա: Կան և՛ քառասուն, և՛ քառասունհինգ  տարեկան բռնցքամարտիկներ: Իմ պարագայում, կարծում եմ, մնացել է երկուսից երեք տարի:  Նպատակ ունեմ նվաճելու ևս երեք գոտի և ավարտելու կարիերաս, քանի որ աշխարհի նվաճած առավելագույն գոտիների քանակը տասն է, իսկ ես այս պահին արդեն ութն ունեմ: Թեպետ չի բացառվում, գուցե տասներկուերորդի համա՞ր էլ պայքարեմ…

 

-Թալիսման ունե՞ս:

 

-Թալիսման՝ ոչ, բայց նվեր ունեմ Ամենայն Հայոց վեհափառից՝ խաչ: Մենամարտերիս ժամանակ այն միշտ ինձ հետ է: Իհարկե, եղել է նաև, որ այդ խաչով դուրս եմ եկել ու պարտվել, բայց այդ պարտությունից հետո մեծ հաղթանակներ եմ տարել: Երբ ես միայն հաղթանակներ էի տանում, ոչ ոք չէր ցանկանում ինձ հետ մենամարտել. վախենում էին: Պարտությունիցս հետո, կարծես, բոլորն ուզեցին մենամարտի դուրս գալ հետս: Եվ ես ութ ամսում դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն՝ այդ քաշային կարգում առաջինը պատմության մեջ: Այնպես որ, այդ պարտությունն ինձ համար խթան էր: Գիտեք, կան աշխարհի չեմպիոններ, ովքեր հիսուն մենամարտ են ունեցել առանց պարտության, սակայն նրանց ոչ ոք չի ճանաչում: Իսկ այդ պարտությունից հետո իմ հաղթանակով ինձ ողջ աշխարհը ճանաչեց:

 

-Երևանի սրճարաններից մեկում մի անգամ մուտքդ արգելվեց սպորտային հագուստի պատճառով…

 

-Այո, մի երկու օր առաջ անցնում էի այդ սրճարանի կողքով, կրկին հիշեցի… Նրանք չպետք է այդպես վարվեին, նրանք ինձ ճանաչեցին, բայց… ջինսով էի ու սպորտային վերնաշապիկով: Հավատացեք, բացառված է, որ Ավստրալիայում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ես գնամ մի տեղ ու ինձ ներս չթողնեն: Ուղղակի աբսուրդ է…

 

-Ի՞նչ-որ ասելիք ունես տնօրինությանը:

 

-Առանձնապես ոչինչ, պարզապես թող իմանան, որ այլևս երբեք իրենց սրճարան չեմ գնա:

 

-Հիմա ի՞նչ նպատակով ես այստեղ:

 

-Մենամարտից առաջ ես միշտ գալիս եմ Հայաստան: Իմ հերթական մենամարտը փետրվարին է: Եկել եմ ծնողներիս, ընկերներիս, բարեկամներիս տեսնելու:

 

-Ավանդապա՞շտ ես:

 

-Այո:

 

-Բայց կինդ այլազգի է:

 

-Այո, ռուս է: Մենք հանդիպել ենք Ավստրալիայում, ընկերացել, այնուհետև ամուսնացել: Որդի ունենք, Ռուբենը հինգ տարեկան է:

 

-Հայերեն խոսո՞ւմ է:

 

-Անգլերեն է խոսում, բայց և՛ ռուսերեն, և՛ հայերեն հասկանում է: Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ որդիս հայերեն խոսելու է:

 

-Մտադրություն չունե՞ս մշտական բնակություն հաստատելու Հայաստանում:

 

-Մշտական՝ ոչ, բայց կապն անպայման լինելու է այնպես, որ տարվա մեծ մասն անցկացնեմ Հայաստանում:

 

-Իսկ երեխայի ապագա՞ն…

 

-Երեխայիս ապագան ես Ավստրալիայում եմ տեսնում: Ես նաև Ավստրալիայի քաղաքացի եմ: Իմ վաստակով բնակարան եմ այնտեղ գնել, մարզասրահ ունեմ…  Որդիս եղել է Հայաստանում, գիտի, որ հայրը հայ է ու շատ է սիրում Հայաստանը: Նա, վերջապես, մկրտվել է Հայաստանում՝ Հայ առաքելական եկեղեցում, բայց նրա ապագան ես Հայաստանի հետ չեմ կապում:

 

— Ի՞նչ կցանկանայիր փոխել Հայաստանում:

 

-Գրեթե ոչինչ, միայն թե մարդիկ այստեղ աշխատանքի կամ հացի խնդիր չունենային…

 

 

Զրուցեց Քրիստինա Բարսեղյանը

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք