Սփյուռքահայ գրողի վերադարձը Հայաստան

IMG_9153 - Copy-Մտավորականի աշխարհայացքը նրա միջավայրն է կերտում: Ինչպե՞ս է ձևավորվել Ձեր աշխարհայացքը՝ որպես գրող:
-Ես ծնվել եմ Լիբանանում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ. դրսում պատերազմ էր, իսկ տան ներսում՝ իմ հայկական ընտանիքը՝ ջերմ ու լավատես: Երբ այսօր մտածում եմ, թե ինչպես ձևավորվեց իմ գրական միտքը, հասկանում եմ, որ իմ գիրը հոռետեսական չի դարձել, քանի որ ընտանիքս՝ որպես պատերազմի մեջ մի տաքուկ անկյուն, ինձ մշտապես հույս է տվել և միտքս ուղղել դեպի լուսավորը: Բայց խղճիս դեմ մեղք կգործեմ, եթե չասեմ, որ ես գրող էի ձևավորվում ոչ միայն իմ ընտանիքում, այլև հենց իմ ծննդավայրում՝ Լիբանանում, որտեղ չկար հայ մնալու ոչ մի խոչընդոտ: Լիբանանում ոչ ոք քեզ չէր խանգարում, որ դառնաս քո ազգի պատմության ու մշակույթի կրողը:

-Ի՞նչը ձևավորեց Ձեր գրական նախասիրությունները:
-Մեծ մայրս գրասեր կին էր, շատ էր սիրում Ագաթա Քրիստիի դետեկտիվ գործերը, ինձ էլ խորհուրդ էր տալիս կարդալ: Թերևս դա էլ պայմանավորել է իմ գրական նախասիրությունը: Իմ հերոսները քրեագործներ չեն, նրանք սովորական մարդիկ են, ապրում են մեզ նման կենցաղով, բայց հայտնվում են անկանխատեսելի, երբեմն նաև վերբնականիրավիճակներում:
Գիրքը, թերևս, իմ ընտանիքի համար դարձել էր սարսռացնող իրականությունից փախուստի լավագույն միջոց, բայց և մեծագույն արժեք, որով ձևակերտվում է մարդը:
Մեծ մորս խորհրդով կարդում էի հայ դասական գրողներին՝ Խաչատուր Աբովյան, Րաֆֆի… սակայն ինձ միևնույն ժամանակ ոգեշնչում էին Հյուգոն, Մոպասանը, Զոլան…
Իմ ընթերցողը, թերևս, չի կարող ասել, թե ես որ ազգից եմ: Թեև ես գրում եմ ֆրանսերեն, ֆրանսիացի ընթերցողն այդ տողերի հեղինակին ֆրանսիացի չի համարի: Ես հայ եմ, ով ծնվել է Լիբանանում և գրում է ֆրանսերեն:

-Ֆրանսիան, մասնավորապես Փարիզը անցած երկու դարում աշխարհի մշակութային սիրտն էր: Մոլորակի ամենատարբեր ծայրերից այստեղ էին հավաքվում մտավորականներ՝ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ և հենց Փարիզում էին գտնում ստեղծագործական իրենց ներշնչանքը: Իսկ այսօր որտե՞ղ է պետք փնտրել այդ սիրտը:
-Կարծում եմ, որ այսօր այդ սիրտը ո՛չ Փարիզն է, ո՛չ էլ աշխարհի մեկ այլ քաղաք: Եվ որքան էլ զարմանալի է, նկատել եմ, որ այսօր գրողներն ու բոլոր մտավորականները իրենց ճանաչումն են գտնում համացանցում: Գուցե այստեղ է բաբախում 21-րդ դարի մշակույթի սիրտը, ո՞վ գիտե: Հենց այս միտքն ինձ դրդեց սկսել համացանցից: Դեռևս տպագրված գիրք չունեմ, իմ առաջին գիրքը՝ »Le gardien des monarque»-ը («Մոնարխ թիթեռների պահապանը»), թվային է, համացանցային մի քանի խանութներում հասանելի է և վաճառվում է:

-Անի՛, Հայաստան տեղափոխվելու Ձեր որոշումն ինքնաբո՞ւխ էր:
-Մինչ տեղափոխվելը մեր ընտանիքով բավական հաճախ ենք այցելել Հայաստան: Ծնողներս և ես շատ էինք ուզում հայրենիքի հետ ավելի սերտ կապեր ունենալ: Ի վերջո, անկախ մեր կորսված հայրենիքից, սա է Հայաստանը՝ իր իրավական սահմաններով, դրոշ ու զինանշանով մեր ինքնությունը: Արդեն երեք ամիս է՝ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և անբացատրելի կերպով ինձ ամբողջացած եմ զգում:

-Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան մշակութային միջավայրը: Ի՞նչ կա այստեղ, որ չկա օտար հեռուներում, զարգացած երկրներում:
-Միանշանակ կպատասխանեմ՝ տաղանդը, որը ծնվում է հողից ու ջրից: Ցավոք, այդ տաղանդի մեծ մասը բացահայտված չէ: Գուցե լեզվական խոչընդոտներն են, որ հայ տաղանդավոր մարդիկ չեն կարողանում իրենց արվեստը կամրջել արտասահմանի հետ: Այդուհանդերձ մեծ նպատակ ունեմ դառնալու կամուրջ հայ և ֆրանսախոս, անգլախոս մտավորականության միջև:
Ես բավական շատ եմ ճամփորդել տարբեր երկրներում, և գիտեք, բոլոր քաղաքներում ինձ սիրալիր և ջերմ են ընդունել, ես հեշտությամբ խոսել եմ նրանց լեզուներով, սակայն ոչ մի տեղ ինձ այնպես ազատ ու համարձակ չեմ զգացել, ինչպես Հայաստանում:
Հայը, որ Քրիստոսից առաջ է դեռևս կերտվել որպես ազգ, փողոցում քայլում է այնպիսի ներքին զորությամբ, որը չես գտնի աշխարհի ոչ մի ազգի մեջ: Ինձ հիացնում է աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայը, բայց խոնարհվում եմ այն հայի առջև, ով ամեն դժվարությունից անկախ մնացել է իր երկրում՝ ապրելու ու գործելու հանուն իր հայրենիքի:

-Իսկ ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում:
-Դեռևս Բեյրութում համացանցի միջոցով փորձում էի ընդլայնել հայաստանցի մտավորականների հետ կապի իմ շրջանակը, բայց պատկերացում անգամ չունեի, որ ինձ այսքան լավ կընդունեն այստեղ: Ընդամենը մեկ ամիս է Հայաստանում եմ, արդեն հասցրել եմ հանդիպել բազմաթիվ ականավոր հայերի հետ, հայտնվել եմ գրական շրջանակներում: Ծրագրում եմ գործերս թարգմանել հայերեն՝ հայալեզու ընթերցողի համար: Մի փոքր վերապահումով եմ վերաբերվում թարգմանչությանը: Մշտապես կարծել եմ, թե թարգմանիչը չի կարող փոխանցել այն ողջ ասելիքը, ինչ փորձել է հեղինակն արտահայտել բնագրում: Թերևս ինքս էլ թարգմանեմ իմ գործերը:
Հայաստանն իրապես ստեղծագործելու մեծ ներշնչանք է հաղորդում ինձ:

Զրույցը՝ Լազարևա Մարիայի

Անդին 10, 2014

Կարծիքներ

կարծիք