Սպանել Կայենին

20151206161133378

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի ուսանող

 

…Առաջին օդաչու, առաջին տիեզերագնաց, առաջին մեխանիկ… Անգամ՝ առաջին մարդասպան: Սրա հնագույն վկայությունը միայն Աստվածաշնչում ենք գտնում, երբ Կայեն անունով մեկը սպանեց հարազատ եղբորը: Ո՛չ, նրանք չէին ունեցել ծանր մանկություն, հարբեցող հայր ու սիրեկանի հետ թրև եկող թեթևաբարո մայր. միանգամից հիասթափեցնենք նրբանկատ հոգեբաններին, որոնք պատճառները մեր օրերում երևի կփնտրեին «ծանր մանկության» ու «հոգեբանական ընկճախտի» համատեքստում: Էնպես էլ չէ, որ եղբայրասպան հերոսն ու իր Աբել ախպերը մի խնձոր ունեին, չէին կարողանում իրար մեջ հավասար կիսել ու…

Քավ լիցի: Խնձորի պատմությունն անցել էր: Խնձոր կար, բայց ժամանակին Ադամն ու Եվան անհեռատեսորեն կերել էին… Դե, ապրուստն էլ՝ ձրի: Երբևէ մեկն իրեն հարց տվե՞լ է՝ բա ո՞րն էր առաջին մարդասպանության պատճառը:

Ճիշտ և ճիշտ, պարոնայք. նախանձը…

Կայենը խորապես չսիրեց Աստծուն՝ հակառակ Աբելի, որին Աստված ավելի բարի նայեց: Դե, Կայենին, փաստորեն, մնում էր նախանձել ու վրեժխնդիր լինել:

Սա վաղուցվա պատմություն է: Անցել են Կայենն ու Աբելը, մնացել են նախանձն ու մարդասպանությունը:

Այն օրերից մինչև այժմ աշխարհի միջօրեականները գծվում են մարդասպանություններով: Ամեն օր, ամեն վայրկյան: Չենք սպանում թրով ու դանակի հատու շեղբով, այլ… հոգեպես, բայց պատճառը նույնն է՝ նախանձը: Յուրաքանչյուրիս մեջ կա մի տարօրինակ երկվություն, յուրաքանչյուրիս մեջ կան կիսով չափ Կայեն ու կիսով չափ Աբել: Մեզ նախանձում են, մենք նախանձում ենք: Իսկ զայրույթը աշխարհ չի սպրդում երբեմնի եղբայրասպան ձեռքերից, այլ…  աչքերից: Իսկ ես ավելի վախենում եմ այն նախանձից, որ պիտի դուրս սողոսկի աչքերից՝ չարությամբ ու մաղձով լի:

Սպանե՛նք մեր միջի կես մարդուն, խեղդենք այն Կայենին, որի աչքերից ամեն օր դուրս են թռչում նախանձի կայծեր: Մնանք մեր կես Աբելի հետ՝ չունենալով այն վախը, որ աշխարհի Կայենները մի օր կսպանեն նրան, քանզի Աբելների մահվամբ մկրտվում է Սեթերի ծնունդը…

 

Անդին 2, 2015

Կարծիքներ

կարծիք