Սիամանթոյի եղերեգությունը

Հեղինակ:

20152101121009613

«Չի եղել լուսնի տակ մի ողբ այնքան խոր,

Որքան Ջուլիետի ու Ռոմեոի վեպը սգավոր»,-

 

Սա Ուիլյամ Շեքսպիրը գրել է Մեծ Եղեռնից երեք հարյուր քսան տարի առաջ: Գրողի բախտը բերել է, որ ծերունի Սիմոնի չափ չի ապրել և 1915թ. յաթաղանը ձեռքին թուրք չի տեսել:

Մեկուկես միլիոն զոհված հայերից քանի-քանի ռոմեոներ են ընկել թուրքի ձեռքից, քանի-քանի ջուլիետներ  են խոշտանգնվել  կամ անարգանքից խուսափելով՝ ձեռք-ձեռքի տված, նետվել դրախտը ոռոգող Եփրատ գետը:

Հիրավի, ճիշտ էր Պարույր Սևակը, որ ասում էր.

«Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում,

Իր ողբերգական դրամաներով»:

 

Կոմիտասի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, 1969թ. մայիսի 19-ին, «Neue Zeit» թերթի թղթակիցը, անդրադառնալով Բեռլինում Վարդապետի «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոսի առաջին կատարմանը, գրել է. «137-րդ սաղմոսը (գերմաներենով), Բաբելոն քշված հրեաների այդ ողբը, լիովին անդրադարձրել է այն վիճակը, որում 1896-ին գտնվելիս է եղել  Կոմիտասը Բեռլինում, հեռու իր հայրենիքից, ուր… 1895-ի օգոստոսից մինչև 1896-ի փետրվարը յոթանասունից իննսուն հազար հայերի բառացիորեն կոտորել էին: Ուստի մենք, որ ոչ հեռու անցյալում վերապրել ենք Բուխենվալդի, Զաքսենհաուզենի կամ Տերեզինի ոճրագործությունները, ի դեմս Կոմիտասի մեծարում ենք նաև ականավոր ներկայացուցչին մի ժողովրդի, որն իր պատմության ընթացքում ավելի մեծ տառապանքներ է կրել, քան հրեաները»:

Մնում է ավելացնել, որ եթե հրեաները տառապել են Բաբելոնում և այլուր, ապա հայերը հալածվել ու կոտորվել են սեփական հայրենիքում…

Ահա այս տառապանքներից էլ բխել են հայ արվեստագետների եղերական ստեղծագործությունները, ահա այս ապրումներից են բռնկվել Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և այլոց հրեղեն բանաստեղծությունները:

Սիամանթոյին Ավետիք Իսահակյանը բնորոշել է որպես «Ունիկում համաշխարհային պոեզիայում»: Իսկ Դանիել Վարուժանը նրան համարում էր Գրիգոր Նարեկացու հետևորդ: Վարուժանին համամիտ էր Կոմիտասը, որ Սիամանթոյին համարում էր«նոր Նարեկացի»:

Հիրավի, Սիամանթոյի պոեզիայի հնչուժը (դինամիկան), ազատաչափ, տարերային հորդումը, մակդիրների հարստությունը, խոսքի էներգիայի տևական կուտակումն ու շիկացումը,  պայթուցիկ անտինոմիաների շարանը վկայում են Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղոթագրքի խոր ազդեցությունը:

Այս հատկություններն ավելի շատ բնորոշ են երաժշտական արվեստին: Սիամանթոյի պոեզիան նույնպես մի նվագերգություն է, ինչը նշում է հենց ինքը՝ պոետը:

«Որդին իր հորը» քերթվածում ասում է.

«Ես այն լարն եմ տիեզերքի այն տավիղին,

Որ միմիայն որդին գիտե իր հոր համար հնչեցնել…»:

Մեկ այլ տեղ գրված է. «Լսե՛ ինծի, Հայկյան բամբիռս Գողթան հողեն է ծներ…»:

«Չարչարանքի տեսիլներ ուրվականները» քերթվածում ուրվականը դիմում է պոետին.

Եվ բախե՛ դու ամեն դուռ, և կրծոտե՛ ամեն սիրտ,

Քու քնարովդ՝ մրրիկին պես իմ խոսքերս երգելով…

 

Անծայրածիր է Սիամանթոյի պոեզիայի հնչյունային դիապազոնը՝ ֆոնոսֆերան: Այն ծավալվում է անլար քնարի լռությունից, ուռենու ճյուղից կտրած պապանձված սրնգից մինչև հայ զինվորի պղնձե հաղթական շեփորը, որը «պիտի պատռի ռազմերգին որոտումեն»: Եվ շվեյցարական մամուլում՝ Կոմիտասին տրված գնահատականը լիովին կարելի է վերագրել Սիամանթոյին.

«…Ինչպիսի՞ դաս մ’է մեր երաժիշտներուն համար… քանի որ ամբողջ ժողովուրդ մը ինքզինք կը բացատրե իր ձայնով:

Բայց մանավանդ, ինչպիսի դաս գեղեցկության»:

Ահա Սիամանթոյի պոեզիայի այս ալեկոծումներն են, որ  խիստ դժվարացնում են այն վերածելու երաժշտության, երգի, սիմֆոնիայի, օրատորիայի և այլ երաժշտաձևերի:

Տեղին է Սեն-Ժոն Պերսի հետևյալ խոսքը. «…Ահ, մենք բառեր ունեինք քեզ համար, և բառերը չհերիքեցին մեզ»:

Այսպես էլ երաժշտական հնչյուններն ասես չեն հերիքում ընդգրկելու անընդգրկելին կամ էլ պետք է Սիամանթոյին համահանճար լինել:

Այդուհանդերձ, մի քանի կոմպոզիտոր համարձակվել են Սիամանթոյի խոսքերով երգեր ստեղծել՝ Հարո Ստեփանյանը, Սիրվարդ Կարամանուկը, Երվանդ Երկանյանը: Այդ երկերը գրված են բանաստեղծությունների առանձին, «մատչելի» հատվածների հիման վրա:

Նման երևույթ հանդիպում ենք դասական կոմպոզիտորների այն գործերում, որոնք հիմնված են երկարաշունչ, մեծակերտ սաղմոսների առանձին հատվածների վրա:

Սիամանթոյի խոսքերով երգեր գրելու հանդգնությունս պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Անշուշտ, նախ և առաջ հայ ժողովրդի ճակատագիրն արտացոլող նրա պոեզիայի «վարակիչ» ուժով, զորեղ խոսքի «ինտոնիացիայով»: Բացի այդ, հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու հրամայականորով, ինչն առավել հրատապ է դառնում 1915թ. Մեծ Եղեռնի հարյուրամյակի շեմին: Մեկ այլ խթան էր Երևանի Սիամանթոյի անվան դպրոցում տեղի ունեցող ամենամյա սիամանթոյական ընթերցումները, ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունները:

Ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը 2014 թվականը հայտարարել է որպես Սիամանթոյի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և հայոց այլ մեծերի տարի:

Ուստի և կյանքի կոչվեցին հետևյալ երգերս. «Սիամանթոյի թախծոտ սրինգը և հաղթական շեփորը», որը հիմնված է «Արցունքներս» և «Հույսին համար» բանաստեղծությունների վրա, «Սուրբ Մեսրոպը», գրված Սիամանթոյի համանուն պոեզմի խոսքերով, ինչպես նաև Ռուբեն Սևակի պոեզիայով ներշնչված «Վրեժին սերմնացանը»:

«Սուրբ Մեսրոպ» երգի շնորհանդեսը տեղի է ունեցել 2014թ. ապրիլի 23-ին, Սիամանթոյի անվան դպրոցի երգչախմբի կատարմամբ, և գրեթե նույն ժամանակ՝ Նյու Յորքում՝ «Շարական» անսամբլի մեներգիչ Գևորգ  Հաճեանի կատարմամբ:

Այժմ «Սուրբ Մեսրոպ», երգը Սիամանթոյի անվան դպրոցի հիմն է:

Բացի այդ, այն տեղ է գտել Գևորգ Հաճեանի երգացանկում, ով մասնակցում է անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի նախաձեռնած Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հարյուր համերգների շարքին:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը:

Իր ծրագրում Գևորգ Հաճեանն ընդգրկել է նաև «Ապրիլի 24» երգս՝ գրված Էդվարդաս Մեժելայտիսի «Լա մինոր» բանաստեղծության խոսքերով: Այս երգն ունի նաև այն խորհուրդը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչում ու դատապարտում է այլազգի գործիչը՝ լիտվացի մեծ բանաստեղծը, ով այցելել էր Ծիծեռնակաբերդ և սպիտակ վարդերով ու բանաստեղծությամբ պայծառացրել նահատակների հիշատակը:

Ի թիվս եղերական, հաղթական, ազգային-հայրենասիրական այլ երգերի, «Ապրիլի 24»-ը (թարգմ. Վ. Դավթյանի) ՙհայոց ճակատագրի երգիչ» Գևորգը կատարել է ավելի քան քսան երկրում, արթնացրել շատերի հոգու խորքում քնած արդարության և խղճի զգացումը…

«Կարամազով եղբայրներ» վեպում գրված է, որ տիեզերքի ներդաշնակությունը «մի կաթիլ արցունքն էլ չարժե այն տանջված երեխայի…»: Իսկ մեկուկես միլիոն զոհված հայերից քանիսն էին երեխա, և քանի-քանի «նիագարա»-արցունքներ են հոսել նահատակների աչքերից:

Եվ զարմանալի է ու ցավալի, որ կան մարդիկ, պետական գործիչներ, պետություններ, որոնք, այսքանից հետո դեռ կարիք ունեն ապացույցի, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր:

Հայտնի է, որ հայերին վերջնականապես բնաջնջելու նպատակով Օսմանյան Թուրքիան գործադրել էր իր ողջ բանակը և ազգի տականքը: Այսօր ևս գործում է մի մեծ «բանակ»՝ կեղծարարների և պատմությունն աղավաղողների, ցեղասպանության հետքերը, հայոց մշակութային արժեքները, վկայությունները ոչնչացնող մի ոչ պակաս մեծ մեքենա:

Եթե պատմագիտությունը, իրավագիտությունը կարող են սխալվել, եթե դրանք կարող են կեղծել, ապա ինչպես ռոմանտիկներն են ասում` զգացմունքը, արվեստը չեն սխալվում:

Ով գեթ մեկ անգամ լսի Կոմիտասի «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր» երգի ահա այս խոսքերը՝ «Վրա՛ հասիր, հայ ազգասեր, ձեռքից կերթա Հայաստան», անմիջապես կճանաչի ցեղասպանությունը, անշուշտ, եթե սիրտ ունի, եթե մարդ է:

Նույնը կարելի է ասել «Ադանայի ողբը», «Ախ, Վասպուրական», «Ավաղ, Սուրմալու», «Դեր Զոր կերթանք լալագին», «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն» և շատ ու շատ երգերի մասին:

Ըստ փիլիսոփա Անրի Բերգսոնի՝ երբ երաժշտությունը լալիս է, նրա հետ միասին լալիս է ողջ բնությունը, ողջ մարդկությունը: Այո, Սիամանթոյի պոեմներից մեկը կոչվում է հենց «Բնության լացը», մյուսը՝ «Հայ դաշտերուն պաղատանքը»: Իսկ Ֆրիդրիխ Նիցշեն հարցնում էր. «Մի՞թե այս լեռները չպիտի խոսեն»: Մինչդեռ հայոց հողն ու լեռները մինչ օրս շարունակում են աղաղակել և արձագանքը լսվում է մեր երգերում, մեր պոեզիայում:

Ահավասիկ, Սիամանթոն.

«Ու խոսող ձայնը հավիտենական, մաքառումներու Հողին ձայնն էր,

Որ իր ավերակե բերանները դեպի վեր՝ հորիզոններուն,

Մահազանգերու երկաթեղեն մրրկումի մը հանգույն՝

Վրեժով ու ցասումով առլցված, գերագույն մարտահրավերը կաղաղակեր…

Ու ահավասի՛կ, ձեզի մահաբույր արձագանքն իր փրկարար խոսքերուն…»:

 

Փիլիսոփա Նիկոլայ Լոսսկին բացարձակ չարը բնորոշում է որպես մի չարագործություն, որից ոչ մի շահ չկա՝ այն զուտ չարն է՝ առանց որևէ բարիքի:

Օրինակ, ի՞նչ էին շահում նույն եղեռնագործները, որոնց մասին Դոստոևսկին գրել է. «Իսկ այդ թուրքերը, ի միջի այլոց, հեշտասիրությամբ տանջել են նաև երեխաներին, մոր արգանդից դաշույնով կտրել-հանելուց սկսած մինչև ծծկեր երեխաներին վեր նետել և սվնինի ծայրով բռնել` այն էլ մոր աչքերի առաջ… Նրանք զվարճալի խաղ են խաղում… ծիծաղում են, որպեսզի նրան էլ ծիծաղեցնեն… Այդ րոպեին թուրքը նրա վրա ատրճանակ է ուղղում… Մանկիկը ուրախ ծլվլում է, թաթիկները երկարում, որ բռնի ատրճանակը, և արտիստը հանկարծ չրթացնում է բլթակը ուղիղ նրա երեսին, ջախջախում նրա գլխիկը… Արվեստ է, այդպես չէ՞: Ի դեպ, ասում են, որ թուրքերը քաղցրավենիք շատ են սիրում»…

Փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովն էլ նկարագրում է, թե ինչպես հրդեհված հայկական գյուղում թուրքերը մոր աչքերի առաջ խորովում են իր երեխային: եղեռնագործ «արտիստների» «խաղաոճը» փայլատակում է նաև Սիամանթոյի «Պարը» քերթվածում, որտեղ մի գերմանուհի պատմում է, թե ինչպես թուրքերը քսան հայուհիների ստիպել էին պարել, սափորով նավթ են ցողել նրանց վրա, ու.

«Հետո ջահով մը բռնկցուցին մերկ մարմինները հարսերուն,

Եվ ածխացան դիակները պարին մեջեն դեպի մահը գլորեցան…»:

 

Նիցշեն ասում էր. «Լավ ասված խոսքը մեռածն էլ կլսի»: Այդպիսին է և Սիամանթոյի հրեղեն խոսքը: Այն խոսեցնում է և՛ քարերը, և՛ լեռները, նույնիսկ պղնձե մահարձանը, որի խոսքերը լսվում են «Մեծ ծերունին կխոսի» քերթվածում:

Մեծ ծերունին՝ 19-րդ դարավերջի Անգլիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնն է, որ ժամանակին ասել էր. «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:

Եվ Գլադստոնի ոգին կոչ է անում.

«Եվրոպայի ժողովուրդներ,- ես իշխողներուն չեմ դիմեր-

Եվրոպայի և Ամերիկայի ստեղծագործ ժողովուրդներ,

Ի սե՛ր կյանքին, ի սե՛ր մարդոց ընկերության,

ի սե՛ր մահվան գաղտնիքին՝

Արարատյան արդար ցեղին Հայկական՝

Ձեռք ուղղեցե՛ք, ձեռք ուղղեցե՛ք, որ առանց արյան,

իր դաշտերուն վրա ծաղկի…

Ահավասիկ պաղատանքս մահվան որմին ետևեն…»:

 

Ըստ պատմաբանների, Գլադստոնի հիշյալ կոչը պոպուլիստական էր, և նպատակ ուներ ճնշում գործադրելու Հայաստանի դեմ ելած Թուրքիային և նրա դաշնակից Գերմանիայի վրա: Կեղծիքը վերաբերում էր Հայաստանին «ծառայել» խոսքին, այլ ոչ թե Հայաստանը քաղաքակրթության օրրան համարելուն: Ժամանակին ակադեմիկոս Նիկողայոս Մառը Փարիզում կարդացած դասախոսությունում ասել է. «Հարևան և մինչև անգամ հեռու ազգերից ո՞րն է, որ օգտված չլիներ հայոց ազգի կուլտուրական բարեմասնություններից, վիպասաններից եկող և աշուղներին հասած երգերից, նրա ճարտարապետական աննման զարգացած արվեստից, նրա բացառիկ լեզվագիտական շնորհից…»:

Եվ Հայոց ցեղասպանության օրերին հայերից օգտված «հարևան և մինչև անգամ հեռու» «ուտող-ուրացողներից» և ոչ մեկը օգնության ձեռք չմեկնեց: Եվ «այս աշխարհի ուժեղները» այդպես էլ չանսացին ո՛չ Անատոլ Ֆրանսի, ո՛չ Ֆրիտյոֆ Նանսենի, ո՛չ Յոհաննես Լեփսիուսի, ո՛չ այլոց մարդասիրական կոչերին:

Սրան անդրադարձել է նաև Դանիել Վարուժանը՝ մարգարեական ոգով գրված իր «Ջարդը» պոեմում.

Լաց, Հայաստան, ո՛վ թշվառ կին…

Զի հոն լվացին քեզ դատող

Պիղատոսներն իրենց ձեռքերն ու հոգին,

Երբ հույսերու Արշալույսին տակ բոսոր,

Առանց խղճի, ամոթի,

Քեզ նյութեցին խոր Լռությո՛ւնը մատնիլ…

Եվ ճակատիդ դեմ փակելով

Դեսպանական իրենց դռները…

Քեզ կթողուն մինավոր…»:

 

 

Այսօր էլ Հայաստանը դժվար օրեր է ապրում: Ի վերջո, մեր խոսքն ավարտենք, անցկացնելով ևս մեկ զուգահեռ Սիամանթոյի և Վարուժանի միջև, որոնք հնչում են որպես մի փոխկանչ, ղողանջներ:

Խոսքն, անշուշտ Հայոց ցեղասպանության մասին է, որն, ինչպես նշեցինք, առավել հրամայական է դարձել Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին, ինչը փորձաքար է լինելու համայն մարդկության խղճի, ազնվության, գիտակցության համար:

«Եվ լսեցեք ինձ, Բրիտանյան որդիներ…

Այս մահարձանը հսկայաձև զոր դուք ինծի շքեղությամբ

Սենթ-Փոլի մը կամարի դեմ, Լոնդոնի մեջ կերտեցիք,

Ես, Կլատսթոն, եթե չանսաք իմ այսօրվան պաղատանքիս,

Ես բովանդակ մարդկության մաքուր խիղճերն հոն հավաքած՝

Իմ պղնձի պատանքիս մեջ՝ թող անոնց հետ, և ձեր վրա արտասվեմ…»:

 

Ահա և Վարուժանի լավատեսությունը.

Մեր Մեռելները բոլոր

Միահամուռ ոստումով

Պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց,

Ու անհամբեր, հեռո՛ւն, հեռո՛ւն ակնապիշ

Պիտի սպասե վարդահեղեղ գալուստին

Արշալույսի մ’Արշալույսի մը՝ որուն

(Հավատացեք ինձ, Մայրեր)

Ես ոտնաձայներ կառնեմ…

 

Եվ այդ Հարության «ոտնաձայները» լսվում են նաև «Սուրբ Մեսրոպ» երգի զարկերակող, հաղթական մեղեդիում և Սիամանթոյի հրեղեն խոսքերում.

Երկու Հայքերն «Օվսաննա՛ քեզ» կգոռան…

Եվ Օվսաննա Վաղարշապատի Հայրապետին՝

Սահակ Պարթև զուգակշիռ արբանյակիդ,

Եվ Վռամշապուհ Արքային,

Որովհետև քու մեծ գյուտիդ զորավիգ,

Մեկն իր Խաչին, մյուսն իր Սուրին համազոր

Քու քայլերուդ հետ քալելով,

Արարատյան արշալույսին,

Դպրությանց դուռը մեզ բացին…»:

 

Անդին 9, 2014

 

Share

Կարծիքներ

կարծիք