Սեյրան Օհանյան | Ազգային գաղափարախոսությունն ու ավանդույթներն են մեր բանակի հիմքը

Լուսանկար

-Ուզում եմ միանգամից սկսել 1988 թվականից, երբ Արցախյան շարժումը սկսվեց: Այդ ժամանակ Դուք, եթե չեմ սխալվում, Ստեփանակերտում Խորհրդային բանակի  գումարտակի հրամանատար էիք՝ մայորի  աստիճանով:

 

-1988 թվականին ես Գերմանիայի Դաշնությունում տեղակայված սովետական զորախմբում վաշտի հրամանատար էի: Հուլիս ամսին տեղափոխվեցի մեր՝ Հարավկովկասյան օկրուգը, որտեղից ինձ ուղարկեցին Կիրովաբադ: Այնտեղի զորամասում մեկ շաբաթ մնացի: Եվ քանի որ  այնպիսի ստորաբաժանում էին ինձ  տվել, որ ոչ տեխնիկա ուներ, ոչ էլ զորակազմ (դրանք միայն թղթի վրա էին), խնդրեցի ինձ տեղափոխել Ստեփանակերտ: Ծառայությունս շարունակեցի Ստեփանակերտում: Վաշտի հրամանատար էի: Ութ  ամիս հետո դարձա գումարտակի հրամանատարի տեղակալ, մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար:

 

-Երբ սկսվեց Արցախի  ազատագրական պայքարը, լինելով  Խորհրդային բանակի բարձրաստիճան  զինվորական՝ անմասն չմնացիք  պայքարից, և նաև Ձեր ջանքերի շնորհիվ կազմավորվեց Պաշտպանության բանակը: Դժվար չէ՞ր լինել այնտեղ և այստեղ:

 

-Դժվար էր, որովհետև երկու ճակատի վրա պետք էր աշխատել: Նախ՝ պետք էր  լավ ծառայել Խորհրդային բանակում, որ չտեղափոխեին այդ զորամասից: Մի պահ որոշում եղավ բոլոր հայերին զորամասից տեղափոխել: Եթե տեղափոխեին, մենք չէինք կարողանալու օգտակար լինել և պաշտպանել խաղաղ բնակչությանը: Մի կողմից՝ սա, մյուս կողմից էլ, իհարկե, ընդհատակյա համագործակցությունը նոր կազմավորվող ջոկատների, կամավորական ստորաբաժանումների հետ, նրանց աջակցելը զենք-զինամթերքով: Մի այլ կողմից էլ՝ որպես հայ էր դժվար, որ, զինվորական լինելով, ունես քո ձեռքի տակ բավականին մեծ  հնարավորություններ, պաշար, բայց չես կարողանում օգտագործել և աջակցել քո իսկ ժողովրդին, հայրենիքին: Բայց մենք կարողացանք մեր կազմակերպվածության, աշխատանքի շնորհիվ իրավիճակն այնպես աշխատեցնել, որ Խորհրդային բանակի մեր զորամասի ղեկավարության մոտ հարգանք ունենալով՝ կարողացանք և՛ ընդհատակյա ստորաբաժանումների աշխատանքին մասնակցել, և՛ զորամասի հրամանատարության ղեկավարության հետ համագործակցել: Հրամանատարները լավ մարդիկ էին, նրանք տեսնում էին, թե ինչ վայրագություններ են կատարվում Ստեփանակերտում, ինչպես է այն ռմբակոծվում  Շուշիից և հարևան բարձունքներից: Մի քիչ ավելի հեշտացավ, երբ զորամասի հրամանատարության վրդովմունքը հասավ գագաթնակետին: Շատ դեպքերում նույնիսկ իմ ենթակաները մոտենում էին ինձ և առաջարկում, որ գումարտակից զինամթերքը գողանանք և տանք ժողովրդին, որ  ունենա ինքնապաշտպանվելու հնարավորություն:

 

-Վերջերս    հեռուստատեսությամբ ցուցադրեցին արխիվային կադրեր, որտեղ նաև Դուք էիք, շատ երիտասարդ, նստած քարտեզների դիմաց՝ պատրաստվում  էիք  մարտական գործողությունների: Երբ նայում եք այդ կադրերը, ի՞նչ զգացում եք ունենում:

 

-Նախևառաջ ասեմ՝ ես այդպիսի կադրեր շատ չունեմ, որովհետև ժամանակ չի եղել նկարահանվելու: Մեկ-երկու կադրեր են, որ բռնացրել են՝ ի տարբերություն շատերի, որ ռազմական հատուկ գործողությունների և նախապատրաստական փուլերում նկարահանվել են: Ձեր նշած արխիվային կադրերը հիմնականում շտաբի՝ գործողություններ մշակելու ժամանակ էր: Իհարկե, այսօր, երբ տեսնում եմ այդ կադրերը, նախ հիշում եմ մեր երիտասարդությունը և թե ինչպիսի ճանապարհ ենք անցել: Այն դժվարություններով է լի եղել և տևել է երկար: Քիչ թե շատ՝  շուրջ 20 տարի անց եմ կացրել Արցախում: 88 թվականին ես 26 տարեկան էի և  մինչև 2007 թվականը եղել եմ  Արցախում: Հպարտություն է ինձ համար և պատիվ, որ իմ զինվորականի մասնագիտությամբ ամեն ինչ արել եմ հայրենիքիս պաշտպանության համար, որ նպաստել եմ ինքնապաշտպանական ուժերի կազմավորման աշխատանքներին: Ոչ բոլոր կադրային սպաները մտան այդ ամենի մեջ: Ոմանք ինչ-ինչ բաներից վիրավորվեցին-գնացին, ոմանք փորձում էին ծառայել ոչ առաջին գծում: Ես ինձ համար մի բան հայտնաբերեցի, որ եթե քաղաքացիական տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ զենք են վերցրել և կենաց-մահու կռիվ են տալիս, ապա ինչո՞վ պետք է զբաղվի այն անձնավորությունը, ում  ողջ  կյանքում  դա են  սովորեցրել: Ես անվարան  մտա պայքարի և պատերազմի մեջ: Իմ գործունեության հիմքում եղել է անձնական օրինակը: Ես երբեք, ի տարբերություն որոշ մարդկանց, հեռու չեմ մնացել կամավորական պայքարից, առաջին գծում կռվելուց:

 

-Գոյություն ունի «թշնամուն ճանաչելու օրենք» հասկացությունը: Մեր սպայակազմը, բանակը որքանո՞վ է տիրապետում այդ օրենքին և ճանաչում թշնամուն:

 

-Բանակն այժմ զարգացման ռազմավարական նոր փուլում է, որտեղ ուրույն տեղ ունի բանակի հետախուզությունը: Մեր բանակի առանձնահատկություներից մեկն այն է, որ ի սկզբանե բոլոր կամավորական ջոկատները զբաղվել են հետախուզությամբ, և այն զարգացած է: Եվ եթե հետախուզությունը զարգացած է իր բոլոր ուղղություններով, ապա մենք քաջ տիրապետում ենք, թե այսօր հակառակորդն ինչ ունի, ինչով է զբաղված և որքան է նրա պատրաստվածության մակարդակը: Ես միշտ ասել և կրկնում եմ, որ չպետք է քանակական առավելությունից վախենանք, որովհետև այն ռազմական գործողությունների ժամանակ վճռորոշ չէ: Վճռորոշ է պատրաստության մակարդակը, ոգին: Այսօր, իհարկե, նրանք զինվում են: Հակառակորդին թերագնահատել պետք չէ, բայց համարում եմ, որ մենք հետ չենք մնում նաև մարդկային գործոնի զարգացման ուղղությամբ: Բացի դրանից՝ ամեն օր զինվորները, մեր քաջարի տղաները առնչվում են հակառակորդի հետ՝ դեմ առ դեմ խրամատներում կանգնած, և տեսնում են նրանց պատրաստվածության մակարդակը և միշտ պարտադրողի դերում են: Չի եղել փորձ նրանց կողմից, որ մենք բազմակի անգամ չպատժենք և եթե անհրաժեշտ է՝ կանխարգել ենք թեկուզ հենց իրենց դաշտում, իրենց տարածքում: Մենք նրանց տեսել ենք նաև պատերազմի ժամանակ: Իհարկե, եղել են բրիգադաներ, որ իրոք մեր դեմ կռվել են: Ի տարբերություն շատ շատերի, որ չեն դիմադրել: Մենք էլ ունեցել ենք կորուստներ, նահանջել ենք, նորից հակագրոհներ կազմակերպել, կազմավորվել և մեր դիրքերը վերագրավել: Այնպես որ, մենք ճանաչում ենք մեր հակառակորդին: Պարզապես թիվն է ավելացել, ունի աճ, բայց մեր ոգուն, զինծառայողներին, միջազգային վարկին զիջում է:

 

-Ռազմական բազմաթիվ փորձագետների կարծիքներ, գնահատականներ են հնչել հայկական բանակի մարտունակության վերաբերյալ: Կա՞, արդյոք, գնահատական, որ դեռ չի հնչել, և եթե Դուք գնահատեք, ինչպե՞ս կգնահատեք և արդյոք կհնչեցնե՞ք այդ գնահատականը:

 

-Կարծում եմ, որ իրենք՝ միջազգային կազմակերպությունները, այնպիսի մասնագիտական վարպետություն ունեն, որ ամբողջությամբ են գնահատում մեր բանակը և մեր բանակի հիմքը կազմող զինվորների պատրաստվածության մակարդակը, օրըստօրե արդիականացվող, նորացվող սպառազինությունները, գումարած դրան՝ պատրաստվածության մեջ, թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ մեր և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող զորավարժությունները, առաջին գծի ամրությունը, ինժեներական կառույցների ամրությունը, որով փորձում ենք պայման ստեղծել հակառակորդին պարտադրելու, որ մարտական գործողություններ չսկսեն: Այսօր Արցախում ստեղծված պաշտպանական կառույցները նրան թույլ չեն տա այսօրվա ռազմագիտության պահանջներին համապատասխան լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Միգուցե փորձագետները այնպես չեն բնութագրել, ինչպես մենք կբնութագրեինք: Չենք բնութագրել և այսօր էլ քիչ ենք ծանոթացնում մեր հասարակությանը մեր հրամանատարին, և հաճախ միայն բացասական երևույթներն են տարածվում, բայց մեր հրամանատարն ու զինվորը, քիթ ի արյուն, պաշտպանում են երկիրը: Բանակը մեծ կառույց է, ուզես թե չուզես՝ լինում են թե՛ անվտանգության կանոնների խախտման պատահարներ և թե՛ միջանձնային հարաբերություններով պայմանավորված  միջադեպեր:

 

-Պատահարները երևի թե նվազում են, բայց ոչ միջանձնային և կանոնադրական հարբերությունները:

 

-Մեր բանակում արտակար՛ պատահարները տեղի են ունենում մի քանի պատճառներով: Առաջինը անվտանգության կանոնների խախտումն է՝ զինվորների պատրաստվածության մակարդակից ելնելով, ինչու չէ, նաև զենքի հետ վարվելու կամ առաջին գծում մարտական հերթապահության ժամանակ: Երկրորդը միջանձնային հարաբերություններն են: Գիտեք, թե ինչ է բանակը. տղամարդկանց մեծ քանակ, երիտասարդ ավյուն, ինքնահաստատման պահեր, ուզես թե չուզես՝ միջանձնային հարաբերություններում լինում են դեպքեր, վեճեր, նաև ծեծկռտուք, որ հանգեցնում են օրինախախտության և նույնիսկ հանցագործության: Այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Զորամասերում ստեղծված են մասնագիտական հանձնաժողովներ, որոնք պայքարում են ինքնախեղման դեմ, մասնագիտական կանոնների պահպանման համար, մասնագիտական գնահատական և հրամանատարին ճիշտ աշխատելու ուղղություն են տալիս: Հիմնավոր աշխատանքներ ենք տանում միջանձնային հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք հասել ենք այդ մինիմումին, և որոշակի փոփոխություններ են պետք, որ արտակարգ պատահարները քչանան: Բանակում ազգային գաղափարախոսության և ազգային ավանդույթների ներդրմամբ  մենք ուզում ենք ավելի կատարելագործել արատավոր երևույթների դեմ պայքարը: Դա մարդկային հարաբերություններն են, որովհետև ոգին առանց մարդկային հարաբերությունների երբեք չի ձևավորվի: Դա հրամանատարի անձնական օրինակն է, դա զինծառայողների գիտակցաբար ենթարկվելն է հրամանատարներին և նաև հասարակության լայն խավերի ընդգրկումն է բանակում դաստիարակության իրականացման համար: Ես այսպիսի խնդիր եմ դրել, որ հայրենիքի պաշտպանը ձևավորվում է հենց ծնված օրից՝ ընտանիքում: Դրա համար մենք պատրաստ ենք ներկայություն լինել թե՛ ընտանիքում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում: Հիմա ըստ ամենայնի ընդլայնում ենք մեր աշխատանքները ռազմահայրենասիրական պատրաստվածության ուղղությամբ: Միայն ազգային գաղափարախոսության, ավանդույթների ընդլայնացված ներդրումը կբարելավի կարգապահությունը զինված ուժերում: Հիմնականում մենք ուզում ենք վերջ տալ այն խախտումներին, որոնք միջանձնային հարաբերությունների արդյունք են, և վերջ տալ, պայքար մղել քաղաքացիական կյանքից բանակ ներխուժող խոտելի երևույթների դեմ: Ես բանակում  արգելել եմ երկու արտահայտություն, որ հաճախ լսում ենք: Մեկը,  երբ  ասում են՝ դե բոլոր բանակներում էլ այդպես է:  Ոչ, մենք այլ բանակ ենք, ազգային բանակ ենք և պետք է այնպես անենք, որ մեր ազգային բանակում այդպիսի դեպքեր  չլինեն: Երկրորդ՝ ասում են, որ բանակը հասարակության հայելին է, և կարծես թե այդպես ասելով մենք ինքներս մեզ արդարացնում ենք, երբ պատահարներ են լինում: Բանակը զինվորական ռեժիմային, կաղապարված կառույց է, որտեղ կա կարգապահություն, հրամանատարական ուղղահայաց ենթարկվածություն, ուստի բանակում ավելի հեշտ է արատավոր երևույթների դեմ պայքարել, քան քաղաքացիական հասարակության մեջ: Իհարկե, այդ ամենը եթե լինի, մենք կբարձրացնենք զինծառայողների պատրաստվածությունը, զինվորական վարպետության մակարդակը, և կնվազեն անվտանգության կանոնների խախտմամբ արտակարգ պատահարները:

 

-Պարոն նախարար, Ձեր զինվորական կենսագրության ամենադառը և ամենալուսավոր օրը:

 

-Հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ծառայել հայկական բանակում, լինել Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, երրորդ նախարարն եմ եղել, գլխավոր շտաբի վեցերորդ պետը և ՀՀ ԶՈւ 8-րդ պաշտպանության նախարարը: Դրանից ավելի մեծ հպարտութուն և երջանկություն մարդու համար, որ ձգտում է հայրենիքին ծառայել, չի լինում: Իսկ դրվագային առումով՝ Շուշիի ազատագրումը, ընդ որում՝ փայլուն կերպով կազմակերպված ռազմական գործողության և մեր զինվորի, մեր հրամանատարի, այսօրվա Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կազմակերպելու, նրանց շնորհքի, վարպետության շնորհիվ մենք հասանք հաղթանակի: Ամենադառն օրերը՝ երբ մարտական ընկերներ եմ կորցրել: Այդ օրերը  ամենադառն օրերն են, չնայած հասկանում եմ, որ եթե նրանց անձնվեր պայքարն ու անձնազոհությունը չլինեին, մենք չէինք կարող հասնել հաղթանակի: Մենք այնպիսի հրամանատարներ ենք կորցրել, որոնք եթե այսօր մեզ հետ լինեին, ավելի մեծ արդյունքի կհասնեինք:

 

-Եթե զինվորական չլինեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

 

-Մեր տանը զինվորական չի եղել, իմ ծնողները ուսուցիչներ են, մանկավարժի ընտանիքում եմ դաստիարակվել, մի պահ ուզում էի մանկավարժ դառնալ, հետո որոշեցի դառնալ զինվորական: Ծնողներս ասում էին՝ մենք մանկավարժ ենք, դու այլ մասնագիտություն ընտրիր: Եվ ընտրելով զինվորականի մասնագիտությունը՝ ես տեսա, որ այն ոչնչով չի տարբերվում մանկավարժի աշխատանքից: Մեր աշխատանքի հիմքը ուսումնադաստիարակչական աշխատանքներն են:

 

-Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

 

-Ազատ ժամանակ եթե ունենում եմ, այստեղ՝ իմ աշխատասենյակում, զբաղվում եմ ընթերցանությամբ, հատկապես զինվորական գրականություն եմ  ընթերցում: Նժդեհ եմ շատ կարդում: Սիրում եմ սպորտով զբաղվել: Լողով եմ զբաղվում: Տանը զբաղվում եմ ընտանիքով, երեխաների դաստիարակությամբ:

 

-Որպես նախարար և զինվորական ի՞նչ կմաղթեիք հայ զինվորին ու բանակին:

 

-Նախևառաջ մեր զինծառայողներին ցանկանում եմ անձնական առողջություն և երջանկություն: Ուզում եմ, որ զինծառայողների հարազատներն ու ծնողները հպարտ լինեն, որ իրենց որդիները Հայոց բանակի կազմավորման և պետականության այս կամ այն ժամանակահատվածում իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի մարտունակության բարձրացման գործում: Պարզապես մարդկային առումով շնորհակալ եմ և մինչև գետին խոնարհվում եմ մեր զինվորի ու սպայի առջև, որ այս ծանր պայմաններում ծառայում են և բարձրացնում բանակի մարտունակությունը:

Մաղթում եմ անվտանգ  ծառայություն:

 

-Պարոն նախարար, կա «սպայի պատիվ» հասկացություն, ո՞րն է հայ սպայի պատիվը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

 

-Պաշտպանության նախարարի հրամանով ներդրվել են սպայի պատվի կանոնները, որոնք նրա վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմերն են: Միևնույն ժամանակ կարծում եմ՝ սպաների, ենթասպաների, սերժանտների ու շարքայինների պատիվ հասկացությունների միջև տարբերակում դնելը սխալ մոտեցում է: Ինչպես հայտնի երգն է ասում՝ «կյանքս կտամ հայրենիքիս, զենքս՝ որդուս, պատիվս՝ ինձ», և այս փիլիսոփայությունը պետք է արմատավորված լինի հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի մեջ՝ սկսած շարքայինից, վերջացրած գեներալով: Այս տրամաբանությամբ ներկայում աշխատում ենք Հայոց բանակի զինծառայողի միասնական պատվի կանոնների մշակման ուղղությամբ: Զինծառայողի պատվի կանոնները մշակվում են ռազմաբարոյական նորմերի և ակնկալվող էթիկական վարքագծի հաշվառմամբ: Ռազմաբարոյական նորմերն այն համոզմունքներն ու ակնկալիքներն են, որոնք արտացոլանքն են առանցքային զինվորական արժեքների և տարբերում են զինվորականին վարձկաններից: Այդ նորմերը մատնանշում և բացատրում են զինվորական ծառայության հիմնարար համոզմունքները և սահմանում են զինված ուժերի ենթարկվելը քաղաքացիական վերահսկողությանը և օրենքի գերակայությանը: Էթիկապես ճիշտ գործելու համար բոլոր մակարդակների զինծառայողները պետք է ցուցաբերեն կատարյալ բնավորություն՝ վճռականություն, անսասանություն, հաստատակամություն, ինքնակարգապահություն և հիմնավոր դատողություն՝ միևնույն ժամանակ հարգելով ազգային արժեքները և օրենքները: Զինծառայողի բնավորության հանգուցային հատկանիշներն են պարտքի զգացումը, հավատարմությունը, շիտակությունը, քաջությունը, ընկերասիրությունը, պատիվը, ինքնավստահությունը, օրինակելիությունը, կարգապահությունը, նվիրվածությունը և պատասխանատվությունը: Բացի դրանից՝ զինծառայողի պատվի կանոններում ներմուծվելու են ներկայում մշակվող «Հայրենիքի պաշտպանի ազգային գաղափարախոսության» դրույթները: Դրանով հանդերձ՝ պատվի կանոններում արտացոլվելու են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են քրիստոնեական հավատքի դերը հայ զինվորականի գաղափարականության, բարոյականության ձևավորման գործում, պետականամետությունը և լեզվապահպանությունը որպես հայ  զինվորականի գաղափարական արժեհամակարգի բաղադրիչներ, բանակ-հասարակություն-ընտանիք կապը, ազգայինի և համամարդկայինի համադրումը զինվորական կյանքում:

 

 

Զրուցեց Գոհար Սարդարյանը

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք