Ռուբեն Ֆիլյանի Լույսի ճանապարհով…

20150907163243890

Այնտեղ, որտեղ ցամաքը վերջանում է, որտեղ շոշափվում է հորիզոնի գիծը, այնտեղ, որտեղ օվկիանոսի կապտականաչավուն ջրերը ձուլվում են երկնքում լողացող եթերային ամպերին… աստղազարդ երկինքը ժպտում է մեզ… իսկ ցամաքն այլևս իսպառ չկա: Օվկիանոսի ջրերը կլանում են մեզ կատարելապես: Մթություն է, ոչինչ չի երևում, թախծոտ մայրամուտի արևը վաղուց լողացել-անցել է երկինքներում, հրաժեշտ տվել մեզ ու թաքնվել մինչև հաջորդ օրը… Սպասում ենք հաջորդ օրվան, անհամբեր ենք սպասում: Որպեսզի Գոայի ամենաազատ լողափերում կրկին արևածագ լինի, տխրությունը դադարի, և լույսն ու ուրախությունը կրկին պարուրի մեր հոգնատանջ հոգիները: Առավոտյան վեր ենք կենում Կավելոսսիմ լողափում, հայտնաբերում, որ Գոայում ոչ այնքան ազատություն է մնացել՝ հիփփիների բաղձալի ազատությունը, որքան ազատության ուրվականը, որը շարունակ շրջում է այս կողմերում:

…Ժամանակին, անցյալ դարի 70-ական թվականներին Երևանում արևավառ արտաքինով և պայծառ ժպիտով մի երիտասարդ կար: Նրան հաճախ էին տեսնում բացօթյա սրճարաններում, բոհեմական շրջապատում: Նա բարի էր ու լուսավոր, անկեղծ ու բաց, և այդ ամենը կիսում էր ամբողջ աշխարհի հետ: Ապրում էր իր փոքրիկ կարպետապատ սենյակում, որը կարծես ձեղնահարկ լիներ… և տուն էր, և տուն չէր, կամ բնակատեղի, կամ թաքստարան, հոգու ապաստարան, վերջին հանգրվան: Ամենանոր ու վերջին ձայնասկավառակները, ֆիլմերը, գրքերը առաջինը հենց նրա մոտ էին հայտնվում, և նա կրկին կիսում էր ամենը բոլորի հետ: Ասես վաղ քրիստոնեական համայնքում: Եվ Աստված տեսավ, որ Բարի էր… Ռուբենը, սակայն, շուտով հոգնեց սին ու դատարկ բոհեմից, անիմաստ ու աննպատակ գինարբուքներից, թունդ ծխախոտի անվերջանալի քուլաներից, որոնք մշուշում էին գիտակցությունը, դատարկ ու պարծենկոտ խոսակցություններից: Ռուբենը փակվեց սենյակում, ու սկսեց Նարեկացի վերընթերցել… խորապես տարվեց միջնադարյան գրականությամբ, Մեր Վերածննդի ասեղնահյուս պոեզիայով: Ռուբենը փակվեց աշխարհից… հեռացավ ու մոռացավ: Չգոյությունը դարձավ գոյություն, անէությունը՝ էություն: Ռուբենը հետզհետե փորձում էր հաղթահարել նյութի դիմադրությունը: Ապրելով իր Սուրբ հողի վրա, իր հայրենիքում՝ նա մի պահ իր հայացքն ուղղեց դեպի Արևելք, դեպի աշխարհի հնագույն քաղաքակրթությունը, լույսի ամենամեծ աղբյուրներից մեկը՝ Հնդկաստանը: Ռուբենը տարվեց հնդկական փիլիսոփայությամբ, զբաղվեց յոգայով ու մեդիտացիայով: Նա առաջիններից էր, որ կարատե էր պարապում: Գուցե ժամանակի հետ էլ նա դառնար գուրու և հիմներ իր աշրամը… գուցե… եթե…

Հենց այսպես սկսվեց Ռուբենի լույսի ու բարության ճանապարհը… որով առաջինը հենց ինքը քայլեց, քայլեց՝ փնտրելու ինքն իրեն ու նաև այս աշխարհի հավերժական ու անիծյալ հարցերի պատասխանները: Ռուբենը գտավ ինքն իրեն… իսկական: Բայց այն, ինչ նա փնտրում էր, ավաղ, այստեղ չէր, երկրի վրա չէր, երկինքներում էր, հեռու-հեռու տիեզերքում: Եվ նա մեկնեց ուխտագնացության՝ երկնային եթերի տիրույթներ:

Մասնագիտությամբ՝ լրագրող, կոչումով՝ գրող… շատ շուտով նա այդ կոչումից էլ հրաժարվեց: Ու ընթացավ հանդեպ յուր լռությունը, դադարեց գրելուց: Տպագրեց իր «Անծանոթ ինքնակենսագրությունը», գրեց մանրապատումներ, հեքիաթներ, պատմվածքներ, որոնք հետագայում համեմատեցին ափաչափ արձակի հետ: Մարդկային կյանքի անեկդոտիկ պատումներ… Ու նաև իր ստեղծագործության պսակը՝ փառահեղ մի վեպ, որ և խորհուրդ էր, և մարգարեություն՝ «Քո երկրի դեսպանը»… և այնքան արդիական, որ եթե մենք այսօր էլ չընկալենք այն, ապա կկանգնենք մեր ներկայիս երկիրը կորցնելու վտանգի առջև… մեր Սուրբ երկիրը, մեր Վերջին երկիրը: Եվ չմոռանանք, որ գիրքն այս տաղանդավոր գրվել է հենց մեր՝ հայկական սուրբ հողի վրա, հայրենիքում, սնվելով կենարար ակունքից:

Ռուբենի նախնիները Արևմտյան Հայաստանից էին, մեր պապերի կորուսյալ երկրից… Վեպն էլ ամբողջ ներծծված է թախիծով ու կարոտով մեր ժողովրդի կորուսյալ դրախտի հանդեպ, այն հողերի, որոնցից արտաքսվեցինք… Արտաքսում դրախտից… Սեր, որին կարոտում են… Կին, որին սիրում են… Մեզ լույս է պետք, բարություն ու ջերմություն, հանգստություն, խաղաղություն, անվրդովություն:

Գրեց ու հեռացավ, նույնիսկ չտպագրեց, թողեց ու գնաց: Մեկնեց Լեհաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Հորդանան և ի վերջո հաստատվեց Հնդկաստանի Գոա նահանգում: 70-ականների վերջն էր, հիփփիական նոնկոմֆորմիստական հեղափոխության, հիփփիների ազատականության փառապանծ ժամանակները: Ռուբենը եկավ Գոա ու ապրեց այստեղ իր կյանքի ամենալուսավոր ժամանակները, ամենաերջանիկ, պայծառ ու անհոգ: Ռուբենը չմահացավ, ոչ՝ չմահացավ, քանի որ Շիվայի Սուրբ հողում մահ չկա, անմահություն է, բնության անվերջանալի շրջապտույտ: Սեր յոթ կյանքերի համար… Ռուբենը քայլեց իր լույսի ճանապարհով՝ սփռելով բարություն, այն կիսելով բոլոր մարդկանց հետ անխտիր, բոլորի, ովքեր իր քույրերն ու եղբայրներն էին: Նա չմահացավ, թերևս հասավ միստիկական Շամբալային… այն տեղը, որը փնտրում են բոլորը, ովքեր քայլում են հոգևոր իմացության ճանապարհով: Ռուբենը գնաց, բայց թողեց մեզ իր գրականությունը որպես կտակ, պատգամ՝ ընթերցելու և վերընթերցելու համար… կյանքի ամենից պարզ ու ամենից բարդ ճշմարտութունները, խտացված մեկ վեպի մեջ, մի քիչ սյուրռեալիստական, մի քիչ աբսուրդային, լի այլաբանությամբ ու ակնարկներով: Կենցաղից դեպի կեցություն… մարդկային գոյության չբացահայտված առեղծվածներով: Այն ամենի մասին, ինչը որ կարոտում են, ինչի համար թախծում են:

Կավելոսսիմ լողափից, որ Գոայի ծայր հարավում էր, Պալոլեմ ամենախաղաղ լողափից ոչ շատ հեռու, մենք ճանապարհվում ենք Մարգաո, որ հարավային Գոայի տնտեսական կենտրոնն է: Մարգաոյում նստում ենք տեղական, բազմագույն ներկերով գունազարդած ավտոբուս և գնում Փանաջի կամ Փանջիմ, որ Գոայի մայրաքաղաքն է: Կենտրոնական Գոայից՝ Փանաջիից, Մանդովի գետով գնում ենք դեպի Մապուսա, որն արդեն հյուսիսային Գոայում է, մարզկենտրոն է: Մապուսայից Չապորա գետով ճանապարհվում ենք Գոայի գիշերային կյանքի կենտրոններ՝ Անջունա և Վագատոր, գիշերում այնտեղ՝ ակնկալելով առավոտյան, արդեն լուսաբացին սկուտերով, որը բաց է աշխարհի բոլոր քամիների համար, գնալ ու վերջապես հասնել Արամբոլ:

…Արամբոլ քաղցր լճակ, լուսավոր ու բարի, այնքան ջերմ ու տաքուկ… Լճակ, որը ցերեկվա ժամերին անմիջապես լուսավորվում ու ջերմանում է արևից: Եվ հատկապես այդ ժամերին այնքան հաճելի է լողալ այստեղ: Կարծես դրախտը այստեղ է: Ռուբենը փնտրեց ու վերագտավ իր ներքին դրախտը, Աստծուն իր մեջ հենց այստեղ՝ Գոայում, Արամբոլում: ԽՍՀՄ-ը կառուցում էր կոմունիզմ, լուսավոր ապագա, սակայն մարդկության լուսավոր ապագան եկավ-հասավ Գոա… Տեսնելով այս վայրերը՝ հասկանում ես, թե որքան նման են դրանք Ռուբենի նախնիների բնակավայրերին, որոնք նույնպես ծովի ափին էին, մեր ազգի կորուսյալ հողերը: Ռուբենն իր փնտրած երանությունը՝ նիրվանան, հենց այստեղ գտավ… Հենց այստեղ, ահա այս լճակի մյուս կողմում, որտեղ անանցանելի անտառներն են, և դրանց մեջ, հենց լճի ափին Ռուբենի խրճիթն է՝ փոքրիկ ու գողտրիկ: Եվ երբ նա առավոտյան զարթնում էր, օրհնում Հնդկաստանի սուրբ հողի բոլոր աստվածներին, ապա դուրս էր գալիս տնից, նրա առջև բացվում էր դրախտային մի համայնապատկեր՝ ծով ու արև, անամպ ջինջ երկինք ու սաղարթախիտ կանաչ բնություն… Եվ մի ծառ, որն այնքան ներդաշնակ է ապրում տեղանքի հետ, այնքան հարմոնիկ, որ նույնիսկ դրա մասին իմանալու կարիք այլևս չկա:

Արամբոլ լճակում լողանալուց հետո բարձրանում ենք իսկական ջունգլի, անտառ, որի խորքերում Մեծ Բանյանն է՝ տեղանքի Սրբազան ծառը, որի տակ նստում է տեղի ամենաուժեղ էներգետիկական դաշտ ունեցող հոգևոր ուսուցիչը՝ գուրու Բաբան: Այստեղ, այս ծառի տակ, որի տակ, ըստ լեգենդի, ամենակալ Շիվան պայծառացում է ստացել: Բոլորն այստեղ հավաքվում են, զրուցում, ծխում ու նվագում… իմացության, լուսավորության և պայծառացման ուղին բռնելով: Գնում-գալիս ու հեռանում են նրանք: Պարզվում է, որ այստեղ Ռուբենին հիշում են… Բաբան պատմում է, որ երբ Ռուբենը իջնում էր լողափ, ամենը լուսավորվում էր նրա ժպիտից: Իսկ երբ նա մայրամուտից հետո հեռանում էր իր փչակը՝ Ծագող արևի տունը, ամենը մթնում ու դատարկվում էր: Ասում են, դեռևս կան նրա աշակերտները, ազգությամբ ֆրանսիացի, որոնք Ռուբենի՝ դեպի Շամբալա հեռանալուց հետո մեկնել են հեռավոր Հիմալայներ, սրբազան Ռիշիքեշ և Հարդվար քաղաքները, դեպի Նեպալի հետ սահմանը:

Խունկ ու անուշաբույր ենք վառում Ռուբենի հոգու հանգստության և հիշատակի համար… ապա գնում ենք Դաբոլիմ օդանավակայան, նստում ինքնաթիռ, վերադառնում Մեր երկիրը, մեր Վերջին երկիրը… սիրով, հույսով, հավատով… լույսով ու բարիքով:

 

 

Անդին 3, 2015

Կարծիքներ

կարծիք