Չորս պարունակ

20150304161853152

Թեմաներն ունեն ընդամենը չորս պարունակ: Մեկը՝ ամենահինը, ամրացված քաղաքի մասին է, որը գրոհում և պաշտպանում են հերոսները: Պաշտպանները գիտեն, որ քաղաքը դատապարտված է հրի ու սրի, իսկ դիմադրությունն անիմաստ է. նվաճողներից ամենափառապանծը՝ Աքիլլեսը, գիտի, որ դատապարտված է զոհվելու՝ հաղթանակը չվայելելով: Դարերը սյուժեին մոգության տարրեր են ներարկել: Այսպես, սկսել են համարել, որ Հեղինեն, հանուն ում բանակներ են կործանվել, չքնաղ ամպիկ էր, պատրանք. ուրվական էր նաև աքայացիներին թաքցրած վիթխարի դատարկիրան նժույգը: Այս լեգենդը առաջինը վերապատմելու պատիվը Հոմերոսինը չէր. տասնչորսերորդ դարի բանաստեղծից մնալու է տող, որն հիմա գալիս է միտքս.«The borgh brittened and brent to brondes and askes»1 : Դանթե Գաբրիել Ռոսետին հավանաբար պատկերացնում է, որ Տրոյայի ճակատագիրը վճռվել է արդեն իսկ այն պահին, երբ Պարիսը կրքով համակվեց Հեղինեի նկատմամբ, Իյիտիսը կգերադասի պահը, երբ Լեդան մերձենում է կարապի կերպարանք ընդունած աստծու հետ:

Երկրորդ թեման, որ կապված է առաջինի հետ, վերադարձի մասին է: Ուլիսի մասին, որ ահեղ ծովերում դեգերումների և կախարդական կղզիներում կանգառքների տասը տարիներից հետո հարազատ Իթաքեի ափերն հասավ, և հյուսիսային աստվածների մասին, որոնք կործանյալ երկրներից անդին տեսնում էին, թե ինչպես այն, կանաչելով ու ճառագելով, վերստին հառնում է ծովի ջրերից, և խոտերի մեջ գտնելով շախմատի ֆիգուրներ, որոնցով մարտնչել էին նախօրեին:

Երրորդ թեման որոնման մասին է: Կարելի է համարել նախորդի տարբերակ: Դա Ոսկե գեղմի համար նավարկած Յասոնն է, և պարսից երեսուն թռչունները, որոնք ծովեր ու լեռներ են կտրում, որպեսզի տեսնեն պատկերն իրենց աստծո՝ Սիրամարգի, որ է յուրաքանչյուրն իրենցից և բոլորը միասին: Անցյալում ցանկացած ձեռնարկում ավարտվում էր հաջողությամբ: Արդյունքում մի հերոս առևանգում էր ոսկե խնձորը, այլ մեկին հաջողվում էր հափշտակել Գրաալը: Հիմա որոնումները դատապարտված են ձախողումի: Նավապետ Աքաաբը խոցում է կետաձկանը, բայց կետաձուկը այդուհանդերձ ոչնչացնում է նրան. Ջոյսի և Կաֆկայի հերոսների հանգրվանը պարտությունն է լոկ: Մենք այնքան աղքատ ենք խիզախումով և հավատով, որ երջանիկ ավարտում տեսնում ենք զանգվածների համահարթյալ ճաշակի եղծացյալ քաջալերանք լոկ: Մենք ունակ չենք հավատալու դրախտին և առավել՝ դժոխքին:

Վերջին թեման աստծո ինքնասպանության մասին է: Հատիսը Փռյուգիայում հաշմում և սպանում է իրեն. Ոմանք իրենց զոհում են Օդինին, իրենք իրենց՝ ինը գիշեր գեղարդով գամահար կախվելով ծառից. Քրիստոսին գանահարում են հռոմեական լեգեոնականները:

Թեմաներն ունեն ընդամենը չորս պարունակ: Եվ որքան ժամանակ էլ մնացած լինի մեզ, անընդհատ վերապատմելու ենք դրանք. այս կամ այն կերպ:

 

1. Այս տողը միջնադարյան անգլերենով նշանակում է մոտավորապես հետևյալը. «Բերդը՝ անկանած և վերածյալ հուր ու մոխրի»: Այն «Սըր Հավեյնը և Կանաչ Ասպետը» ալիտերացիոն հրաշալի պոեմից է, որը պահպանել է սաքսոներենի նախաստեղծ մեղեդայնությունը, թեև ստեղծվել է Անգլիան Վիլյամ Ընկեցիկի գլխավորությամբ գրավելուց մի քանի դար անց:   

 

Ռուսերենից թարգմանեց Հակոբ Սողմոնյանը

 

Անդին 7, 2014

Share

Կարծիքներ

կարծիք