Չափը մեր չափահաս

20152702191026193

Ես` դժվար ասացողս, որ երբեք չիմացա, թե որտեղ պետք է բութն ու ստորակետը դրվի խոսքիս սահմաններում, չեմ կարող սխալվել այսքան, քանզի գիտությամբ չէ իմ իմացությունը, այլ` ճանաչողությամբ:

 

Ի՞նչ է, անձրևնե՞ր են պետք առանձնահատուկ ու բացառիկ հնչերանգներով, ոսկեծիրան հագած երկնային լույս` ներսից ու դրսից լվացող, ժամանակի կարծր փոշին սրբող-տանող նոր ջրհեղեղներ, գանահարված ճակատագրեր,  ողբերգություններ, Աստծո նորովի զայրույթ… որպեսզի ճանաչենք ինքներս մեզ… և տուն վերադարձի ճանապարհը: Անհիշելիության ծանրություն պարունակող երկրի հիշողությունը պիտի որ մտապահած լիներ փրկության իր տեղանքը:

 

Վկայողները շատ են, վկայողներին վկայողները` սակավ:

 

Ո՞րն է նոր աշխարհի չափը, որի սահմանագծում ամեն կերպ փորձում ենք տեղավորել արժեքները մեր, իսկ չտեղավորվելու դեպքում մեղավորի դեմքով արձանագրում ենք չափորոշիչներին չհամապատասխանելու փաստը: Ո՞ւր է հասել աշխարհը, որտեղ մենք չենք եղել:

 

Աշխարհն այսօր տառապում է մենության հիվանդությամբ՝ ծերացող մենության:  Ո՞ւր է հասցրել հզորագույն հայրենիքներին  իրենց ողջասեր ժողովրդավարությունը, Էկզյուպերին կասեր` Տեր, տուր ինձ ոչ թե այն, ինչ ինքս եմ կամենում, այլ այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է:

 

Մարդը երբեք այսքան միայնակ չի եղել, ինչպես հիմա` Համացանց Սարդոստայնի  միավորող ժամանակներում, երբ հաղթահարված է լեզուն և տարածությունը: Եվ այս չափորոշիչների կարևորագույն տարրն է համացանցը` նոր աշխարհի չափը:

 

Այս ամենը ինձ հիշեցնում է սքանչելի գիտության ծառը, որի գագաթը երկինք էր հասնում և ճյուղերը ամբողջ աշխարհի վրա էին տարածված ու բոլոր մարդկանց իր հովանու տակ էր առել և որին Տերը պատժեց` լեզուների, սովորույթների տարբերություն ծնելով, մարդկանց աշխարհով մեկ գերեվարեց, հիշեցնում է նաև Բաբելոնի աշտարակը: Եվ հիմա բոլորս այս վերին չափորոշիչների սարդոստայնագերին ենք և կարծես թե կերտում ենք… գլխիկոր, տեղ չհասնելու վախը մեր մեջ: Այնինչ ժամանակ կար, երբ մերն էր իմաստնությունը, և մերն էր այն կենդանի բառը, որի շուրջ կերտվել էր ճշմարտությունը պարզ, և եթե մենք այսօր կանք, երբ հիշողության պատից ջնջվեցին մշակութակիր ազգեր, կանք, որովհետև որևէ չափորոշիչների չափագերի չենք եղել: Գուցե մեզ ընդամենը անհրաժեշտ է բոլորաճանաչության մեջ լինել ինքնաճանաչ, իսկ ինքնաճանաչողության մեջ՝ ինքնասաց:

 

Անհիշելիության ծանրություն պարունակող երկրի հիշողությունը մտապահել է փրկության իր տեղանքը` նոր լույսի ու կենաց ծառի հայրենիքը, քանզի տվողը գիտեր տուն դարձի ճանապարհը, տուն դարձի բոլոր իմաստներով: Ոչ մի գիտություն և տեղեկատվության ահռելի քանակ… չի փրկելու… քանզի նույն գիտությունը վիթխարի   մարմին առած շարժվելու է մեզ վրա, ու խոնարհվելու ենք, խոնարհվելու ենք շրջապտույտի օրենքներով՝ ինքներս մեզ հաստատելով, ինքներս մեզ վերադառնալով:

 

Ինքն իրենից առաջ ընկած ժամանակը… իրենից դուրս ու ահագնական խելակորույս ընթացքների մեջ `գետնին ընկնավորի նման թավալվելու ու էլի չհասցնելու ժամանակը կատարված է…

 

Սիրո ճանապարհն է գիտության ճանապարհը, մեզ մոտ բերող ճանապարը… հայրենիքի մեր` մի բուռ… որ չպիտի տարբերվեր իր հսկայությամբ ու իր պերճանքով… քանզի սիրո համար պերճանք պետք չէ, այլ` խոնարհում, ինչպես հայրական տան շեմին:

 

Սիրո կարոտ աշխարհը փրկող հայրենիքը մենք ենք, նոր աղոթքի հայրենիքը մենք ենք, մենք ենք նոր աղոթքը, ես եմ նոր աղոթքը…

 

Հ.Գ — Իսկ ժամանակը, գուցե թե, միշտ էլ կատարված է եղել, զգայուն հոգիները գիտեն, որ իրենք ապրում են Միաժամանակում:

 

 

 

Անդին 3, 2013

Share

Կարծիքներ

կարծիք