Շրջվեմ եվ ասեմ…

Լուսանկար

 Անդինը ներկայացնում է կյանքից անժամանակ հեռացած բանաստեղծ, դրամատուրգ, «Նարցիս» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանի հետ հարցազրույցից մի հատված: Հարցազրույցը երբևէ չի տպագրվել: Այն առանձնակի է նաև նրանով, որ բանաստեղծի միակ հարցազրույցն է:    

 

— Վահան, խոսենք առաջին մարդու շուրթերից հնչող նախնական բառի մասին. «Բառերի վերածված աշխարհն է՝ մեզ ճանաչելի աշխարհը».-  քո ձևակերպումն է. ինքդ քո բառն ինչպե՞ս կարժևորես:

 

— Հիշենք, թե ինչ ճանապարհով է անցել բառը կամ դարձվածքը՝ մնալով բառ կամ դարձվածք, հազարամյակների մեջ հազարավոր իրավիճակներում կիրառվելով, ճշգրտվելով, հացի սեղանի շուրջ, միշտ մնալով նույնը և կենսունակ դուրս գալով:

Զորավարի շրթունքին դրված բառը, որը բանակներ է առաջնորդում, Գիտության մարդու շրթունքին դրված բառը, որ քաղաքակրթության շարժիչն է, Մարգարեի շրթունքին դրված բառը, որ մարդկությունը առաջնորդում է դեպի անմահություն,  Իմ շրթունքին դրված բառը, որն ինձ համոզում է՝ ապրի՛ր,- բազմապատկիր կյանքը, ապրի՛ր…   Մարդը հետզհետե իր մշակույթով ու գիտությամբ, իր փիլիսոփայությամբ բնակելի է դարձնում հոգևոր և նյութական տարածության սահմանները, որ չխարխափի. նախ և առաջ՝ խոսքի մշակույթով:

 

—  Իսկ բառի կորուստը կարո՞ղ է զգայականության կորստի տանել.- տագնապե՞լ է պետք:

 

— Զգայական կորստի, հոգևոր ապրումի կորստյան առումով ողջ մարդկությունը SOS հնչեցնելու վիճակի մեջ է, և դա է պոետի գործը եղել ի սկզբանե և, առավել ևս, այսօր: Մարդու զգայական ստեղնաշարից զգայարաններ են կորչում օրըստօրե, և ոչ ոք չի ահազանգում… Ինչո՞ւ օվկիանոսներում, ծովերի վրա նավերի կորստյան պահին ահազանգվում է այդ կոչը, իսկ հոգևորի տարածքում կորստի պահին չի հնչեցվում. չէ՞ որ ապրումների այդ քանակության կորուստը հենց մարդու կորուստն է: Մարդը հոգևոր, մշակութային գոյություն է,- մնացյալը կենսաբանություն է: Այսօրվա մարդը արտաքին աշխարհի փայլի ու փայլի բազմապատկման ահագնացող աճուրդի ու վաշխառության վտանգի առաջ ամեն պահի վտանգում է հոգևորը…

Ես գրականության կամ գեղագիտության խնդիր չունեմ. մարդու խնդիր ունեմ:

 

— Ինքդ հաստատում ես` «Աշխարհի հոգևոր, զգայական կլիման նաև ի՛մ հոգեվիճակից է կախված…»,- իսկ որքանո՞վ է գրողը կախյալ աշխարհի հոգեվիճակներից: Գրից դուրս ո՞րն է գրողի անելիքը…

 

—  Կասեմ միայն՝ թող կախյալ չլինի. աշխարհը դեպի իրեն ճամփա կունենա: Աստծո տեղը թող թափուր չլինի: Իսկ գրից դո՛ւրս էլ՝ խոսքն է, անվանե՛լը… Արդեն ասացի՝ Ադամն էր չէ՞, որ անվանեց, առաջին բանաստեղծն էր՝ անվանելով ցավը` մեզ հայտնված գոյության սահմանները ընդարձակեց: Անվանակոչությունը շարունակվելու էր, քանզի Աստված, Ադամի համար կտրված տեղից մեր միջոցով՝ գրողի, նորից կապելու էր ու շարունակելու էր… Ամենայն ինչ ի սկզբանե բանավոր էր. գուցե Ադամի մոտ ընդհատվեց, քանի որ էվոլյուցիա կար և պետք է որ ընդհատվեր. և արդեն մենք՝ կենաց պտղին հասնելու մղումով, նոր դրախտը ժառանգելու ցանկությամբ, շարունակելով անվանումը՝ մինչև հաջորդ հանգրվան պիտի տանենք, մինչև Աստվածային եսի նոր ճանաչում, մինչև ո՜ւր…

Սակայն, «բան» էր ու էլի բա՛ն է լինելու…  Աստծո մասնակցությո՞ւնը,- Նա, ով դաշտերին խոտ է տվել, երկնքին՝ աստղ, ամենքը մեկ հատիկ, և թողել է, որ շարունակվի, նա գիտի՝ թե ինչ է արել. մենք մեր քրտինքին մնանք՝ մեր բանը շարունակելով. ո՛չ թե դատենք: Խոտ տվողը՝ խոտերի բազմապատկումին մեր շուրթերով դաշտ էր կոչելու, աստղերինը՝ տիեզերք…, և գուցե ինքն էր Ադամի շուրթերով խոսողը նաև… Մենք մեր մերձավորին սիրենք, որ այս ամենի մեջ կարողանանք տեղավորվել ու փառաբանենք էս կյանքը:

 

— Պոետի համար տարբերություն կա՞,- պոեզիա, թե արձակ գրել… Խոսիր գրելու կերպիդ մասին. ինչպե՞ս է սկսվում…

— Ենթագիտակցությանդ մեջ ապրում է տեսիլը, պատկերը, գաղափարը, դու քո էությամբ այդ ամենում ես` տեսիլի, պատկերի, գաղափարի հավաքում: Պատահական մեկ ասոցիատիվ ազդակից, կոնկրետ պատկերից, ոգևորությունից՝ ենթագիտակցության մեջ ապրողը  գալիս և ինտոնացիա  է դառնում գիտակցության մեջ,- ընդհանրական, կոնկրետ, տարածական, այսրոպեական, այժմեական կամ համապարփակ,- և դու գրում ես զգացածդ՝ մտքի չվերածած. վստահում ես զգացածիդ պատկերային շղթաների հաջորդականության երթին՝ ինքն իր ներսով ընթացող… Ինտուիցիան կրում է այս ամբողջությունը…

Արձակում զգացածդ պիտի նկարագրես մինչև վերջ. էպիզոդիկ, շատ զգայական, անակնկալ ներկայությունդ պետք չէ. պետք է պատճառաբանես, բացատրես, նկարագրությունդ պիտի տանես մինչև վերջ, շատ վեր չգնաս ու շատ չիջնես, ասելիքդ դատապարտվածի նման տանես. ճշգրիտ — մինչև վերջ:

Պոեզիան իր սեղմ, բարձրական չափումների մեջ է. իր երանգի փոփոխությունը՝ երբեմն նաև իմաստի փոփոխությունը, շարունակությունը, գույնը, թողնվում է ընթերցողին… Դու միայն թղթի ծայրին ես վրիպում, զգացածդ արդեն աննշան, չնչին, մերկանդամ է թվում. այս պահերին է երբ պոեզիա չկա… Երբ արձակ ես գրում. միտք է՝ պատճառաբանված, ձևակերպված միտք, և պոեզիայի թաղումն է… կամ՝ գուցե արձակի ծնունդը…

 

—  Այդ դեպքում՝ ո՞րն է գրությանդ նյութը…

 

—  Գրելիս ինչ իմանամ թե ինչ եմ գրում… Գուցե սա է այս հարցի պատասխանը: Այդ մասին չգիտեմ, այդ մասին դեռ չեմ խոսել. շրջվեմ և ասեմ, որ գրելիս չեմ իմանում թե ինչ եմ գրելու՝ ինքնաբերաբար բառերը գալիս են, եթե ավարտին ապրումս բավարարված է, արդեն ընթերցելու կարիք չկա. այդ ընթացքում գրածս՝ իմ ներքին պաշարից հազար ու մի բանի հեղումն է…

 

— Այսօր, ցավոք, կասկածի տակ է առնված շատ բան, մարդկայնությունը, մարդկային հարաբերությունները… Երբ արժեքներն են վտանգված՝ վտանգված չէ՞ արդյոք մարդու ինքնաճանաչողությունը, նույն վտանգին ենթակա չե՞ն հանրությունն ու աշխարհը: Ինքդ ես բանաձևում. «Եվ փիլիսոփայությունը, և գիտությունները և արվեստները մարդու՝ ինքն իրեն ճանաչելու ձգտումից են».- տեղի՞ն է ասել՝ խառնակ ժամանակնե՞ր են ու վերջ: Գուցե ներքին մտայնությունների խնդի՞ր է.- ինչպե՞ս կողմնորոշվել:

 

— Ուսումնասիրեք մարդկային մի փոքրիկ խմբի պառակտում, այնտեղ արտահայտված հույզերի՝ մանր կրքերի, հավակնությունների, խանդի ու շահի, ցանկությունների բախումները և այն տեղադրեք արդեն կայսրությունների, տերությունների չափանիշում, և կտեսնեք, թե ինչպիսի հույզերի արդյունքում է վաղը կործանվելու աշխարհը… Յուրաքանչյուր մարդ իր կրքերի մանր կրակին եփում է այդ ընդհանուր ճաշը…  Այդուհանդերձ, տողս մեջբերեմ՝ /ՙՄեզ՝ ամենքիս կյանքը խաղարկում է, // Հնարավորինս քիչ խաղարկվիր… // Չմեղադրես խաղարկվողին…»/

 

— Իսկ ընդհանրապես մարդու-մարդկության համար ո՞ր գաղափարն ես դասում ամենից վեր:

 

— Տունը, տան գաղափարը: Ընտանիքը Արքայության երկրային մոդելն է, ի սկզբանե մտահղացվել է Նրա կողմից մեկը և մեկը. հետագայում խանդերի, թե այլ պատճառով խախտվեց կամ արծարծվեց եղածը. ոտնձգություններ եղան միմյանց իրավունքների վրա, գայթակղություն եղավ, ավերվեց, անպաշտպան դարձավ տունը և եղավ այն ինչ գիտենք, մեկի, մեկ ընտանիքի հայացքով ամեն ինչ ճիշտ է, բազումների հայացքների՝ միմյանց հակասող խաչվածության պատճառով է այս խառնակությունը…   Չմոռանալու ցանկությունը՝ ահա գրողին գրող դարձնողը. ոչինչ չկորցնելու… Ես չեմ կարողանում կորցնել…

 

—   Իսկ ո՞րն է ըստ քեզ մարդու Աստված ընկալման նախաշեմը:

 

— Մարդն Աստծուն ընկալում և ճանաչում է ծայրահեղ լարված, ճակատագրական, դժվարին պահերին, երբ պահանջվում է հոգու ամբողջ կորովը, հաշտվողականությունը: Դու կանգնած ես՝ դիմադրելու համար քեզ հետ պատահածին, և դու զգում ես նրան, ով արդեն հեռվից ներթափանցել է քո մեջ, միացել քեզ, դու ես և հեռվից աջակցում ես քեզ՝ քո արյան բջիջների մեջ կենդանանալով…

Աստված չի բացակայում ճաշի սեղանի շուրջ, պատերազմի օրերինª հազարամյակների մեջ…  Աստված քանիցս եկավ-գնաց հարազատներիս մահվան օրը, ոչ ոք չտեսավ…

 

—   Մարդկային ո՞ր առաքինությունն է քեզ համար առաջին տեղում:

 

— Խի՛ղճը. առանց խղճի հնարավոր չէ հասնել որևէ մեծագույն չափի: Խղճի ներկայությունն է, որ մարդուն մարդ է սարքում: Կենդանական աշխարհը, բնությունը բացարձակ չի ենթադրում խիղճ, կասենք՝ բացարձակ ոչինչ չի ենթադրում՝ ինքն իր մեջ արծարծվող քաոս է, որոշակի առանցքի վրա կառուցված՝ ինքնաբավ կեր ու խում: Դրա՝ նշված առանցքը Աստծո բանն է,- ընդամենը այդքանը: Դրա՛ մեջ Աստծո գործն այդքա՛նն էր… Դարվինինը՝ Դարվինին,- միայն դրանով արծարծվողը, միայն ողնաշար ունեցողը մեր տեսքով՝ խիղճ չէր ունենա… Որ նայես՝ խիղճը ամենահակաբնական բանն է, և հակաբնական որևէ բանի կամովին գնալը մարդուն ցավի էր հանգեցնելու: Սա էլ Աստծո ներկայության մի փաստ է ընդամենը…

Քեզ ցավեցնելու գնով է սկսվում մարդեղացումդ…

 

— Իսկ ի՞նչ կասես նյութը հաղթահարելու մասին. առանձին երևույթն ինչպե՞ս արժևորել, ինքներս ի՞նչ արժեքի մեջ ենք:

 

— Բարձր երևույթը հոգով է ընկալվում, դիպուկ է՝ ինքն իր տեղում է և չի քննարկվում, քարշ չի տրվում ներքև քննարկման համար, քանզի այլ տարածքում կմեռնի. ընդունվում է առանց վիճարկման, պե՛տք է ընդունվի…  Այն՝ ինչ որ արժեքավոր է, թող ներկա լինի թե՛ պետության գործում, որտեղ էլ կարծում եմ մեծ պակասություն կա, թե՛ մշակույթում.- արժեքի մասին է խոսքը…

 

— Ա՛յս ենք և այսքանը: Ավելին՝ դարձյալ մենք ենք՝ մեր ներսի առավել լինելու ձգտումով: Սահմանենք չափը և մտածենք մեր կատարածից ավելին անել, ձգտենք հավասարվել մեր ցանկացածին… Նշանակում է՝ այսօր ա՛յս ենք՝ ներառյալ մեր ձգտումը…, և ա՛յս է մեր ժամանակը…

 

Զրուցեց Գոհար Գալստյանը

2009թ., հունիս

Share

Կարծիքներ

կարծիք