Շոթա Ոսկանյանի առասպելական անդորրը

20152606173313564

Վերջերս բացվեց Շոթա Ոսկանյան գեղանկարչի «Կյանքի կրկեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Նկարչի փարիզյան շարքը, նատյուրմորտները, կրկեսային թեմաներով նկարները, ֆիգուրատիվ աշխատանքներն ու քանդակները ամբողջացել էին «Արամե» պատկերասրահի հարկի տակ: Նկարչի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Արցախի Հանրապետության թանգարանում և մշտապես ցուցադրվում են Երևանի «Արամե» պատկերասրահում: Շոթա Ոսկանյանը ցուցադրություններ է ունեցել Ռուսաստանում, Ստոկհոլմում, Երուսաղեմում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում:

Հիշում եմ` մանկությանս տարիներին, երբ նկար էի տեսնում պատից կախված, կտավի մի ծայրից բարձրացնում էի, որ տեսնեմ պատկերի հակառակ կողմը… ինչպե՞ս էր շարունակվում պատկերն իր խորքում, որ հակառակ կողմն էր՝ այդ ամենից այն կողմ: Ինչպես Լուիս Քերոլի հերոսուհի Ալիսը, ուզում էր տեսնել, թե ինչպիսի՞ն կլինի լույսը մոմը հանգցնելուց հետո, այդպես էլ ես ուզում էի տեսնել ինչպես է շարունակվում նկարը՝ նկարից այն կողմ:

Բայց և ամեն անգամ հիասթափություն էր ինձ սպասում հակառակ կողմում միատար կտավի… և ես մտածում էի, որ եթե նկարիչ դառնամ պիտի կտավի հակառակ կողմում նկարեմ՝ չգիտեմ ինչպես: Հիմա հասկանում եմ տարածական նկարչությամբ գերված Երվանդ Քոչարին, որ իր ստեղծած պատկերը ուզում էր կողքից տեսնել, հետո հակառակ կողմից և այդպես շարունակ՝ գուցե թե ընդգրկելով ողջը:

Շոթա Ոսկանյան հրաշալի նկարչի և քանդակագործի ստեղծագործությունները կարծես այս Ամենի, Իրականության Նկարի, լույսի և գույնի զգայականության հակառակ կողմում են: Ինքնահայեցող մի աշխարհ, ուր կյանքը հոսում է իր երբեմնակի կանոնիկ վերադարձներով, լույսի ու ստվերի խաղաղ ու ինքն իր մեջ ներդաշնակված լռությամբ:

Իրականության կտավին զուգահեռված պոետիկ ալարկոտությամբ ու ինքնածոր ճկունությամբ երազային մի աշխարհ է Շոթա Ոսկանյան գեղանկարչի աշխարհը, որը թերևս երազային լինելով՝ առավել իրականություն է, քան իրականությունը՝ ինքը: Հակառակ դեպքում, ո՞րն է իրականությունը, եթե ոչ այն աշխարհը, որը մենք ամեն օր մեր մեջ ծանրամարմին կրում ենք աշխատանքի և տուն:

44744

Նկարչի ստեղծած կերպարները ապշեցուցիչ կերպով փոխըմբռնման եզրում են՝ նախանձելի փոխընբռման, այնքան, որ ուզում ես ապրել Շոթա Ոսկանյանի կտավներում. այստեղ բոլորը սիրում են միմյանց, այստեղ հարցեր չկան ՝ որտեղից, երբ և ինչու , և բառերը խեղճ են ու բեկված այն սիրո և լռության շրջանկարում, ուր նկարչի աշխարհն է:

Առասպելական անդորր, որ կանգնած է կյանքի վիթխարի խելահեղության հակառակ կողմում՝ մունջ ու երանելի ներկայություն, որ նվիրում է մեզ Շոթա Ոսկանյան հրաշալի նկարիչը՝ կյանք, թատրոն, կրկես, թե կրկես, թատրոն, կյանք… ի վերջո ի՞նչ տարբերություն… մեկ է կյանքի շրջանկարում:

 

2252 YBBU

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդին 3, 2015

Share

Կարծիքներ

կարծիք