Նուռ — Արման Դավթյան

Լուսանկար

Գուցե թե վաղուց ժամանակն է, որ հայկական կորուսյալ թաքնագիտական գիտելիքները, որոնք ժամանակին միայն քրմերին էին հասու, իրենց արտահայտությունը գտնեն ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործություններում՝ արթնացնելով հայկական ազգային հոգևոր-միստիկ ինքնաճանաչողությունը:

Քանդակագործ, նկարիչ-դիզայներ Նուռի ստեղծագործությունները զարմանալի միստիկ շղարշով են պարուրված՝ հնագույն ձեռագրերից վերծանվածի հիշողությամբ, գույնով և բույրով: Երևի հենց այդ պատճառով է, որ արվեստագետի հատկապես ոսկերչական կամ, կարելի է ասել, զարդարվեստային աշխատանքները ընկալվում են որպես թալիսմաններ: Նրա ստեղծագործություններում երևակայության  անսանձ թռիչքը համադրում է ամենաանսպասելի նյութեր՝ սև ադամանդներն ու կաշին, կրիայի պատյանն ու ոսկին, փայտը, շափյուղան և մորթին: Նրա զարդարվեստային աշխատանքները ճանաչված են աշխարհում, և մենք կարող են հպարտությամբ փաստել, որ հայ արվեստագետի աշխատանքները կրում են աշխարհահռչակ մարդիկ:

Քանդակագործ Նուռի աշխատանքները նույնպես ճանաչված են, և  միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բարձրագույն պարգևների. այդպիսին է արվեստագետի «Հանճարը»  անիմացիոն քանդակների շարքը: «Արձանիկներից յուրաքանչյուրը ունի հինգից յոթ հենման կետ, և իր յուրաքանչյուր դիրքում արտահայտում է անձի որոշակի հոգեվիճակ: Ես ձեզ առաջարկում եմ իմ սցենարը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն եմ տալիս փոխել արձանիկների և նրանց կեցվածքների հերթականությունը և պատմել ձեր պատմության տարբերակը»,- ասում է արվեստագետը՝ ներկայացնելով իր անիմացիոն քանդակների շարքը:

Նուռի քանդակները ինձ հոգեվիճակների  միստիկ վերամարմնավորման և ծիսական արարողակարգի վկա են դարձնում, ինչին ուզում եմ հաղորդակից դարձնել նաև Անդինի ընթերցողներին:

 

a2

Անի Տեր-Գուլանյան

www.nur.am

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք