Նոբելյան 1970

20150303180332470

Նոբելյան մրցանակի է արժանացել «Ռուս մեծ գրականության ավանդներից բխեցրած բարոյական զորության համար»

 

Սոլժենիցինի կյանքն իր գրականության նման բարդ է (նրա շատ ստեղծագործություններ ունեն ինքնակենսագրական հենք): Ծնվել է Կիսլովոդսկում, ընտանիքով տեղափոխվել Դոնի Ռոստով, ավարտել տեղի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը (հեռակա՝ նաև Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտը), մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ստացել սպայի կոչում, պարգևներ, սակայն 1945 թ. փետրվարին նրան անսպասելիորեն ձերբակալել են (ՆԳԺԿ-ի ձեռքն էր ընկել նամակներից մեկը, ուր նա քննադատում էր Ստալինին, իսկ խուզարկության ժամանակ թղթերի մեջ հայտնաբերվել էին «հակասովետական» պատմվածքների սևագրություններ), դատապարտել ութ տարվա ազատազրկման, աքսորել: Հիվանդացել է քաղցկեղով:

Աքսորից ազատվել է 1953 թ.: Տաշքենդում բավական հաջող բուժում է ստացել (այստեղից է «Քաղցկեղի մասնաշենքը» վեպը): 1957-ին բնակություն է հաստատել Ռյազանում: 60-ականների առաջին կեսերին հրատարակել է նաև պատմվածքներ, նրան նույնիսկ ներկայացրել են Լենինյան մրցանակի:

Սակայն 1967-ին այդ ամենն ավարտվում է: Գրողների համագումարին հղած բաց նամակի պատճառով նրան կրկին սկսում են հալածել, ստեղծագործություններն արգելվում են: Նույն տարիներին, առանց նրա համաձայնության, Արևմուտքում լույս են տեսնում «Առաջին պարունակը» և «Քաղցկեղի մասնաշենք» վեպերը:

1970-ին Սոլժենիցինն արժանանում է Նոբելյան մրցանակի: Սակայն նրան թույլ չեն տալիս մեկնել Շվեդիա (Նոբելյան բանախոսությունը տպագրվել է 1972-ին արտասահմանում, ամբիոնից հնչել է ավելի ուշ), ինքն էլ, վախենալով, որ երկրից դուրս գալու դեպքում այլևս չեն թույլատրի վերադառնալ, չի ցանկանում մասնակցել մրցանակի հանձնման արարողությանը: Այնուհետև Սոլժենիցինը թույլատրում է իր ստեղծագործությունների հրատարակումը արտասահմանում: 1972-ին Լոնդոնում լույս է տեսնում «Տասնչորս թվականի օգոստոսը» վեպը՝ «Կարմիր անիվ» վիպաշարի (որ համեմատում են «Պատերազմ և խաղաղություն» երկի հետ) առաջին գիրքը: 1973-ին ՊԱԿ-ը բռնագրավում է «ԳՈւԼԱԳ Արշիպելագը» վեպի ձեռագիրը: Նույն թվականին այն լույս է տեսնում Փարիզում: Գրողին, ում մինչ այդ հեռացրել էին ԽՍՀՄ գրողների միությունից, ձերբակալում են, պետական դավաճանության մեղադրանք ներկայացնում, բանտարկում, արտաքսում:

Սա ծանր հարված էր Սոլժենիցինի համար: Հայրենիքը այն ակունքն էր, որից «բխում» և որին «բխեցնում» էր նա: Երկու տարի Եվրոպայում մնալուց հետո Սոլժենիցինը հաստատվում է Ամերիկայում, ուր շարունակում է աշխատել և մնում է մինչև Ռուսաստան վերադառնալը: Սակայն այս Ռուսաստանը, իհարկե, այն Ռուսաստանը չէր, որ երազում և որի համար պայքարում էր գրողը:

Գրականագետներից մեկը այսպես է բնութագրել Սոլժենիցինին. «Նա Ռուսաստանին վերադարձրեց ոգին. այն ոգին, որ աշխարհի առջև բացեցին Պուշկինը, Գոգոլը, Տոլստոյը, Դոստոևսկին, Չեխովն ու Գորկին»: Մեկ այլ տեսաբան համարում է, որ «Սոլժենիցինի բուն ասելիքը բարոյականության՝ այս մղձավանջային աշխարհում գոյատևելու միակ հնարավորության փառաբանումն է»:

Ամենահաջողված գեղարվեստական գործը, թերևս, «Իվան Դենիսովիչ մեկ օրը» վիպակն է:

Արժանացել է բազմաթիվ գրական և այլ մրցանակների ու պարգևների:

Սոլժենիցինի անձն ու ստեղծագործությունը միշտ հարուցել են իրարամերժ կարծիքներ, բանավեճեր, հակադիր տեսակետներ: Հավանաբար այդպես կլինի նաև հետագայում. բարոյախոս գրողի գրական խաչը ծանր է նույնքան, որքան բարոյական մարդու կյանքն այս աշխարհում:

 

Նոբելյան բանախոսությունը

 

1.

 

Ինչպես այն վայրենին, որ տարակուսած ձեռքն է վերցրել խորհրդավոր գալարներով, մերթ աղոտ, մերթ պայծառ ճառագող անհասկանալի իրը (օվկիանոսի տարօրինակ արտանետո՞ւմն է այն, ավազների խորքում անթեղված բրածո՞, թե՞ երկնքից ընկած ինչ-որ բան), շուռումուռ է տալիս, տնտղում, որոնում  գործի դնելու ուղիներ, որոնում նրան արժանի առտնին՝ ցածրակարգ կիրառում, բնավ չկռահելով բարձրագույնի մասին, այդպես էլ մենք, ձեռք զարկելով արվեստին, մեզ ինքնահավանորեն համարում ենք նրա տերը, համարձակորեն ուղղորդում այն, նորացնում, ենթարկում ռեֆորմների, մանիֆեստերի, ծախու հանում փողին, հաճոյանում հզորներին, օգտագործում հանց զվարճալիք՝ էստրադային և գիշերային բարի խաղիկ որպես, կիրառում քանց համափոխակ կամ դագանակ՝ քաղաքական, սոցիալական անցողիկ, սահմանափակ կարիքներին ի տրիտուր:

Իսկ արվեստը չի եղծվում մեր փորձերից, չի կորցնում իր ծագումը, ամեն անգամ, ամեն կիրառման մեզ բաժին է հանում իր ներքին գաղտնալույսի մի մասնիկը:

Բայց արդյոք ընկալո՞ւմ ենք այդ ողջ լույսը: Ո՞վ համարձակություն կունենա ասելու, թե սահմանագրել է Արվեստը, թվարկելու նրա բոլոր եզրերը: Գուցե և հասկացվել, և մատնացույց է արվել մեզ անցյալ դարերում, բայց մենք չկարողացանք դրանով բավարարվել ընդմիշտ. լսեցինք, անտեսեցինք, վանեցինք մի կողմ իսկույն. ինչպես միշտ շտապելով փոխել. թեկուզ ամենալավն էր՝ փույթ չէ, միայն թե նորը լինի: Եվ երբ մեզ կրկին հուշեն հինը, արդեն չենք հիշի, որ ունեցել ենք այն:

Մի արվեստագետ իրեն երևակայում է հոգևոր անկախ աշխարհի արարիչ և ուսերին առնում այս աշխարհն արարելու, բնակեցնելու և ամենայնի հանդեպ պատասխանատվության բեռը, բայց չի դիմանում. քանզի մահկանացու հանճարն անգամ ի զորու չէ դիմանալու նման ծանրության. ինչպես և մարդ արարածն առահասարակ, որ իրեն հայտարարեց կեցության կենտրոն, բայց ի զորու չեղավ ստեղծել ներդաշնակ հոգևոր համակարգ: Եվ եթե նրան պարուրում է ձախողումը՝ մեղքը բարդում է աշխարհի հավերժական աններդաշնակության վրա, ժամանակակից բզկտված հոգու խորխորատների կամ ամբոխի տհասության վրա:

Մյուսն զգում է վերին զորության իշխանությունն իր վրա և խինդով կատարում համեստ ենթավարպետի իր գործը Աստծո երկնի ներքո. թեև առավել խիստ է նրա պատասխանատվությունը ամենայն գրառյալի, պատկերագրվածի, հոգեընկալի առջև: Այս աշխարհը նրանց կողմից չի ստեղծվել, նրանց կողմից չի ղեկավարվում,  փոխարենը չկա կասկած նրա հիմքերի վերաբերյալ. արվեստագետին տրված է աշխարհի ներդաշնակությունը մյուսներից ուժգին զգալու շնորհը լոկ, այդ ամենում մարդկային ներդրման գեղեցկությունն ու անհեթեթությունը նկատելու և ամենայն սրությամբ հաղորդելու առաքելությունը: Եվ անհաջողությունների ժամին նույնիսկ, թշվառագույն գոյության ճիրաններում անգամ՝ աղքատության մեջ, բանտերում, հիվանդության մահիճին գամված՝ աներեր ներդաշնակության զգացողությունը անբաժան է նրանից:

Սակայն արվեստի ողջ իռացիոնալ աներևութականությունը, նրա շլացուցիչ գալարները, անկանխագուշակելի հայտնագործությունները, նրա ապշեցուցիչ ներգործությունը մարդկանց վրա չափազանց մոգական են սոկ արվեստագետի աշխարհայացքին, մտահղացմանը կամ անարժան մատների աշխատանքին վերագրելու համար:

Հնագետները չեն հայտնաբերել մարդկային կեցության այնպիսի վաղ ժամանակներ, ուր չի եղել արվեստ: Դեռ մարդկության վաղորդայնի գունատ աղջամուղջում մենք այն ստացանք Ձեռքից, որ, սակայն, չհասցրեցինք ճանաչել: Եվ չհասցրեցինք հարցնել՝ ինչի՞ համար է շնորհն այդ, ինչպե՞ս վարվել նրա հետ:

Եվ սխալվել են, և կսխալվեն բոլոր մարգարեացողները, թե արվեստը կսպառի իրեն, կտարրալուծվի, կմահանա: Կմահանանք մենք, նա կմնա: Եվ արդյոք մինչ մեր կործանումը կկարողանա՞նք հասկանալ նրա ողջ ընդգրկումն ու նշանակությունը:

Բառն ի զորու չէ ամեն ինչ անվանագրելու: Բան կա՝ բառերից անդին է միտում: Արվեստը նույնիսկ ամենաետնյալ, ամենախավարչտին հոգիների մեջ կրակ է արթանացնում առ բարձրագույն հոգևոր փորձառություն: Արվեստի միջոցով երբեմն թեև աղոտ ու կարճառոտ, բայց այնպիսի հայտնություններ են առաքվում մեզ, որոնց երբեք հասու չէ միտքը տրամաբան:

Ինչպես հեքիաթի այն հայելին փոքրիկ. նայես՝ քեզ չես տեսնի. կտեսնես մի պահ այն Անհասանելին, ուր չես հասնի ոտքով, չես հասնի ձիով, չես հասնի թռչնի թևով: Եվ սիրտն է մղկտում անամոք…

 

2.

 

Դոստոևսկին մի անգամ խորհրդավոր մրմնջացել է. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Ի՞նչ է սա: Երկար ժամանակ ինձ թվում էր՝ սոսկ բառակապակցություն. մի՞թե հնարավոր է. արյունռուշտ պատմության ընթացքում գեղեցկությունը ե՞րբ, ո՞ւմ և ինչի՞ց է փրկել: Ազնվացրել է, վեհացրել, այո, բայց ո՞ւմ է փրկել:

Սակայն գեղեցկության բնույթն այդպիսի յուրահատկություն ունի.  յուրահատկություն արվեստի տեսանկյունից. ճշմարիտ արվեստի գործը համոզիչ է բացարձակապես, անհերքելի է և իրեն է ենթարկում նույնիսկ հակադրվող հոգիներին: Քաղաքական ճառը, աննկուն հրապարակախոսությունը, սոցիալական ծրագիրը, փիլիսոփայական համակարգը հնարավոր է առերևույթ անթերի կառուցել նաև սխալի ու ստի վրա. ներկայացնել հարթ ու կառուցիկ, և կեղծիքն ի հայտ կգա ոչ առաջին պահին: Եվ զարկ կտա ընդդիմամետ ճառախոսության, հրապարակախոսության, ծրագրերի, այլակառույց փիլիսոփայության՝ նմանապես կառուցիկ ու կոկիկ. և նմանապես չի զգացվի կեղծիքը, որ անպակաս է նաև այստեղ: Այդ իսկ պատճառով սրանց հանդեպ և կա, բայց և չկա վստահություն:

Սիրտը չընդունեց՝ լեզուդ մի չարչարիր:

Իսկ գեղարվեստական ստեղծագործությունն իր ստուգաքննումն իր մեջ է պարունակում. շինծու, արհեստական կերտվածքները չեն դիմանում փորձությանն առ կերպար. խարխլվում, դժգունում, անհամոզիչ դառնում, ավերակի են վերածվում երկուսն էլ: Իսկ ստեղծագործությունները, որ սնվում են ճշմարտության ակունքից և այն ներկայացնում վառ ու կենդանի, գրավում են, տիրաբար ենթարկում իրենց. երբեք, անգամ դարեր անց որևէ մեկը չի գա հերքելու այդք:

Ահա ուրեմն. Ճշմարտության, Բարու և Գեղեցիկի այդ հնավանդ երրորդությունը գուցե բնավ էլ կեղծապաճույճ, իր դարն ապրած բանաձև չէ, ինչպես թվում էր մեզ մեր մատերիալիստական ամբարտավան պատանեկության տարիներին: Թեև հետազոտողների պնդումների համաձայն՝ սույն երեք ծառերի գագաթները համատեղելի են, բայց Ճշմարտության և Բարու չափազանց ակնհայտ, չափազանց վերսլաց շյուղերին ճնշել են, կտրել և բազմիցս արգելել աճը, բայց գուցե Գեղեցիկի արտասովոր, անկանխատեսելի ճյուղերը կկարողանան խոյանալ վեր, լցնել հենց այդ տարածությունը, ի կատար ածել այն գործը, որ նախատեսված էր հենց այս եռամիասնության համար:

Արդ, ոչ թե թռուցիկ մրմնջացել, այլ մարգարեաբար է բարբառել Դոստոևսկին. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Նրան տրված էր շատ բան տեսնել, զարմանահրաշ պայծառացում էր ընծայվում նրան:

Արդ, արվեստը, գրականությունը իրո՞ք կարող են օգնել այս աշխարհին:

Այսօր այստեղ ես կփորձեմ ներկայացնել այն չնչինը, որ տարիների ընթացքում կարողացել եմ ի հայտ բերել այդ հարցում:

 

3.

 

Այս ամբիոն, որտեղից հնչում է Նոբելյան բանախոսությունը, ամբիոն, որին արժանանում են կենտ մեկ անգամ և բնավ ոչ ամեն գրող, ես բարձրացել եմ ոչ թե երեք-չորս մաշված աստիճաններով, այլ հարյուր, հազարավոր դժվարամատչ, սլլկուն, սառցակալած աստիճաններ անցնելով՝ խավարի և ցրտի միջով, ուր ինձ վիճակված էր ողջ մնալ, իսկ այլք, գուցե առավել շնորհալի ու օժտված և առավել ուժեղ՝ զոհ գնացին: ԳՈւԼԱԳ արշիպելագում, որ բաղկացած է քանց կոտորակ բաժանասփյուռ անհամար կղզյակներից, նրանցից լոկ ոմանց եմ անձամբ հանդիպել, այն էլ ջրաղացքարի պես ճնշող մատնության և անվստահության մթնոլորտում, ուր այլոց հետ խոսելու ցանկությունն անգամ մեռնում էր: Ոմանց մասին ընդամենը լսել եմ, մյուսների մասին՝ կռահել: Նրանք, ովքեր գրական ճանաչում ունենալով՝ անկանեցին այդ խորխորատը, գոնե հայտնի են, սակայն անհամար են անանունները, որ նույնիսկ գեթ մեկ անգամ չեն արժանացել հրապարակային հիշատակման: Ու գրեթե ոչ ոք չկարողացավ փրկվել ու կյանք վերադառնալ: Մի ողջ ազգային գրականություն մնաց այնտեղ, թաղվեց ոչ միայն անդագաղ, այլև անշապիկ, մերկ, ոտքի մատին՝ համարապիտակ կապած: Ռուս գրականությունը վայրկյան իսկ չի ընդհատվել, այնինչ հեռուներից թվացել է, թե ամայություն է անդ: Բայց այնտեղ, ուր կարող էր հզոր անտառ աճել, անթիվ ծառահատումներից սոսկ պատահաբար չնկատված ծառեր փրկվեցին:

Արդ հիմա, նահատակների ստվերներն ուղեկից ունենալով և խոնարհ գլխահակությամբ առաջ թողնելով նրանց, որ արժանի էին սրան առավել, ինչպե՞ս գոհացնեմ նրանց, գուշակեմ և արտահայտեմ այն, ինչ կուզենային ասել նրանք:

Սույն պարտքը վաղուց է հալածում մեզ, և մենք ընդունել ենք այն: Վլադիմիր Սոլովյովի խոսքերով՝ և անգամ շղթայակապ պետք է անցնենք Այն Շրջագիծը, Այն Պարունակը, որ աստվածներն են նախանշել մեզ համար:

Ճամբարային տանջալից դեգերումներում, բանտարկյալների գաղութներում, իրիկնային ցրտից սառցակալած լապտերների կայծկլտումների ներքո հաճախ էր մեր կոկորդներն ի վեր հեղձուկ ելնում այն, ինչ կուզենայինք բղավել ողջ աշխարհին ի լուր. եթե աշխարհը կարողանար լսել մեզնից որևէ մեկի ձայնը: Այն ժամանակ դա շատ պարզ էր թվում. ինչ կասի մեր բախտավոր պատգամաբերը, և ինչ համահունչ կարձագանքի աշխարհն իսկույն: Մեր աշխարհայացքներում պարզորոշ դասդասված էին և իրերը մարմնավոր, և տեղաշարժերը հոգևոր, ու աներկբա աշխարհում նկատելի չէր նրանցից գերակշիռ ոչինչ: Այդ մտքերը գրքերից չէին այցելել մեզ և չէին փոխառվել ի սեր բարեհունչության: Դրանք ձևավորվել էին բանտախցերում և անտառային խարույկների շուրջ, վաղուց անտի մեռյալ մարդկանց զրույցներից, ստուգված այն կյանքով, որ ծնունդ էր տվել դրանց:

Իսկ երբ նվազեց արտաքին ճնշումը, ընդլայնվեց իմ ու մեր աշխարհայացքը, և աստիճանաբար, թեկուզ նեղլիկ ճեղքից, երևաց ու տեսանելի դարձավ այդ «ողջ աշխարհը»: Եվ զարմանալիորեն այդ «ողջ աշխարհը» մեզ երևաց բնավ ոչ այնպես, ինչպես պատկերացնում էինք, ինչպես հույս ունեինք. «ոչ նրանով» ապրող, «ոչ այնտեղ» գնացող. ճահճաջրի արտացոլանքին ի տես «ի¯նչ հմայիչ լճակ է» բացականչող, պարանոցի բետոնե գելոցներին «ի¯նչ նրբագեղ զարդ է» անվանող, իսկ ուր դեռ հոսում էր ոմանց արտասուքը, այլք անհոգ պարերգերի էին կամենում տրվել:

Ինչպե՞ս եղավ դա: Որտեղի՞ց ի հայտ եկավ այդ վիհը: Մե՞նք էինք անզգա: Աշխա՞րհն էր անզգա: Թե՞ մեր լեզուների տարբերությունից էր: Ինչո՞ւ մարդիկ կարողանում են ընկալել մյուսի ոչ բոլոր խոսքերը: Բառերը հնչում են ու անհետանում ինչպես ջուր՝ անհամ, անհոտ, անգույն, անհետք:

Տարիների հետ, մինչ ես հասկանում էի դա, փոխվում և փոխվում էր իմ հավանական ելույթի կառույցը, բովանդակությունը, հնչերանգը. իմ այսօրվա խոսքը. և հիմա այն շատ քիչ է նման այն ելույթին, որ սկզբնապես ձևավորվել էր ճամբարային սառնաշունչ երեկոների գրկում:

 

4.

 

Մարդ արարածի բնույթն այնպիսին է, որ եթե հիպնոսի ազդեցության տակ չէ, ապա աշխարհայացքը, հիմնավորումներն ու գնահատականների սանդղակը, գործողություններն ու մտադրությունները որոշվում են նրա անձնական և խմբային փորձառությամբ: Ինչպես ասում է ռուսական ժողովրդական ասացվածքը՝  «Մի հավատա հարազատ եղբորդ, հավատա քո շիլ աչքին»: Եվ այդ է միջավայրն ու դրանում ի հայտ եկող վարքը հասկանալու ամենախելամիտ մոտեցումը: Եվ դարեր շարունակ, քանի դեռ մեր աշխարհը  մեկուսի էր ու խորհրդավոր, քանի դեռ թափանց չէր ծածկվել կապի ընդհանուր գծերով, չէր վերածվել ջղաձիգ տրոփող միասնական կծիկի, մարդիկ իրենց  բնակության շրջափակում, իրենց համայնքներում, իրենց հասարակության մեջ և, վերջապես, իրենց ազգային տարածքներում կարողանում էին անսխալ առաջնորդվել անձնական կենսափորձով: Այն ժամանակ մեկ անհատի հայացքով նկատելու և ինչ-որ ընդհանուր արժեհամակարգ ընկալելու հնարավորություն կար. ինչն է ճանաչելի միջին, ինչն է անհավանական, ինչն է դաժան, ինչը՝ չարագործության սահմանից անդին: Ինչ է ազնիվը և ինչը՝ կեղծիք: Ու թեև տարբեր ժողովուրդներ խիստ տարբեր կյանքով էին ապրում, և նրանց հանրային արժեհամակարգերի սանդղակները կարող էին նաև էապես չհամընկնել, ինչպես չէին համընկնում նրանց չափի միավորները, այդ տարբերությունները տարօրինակ էին թվում սոսկ հատուկենտ ճանապարհորդների, երբեմն, որպես արտառոց երևույթ, հայտնվում հանդեսների էջերում, բայց որևէ վտանգ չէին ներկայացնում մարդկության համար, որ դեռ մեկ ամբողջություն չէր:

Բայց ահա վերջին տասնամյակներում մարդկությունը անսպասելիորեն, աննկատելիորեն դարձավ մեկ ամբողջություն. հուսադրող և վտանգավոր ամբողջություն. այնպիսին, որ նրա մի հատվածին համակած ցնցումն ու հիվանդությունը գրեթե նույն վայրկյանին փոխանցվում է մյուս մասերին, որոնք երբեմն ոչ մի իմունիտետ՝ դիմադրողականություն չունեն դրա դեմ: Մարդկությունը դարձել է մեկ ամբողջություն, սակայն ոչ այնպիսին, ինչպիսի աներեր ամբողջություն էր համայնքը կամ նույնիսկ ազգը: Ոչ թե աստիճանական կենսափորձի, ոչ թե բարեհոգաբար շիլ անվանված իր աչքի տեսանողության, ոչ թե նույնիսկ իր հարազատ մայրենի լեզվի շնորհիվ, այլ բոլոր պատնեշներն անտեսելով, միջազգային մամուլի և ռադիոյի միջոցով: Մեզ վրա խուժում է իրադարձությունների հորձանքը, աշխարհի կեսը ակնթարթորեն իմանում է դրանց մասին, բայց այդ իրադարձությունները չափելու և աշխարհի՝ մեզ անհայտ մասերի օրենքներով գնահատելու չափման միավորը չի հաղորդվում և չի կարող հաղորդվել եթերով ու լրագրային հրապարակումներով: Այդ չափորոշիչները ձևավորվել են տևականորեն, երկրների ու ժողովուրդների հույժ առանձնահատուկ կենսատարածքում, և դրանք հնարավոր չէ փոխանցել հընթացս: Նույնատիպ իրադարձությունները տարբեր երկրներում գնահատում են իրենց տառապանքի փորձառությամբ ձևավորված արժեքային սանդղակով և դատում անզիջում, ինքնավստահ՝ ոչ թե մեկ ուրիշ, այլ միայն իրենց արժեհամակարգով:

Եվ այդպիսի՝ տարբեր սանդղակներ աշխարհում եթե չասենք բազմաթիվ են, ապա առնվազն մի քանիսն են: Սանդղակ մերձակա իրադարձությունների համար և սանդղակ՝ հեռավորների համար: Սանդղակ հին հասարակությունների և սանդղակ՝ երիտասարդների համար: Սանդղակ բարեկեցիկների և ունեզուրկների համար: Սանդղակներն ու բաժանքները աղաղակող հակասություն մեջ են միմյանց նկատմամբ, այլազան են, աչք են ծակում, ցավ պատճառում, և որպեսզի ազատվենք դրանցից, մենք, քանց խելագարություն, քանց մոլորություն մի կողմ ենք վանում բոլոր օտար սանդղակները և ողջ աշխարհի մասին ինքնավստահ դատում մեր ընտանեկան սանդղակով: Այդ իսկ պատճառով մեզ մեծ, ցավագին և անտանելի է թվում ոչ թե այն, ինչ իրականում մեծ է, ցավագին կամ անտանելի, այլ այն, ինչ կատարվում է մեզ ի մերձ: Իսկ ողջ հեռավորը, որ չի սպառնում հենց այսօր հասնել մեր շեմին, իր ողջ հեծեծանքներով, խեղդված ճիչերով, կործանված կյանքերով ու թեկուզ միլիոնավոր զոհերով հանդերձ թվում է ընդհանուր առմամբ տանելի և հանդուրժելի իր չափերի մեջ:

Ենթարկվելով հալածանքների, որ չէին զիջում հին հռոմեականին, երկրներից մեկում բոլորովին վերջերս հանուն Աստծո կյանք զոհեցին հարյուր հազարավոր անմռունչ քրիստոնյաներ: Մյուս կիսագնդում ոմն խելագար, որ, ամենայն հավանականությամբ, միակը չէ, կտրում է օվկիանոսը, որ քահանայապետին ուղղված պողպատի հարվածով մեզ ազատագրի կրոնից: Իր սանդղակովª նա այդպես վարձահատույց եղավ բոլորիս կողմից:

Այն, ինչ մի սանդղակով հեռվից երևում է բերկրալի, բարեշնորհ ազատություն, այլ սանդղակով ընկալվում է որպես ցավալի պարտադրանք, որ հանգեցնում է ավտոբուսներ ջարդուխուրդ անելու: Այն, ինչ մի երկրում կընկալվեր որպես աննախադեպ բարեկեցության երազանք, մեկ այլ երկրում ընդվզում է հարուցում որպես վայրագ շահագործում, որ անհապաղ գործադուլ է պահանջում: Տարբեր են տարերային աղետների գնահատման սանդղակները. երկու հարյուր հազար կյանք խլած ջրհեղեղը մեր քաղաքում տեղի ունեցած որևէ միջադեպից չնչին է թվում մեզ: Այլ են անձի վիրավորանքի սանդղակները. տեղ կա՝ նվաստացուցիչ է համարվում անգամ հեգնական ժպիտը կամ վանող շարժումը, տեղ կա՝ դաժան կտտանքն անգամ ներվում է որպես անհաջող կատակ: Տարբեր են չարագործության ու պատժի սանդղակները: Մի սանդղակով մեկամսյա կալանքը կամ գյուղ արտաքսվելը կամ «մենախուցը», ուր կերակրում են սպիտակ բլիթներով ու կաթով, աներևակայելի են թվում, զայրույթով լցնում լրագրերի էջերը: Իսկ մեկ այլ սանդղակով սովորական են և հանդուրժելի քսանհինգամյա ազատազրկումներն ու մենախցերը, ուր պատերը ծածկված են սառույցով, սակայն մերկացնում են մինչև վերջին շապիկը, սովորական են հոգեբուժարանները առողջների համար և սահմանամերձ գնդակահարությունները անհամար միամիտների, ովքեր, չգիտես ինչու, ինչ-որ տեղ են փախչում դեռ: Սակայն մեր սիրտն առավել անխռով է այն էկզոտիկ երկրի դեպքում, որի մասին ոչինչ հայտնի չէ ընդհանրապես, որտեղից ոչ մի լուր չի գալիս, ու ընդամենը հատուկենտ լրագրողների տափակախոսությունների ուշացած արձագանքներն են հասնում մեզ:

Եվ այդ երկատման, հեռավոր վշտի հանդեպ այդ սառնասիրտ անհաղորդության համար մարդկային տեսողությանը չի կարելի մեղադրել: Այդպիսին է մարդ արարածը: Սակայն համախումբ մարդկության համար, որ խտացյալ է մի կծիկի մեջ, այդպիսի փոխադարձ անըմբռնողականությունը սպառնում է շուտափույթ և մոլեգին կործանմամբ: Վեց, չորս, նույնիսկ երկու սանդղակի գոյության դեպքում չի կարող լինել ամբողջական աշխարհ, միաբան մարդկություն: Հաճախականության, ռիթմի այդ տարբերությունը մեզ կբզկտի: Մենք չենք կարողանա համատեղ գոյել նույն մոլորակի վրա, ինչպես չի կարող ապրել մարդը, որ երկու սիրտ ունի:

 

5.

 

Բայց ո՞վ և ինչպե՞ս է համատեղելու այդ աղյուսակները: Ո՞վ է մարդկության համար ստեղծելու հաշվարկի միասնական համակարգ՝ չարագործության և վեհագործության համար, անհաշտի ու հեզի համար, ինչպե՞ս են  դրանք սահմանազատվում այսօր: Ո՞վ է հստակեցնելու մարդկության համար, թե ինչն է իրականում ծանր և անտանելի, իսկ ինչն է ընդամենը ճանկռում մաշկը, քանզի մերձ է մեզ: Եվ ո՞վ է օգնելու զայրույթը ուղղել այնի դեմ, ինչ հիրավի զարհուրելի է, և ոչ թե այնի դեմ, ինչը մոտ է: Ո՞վ է ի վիճակի նման ընկալումը հասցնել իր անձնական փորձառության սահմանից անդին: Ո՞վ կկարողանա կաղապարված, շլաչ, իրասածի մարդ արարածին հաղորդել ուրիշի հեռավոր վիշտն ու խնդությունը, երբևէ չզգացած ապրումների ու մոլորությունների չափերն ու ընդգրկումները: Անզոր են այստեղ և քարոզչությունը, և հարկադրանքը, և գիտական ապացույցները: Սակայն, բարեբախտաբար, աշխարհում նման միջոց գոյություն ունի: Դա արվեստն է, գրականությունը:

Հասանելի է նրանց այդ հրաշքը. հաղթահարել միայն իր անձնական փորձառությամբ սովորելու մարդկային վտանգավոր յուրահատկությունը այնպես, որ այլոց փորձը փորձառություն դառնա բոլորի համար: Մարդուց մարդ, հագեցնելով նրա երկրային թերի կյանքը, արվեստը մեկի ձեռք բերած փորձառությունն իր ողջ ապրումներով, նրբերանգներով, ավիշով վերամարմնավորում է մեկ այլ անձի մեջ և հնարավորություն ընձեռում յուրացնել քանց սեփականը:

Ասենք ավելին. և երկրները, և աշխարհամասերը ժամանակ անց կրկնում են այլոց սխալը, պատահում է՝ նույնիսկ դարեր անց, երբ կարծես ամեն ինչ ակնհայտ է ու տեսանելի վաղուց ի վեր: Բայց ոչ. այն, ինչ մի ժողովուրդ ապրել, քննել, մերժել է, մեկ այլ ժողովուրդ հանկարծ հայտնագործում է որպես ամենանորագույն խոսք: Մեր չապրած փորձառության միակ փոխարինողը այստեղ նույնպես արվեստն է, գրականությունը: Նրանց հրաշալի ունակություն է շնորհված. լեզվի, սովորույթների, հանրային դրվածքի տարբերություններով հանդերձ մի ողջ ժողովրդի փորձառությունը ամբողջությամբ փոխանցել մեկ այլ ժողովրդի, որը երբեք չի ապրել տասնամյակներ տևած այդ փորձությունը, և, նախախնամ բարեհաճության դեպքում, մի ողջ ժողովրդի պաշտպանելով ավելորդ, սխալ կամ նույնիսկ կործանարար ճանապարհից, այդպիսով նվազեցնելով մարդկության պատմության զիգզագները:

Արվեստի այդ վեհ արժանիքի մասին եմ անդուլ հիշեցնում ես ահա հիմա Նոբելյան ամբիոնից:

Ու ևս մի անգնահատելի ուղղությամբ է գրականությունը փոխանցում անհերքելի խտացյալ փորձառությունը. սերունդներից՝ սերունդներին: Այդպես այն դառնում է ժողովրդի կենաց հիշողությունը: Այդպես նա իր մեջ գուրգուրում և պահպանում է ժողովրդի մոռացված պատմությունը. այնպես, որ այն չի ենթարկվում աղավաղման և նենգափոխման: Դրանով իսկ գրականությունը լեզվի հետ մեկտեղ փրկագործում է ազգային ոգին:

(Վերջին շրջանում մոդայիկ է դարձել խոսել համահարթեցման, ժամանակակից քաղաքակրթության կաթսայում ազգերի անհետացման մասին: Ես դրա հետ համաձայն չեմ, սակայն դրա քննարկումը այլ հարց է: Այստեղ հարկ է ասել, որ ազգերի վերացումը մեզ կաղքատացներ նույնքան, որքան եթե մարդիկ ունենային միևնույն բնավորությունը, նույն դեմքը: Ազգերը մարդկության հարստությունն են, նրա ընդհանրացված անհատականությունը: Նրանցից փոքրագույնն անգամ ունի իր անկրկնելի երանգները, իր մեջ գաղտնակրում է աստվածային մտահղացման անկրկնելի եզրերից մեկը):

Բայց ողբամ այն ժողովրդին, որի գրականությունը ընդհատվում է ուժի միջամտությամբ: Դա սոսկ «մամուլի ազատության» ոտնահարում չէ: Դա ազգային ոգու բանտարկում է, ազգային հիշողության ամորձատում: Ազգը չի հիշում ինքն իրեն, ազգը զրկվում է հոգևոր միասնությունից. կարծես նույն լեզվով են խոսում. բայց չեն հասկանում միմյանց:

Աշխարհ գալիս և հեռանում են մունջ սերունդներ, որոնք ոչ իրենց, ոչ սերունդներին ոչինչ չեն պատմել իրենց մասին: Եթե այնպիսի վարպետները, ինչպիսիք են Ախմատովան կամ Զամյատինը, ողջ կյանքում կենդանի զմռսված են, դատապարտված մինչ ի մահ ստեղծագործել պապանձված, չլսելով արձագանքն իրենց քերթվածքների, դա ոչ միայն սոսկ նրանց անձնական դժբախտությունն է, այլև ողջ ժողովրդի ողբերգությունը. ու վտանգ, որ սպառնալիք է ողջ ազգին: Այլ դեպքերում՝ նաև համայն մարդկությանը. երբ նման լռության պատճառով դադարում է հասկանալի լինել նաև պատմությունն ինքնին:

 

6.

 

Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում և կրքոտ, և ջղաձիգ, և նրբագեղ վիճել են առ այն, թե արդյոք արվեստն ու արվեստագետը կարո՞ղ են գոյություն ունենալ սոսկ ինքնին, թե՞ պարտավոր են հավերժ հիշել հասարակության առջև իրենց պարտքի մասին և անկանխակալ ծառայել նրան: Այս հարցի պատասխանն ինձ համար միանշանակ է, սակայն ես ապացույցների չեմ դիմի: Սույնի վերաբերյալ լավագույն ելույթներից մեկը եղել է Ալբեր Կամյուի բանախոսությունը հենց այստեղ, Նոբելյան մրցանակ ստանալիս: Եվ նրա եզրակացությունների հետ ես համաձայնում եմ ուրախությամբ: Ասենք, ռուս գրականությունն էլ տասնամյակներ շարունակ ունեցել է այդ կողմնորոշումը. չափազանց չհափշտակվել ներանձնականությամբ, չճռվողել չափազանց անհոգ. և այդ ավանդույթը ուժերիս ներածին չափ շարունակելը ես պատիվ եմ համարում: Ռուս գրականության մեջ վաղուց անտի սերտաճել են պատկերացումները, որ գրողը կարող է շատ բան անել իր ժողովրդի համար և պարտավոր է անել:

Չդատափետենք աշխարհում կատարվող ամեն բան՝ անտեսելով սոսկ իր ապրումներն ու դիտարկումներն արտահայտելու արվեստագետի իրավունքը: Չպահանջենք արվեստագետից, սակայն հորդորելու, խնդրելու, կոչելու և մղելու իրավունք ունենք: Քանզի շնորհքը միայն մասամբ է հենց ինքը զարգանում, հիմնականում այն տրված է ի սկզբանե, պատրաստի, իսկ տաղանդի հետ տրվում է նաև պատասխանատվությունը ազատ կամքի հանդեպ: Սեպենք, թե արվեստագետը ոչ ոքի ոչինչ պարտ չէ, սակայն ցավ է, երբ տեսնում ես, թե իր ստեղծած աշխարհում կամ սուբյեկտիվ քմայքների տարածքում մեկուսանալովª ինչպես կարող է նա իրական աշխարհը մատնել շահախնդիր, անգամ ողորմելի, անգամ մոլագար մարդկանց ձեռքը:

Մեր՝ քսաներորդ դարը առավել դաժան էր, քան նախորդները, և նրա զարհուրելիությունը առաջին դարակեսով չավարտվեց բնավ: Նույն հնոտի քարանձավային զգացմունքները՝ ագահություն, անկամորդություն, անսանձություն, փոխադարձ անբարյացակամություն, որոնք հընթացս ընդունելով պարկեշտահունչ կեղծանուններ, ինչպիսին է, օրինակ, դասակարգային, զանգվածային, արհմիութենական պայքարը, բզկտում ու քրքրում են մեր մոլորակը: Անհանդուրժողականության քարանձավային հակամարտությունը վերածվել է տեսական սկզբունքի և ընկալվում է իբրև ուղղադավանության բարեպաշտություն: Քաղաքացիական անվերջանալի պատերազմներում այն միլիոնավոր զոհեր է խլում, ծանրանում մեր հոգուն, թե գոյություն չունեն բարու և արդարության համամարդկային մնայուն պատկերացումներ, որ դրանք բոլորը անցողիկ են, փոփոխական, և, ուրեմն, միշտ պետք է վարվել միայն այնպես, ինչ օգտակար է քո կուսակցությանը: Յուրաքանչյուր համքարախումբ, հենց իր բաժինը փրցնելու պահ է գտնում, թեկուզ չվաստակած, թեկուզ ավելորդ, իսկույն հափռում է այն՝ թեկուզ հասարակությունը քարուքանդ լինի դրանից: Արևմտյան հասարակության խոտորումների ընդգրկման լայնույթը (ինչպես երևում է կողքից) մոտենում է այն սահմանին, որից այն կողմ համակարգը դառնում է կայունաճարակ և քանդուքար է լինելու: Ավելի ու ավելի քիչ կաշկանդվելով դարավոր օրինականության շրջանակներով՝ ողջ աշխարհով մեկ լպիրշ ու հաղթական արշավում է բռնությունը, չմտահոգվելով բնավ, որ դույնի անպտղությունը արդեն բազմիցս ի հայտ է եկել և ի ցույց դրվել պատմության կողմից: Հաղթանակ է տոնում նույնիսկ ոչ թե սոսկ բիրտ ուժը, այլ դրա փողհարյալ արդարացումը. աշխարհն հեղեղվում է նենգապատիր մտայնությամբ, թե ուժն ամենազոր է, իսկ արդարությունը՝ ոչինչ: Դոստոևսկու դևերը, թվում է, անցյալ դարի մղձավանջային երևակայության գավառական դրսևորում, մեր աչքի առջև սողոսկում են ողջ աշխարհով, ի հայտ գալիս այնպիսի երկրներում, ուր դրանց մասին պատկերացում անգամ չունեն, իսկ նրանք, ահա, ինքնաթիռներ հափշտակելով, պատանդներ առևանգելով, պայթեցումներով ու հրկիզումներով վերջին տարիներին ազդարարում են քաղաքակրթությունը ահաբեկելու և ոչնչացնելու իրենց վճռականության մասին: Եվ դա լիովին կարող է հաջողվել նրանց: Երիտասարդությունը, այն տարիքում, երբ դեռ չունի այլ փորձառություն սեռականից զատ, երբ թիկունքում դեռ չունի անձնական տառապանքի տարիներ և անձնական ընկալում, ոգևորված կրկնում է 19-րդ դարի մեր ռուսական արատավոր մտայնությունները, բայց կարծում, թե հայտնագործում է ինչ-որ նոր բան: Խունվեյբինական նորելուկ, ողորմելիության հասնող ետաճը՝ դեգրադացիան, նրա կողմից ընդունվում է քանց խնդագին տիպար: Մարդկության հավերժական բնույթի մակերեսային թերըմբռնում, կյանք չտեսած հոգիների պարզամիտ ինքնավստահություն. այս անողոք, ագահ բռնակալներին կհալածենք, իսկ հաջորդները՝ մենք, մի կողմ դնելով ինքնաձիգներն ու նռնակները, կլինենք արդարամիտ և գթասիրտ: Ինչպես չէ: Իսկ ով կյանք է տեսել և հասկանում է, թե ով կարող է այդ երիտասարդությանը դարձի բերել, մեծ մասամբ չի համարձակվում հակաճառել, ընդհակառակը, ոմանք նույնիսկ ջանում են, որ հանկարծ «պահպանողական» չթվան: Դարձյալ ռուսական երևույթ է, 19-րդ դարի: Դոստոևսկին այն կոչել է «առաջադեմ գաղափարիկների ստրկություն»:

Մյունխենի ոգին բնավ չի սուզվել անցյալի գիրկը, այն սոսկ կարճառոտ դրվագ չէր: Ես համարձակվում եմ նույնիսկ ասել, որ 21-րդ դարում գերիշխում է հենց Մյունխենի ոգին: Անսպասելիորեն վերադարձած թրատամ բարբարոսության ճնշմանը վեհերոտ քաղաքակիրթ աշխարհը հակադրելու այլ բան չգտավ՝ զիջումներից ու շողոմ ժպիտներից զատ: Մյունխենի ոգին բարեկեցիկ մարդոց կամքի հիվանդությունն է, ամենօրյա, առօրյա հոգեվիճակը նրանց, ովքեր կուլ են գնացել բարեկեցությունն ամեն գնով ապահովելու մարմաջին, նյութական բարեկեցությունն ընկալում են որպես երկրային կեցության գերագույն նպատակ: Այդպիսի մարդիկ, իսկ նրանք մերօրյա աշխարհում բազում են, ընտրում են անգործունեությունն ու նահանջողականությունը, միայն թե հնարավորինս երկար ձգվի սովորական դարձած կյանքը, միայն թե ոչ այսօր ոտք դնեն խստակեցության սահմանից անդին, իսկ վաղը, գուցե, ամեն ինչ կկարգավորվի… (Սակայն ոչինչ հենց այնպես չի կարգավորվում, և երկչոտության վարձքը սոսկ չարիքն է առավել: Առնականությունը և հաղթահարումի զորությունը մեզ այցելում են միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք զոհողության): Մեզ կործանում է սպառնում նաև այն, որ ֆիզիկապես խտացյալ, սեղմուկ աշխարհին թույլ չեն տալիս հոգեպես միաձուլվել, իմացության, գիտելիքի և կարեկցանքի մոլեկուլներին թույլ չեն տալիս մի կեսից անցնել մյուսը: Դա ահավոր վտանգ է. մոլորակի մասերի միջև տեղեկատվության խափանումը ահավոր վտանգ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է, որ տեղեկատվության խափանումը էնտրոպիայի  սողանցք է, համընդհանուր ավերումի ճանապարհ: Տեղեկատվության խափանումը անիրականի է վերածում միջազգային համաձայնագրերն ու ստորագրությունները: Խլացված տարածքում բնավ դժվար չէ դրանք կեղծամեկնել, առավել հեշտ է մատնել մոռացության, ասես չեն եղել առհասարակ (Օրուելը դա շատ լավ էր հասկացել): Խլացված տարածքում ասես ոչ թե երկրաբնակներ են ապրում, այլ մարսեցիների արշավազորային ռազմագունդ. նրանք լոկ չնչին բան գիտեն մնացյալ երկրագնդի մասին և պատրաստ են արշավել ու ոտնատակ տալ այն, սրբորեն հավատալով, որ «ազատագրում» են:

Մարդկության գերագույն երազանքները քառորդ դար առաջ ծնունդ տվեցին Միավորված ազգերի կազմակերպությանը: Ավաղ, անբարո աշխարհում անբարոյական մեծացավ նաև այն: Դա ոչ թե Միավորված ազգերի կազմակերպություն է, այլ Միավորված իշխանությունների կազմակերպություն, ուր հավասարեցված են և ազատ ընտրվածները, և ուժով պարտադրվածները, և զենքով իշխանություն նվաճածները: ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը շահագրգիռ մոլուցքով պաշտպանում է որոշ ժողովուրդների ազատության իրավունքը և անտեսում մյուսներինը: ՄԱԿ-ը հաճկատար քվեարկությամբ մերժեց անհատական բողոքների քննարկման հարցը, անտեսեց հատուկենտ, փոքրիկ, պարզապես մարդ կոչված արարածների հառաչանքները, աղաղակներն ու աղերսները. նրանք խիստ աննշան են նման մեծ կազմակերպության համար: Քսանհինգ տարվա ընթացքում իր լավագույն փաստաթուղթը՝ Մարդու իրավունքների հռչակագիրը, ՄԱԿ-ը հարկ չհամարեց հայտարարել անդամակցության պարտադիր պայման և «փոքր» մարդկանց այդպիսով դավաճանելով՝ հանձնեց նրանց կողմից չընտրված իշխանությունների կամքին:

Թվում է, թե ժամանակակից աշխարհի դիմագիծը ստեղծում են գիտնականները, նրանք են որոշում մարդկության տեխնիկական առաջընթացի բոլոր քայլերը: Թվում է՝ ոչ թե քաղաքական գործիչներից, այլ գիտնականների համընդհանուր գործակցությունից պետք է կախված լինի աշխարհի ուղին: Առավել ևս, որ բացառիկ անհատների օրինակը ցույց է տալիս, թե ինչ վիթխարի տեղաշարժ կարող էին առաջացնել նրանք միասին: Բայց ոչ, գիտնականները մարդկության ինքնուրույն գործող ուժ դառնալու հակում չդրսևորեցին: Գիտաժողով առ գիտաժողով նրանք խույս են տալիս ուրիշի տառապանքից. գիտության սահմանագծերում մնալը հարմարավետ է. նույն՝ Մյունխենի ոգին է թևաթափ արել նրանց:

Արդ, այս անողոք, հարափոփոխ, պայթունավտանգ՝ իր տասը կործանման եզրագծին հասած աշխարհում ո՞րն է գրողի տեղն ու դերը: Չէ՞ որ մենք ոչ հրթիռ ենք արձակում, ոչ էլ թեկուզ ինչ-որ ետնյալ սայլակի ուղի որոշում. մենք առհասարակ արհամարհված ենք նրանց կողմից, ովքեր գնահատում են միայն նյութական զորությունը: Բնականոն չէ՞ արդյոք, որ մենք էլ նահանջենք, ձերբազատվենք համոզմունքից, թե բարին աննկուն է, ճշմարտությունը՝ անտարաբաժանելի, և աշխարհին ի տես դնենք սոսկ մեր դառնագին կողմնակի դիտարկումները, թե ինչ անհուսալիորեն են աղավաղվել մարդիկ և ինչ դժվար է նրանց մեջ միայնակ, զգայուն, չքնաղ հոգիների համար:

Սակայն մենք նույնիսկ այդ փախուստի հնարավորությունը չունենք: Մեկ անգամ խոսքին դիմածը այլևս ետդարձ չունի: Գրողն իր հայրենակիցներին և ժամանակակիցներին օտար դատավոր չէ. նա մեղսակից է այն բոլոր չարագործություններին, որ կատարվել են իր երկրում կամ կատարել է իր ժողովուրդը: Ու եթե նրա հայրենիքի տանկերը արյուն են հեղել օտար երկրի մայրաքաղաքի ասֆալտին, ուրեմն արյան բոսոր բծերը դարեդար դաջվել են գրողի դեմքին: Ու եթե ճակատագրական մի գիշեր խեղդամահ են արել քնած դյուրահավատ ընկերոջը, ուրեմն գրողի ձեռքերին այդ պարանից մնացած կապտուկներ են: Ու եթե նրա դեռատի հայրենակիցները սանձարձակ թմբկահարում են ապականության առավելությունը համեստ տքնանքի հանդեպ, մատնվում թմրամոլության և պատանդներ որսում, ուրեմն այդ ողջ գարշահոտությունը միախառնվում է գրողի շնչառությանը: Այնքան անպատկառություն կունենա՞նք՝ հայտարարելու, թե մենք պատասխանատու չենք այսօրվա աշխարհի թարախապալարների համար:

 

7.

 

Սակայն ինձ հուսադրում է ջերմագին զգացողությունը, որ համաշխարհային գրականությունը մեկ ընդհանուր, մեծ սիրտ է, որն ապրում է մեր աշխարհի հոգսերով ու դժբախտություններով, թեև դրանք յուրաքանչյուր անկյունում ընկալվում են յուրովի:

Բնիկ ազգային գրականություն հասկացությանը զուգահեռ անցյալ դարերում նույնպես գոյություն ուներ համաշխարհային գրականության պատկերացում. որպես ազգայինի բարձունքներն ընդգրկող և որպես գրական փոխազդեցությունների հանրագումար: Սակայն շատ բան կատարվում էր իր ժամանակից ուշ:  Ընթերցողներն ու գրողները այլալեզու գրողների մասին իմանում էին ուշացումով, երբեմն՝ դարեր անց, ուստի և փոխազդեցություններն էին տեղի ունենում ուշացումով, և ազգային գրական մեծություններն էին տեսանելի լինում ոչ թե ժամանակակից, այլ հետագա սերունդներին:

Իսկ հիմա մի երկրի և մեկ այլ երկրի գրողների ու ընթերցողների միջև գոյություն ունի եթե ոչ ակնթարթային, ապա դրան մոտ փոխազդեցություն. ինքս ինձ վրա եմ զգում դա: Իմ երկրում, ավաղ, չհրատարակված գրքերս, չնայած հապճեպ ու հաճախ անհաջող թարգմանությամբ, արագորեն արժանանում են համաշխարհային ընթերցողի արձագանքին: Իմ ստեղծագործությունների վերլուծությամբ զբաղվել են Արևմուտքի այնպիսի խոշոր գրողներ, ինչպիսին է, օրինակ, Հենրիխ Բյոլը: Վերջին բոլոր տարիներին, երբ իմ աշխատանքն ու ազատությունը տեղի չտվեցին և, ծանրության անկման օրենքին հակառակ, ասես մնում էին օդում՝ ասես ոչնչից՝ հանրության կարեկցանքի անտեսանելի, անձայն մազաթելերից առկախ, ես երախտագին ջերմությամբ, բոլորովին անսպասելի զգացի գրողների համաշխարհային եղբայրության շունչն ու աջակցությունը: Իմ հիսնամյակի օրը շնորհավորանքներ ստանալով եվրոպական նշանավոր գրողներից՝ ես ապշել էի: Ինձ վրա գործադրված որևէ ճնշում այլևս չէր անցնում աննկատ: Ինձ համար վտանգավոր շաբաթներին՝ գրողների միությունից վտարվելու ժամանակ, աշխարհի մեծ գրողների ստեղծած պատվարը ինձ պաշտպանեց առավել ծանր հալածանքներից, իսկ նորվեգ գրողներն ու նկարիչները հայրենիքից ինձ արտաքսելու դեպքում առաջարկեցին իրենց հյուրընկալ օջախը: Ի վերջո, ինձ Նոբելյան մրցանակի ներկայացրել է ոչ թե այն երկիրը, ուր ապրում և գրում եմ, այլ Ֆրանսուա Մորիակն ու նրա հայրենակիցները: Եվ մինչ այդ էլ ինձ աջակցություն են հայտնել բազմաթիվ ազգային գրողական կազմակերպություններ…

 

 

Շարունակությունը կարդացեք Անդինի  2014թ. 11-րդ համարում

Share

Կարծիքներ

կարծիք