Նա այնքան ներողամիտ էր…/հատվածներ/

20152411143548262

Քանի դեռ չէր սկսվել նոր Երևանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երևանը հետզհետե պայծառացավ:

Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:

Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատ ի դեմս Թամանյանի:

Շատ ընկերներ եմ կորցրել ես, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը որին հիշում եմ անընդհատ՝ այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին:

Առաջին անգամ Թամանյանին հանդիպել եմ  «Мир искусства» ցուցահանդեսներից մեկում, ուր նա, ինչպես և ես, ցուցադրել էր իր գործերը: Ծանոթացանք և այդ օրվանից էլ սկսվեց մեր բարեկամությունը:

Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նրա նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագրեր էին կազմում ու նրա տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանցը, Մանանդյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը…

Եկավ նաև Թամանյանը, եկավ իր հանճարով, խանդավառված, ամենատես ու սևեռուն հայացքով: Եկավ ու լծվեց իր քանդված հայրենիքի վերաշինության մեծ գործին: Չեք կարող երևակայել, թե ինչ արտահայտություն էր ստանում դեմքը, երբ ասում էր՝ «ցարական իմպերիայի նախկին գյուղակ-գաղութը պիտի դառնա Հայաստանի մայրաքաղաքը»: Այս գիտակցությամբ  էլ գծագրեց նոր, հոյակապ քաղաքի հատակագիծը՝ գիտնականի և արվեստագետի իր հանճարով:

tamanyan

Ստեղծագործողի հազվագյուտ բնազդով ու խելքով էր օժտված Թամանյանը: Կտրուկ կերպարանափոխությամբ ամպիր ոճից դարձավ դեպի բուն ազգայինը, այն էլ ինչպիսի բնականությամբ և հմտությամբ: Ապշեցուցիչ խորաթափանցությամբ ուսումնասիրեց, զգաց, ապրեց մեր բազմադարյան ճարտարապետության կանգուն հուշարձաններն ու բեկորները: Այդ հիմքի վրա էլ բարձրացրեց կոթողներ՝ այնքան հայկական, այնքան պատմական, դարերի խորքից եկած, և այնքան ժամանակակից, այնքան առաջադիմական: Անախրոնիզմի  կամ կեղծ նորարարության ոչ մի հետք: համաշխարհային արվեստի պատմության մեջ եզակի են նման դեպքերը: Իրոք զարմանալի մարդ էր Թամանյանը:
Իսկ շինանյութի ինչպիսի՜ զգացողություն ուներ…

Այժմ սրտի մրմուռով եմ հիշում, թե որոշ տգետներ՝ նորելուկ ճարտարապետ-տեսաբաններ, ինչպես էին հուզում այդ նվիրված, հայրենասեր մարդուն: Մի քանի կեղծ մոդեռնիստներ ինչ ասես, որ չէին բարդում նրա գլխին, էլ «գիգանտոմանիայով տառապող», էլ «հետամնաց», էլ «միջնադարյան կղերական հայացքներ պրոպագանդող», էլ… ո՞ր մեկը նշեմ: Բամբասանքներ, չարախոսություններ… Իհարկե նախանձն էլ կար: Բանն այնտեղ հասավ, որ օպերայի շենքի կառուցումը քանի անգամներ դադարեցվեց:

Բայց այնքա՜ն ներողամիտ էր նա…

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք