Մեղքի հարյուր տարին

Հեղինակ:

20152804175006584

Հայոց ցեղասպանության հարյուրամյակը խորհրդանշող 2015 թիվը դիմավորեցինք նոր կորուստներով: Նոր Տարվա համեստ սեղանները դեռ չհավաքած, բոլորս ցնցվեցինք Գյումրիի ոճրագործությունից: Շփոթվածությունը նկատվում էր թե հայ, թե ռուս պաշտոնյաների գործողություններում և հայտարարություններում: Իսկապես աննախադեպ էր:

Պատվախնդիր գյումրեցիները նախ ցույց տվեցին, որ կարող են պահանջել, ապա նաև ցույց տվին, որ սգալ գիտեն: Ողջ հայությունը մի քանի օր նորից դարձավ մեկ մարմին ու հոգի: Մանկասպան, ընտանիք սպանած ճիվաղը անկասկած կստանա իրեն հասանելիք պատժի ցմահ չափաբաժինը և իրեն հասանելիք ամենօրյա կտտանքները, որտեղ էլ որ կրի իր պատիժը՝ հայկական բանտում, թե ռուսական ռազմակայանի պատժախցերում: Թե այս, թե այն աշխարհում նրա պատիժն անխուսափելի է: Այդպիսի հոգիները ամեն օր տառապում են երկրային կյանքում և, հուսանք, հավերժ տառապանք կրում հանդերձյալում:

Այդ ճիվաղը այլևս ռուս իշխանության և ռուսական ռազմակայանի աչքի փուշն է, մեկը, ում պատճառով գյումրեցիների վերաբերմունքը ռուս զինվոր նկատմամբ փոխվեց, գուցե՝ մեկընդմիշտ: Գյումրեցին առաջվա նման իրեն հատուկ հյուրասիրությամբ այլևս չի ընդունի ռուս զինվորին իր տանը, և ոչ ոք նրան չի կարող մեղադրել: Ռուսները վերաբերմունքի այդ փոփոխությունը արդեն զգում են, և չեմ կարծում, որ մանկասպան ճիվաղին քաղցր օրեր են սպասում, եթե այնուամենայնիվ իր պատիժը կրի ռազմակայանում: Հույս ունեմ, որ հայ և ռուս իրավապահները կճշտեն ոճրագործության դրդապատճառները: Անձամբ ինձ հետաքրքրում է թուրքիայի հնարավոր մասնակցությունը այս ոճիրին:

Գյումրեցին պատվախնդիր գտնվեց թե արհավիրքի, թե դրան հաջորդող օրերին և ոչ մի ռուս զինվորի նկատմամբ որևէ բռնարարք տեղի չունեցավ: Սա չափազանց կարևոր է: Մենք ցույց տվեցինք, որ պայքարը Ռուսաստանի դեմ չէ, ռուսական ռազմակայանի դեմ չէ, մեր իրավունքների և արդարության համար է: Հուսով եմ՝ գյումրեցիները նույնքան իմաստուն կգտնվեն ապագայում ևս ու ոչ մի ռուս զինվոր բռնության չի ենթարկվի:

Պատվախնդիր գյումրեցին գուցե այսուհետև ետ կանգնի իր զավակին ռուսական ռազմակայան ծառայության ուղարկելու մտադրությունից, որպեսզի ծառայությունից հետո նրան ավելի դյուրին լինի ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, գուցե իր զավակին Հայոց բանակ ուղարկի, հետ կանգնի ընտանիքով ընդմիշտ Ռուսաստան կամ մի ուրիշ օտարաստան տեղափոխվելու մտադրությունից: Դժվար է, բոլորիս համար էլ դժվար է, բայց Հայրենիքը չլքելը կլինի հարգանքի լավագույն տուրքը Ավետիսյանների գերդաստանի յոթ լույս հոգիներին, որ միացան երկնքում՝ Բարձրյալին բարեխոսելու այստեղ գտնվողներիս համար: Հավերժ երանություն նրանց և հավիտենական պատիժ բոլոր պիղծ ցեղասպաններին…

Որքան էլ մեզ պատուհասած աղետը մեծ էր, իրար մեջ թշնամի չփնտրեցինք, գենի իմաստնությունը զորեղ եղավ անգամ ամենակուլ վշտից, հիշեցրեց մեզ, որ թշնամին նույնն է, մեկն է, միշտ նույնն ու միշտ միևնույնը՝ թուրքը: Լինի թուրքիայի, թե ադրբեջանի թուրք, նույն բորենին է՝ ոխերիմ, նենգ, անողոք:

Դեռ նախքան Գյումրվա ոճրագործությունը նկատեցինք, որ ադրբեջանական կողմը անսովոր ակտիվություն է դրսևորում: Նոր տարվանից մինչ օրս /այսօր հունվարի 23-ն է/ հայկական կողմը արդեն տասը զոհ ունի: Արցախյան կողմը նշեց, որ փոխվել է թշնամու մարտավարությունը, գործողություններն իրականացվում են ականանետերի և ՌՊԳ-ների կիրառմամբ, տարբեր ուղղություններով: Մեր ՊՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ հարձակումներից մեկը իրականացվել է միանգամից ութ ուղղություններով: Թշնամու մարտավարությունից բացի փոխվել է ևս մեկ բան. Ադրբեջանը չի հայտնում իր կորուստների մասին: Մեկ-երկու շաբաթից ավելի անհնար է թաքցնել սեփական բանակի կորուստները, բայց այս անգամ ադրբեջանը տեղեկություն չի ներկայացնում իր կորուստների մասին: Մինչդեռ այդ կորուստները կան: Սա ի՞նչ նոր հանելուկ է:

Երբ իմ մտահոգություններով կիսվեցի սիրիահայ ծանոթներիցս մեկի հետ, մի բան ասաց, որ մտքիցս դուրս չի գալիս: Ասաց, իսկ չես մտածե՞լ, որ ադրբեջանական զինվորներ չեն, որ Սիրիայից բերված Իսլամական պետության վարձկաններ են, դրա համար էլ ադրբեջանցիները իրենց ռազմական կորուստները կարողանում են թաքցնել:

Իսկապես, բոլորին է հայտնի, որ Իսլամական պետությանը հովանավորում և զինում է թուրքիան: Այդ պետությունը չի էլ թաքցնում իր դերակատարությունը իսլամիստ ահաբեկիչների հզորացման գործում: Հենց թուրքիայի դրդմամբ մեկ տարի առաջ իսլամիստների կողմից գրավվեց հայաբնակ Քեսապը: Քաղաքը մի քանի ամիս անց հետ վերցվեց, սակայն թալանված էր ու ավերված և քեսապցին այժմ իր բախտն է որոնում աշխարհի տարբեր ծագերում: Ուրեմն ի՞նչն է խանգարում թուրքիային Եղեռնի հարյուրամյակին իսլամիստ վարձկաններ տեղափոխել ադրբեջան՝ նպատակ ունենալով հայ-ադրբեջանական սահմանային լարումը հասցնել թեժացման այն աստիճանին, որը կստիպի Հայաստանին ամբողջապես կենտրոնանալ սահմանային իրավիճակի վրա, չկարողանալ հարկ եղած ուշադրություն դարձնել Եղեռնի հարյուրամյակին և հանդես գալ որպես պահանջատեր:

Եթե սիրիահայ ծանոթիս ենթադրությունը ճիշտ է, ուրեմն պետք է պատրաստ լինենք. իրավիճակը կարող է ավելի լարվել՝ ապրիլին հասնելով թեժացման գագաթնակետին: Գուցե հենց այդ ծրագիրն էին քննարկում վերջերս Անկարայում հանդիպած Ալիևն ու Էրդողանը: Գուցե Գալիպոլիի /Դարդանելի/ ճակատամարտի տոնակատարության խեղկատակությունը Արևմուտքի ուշադրություն շեղելու համար է, իսկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը՝ մեր ուշադրությունը շեղելու համար:

Ամեն բան հնարավոր է: Գուցե չարժե նման ենթադրություններ անել կամ խոսել այս մասին, բայց չեմ կարծում, որ հայ ժողովուրդը չունի բավարար իմաստնություն, որպեսզի պահպանի սառնասրտություն և չտրվի խուճապի, չեմ կարծում, որ սև կատուն երկար կարող է թաքնվել, որքան էլ սենյակը մութ լինի: Վաղ թե ուշ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, և մենք կունենանք ևս մի զորեղ հաղթաթուղթ թուրք-ազերական եղբայրության դեմ: Անգամ եթե մութ սենյակում կատու չկա, պիտի գտնենք նրան և մեղադրենք թուրքիային և ադրբեջանին իսլամիստ ահաբեկիչների վարձու ծառայություններից օգտվելու համար: Դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի արձագանք կգտնի այդ լուրը աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակը խորհրդանշող տարում:

Լրվում է թուրքի գործած մեղքի հարյուր տարին, լրվում է պահանջի ու հատուցման ժամանակը, և այսօր ավելի, քան երբևէ պիտի միասնական լինենք, պիտի գիտակցենք, որ թշնամին չի հանգստանա, քանի դեռ կա Հայաստան պետություն, հայկական բանակ, հայ, որ ապրում է Հայրենիքում: Սեփականը չունեցող քոչվորը գողացավ պատմություն, մշակույթ, եղավ միակ ազգը, որ ցեղային մասշտաբներով իրականացրեց գենոֆոնդի փոփոխում, դեմքի համազգային կոսմետիկ վիրահատություն՝ մոնղոլոիդից դառնալով եվրոպոիդ:

Բայց հոգին նույնը մնաց՝ անլուսին գիշերվա պես սև: Հայ, հույն, ասորի ընտանիքներից գողացված մանչուկներին մեծացրեց որպես ենիչերի, օգտագործեց նրանց հային, հույնին, ասորուն կոտորելու համար: Հետևողականորեն իրականացրեց իր իսկ պետության քաղաքացի հանդիսացող քրիստոնյաների ցեղասպանումը, իրեն աշխարհիկ պետություն հռչակեց, եվրոպական հագուստ զգեցավ, և այսօր՝ հարյուր տարի անց, թուրքը նույնն է, և նրա թիվ մեկ նպատակը առաջվա պես հայերի իսպառ ոչնչացումն է: Գիտակցո՞ւմ ենք արդյոք սա, արդյոք բոլո՞րս ենք գիտակցում վտանգի ողջ լրջությունը: Մի՞թե առաջվա պես հույսներս քաղաքակիրթ կոչվող աշխարհն է, որը մեծագույն ոճրի հարյուրամյակին ի տես Պիղատոսի պես լվանում է ձեռքերին արդեն լերդացած հայերի արյունը:

Խանդավառ աչքերով դեպի հյուսիս նայողներին ևս լավ լուրեր չեն սպասում. մեր աչքի առաջ թուրքիան սրընթաց ջերմացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երբեմն անգամ անտեսելով իր մեծ եղբոր՝ ԱՄՆ-ի արգելանքը: թուրքիան ոչ միայն չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, այլև համաձայնեց իր տարածքով ռուսական գազ արտահանել Եվրոպա: Կարևոր չէ, թե որքանով է այդ ամենը կատարվում ԱՄՆ-ի լուռ թողտվությամբ: Մեզ հուզող հարցը այլ է՝ ի՞նչ է պահանջելու դրա դիմաց թուրքիան Ռուսաստանից: Արդյոք միայն տարանցիկ գազատարի վա՞րձը: Ուրեմն ի՞նչ անել, մի՞թե անհուսալի է մեր կացությունը:

Ոչ ավելի, քան Սարդարապատից առաջ էր: Պիտի օգտագործենք բոլորին էլ, թե հյուսիսում, թե արևմուտքում, թե արևելքում, թե հարավում, բայց մեր հայացքը պիտի միայն երկնքին հառենք և մեզ ապավինենք, պիտի օգնություն խնդրենք արդար գործի համար զենք վերցրած ձեռքը զորացնող Աստծուց և այդ օգնությունը պիտի սպասենք մեր միակ իրական դաշնակցից՝ Հայոց բանակից:

Ոչ մի ազգից կամ պետությունից այլևս արդարություն չենք մուրալու, մեր հույսն Աստված է երկնքում և Հայոց բանակը՝ երկրի վրա, մեր կռիվն արդար է, կամքն՝ անբեկանելի: Մենք կանգնած ենք կուռ փաղանգով թշնամու հանդիման, ինչպես երեք հարյուր սպարտացիները՝ պարսից զորքի առաջ: Պարսիկները սպառնացին նրանց, թե մեր բանակն այնքան մեծ է, որ մեր նետերի տարափից խավարում է արևը: Եվ սպարտացիները պատասխանեցին՝ ուրեմն կկռվենք ստվերի մեջ:

Այսօր մեր ոսոխը սպառնում է մեզ իր զինատեսակների բազմությամբ, որոնք կարող են խավարեցնել արևը. բայց մեր փաղանգը կուռ է, և մեզանից ոչ ոք չի կասկածում, որ եթե պետք լինի՝ կկռվենք նաև ստվերի մեջ:

Պարսիկները արևելյան պոռոտախոսությամբ երկար-բարակ սպառնալիքներ հնչեցրին սպարտացիներին, պահանջեցին վայր դնել զենքը, բայց սպարտացիների պատասխանը լակոնիկ էր՝ եկեք և վերցրեք:

Քոչվորի աչքը միշտ ուրիշի ունեցածին է, հագենալ չունի, նստակյաց դարձած քոչվորն այսօր էլ ինչ-որ բան է պահանջում մեզանից, երկար-բարակ սպառնում է, սպառնում է խոսքով ու զենքի բազմությամբ, սահմանային արկածախնդրությամբ փորձում է վախեցնել մեզ, սեփական վախը խլացնելու համար առաջնագծում կանգնած ասկյարը գիշերները գայլի պես ոռնում է լուսնի վրա, անկանոն կրակում՝ վախից ու անզորությունից, քանի որ այլևս անկարող է հարվածել թիկունքից, կացնահարել քնածին, անզենին:

Առաջնագծում կանգնած մեր տղերքը ծիծաղում են՝ լսելով այդ ոռնոցը, ինչպես սպարտացիներն էին ծիծաղում կռվի դաշտում՝ զարմանք ու սարսափ հարուցելով պարսիկների մեջ, և թշնամու երկար-բարակ բոլոր պահանջներին մեր պատասխանը մեկն է՝ թրի զարկի պես հակիրճ՝ եկեք ու վերցրեք:

Այսօր առավել, քան երբևէ ունենք այդ միասնական փաղանգի զգացողության անհրաժեշտությունը: Մենք կանգնած ենք մեր հողին, մեզ հետ են Աստված և մեր սրբերը, որոնց ապրիլի 24-ին միանալու են Եղեռնի միլիոնուկես նահատակները՝ դառնալով զորավոր բարեխոս Բարձրյալի առաջ Հայ դատը արդարությամբ լուծելու համար:

Բայց պիտի հասկանանք, որ հաղթանակ տրվում է միայն կռվողին, ապրում ու հարատևում է նա, ով ամեն օր պատրաստ է մեռնել հանուն հավատի, երկրի, հանուն իր ազգի: Բավ է Դավթի մեծահոգությամբ մի զարկ էլ բաշխենք թշնամուն, այլևս զարկի հերթը մերն է, և մեր ձեռքը չի դողալու: Պարզապես հայրենասեր լինելու շռայլությունը թողնենք կանադացիներին ու ավստրալիացիներին, հնդիկներին ու չինացիներին, մեզ համար, հայի համար պարզապես հայրենասեր լինելը քիչ է, մենք այլևս պարտավորված ենք լինել ավելի քան հայրենասեր, մեր պարտքն է լինել թրքատյաց: Հայոց ցեղասպանությունից հետո Նժդեհը ձևակերպեց ստեղծված այս նոր իրավիճակը իրեն հատուկ սպառիչ հակիրճությամբ՝ թուրքը այլևս ոչ թե մեր պատմական, այլ կենսաբանական թշնամին է:

Ուրեմն սեր Աստծո ու Հայրենիքի նկատմամբ, սեր ու նվիրում Հայոց բանակին, որպես մեր միակ իսկական դաշնակցին այս ցուրտ ու օտար աշխարհում, և թշնամանք, թշնամանք, որ զերծ է ատելությունից, գենետիկ, ազգային պարտականություն է, արյան հիշողություն, անհրաժեշտ ներկայություն, առկա փաստ, որն այլևս անբեկանելի է և ենթակա չէ քննարկման:

Թուրքը հավերժական թշնամի է և վերջ:

Թուրքը թե բարեկամությունից խոսեց՝ նոր հարված է պատրաստում: Կարիք չկա արժևորել նրան ատելությամբ, պարզապես պետք է ընդունել փոխադարձ թշնամանքի փաստը, ինչպես ընդունում ենք գարնան գալը ցուրտ ձմեռվանից հետո:

Մոտ է մեր գարունը: Եվս մի տարի, մի դժվար տարի, և եթե դիմանանք, եթե չընկրկենք ու միասնական լինենք, եթե զորենք հակահարված տալ զույգ թրքական գայլերին, սառույցը կոտրվելու է, գալու է հայի գարունը, միայն թե հավատանք, չկասկածենք մեր երազին: Երազ իմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ… Այդպիսին է Հայաստանը, անգամ ապրելով այստեղ պիտի հավատաս Հայաստան կոչվող երազին, հային արժանի Հայրենիքին: Ով ունի այդ երազը՝ մնում է իր հողի վրա, ով կորցնում է երազը օրվա հոգսերի մեջ՝ լքում է իրեն էլ, երկիրն էլ: Հավատանք մեր երազ Հայաստանին, մեր միասնական ու զորեղ Հայրենիքին, հավատանք մեր ապագային:

Մեզ ու մեր հարազատների համար աղոթելուց առաջ ամեն օր նախ խնդրենք Բարձրյալին պահպանել Հայոց Բանակը և ամեն հայ զինվորի, անմատչելի ու ամուր պահել Հայաստան և Արցախ աշխարհի սահմանները, համբերություն ու միասնություն տալ մեր ժողովրդին, իսկ իշխաններին՝ խոնարհություն, լայնախոհություն, իմաստնություն:

Հայն ամենից զորեղն է, երբ իրեն նեղն են գցում: Անհուսալի թվացող իրավիճակներում միշտ էլ տեսել ենք ժողովրդի արթնացող զորությունը, զգացել էլեկտրական ալիքներով երկրով տարածվող լիցքը, որ ճիշտ պահին դառնում է Դավթի միակ ու որոշիչ զարկը: Օրվա հոգսը մեզ չի կուրացրել, և մենք հավատում ենք Հայաստան կոչվող երազին, հավատում, որ Աստված մեզ չի լքել և մեր զարկին հաղթանակ է տալու:

Եվ թող չխաբեն մեզ օտարները, զուր թող չհամոզեն, թե հայը անհատապաշտ է ու միասնական լինելու անընդունակ: Հայը միակ ազգն է, որ չունի մենապար, մեր բոլոր ազգային պարերը խմբային պարեր են՝ ուս ուսի, թև թևի, մեկ մարին ու մեկ հոգի:

Ուրեմն աղոթենք խաղաղության համար և սրենք մեր սրերը:

 

Անդին 1, 2015

Share

Կարծիքներ

կարծիք