Հրաշքի մասին

20152508165117979

Երեկ, դիտելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, անբացատրելի, ինքնաբուխ մի զգացում ունեցա, ավելի ստույգ՝ համոզմունք — այս վերաշխարհիկ, պատմական, արտասովոր իրադարձային օրը հրաշք պիտիտեղի ունենա…

Նվաստիս համար, ինչպես բոլոր երկչոտ, թույլ, թերի հավատացյալների համար, հրաշք էր պետք՝ հավատալու համար…

Երբ ամոթս հաղթահարելով հրաշքի սպասումս կիսեցի ընկերոջս հետ՝ նա ասաց, որ հավանական է՝ շատերը հրաշքներ վկայեն այս ու հետագա օրերին — ճշմարիտ ու սուտ — և ավելացրեց, որ հնարավոր է՝ այդ հրաշքը անտեսանելի լինի…

Որոշ ժամանակ անց մի միտք ծնվեց խորքումս — փշաքաղեցնելով, ապշահարելով և համրացնելով ինձ — մեկ և կեսմիլիոն անմեղ զոհերը սրբադասվեցին, և այլևս նրանք Սուրբ են, միանգամից, անմիջապես – մեկուկես միլիոն Սուրբ:

Մի վիթխարի Երկնային զորք…

Մի ահռելի միասնական Սուրբ երկնային մարմին…

Ինձ ապշեցրած միտքը սա է. այլևս բոլոր հայերը, չէ՛, յուրաքանչյո՛ւր հայ կամ գրեթե յուրաքանչյուրը (այս գրեթե-ի համար ներողամտություն եմ հայցում) իր տոհմում առնվազն մեկ Սուրբ ունի, առնվազն մեկ հարազատ Սուրբ (ոչ շատ հեռավոր՝ մեծ պապ, մեծ մայր կամ նրանց  ծնողները): Կան ընտանիքներ, որտեղ կլինեն երկու, չորս և ավելի Սրբեր…

Հիմա կարծում եմ (գրեթե մեկ օր անց)՝ սա՛ է Հրաշքը, որ տրվեց Արարչի կողմից մեզ — մի ամբողջ ազգ, աշխարհասփյուռ ազգ մեկ արարողությամբ դարձավ մեկուկես միլիոնհարազատ, տոհմական Սրբեր ունեցող ազգ…

Հարազատների մեկուկես միլիոնանոց Սուրբ երկնային զորք…

Մի միասնական, անընդգրկելի, հարազատ Երկնային մարմին, որը մեր աշխարհասփյուռ ազգի միասնական արտացոլումն է Երկնքում…

Հարազատ երկնային մարմին, որն այլևս ի՛նքն էլ պիտի ամբողջովին արտացոլվի մեր հոգևոր ներսում՝ յուրաքանչյուրիս:

Սա հրաշք է… Սա՛ է հրաշքը…

Հրաշքը հավատքի դրույթ է, Հավատքի խնդիր է…

Մի՞թե այս խնդիրը մեզ չհաջողվեց լուծել — գոնե մեզ՝ ազգովին — Հավատքի քրիստոնեական կեցության ողջ ընթացքում…

 

Հ.Գ. Երեկ երեկոյան, երբ հաղթահարեցի ապշահար վիճակս, նույն ընկերոջս պատմեցի այս ամենը՝ ավելացնելով, թե անհնար է, որ որևէ մեկը կամ (ինչն ավելի հավանական է) շատերը նույն բանը չզգան ու չարտահայտեն: Ընկերս պատասխանեց, որ անպայման շատերը կլինեն, քանզի միտքը ծնվելիս, հոգևոր, եթերային մարմին առնելով, հասու է դառնում շատերին… Այսօր առավոտյան այս գաղափարը գրեթե բառացիորեն հնչեց հեռուստացույցից…

Հրաշքը Հավատքի խնդիր է…

 

Անդին 4, 2015

Կարծիքներ

կարծիք