«Հպարտ» ցեղի զավակը՝ թուրք

Հեղինակ:

20151603171045274

Ազգերի մասին ձևավորված կարծրատիպերը նման են այն քարին, որը դարեր առաջ մի հիմար գլորել է հորը, և թեպետ իսպառ զուրկ չեն ներքին բովանդակությունից, ինչպես որ քարը քար է և ոչ թե միայն առարկա, այնուամենայնիվ հազարամյակներ է արդեն, ինչ մակերեսային թերիմացությամբ ու ինքնաբավ անիրազեկությամբ պիտակված իմաստունները՝ թեթևսոլիկ ֆրանսիացին ու հիշաչար իսպանացին, պաղարյուն անգլիացին ու բծախնդիր գերմանացին, տաքարյուն իտալացին ու վաշխամետ հրեան, խորհուրդ են անում և չեն զորում քարը հորից հանել: Ավելին, անհույս հայացքով հետևում են, թե ինչպես են նորանոր քարեր հորն ի վար գլորվում, և մարտատենչ վիկինգը դառնում է բարեկեցության սանդղակի բարձունքում նիրհող սկանդինավցի, իսկ սամուրայը՝ էլեկտրոտեխնիկայի հանճար: Յուրաքանչյուր ժողովրդի հոգեբանության, մշակույթի ու կենցաղի հետ քիչ թե շատ մոտիկ ծանոթություն անպայմանորեն փշրում է կարծրատիպի կաղապարը, և բացվում են խորություններ, որոնց գոյությունն անտեղյակը ենթադրել անգամ չէր կարող ու զարմանքից ապշում է՝ դեմ առնելով կռվազան անգլիացիների մի խմբի կամ բազմակնության հակված մի ֆլամանդացու:

Ցեղի հոգեբանության արմատները հեռավոր նախնիների արյամբ են սնվում, և ով իտալացի գործատիրոջ մեջ նրա հռոմեացի պապիկին ու էտրուսկ տատիկին չի տեսնում և իտալիկների լեգենդները չգիտե, լավագույն դեպքում կարող է գործարք կնքել նրա հետ, սակայն այդ ցեղի ոգուն ու տեսակին երբեք հասու չի լինի, և ով ծանոթ չէ գաղղիական ցեղերի կենսունակության խորհրդին, երբեք չի հասկանա նապոլեոնյան բանակի «անհոգ» արշավանքները: Բայց և այնպես, հորը նետված քարը քար է, և, որքան էլ տարօրինակ է, որևէ ժողովրդի մասին ամենասահմանափակ և սկզբնապես իսկ թյուր պատկերացումների կաղապարները, որպես կանոն, այդ ժողովրդի ներկայացուցչի բուռն զայրույթը չեն շարժում, ինչպես մենք՝ հայերս, առանձնապես չենք վրդովվում, երբ մեզ հմուտ շինարար (ակամա հեգնանք կա այսօր այդ բնորոշման մեջ) և խորամանկ վաճառական են անվանում: Թաքուն հպարտությամբ ու ակնհայտ ներողամտությամբ ժպտում ենք՝ դիմացինին հասկացնել տալով, թե շատ ավելին ենք մեր մասին իր ունեցած աղքատիկ պատկերացումից, բայց այդ պատկերացումն էլ, ոչինչ, գոյության իրավունք ունի: Նույն կերպ գերմանացին իր ցեղի գիտակցությամբ գիտե, որ արջի կրծքին ուղղած տևտոնական նիզակի հարվածը բծախնդրորեն ճշգրիտ պետք է լիներ, և որ գերման արյան դևին սանձելու համար խիստ չափարկված կենցաղ ու ջանադիր փիլիսոփայող խոհ է պետք, ու ներողամիտ ժպիտով համաձայնում է, որ, այո, իրենք ճշտապահ և անգամ փոքր-ինչ բծախնդիր ժողովուրդ են:

Այսինքն՝ որևէ ազգի, որևէ ժողովրդի կարծրատիպը աշխարհի գիտակցության մեջ այդ ազգի, այդ ժողովրդի մասին ամենապարզունակ պատկերացումների ամբողջությունն է, իր պարզունակությամբ՝ թերի և պարզունակեցված՝ ճշմարիտ: Այո, և իր այդ պարզունակությամբ է ցանկացած կարծրատիպ ահեղ ու վտանգավոր: Դա այն թիրախն է՝ երևակայական կամ իրական, որին նշան բռնելով նորակոչիկը զինվոր է դաոնում ու սովորում մարդ սպանել թիրախ -թշնամի-թիրախ-թիրախ-թշնամի-թշնամի ճանապարհն անցնելով£ Շատ հեշտ է կրակել այն մարդու վրա, սպանել այն մարդուն, որի մասին ոչինչ չգիտես, որն ընդամենը կարծրատիպ-թիրախ-թշնամի է: Անհամեմատ դժվար է սպանել այն մարդուն, որի մասին գիտես ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Շատ դժվար է հաղթել նրան, ում մասին ոչինչ չգիտես կամ գիտես միայն, որ նա քո թշնամին է: Անհամեմատ հեշտ է հաղթել նրան, ում մասին գիտես ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ և գիտես նաև, որ քո թշնամին է: Կարծրատիպը սպանության ճանապարհն է: Իմացությունը՝ հաղթանակի:

Մեր դարավոր, ոխերիմ և այլն հակոտնյայի կարծրատիպը եվրոպական  գիտակցության համար սկսվում և ավարտվում է Հյուգոյի հայտնի խոսքերով, որ փորձի դառն հուշով են շաղախված: Մեզ համար՝ ողբերգական փորձի: Դարավոր, արյունալի, քստմնելի ու ողբերգական:  Եվ իբրև այդ փորձի արդյունք՝ մեր թշնամու մասին այսօր գիտենք այնքան, որքան մահապատժից գանահարվելով ու անդամահատվելով պրծած զոհն իր դահճի մասին գիտե: Գիտենք, որ ապրում է մեր տանը, վայելում մեր այգիների պտուղն ու պղծում մեր սրբատեղիները, գիտենք մեր ցավի չկորուսվող կսկիծն ու կորուստը վերադարձնելու չմոռացվող վճռականությունը: Այսքանը: Գիտենք թուրքի կարծրատիպը՝ արյունարբու, նենգ,  դաժան և այլն: Գիտենք, թե ինչ ենք մտածում թուրքի մասին: Չգիտենք, թե իր մասին և մեր մասին ինչ է մտածում թուրքը: Գիտենք, թե ինչ զգացումներ են մեզ համակում թուրքի մասին մտածելիս: Չգիտենք, թե իրեն և այլազգիներին համադրելիս ինչ զգացումներ է վերապրում թուրքը: Չգիտենք, թե ինչ է զգում իր երկաթե յաթաղանը մեր փայտե օրորոցի ու քարե սեպագրի կողքին իր պատմության թանգարանում դնելիս: Ամո՞թ: Զղջո՞ւմ: Ապաշխարելու ցանկությո՞ւն:

Հայտնի կինոդրամատուրգ Ֆրիդը զենքի հարուստ հավաքածու ուներ, և տարբեր դարերի ու ժողովուրդների զենքով լեցուն նրա բնակարանը աշխարհի բոլոր թանգարանների նկատմամբ ուներ այն առավելությունը, որ «Ցուցանմուշներին ձեռք չտալ» արգելքը հյուրերի համար չկար: Եվ երբ տարբեր (այդ թվում և հայկական) սրեր, սուսերներ ու դաշույններ զննելուց հետո մի անկյունում տեսա պատից կախված յաթաղանը, մոտեցա, ինչպես օձին կմոտենան, ու երկաթը բռնեցի, ինչպես թշնամուս ձեռքը, մի քանի վայրկյանում թուրքի մասին հասկացա ավելին, քան բարբարոսի հանդեպ նողկանք ժառանգած կյանքիս բոլոր տարիներին: Յաթաղանը ծանր զենք է: Զրահավոր ասպետի սուրն էլ ծանր է, երկու ձեռքով պետք է բռնես: Բայց հարցը ծանրությունը չէ, այլ ծանրության կենտրոնը: Յաթաղանը հորինած ու սարքած է այնպես, որ ծանրության կենտրոնը ոչ թե շեղբի կենտրոնում է, ինչպես աշխարհի բոլոր սուր ու թրերինն է, ոչ էլ երախակալին ավելի մոտ, ինչպես եվրոպական սուսերինը, այլ ծայրին է՝ ուռուցիկ ու կոր, մետաղի քաշը կուտակած հարվածող մասում: Յաթաղանը կրծքի կամ գլխի բարձրությամբ հակառակորդիդ հարված հասցնելու համար չէ՝ ձեռքդ ցած է քաշում: Առաջ պարզած ձեռքով ազատորեն սրամարտելու համար չէ՝ սրանով հարվածելու համար թևով, ուսով, ողջ մարմնով թափ պետք է հավաքես: Մեկ թափ՝ մեկ հարված: Հիանալի զենք է՝ հմուտ հաշվարկած այն հարվածի համար, որն անպայմանորեն ուղղված է վերևից ներքև: Ձիավոր՝ վերևից ներքև պետք է խփես հետիոտնի գլխին, գետնին կանգնած՝ պետք է վերևից ներքև խփես նրան, ում գլուխը կոճղին է: Ծայրը կեռ ոլորած է ետ, և թշնամուդ կուրծքը խոցել չես կարող: Կարող ես միայն վիզը կտրել: Շատ անհարմար զենք է պատերազմող ռազմիկի ու մենամարտող ասպետի համար: Իդեալական զենք է ելուզակի ու դահճի ձեռքին:

Ի՞նչ զգացումներով է թուրքը երբեմնի Կոնստանդնուպոլսի իր թանգարանում կողոպտած ու յուրացրած փյունիկյան սկահակի ու հայկական ապարանջանի կողքին դնում դահճի ու ելուզակի այդ զենքը: Ամոթի և զղջման կամ ապաշխարանքի ցանկությա՞ն: Ոչ: Անթաքույց հպարտության:

Նա այն հպարտ ցեղի զավակն է, որի խորհրդանիշ գայլը երբեք ոչ ոքի չի ծառայել ու չի ծառայում, չի երկնչում արյունից, իր արյունից և իր զարմից բացի ոչ ոքի չի խնայում և չի սիրում ոչ ոքի իր զարմից բացի: Նա այն հպարտ ցեղի զավակն է, որը սիբիրյան սառցակալած ճահճուտներից ելավ ու եկավ արևմուտք ու հարավ, կոտորեց և ուծացրեց նրանց, որ իրենց ինչ-ինչական քաղաքակրթության ժառանգ են համարում, բազմացավ ու տարածվեց և իր ոհմակները սփռեց ու հաստատեց ճանապարհի բոլոր արոտավայրերում, եկավ, եկավ, ծովերից ասդին անցավ, զորացավ ու ընդարձակվեց և երբ այդ ընդարձակ պատերազմում ուժահատ էր լինելու, մի վերջին ճիգով տիրույթները պնդեց ու բնակվեց այս աշխարհի երկրային դրախտում:

Նա այն հպարտ ցեղի զավակն է, որը ոչ միայն չընկճվեց պարտվողների պարիսպների ամրությունից ու զրահների փայլից, այլև նրանց ու նրանց կարեկիցների ատելությանն ու արհամարհանքին հակադրեց իր առավել զորեղ ատելությունն ու դավը:

Նա այն հպարտ ցեղի զավակն է, որն անդադար կատարելագործվեց, որն իր սրի ուժով գրավեց օտարների տունը և, քանի դեռ տուն կառուցել չէր սովորել, օտարներին ստիպեց իր համար տուն ու բաղնիք կառուցել, որն իր գորշագայլ ոգու հատկություններից ոչ մեկը չզիջելով՝ օտարների արյան ազնվական կաթիլը խմեց և իրենց գեղեցիկի չափանիշ համարողներից ավելի գեղեցկացավ:

Նա այն երբեմնի անհայրենիք ու մշտապես հպարտ ցեղի զավակն է, որն իր ոգու զորությամբ և յաթաղանի ուժով իր համար հայրենիք նվաճեց, որը չի պատրաստվում կիսել, չի կիսելու ոչ ոքի հետ: Եվ թող եվրոպացիք իրենց սորբոններում փռյուգիաների ու կապադովկիաների մասին դասախոսություններ կարդան. վերջը իր երկիրն են գալու և իրեն են հաճոյախոսելու իր հողը փորփրելու և մի քանի կճուճ ու խեցի հանելու համար:

Եվ թող հայերն ու հույները չարախոսեն, և մնացյալք թող չքմեղանան, թուրքը գիտե, թե ինչպիսին է թուրքը: Թուրքը բարեսիրտ է, մեծահոգի, առատաձեռն ու մարդասեր իր զարմի համար, իր ցեղի շրջանակում, իր տեսակի մեջ: Որևէ այլ տեսակ իր նվաճած, ոչ, իր ավանդական հայրենիքում չպետք է լինի: Վկա՝ Յաթաղանն ու Գայլի ոռնոցը սիբիրյան հեռուներից:

Մեր երեխաներին ոչ ոք չի սովորեցնում ատել այս «հպարտ ցեղի զավակին»: Այն զգացումները, որ մենք ունենք թուրքերի հանդեպ, եթե բնածին էլ չեն՝ արթնանում են ինքնաբերաբար, հենց որ աչքներս բացվում են, ու նայում ենք Լեռանը, հենց որ լեզուներս են բացվում, ու անպատասխան մնացող հարցեր ենք տալիս:

կարծրատիպը առաջանում է բնականորեն ու ինքնըստինքյան և այս դեպքում, ցավոք, լիովին է համապատասխանում իրականությանը: Ստերեոտիպը թանձրանում ու բարդանում է նրանով,  որ մեր դեպքում առկա է ոչ թե լոկ երկու ժողովուրդների գոյապայքար, այլ տեսակների՝ միմյանց բացասող հակամարտություն: Կարծրատիպը գիտակցականից իջնում է բնազդային մակարդակի, ինչպես առյուծներն առանց նկատելի պատճառի (չեն հոշոտում, չեն ուտում միսը) սպանում են ճանկերն ընկած բորենուն, ինչպես մանգուստն անպայման կռվի է բռնվում հանդիպած օձի հետ: Ահա թե ինչու կարիք չկա մեր երեխաներին բացատելու, թե ինչ է թուրքը:

Թուրքը որևէ այլ տեսակ գոնե իր տիրույթում, իր կողքին չի հանդուրժում, չի հանդուրժելու, և այս պարագայում վճռորոշ չէ ազգությունը. նախկինում մենք էինք այլազանվող այդ տեսակը, հիմա քրդերն են: Եվ անկախ այն բանից, թե աշխարհի առջև Եղեռնը արդարացնելու և կոծկելու ի՞նչ փաստարկներ կհորինեն, թուրքերն իրենց տեսակը շատ լավ գիտեն, և ես հավատում եմ, որ նրանք, իրոք, անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու չպիտի կոտորեին հայերին՝ այլատեսակ, այլալեզու, այլադավան, որոնք, ի լրումն այդ ամենի, դեռ վտանգ էին ներկայացնում իրենց ստեղծած պետության ամբողջականության համար: Մի այլ, վտանգավոր տեսակ էր, որը պետք էր ոչնչացնել:

Մենք երբևէ որևէ մեկին իբրև տեսակ ոչնչացնելու նպատակ ոչ սրով, ոչ ուծացմամբ չենք ունեցել, և սա ոչ մեր առաքինությունն է, ոչ էլ առավելությունը՝ ընդամենը տեսակն է. ցեղի արյունը ոչնչացնելու գեն չի կրում: Մենք միշտ կռվել ենք չոչնչացվելու համար և նպատակ չենք ունեցել ոչնչացնել թուրքին նույնիսկ այն պահին, երբ կռվող ուժերը գրեթե հավասար են եղել: Այժմ անհավասար են, քան երբևէ:

Կարծրատիպը թելադրում է՝ ոչնչացրու թշնամունդ: Իմացությունը պարտադրում է՝ գտիր նրան հաղթելու ճանապարհը: Կարծում եմ՝ կարիք չկա օրինակներ բերելու, թե այսօր ով է աշխարհի և թշնամու իմացությամբ իր հակառակորդի հանդեպ հաղթանակներ տոնում: Մենք մեր հակառակորդին ոչնչացնել չենք կարող: Ուրեմն՝ պարտավոր ենք հաղթել:

 

Անդին 4, 2014

Կարծիքներ

կարծիք