Հորից — որդի վարպետությունը

Լուսանկար

Ի սկզբանե խոսքն էր կամ ի սկզբանե էր խոսքը, ինչպես ի սկզբանե կավն էր, և այնուհետ ստեղծվեց այն, ինչ ստեղծվեց: Եվ որովհետև խոսքը հնար պիտի ունենար ձևակերպվելու՝ կավածին եղավ: Եվ հիմա այս արարչական խոսքի և կավի վրա հիմված աշխարհը կարծես թե չի քանդվում:

Վահագն Դայան հրաշալի արվեստագետի արարման նյութը կավն է:  Վահագնի ստեղծագործությունները կարծես գենետիկ հիշողությամբ են վերամարմնավորում նյութը՝ ժայռապատկերային, հնագույն ծիսական- արարողական պատկերներով, և այնքան վաղնջենական… որ նույնիսկ հիշողությունն ինքը չի հիշում, թե ինչից սկսվեց:

Գինու սափորներ, գավեր, կուժեր, որոնց նախշապատկերային համակարգը Վահագնը այնքան իրենն էր համարում, որ առաջին անգամ տեսնելով Գեղամա լեռների հնագույն և անհիշելիության հասնող ժայռապատկերները՝ անակնկալի էր եկել՝ սա միայն իր հիշողությունը  չէր:

Հավատարիմ մնալով ավանդույթներին, երևելի վարպետներին և միևնույն ժամանակ լինելով նորարարական՝ Վահագնի ստեղծագործությունները խորապես ազգային են: Նրա խեցեգործական աշխատանքերից շատ-շատերն  այսօր գտնվում են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Իսրայելում,  Իտալիայում, Չինաստանում և այլուր…

Անհատական ցուցահանդեսի համար, ինչպես ինքն է ասում, պահանջարկը այնքան է, որ չի հաջողվում անհրաժեշտ քանակի գործեր հավաքել, չնայած հանապազօրյա աշխատանքին:

Հիմա Վահագնին ոգևորում և օգնում է նաև վեցամյա որդին՝ Արամը, ում կենսախինդ ներկայությունն արվեստանոցը կենդանի ու լուսավոր է դարձնում և գեղեցիկ հույսով լցնում, որ հայրական վարպետությունը շարունակական է լինելու:

 

Անի Տեր-Գուլանյան

Անդին 4, 2014

2a

Share

Կարծիքներ

կարծիք