Հովիկ Մուսայելյան | Ամեն մեկս լինենք պատասխանատու…

Լուսանկար

Հարցազրույց Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ

 

-Պարոն Մուսայելյան ներկայացրեք «Սինոփսիս» ընկերությունը:

 

-«Սինոփսիսի» մասին խոսելն ինձ համար և՛ հեշտ է, և՛ դժվար:   Հեշտ այն առումով, որ ընկերությունն այս  ութ տարիների ընթացքում հասցրել է Հայաստանում ձեռք բերել բավական մեծ հեղինակություն և համարվել լավագույն օտարերկրյա  կապիտալի վրա հիմնված  ընկերություններից  մեկը: Դժվար է այն առումով, որ այնքան շատ են մեր նախաձեռնությունները, որ մեկ հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ համապարփակ ներկայացնել ամբողջը: «Սինոփսիսը»  համաշխարհային առաջատար ընկերություն է միկրոսխեմաների նախագծման ասպարեզում և աշխարհի շուրջ հիսուն երկրներում ունի իր գրասենյակները: Հայաստանում  «Սինափսիսը»  իր գործունեությունը սկսեց 2004 թվականից, երբ այն ձեռք բերեց  մի շարք ամերիկյան  ընկերություններ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեին այստեղ, այդ մասնաճյուղերը միացան մեկ կառույցի մեջ՝ կազմավորելով «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն: Երբ «Սինոփսիսը»  նոր էր մուտք գործել Հայաստան, ընկերության ղեկավարությունը մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց` մենք մեզ համար հայտնաբերեցինք հայերին և Հայաստանը՝ մի անմշակ ադամանդ, որը պետք է ընդամենը փայլեցնել: Բավական խորիմաստ բնորոշում: Իհարկե, փայլեցնելը ենթադրում էր նորագույն տեխնոլոգիաների և նոր բիզնես մշակույթի մուտք Հայաստան, որ պիտի տեղայնացվեր հայ ճարտարագետների աշխատանքով: Կարծում եմ՝ դա ստացվել է, որովհետև այս տարիների ընթացքում առիթներ շատ են եղել, երբ ընկերությունն իր գոհունակությունն է արտահայտել և Հայաստանի, և հայ ճարտարագետների, մեր թիմի կատարած աշխատանքի վերաբերյալ:  Եվ սա միայն մեր գործատուի կարծիքը չէ, այդ առումով մենք ունենք նաև այլ պերճախոս ապացույցներ, մասնավորապես՝  2010 թվականին Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղը ճանաչվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի կորպորատիվ գերազանցության մրցանակի եզրափակիչ փուլ անցած 12 ընկերություններից մեկը: Եվ այն հանգամանքը, որ Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում գործող ամերիկյան ընկերություններից մենք առաջինն էինք, որ ստացանք այդ մրցանակը,  կարծում եմ՝ բավական խոսուն է:

«Սինոփսիսը» երևույթ է, փիլիսոփայություն: Ընկերությունն ամեն տարի նոր կարգախոս է առաջադրում, օրինակ՝ այս տարվա կարգախոսն է՝  «Արագացնելով նորարաությունները»:  Եվ սրանք  զուտ խոսքեր չեն, դրանք համահունչ են ընկերության գործունեությանը: «Սինոփսիս Արմենիայում»  600-ից ավելի հայ ճարտարագետներ են աշխատում գերժամանակակից տեխնոլոգիաներով, աշխատում են իրենց երկրում, և այս ընկերությունում աշխատելով ապահովում են իրենց ընտանիքների բարեկեցությունը:  Սա շատ կարևոր իրողություն է, որ հայ ճարտարագետն աշխատում է իր երկրում:

 

-Ինչպիսի՞ կադրային քաղաքականություն է իրականացնում ընկերությունը:

 

-Աշխատողների հիմնական կորիզը ստեղծման պահից պահպանվել է: Այսօր աշխատակիցների մոտ 40 տոկոսը մեր նախկին ուսանողներն են: Մենք կրթական լրջագույն ծրագրեր ենք իրականացնում, կադրեր ենք պատրաստում ընկերության համար. չորս տարի սովորելուց հետո նրանք սկզբից աշխատում են որպես փորձնակներ, հետո որպես լիիրավ ճարտարագետներ: Ըստ էության, ընկերությունը լրջագույն ներդրումներ է կատարում կրթական ծրագրերում, ինչի արդյունքում մենք ոչ միայն մեզ համար ենք կադրեր պատրաստում, այլև այդ կադրերով համալրվում են այլ  ՏՏ ընկերություններ:

 

-Կարելի՞ է ասել, որ հայ ճարտարագետները կարևոր ներդրում ունեն ընկերության արտադրանքում:

 

-Ես Ձեր հարցին այսպես կպատասխանեմ՝ հայ ճարտարագետները կարևորագույն դեր ունեն «Սինոփսիսի» որոշ արտադրանքի վերջնական մշակման գործում: Թե որքան է կազմում այդ ներդրման տեսակակարար կշիռը՝ ես դժվարարնում եմ ասել, բայց այն, որ բավական պատկառելի է՝ համոզված եմ:

 

-Ընկերությանը կից գործում է «Սինոփսիսը Հայաստանի համար» հիմնադրամը: Ի՞նչ ծրագրեր է իրականացնում այն:

 

-Հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին և իրականացնում է կրթական ծրագրեր: Ներդրումներ է անում, որոնք շարունակական են լինելու: Իրականացնում է նաև տարաբնույթ միջոցառումներ՝ օլիմպիադաններ, սոցիալական փոքր ծրագրեր և այլն:

 

-Պարոն Մուսայելյան, ի՞նչ տվեց Հայաստանին «Սինոփսիսի» մուտքը, և հակառակը՝ ի՞նչ տվեցինք մենք ընկերությանը:

 

-«Սինոփսիսի» մուտքով մենք մեր ունեցածը վերարժևորելու հնարավորություն ստացանք: Օտարերկրյա ընկերությունը, որտեղ սփյուռքի դերակատարումը բացակայում է,  այսօր մտնելով Հայաստան, ապավինում է հայկական մտքին, գիտակրթական ոլորտում ներդրումներ է անում:

Այս տարիներին, մեր կրթական ծրագրերի համագործացության շրջանակում,  հարյուրավոր ուսանողներ են ավարտել. օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանի հետ մեր ծրագրով ավելի քան  500 ուսանող է ավարտել, որոնք իրենց երկրում ստացել են աշխարհում լավագույն կրթությունը: Մենք այսօր շատ ենք խոսում արտագաղթի մասին, իսկ «Սինոփսիսը» մեր պատանիներին հնարավորություն տվեց համաշխարհային ամենաբարձր նշաձողի համապատասխան տեխնոլոգիական կրթություն ստանալ իրենց երկրում: Այդ պատանիները հետո հնարավորություն ունեցան աշխատելու աշխարհի առաջատար ընկերությունում, կրկին իրենց երկրում: Ձեր հարցադրումը սա էր, չէ՞, թե ինչ ստացավ Հայաստանը «Սինոփսիսի» մուտքով: Ուղեղների արտագաղթը կանգնեցնելու մեխանիզմ ունեցանք: Մեր օրինակին հետևեցին ուրիշները,  «Սինոփսիսի» հաջողությունները ոգևորվեցին նաև այլ ընկերությունների:  Եթե առաջատար ընկերությունը հաջողության է հասնում, նշանակում է՝ այդ երկիրն ունի և ներուժ, և  հնարավորություններ: Ինձ համար ընկալելի չէ, երբ ասում են, որ մեր երկրի տնտեսությունն աշխարհի վատագույն  տնտեսություններից մեկն է: Ինչպե՞ս կարող է վատագույն տնտեսություն ունեցող երկրում «Սինոփսիսի» նման ընկերությունը հաջողություններ ունենալ: Այն, որ շատ թերություններ ունենք, մենք այդ մասին լավ գիտենք, բայց շարունակ բողոքել ու սևացնել եղածը՝ անընդունելի է: Հիմա խոսեմ այն մասին, թե մենք ինչ տվեցինք  «Սինոփսիսին»: Ընկերությանը տվեցինք նոր աշխարհագրական դիրքավորում ունենալու հնարավորություն, որովհետև այս տարածաշրջանում «Սինոփսիսին» ճանաչելի էր Ռուսաստանը, բայց ընկերությունը 2004 թ.-ին Ռուսաստան չմտավ, այլ եկավ Հայաստան: Եվ ոչ միայն եկավ, այլև Հայաստանը դիտարկում է որպես հենակետային գրասենյակ տարածաշրջանում  կրթական ծրագրեր իրականացնելու և գուցե ապագայում բիզնես ծավալելու  նպատակով:

 

-Կարելի՞ է ասել, որ այս բնագավառում նաև խորհրդային ժամանակներից եկող ավանդույթն է պատճառը, որ 2004 թ. «Սինոփսիսը» հաստատվեց Հայաստանում:

 

-Այո, լավ ավանդույթներ ունեինք, բայց  այդ ավանդույթները, ցավոք սրտի, ԽՍՀՄ փլուզումից հետո փոշիացան, այս ոլորտի առաջատար մասնագետները հեռացան երկրից կամ սկսեցին զբաղվել ոչ իրենց մասնագիտությամբ: 2000-ականներին Հայաստան մուտք գործեցին համաշխարհային առաջատար ընկերություններ, ինչը շատ կարևոր էր մեզ համար: Կարծում եմ՝ իրար հայտնաբերելու այս փաստը փոխշահավետ է: Ակնկալում ենք նոր զարգացումներ, նոր ներդրումներ:

 

-Մեկ անգամ ևս անդրադառնանք «Սինոփսիսի» կրթական ծրագրերին, այս շրջանակում ո՞ր բուհերի հետ  եք համագործակցում:

 

-Մենք կրթական երկու մոդել ենք իրագործում: Առաջինը՝ երբ բուհն է գալիս դեպի արդյունաբերություն. այս մոդելը իրագործում  ենք Ճարտարագիտական համալսարանի հետ, օրինակ՝ երբ համալսարանի մեկ ամբիոնը՝ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր»  ամբիոնը, ամբողջությամբ տեղակայված է մեր ընկերության բազայի վրա: Այստեղ 200 ուսանող է սովորում. ուսանում են  չորս տարի՝ երկու տարի բակալավրական, երկու տարի՝ մագիստրոսական ծրագրով: Երկրորդ մոդելը՝ երբ արտադրությունն է գնում կրթական համակարգ: Մենք ամբիոններ ենք ստեղծել Սլավոնական համալսարանում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Ռուսաստանում՝  Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանում: Եվ այս համագործակցության արդյունքում ունենք մոտ 300 ուսանող, որոնցից շատերը կրթաթոշակներ են ստանում ընկերության կողմից:

 

-Այս ամենը «Սինոփսիսի» երևացող հաջողություններն են, իսկ դրանից այս կողմում  ինչպիսի՞ աշխատանք է  կատարվում:

 

-Ճիշտն ասած, առիթ չի եղել խոսելու այդ մասին, բայց ասեմ, որ վարագույրից այս կողմ մարդիկ են, որոնք ունեն տարբեր աշխատանքային փորձ, աշխարհայացք,  ովքեր, սակայն, բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:  «Սինոփսիսը» իրականում մի մեծ ընտանիք է, և, կարելի է ասել, կոսմոպոլիտ ընտանիք է, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են աշխատում. հայ ճարտարագետները մեկնում են գործուղումների տարբեր երկրներ, և, բնականաբար, փորձի փոխանակման սկզբունքով, արտերկրից գալիս են այստեղ, և «Սինոփսիսի» համար նրանք բոլորը մի ընտանիքի անդամներ են:

 

-Պարոն Մուսայելյան, խոսեցինք այս կողմի մասին, իսկ տեսանելիից անդին՝ մինչև Սիլիկոնային հովիտը և դրանից այն կողմ, ի՞նչ ենք ուզում, և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ահռելի այս ընթացքը դեպի ո՞ւր է տանում:

 

-Աշխարհը շատ է փոքրացել: Համեմատելու համար ասենք, որ այսօր այնպիսի սարքավորումներ կան, որոնք  առօրյա կյանքում օգտագործում ենք, և որոնց գոյությունը մի քանի տարի առաջ կարող էր ուղղակի զարմացնել մեզ, իսկ այսօր առանց դրանց մենք չենք  էլ պատկերացնում մեր կյանքը: Հայաստանի դեպքում ժամանակը կարծես մեր դեմ է աշխատում, որովհետև մենք անհամբեր ենք,  ունենք բազում խնդիրներ, մարտահրավերներ, և այլ ճանապարհ չունենք, քան իրատեսորեն գնահատել մեր կարողությունները, և թե որ սանդղակները կարող ենք գրավել ո՞ր ոլորտներում, այդ ոլորտների ո՞ր ճյուղերում ունենք մրցակցային առավելություններ, և շարժվել այդ ուղղությամբ: Միևնույն է՝ չենք կարող ընդգրկել բոլոր ոլորտները: Երկրի տնտեսությունը պետք է ունենա առաջնահերթություններ, և եթե առանցքային ոլորտը  տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ուրեմն եկեք հասկանանք մեր մրցակցային առավելությունները: Ես շատ կուզենայի, որ մեր մրցակցային առավելությունների տիրույթը հայեցակարգային մոտեցում ունենար, որը պետությանը առաջ կտաներ: Մինչև այս պահը կան ուղղակի մոտեցումներ, բայց հայեցակարգային մոտեցում չկա:

Վերադառնալով ձեր հարցին, թե ուր է տանում մեզ  տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ընթացքը, նշեմ, որ տեխնոլոգիաների զարգացումը դրական երևույթ է և պետք է դյուրացնի մարդու կյանքը: Այլ խնդիր է, թե մարդն ինչպես է օգտագործում այդ տեխնոլոգիաները: Մարդու և մարդկության ձեռքում է բանալին: Այնպես որ, բոլորս գործով զբաղվենք, և լինենք պատասխանատու մեր արած գործի, ինչպես նաև մեր չարած գործերի համար:

 

Զրուցեց Անի Տեր-Գուլանյանը

 

Անդին 3, 2013

Կարծիքներ

կարծիք