Հիշողություններ որդուս կյանքից | Վարուժան Վարդանյանի մոր հուշերը

20151506184548978

Ճակատագիրն ինձ դաժան հարված հասցրեց. կրեցի կյանքիս ամենածանր ցավը՝ կորցրի որդուս՝ Վարուժանիս: Ինձ միայն մնում է այդ մեծ ցավը հոգուս մեջ պահած խոնարհ անցկացնել կյանքիս մռայլ մայրամուտը:

Որդի՛ս, սիրելի՛ս, դու շատ էիր ուզում, որ հուշեր գրեմ քո մասին, իսկ ես ցանկանում էի, որ իսկական ստեղծագործող գրեր, ինչպես դու՝ Մինասի համար:

Ավաղ, ամեն ինչ մնաց անկատար, ինչպես քո կյանքը: Ու հիմա, վշտից ու ծերությունից ուժասպառ, փորձում եմ պատառիկներ քաղել քո կյանքից, գրի առնել և այդ փշրանքները հանձնել ժամանակի անսահմանությանը:

Վարուժանս ծնվել է Ալավերդու Ղաչաղան գյուղում 1948 թ. հունիսի 22-ին: Այս մասին գրել է «Ինքնակենսագրություն» բանաստեղծության մեջ.

Ես ծնվել եմ 48-ի արանքում,

տնակ ապարանքում,

ուր ստվերներ կային:

Գյուղ, ուր սևանում էր ղողնոշը,

ու խոր ձորերի մեջ ապրում էր քարադոդոշը:

Մայրս ինձ տվեց Վարուժան անունս,

հայրս՝ ազգանունս՝ Վարդանյան,

հայրս ինձ խելք տվեց,

մայրս՝ խենթություն,

հայրս ինձ տվեց գեղեցիկ ատամներ,

մայրս՝ ատամնացավ:

Ու երկուսով՝ բարձր հասակս,

կարծր մարմինս:

Այդպես ապրեցի ես

ու ապրեցի բարի,

հետաքրքիր այնպես

ուղիղ 18 տարի,

մինչև որ հասա Ձեզ:

 

Բանաստեղծությունը տպագրվեց «Գարունում»: Ավելի ուշ այն թարգմանեց և հայ բանաստեղծներին նվիրված ծողովածուում տպագրեց շվեյցարահայ բանաստեղծ Վահե Գոդելը: Հետո նման մի բանաստեղծություն էլ նա  գրեց:

Որդուս բացառիկ ընդունակությունները ի հայտ եկան դեռ վաղ տարիքից: Նույնիսկ օտար մարդիկ զգում էին նրա և հասակակիցների տարբերությունը: Ուր էլ լինեինք, նա շատ արագ հայտնվում էր ուշադրության կենտրոնում, մարդկանցով շրջապատված, նրան արտասանել էին տալիս, խոսեցնում, զարմանում ու հիանում: Դրանից նա շատ էր նեղվում, բայց, միևնույն է, դա այդպես էլ մնաց մինչև վերջ:

Այդ տարիներին ապրում էինք Արթիկի Մանթաշ գյուղում: Վեց տարեկանից սկսեց սովորել գյուղի միջնակարգ դպրոցում: Երրորդ դասարանում էր, երբ «Պիոներ կանչ» թերթում տպագրվեց նրա առաջին բանաստեղծությունը՝ «Տղան և ծիտիկը»:

Վարուժանս մեծանում էր, մեծանում էին նաև նրա հետաքրքրությունների շրջանակները: Սկսեց ուսումնասիրել համաշխարհային գրականություն և արվեստ: Բայց ավելի շատ սիրում էր նկարել: Արդեն բավական հաջողված դիմանկարներ և բնանկարներ էր անում, 1965 թ. ոսկե մեդալով ավարտեց դպրոցը: Մենք ընտանիքով մոլի ընթերցողներ էինք, կարդում էինք ու կարդում: Այն ժամանակ միայն մենք չէ, որ սիրում էինք կարդալ, ընթերցասեր մարդիկ շատ էին, գիրքն էր սեղանի վարդը:

Վարուժանս ավարտեց դպրոցը, և մենք տեղափոխվեցինք Երևան: Տղաս գործերը տվեց գեղարվեստաթատերական ինստիտուտ, փայլուն հանձնեց քննությունները՝ զարմանք պատճառելով հանձնաժողովի անդամներին, և ընդունվեց:

Դեռ ուսանող՝ ծանոթացավ հայտնի մարդկանց հետ: Հատկապես մտերիմ էր Մինաս Ավետիսյանի հետ: Հանդիպում էին նույնիսկ գիշերները. քայլում էին Երևանի փողոցներով, ժամերով զրուցում: Մինասն այն եզակի մարդկանցից էր, ով առանց նախանձի գովում էր Վարուժանին, նրա բացառիկ ընդունակությունը և ասում, որ Վարուժանը գերընդունակ է, շատ արագ կբարձրանա ու կհասնի իր նպատակին:

Մինասի ողբերգական մահը ցնցեց որդուս, նա շատ ծանր տարավ ընկերոջ կորուստը: Ավագ ընկերոջ հիշատակը նա հարգեց «Մինասի վերադարձը» գրքով:

Անսպառ էր Վարուժանի աշխատասիրությունը, անընդհատ խորացնում էր գիտելիքները, կատարելագործում վարպետությունը: Նկարում էր, գրում: Որքան նկարիչ էր, նույնքան էլ արձակագիր էր, պոետ և հրապարակախոս:

Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում էին այն ժամանակ մեծ ժողովրդայնություն վայելող «Գարուն» ամսագրում: 1993 թ. հրատարակվեց բանաստեղծությունների «Կեղտոտ սենյակ» խորագրով ժողովածուն:

 

Վարուժանիս հյուրընկալում էին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Նա  խոսում էր ոչ միայն արվեստի, այլև մեր կյանքի լուսավոր ու մութ երևույթների մասին: Որդուս հեռուստալսարանը լայն էր: Մարդիկ հարգում էին և՛ նկարիչ Վարուժանին, և՛  մեր կյանքի արատավոր կողմերի դեմ ընդվզող մտավորականին:

Որդիս շատ հաճելի ձայն ուներ: Նրա «Մոկաց Միրզան» և «Անտունին» կարելի է համարել լավագույն կատարումներից մեկը:

Վարուժանս շատ արագ ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մեր արվեստանոց-բնակարան էին այցելում բազմաթիվ մարդիկ, որոնց մեջ քիչ չէին արտասահմանցիները: Հիշում եմ ռուս դերասան Տարատորկինին, կնոջը՝ Եկատերինա Մարկովային, Տերեխովային, կինոդերասան Յոզեֆին…

Հենց այդ ժամանակ «Վաշինգտոն փոսթ» թերթի թղթակիցը Տրետյակովյան թանգարանում տեսնում է Վարուժանի նկարները և շատ հավանում: Թղթակիցը Երևան եկավ կնոջ և երեխայի հետ: Զանգահարեց Վարուժանին. հանդիպեցին, ծանոթացան: Հիացած էր Վարուժանի նկարչությամբ ու իմացությամբ: Մեկնելիս ասել էր. «Ամենալավ բանը, որ տանում եմ Երևանից,  Վարուժանի հետ ծանոթանալն է»: Գրեթե  նույնն էր ասել նաև մի արվեստաբան ֆրանսուհի. «Հայաստանից տանում եմ Գառնիի տաճարը և Վարուժանին՝ իր նկարչությամբ»:

Վարուժանի նկարները շատ էին դուր եկել նաև իտալացի կինոռեժիսոր Անտոնիոնիին: Ցանկացել էր անպայման հանդիպել Վարուժանին: Հանդիպել էին թանգարանում, ծանոթացել, լուսանկարվել:

Սակայն ամենից հաճելին Սարոյանի այցելությունն էր: Նա ժամանակակից արվեստի թանգարանում տեսել էր Վարուժանի նկարները և Հրանտ Մաթևոսյանին խնդրել ծանոթացնել իրենց: Հրանտը, որ արդեն շատ մտերիմ էր Վարուժանի հետ, զանգահարեց և ասաց, որ գալիս են: Շատ չանցած դեռ աստիճանների վրայից լսեցինք Սարոյանի բարձր ձայնը:

Նա եկավ Հրանտ Մաթևոսյանի և Վահագն Դավթյանի հետ: Հենց առաջին հայացքից նրան շատ դուր եկավ որդուս արտաքինը: Վարուժանը բարձրահասակ, գեղեցիկ երիտասարդ էր: Դրա շնորհիվ էլ նա տարիներ առաջ Էրեբունի-Երևան տոնակատարություններից մեկի Արգիշտի արքան էր:

Սարոյանը հիացմունքով դիտում էր Վարուժանի նկարները և ուրախանում: Այդ՝ աշխարհ տեսած մեծ մարդը շատ բարձր էր գնահատում Վարուժանի նկարչությունը: Ասում էր, որ ինքը շատ երջանիկ է, որ հայ ազգն ունի այդպիսի երիտասարդ նկարիչ: Զրուցում  էր Վարուժանի հետ, հիանում նրա իմացությամբ: Ասում էր՝ «Դու էլ ամեն ինչ գիտես»: Ես սուրճ առաջարկեցի, նախընտրեց թեյը: Գաթա հյուրասիրեցի: Կերավ, շատ հավանեց, մի քանի կտոր էլ վերարկուի գրպանը դրեց, որ հյուրանոցում ուտի:

Դա Սարոյանի վերջին այցն էր Հայաստան:

Տարիներ անց Երևան եկավ Մխիթարյան միաբանության անդամ նկարիչ Պարիկյանը, տարվեց Վարուժանի նկարներով, հեռուստահաղորդում պատրաստեց: Ասում էր, որ եղել է աշխարհի հայտնի թանգարաններում, տեսել շատ նկարիչների ստեղծագործություններ և հիմա  համոզված ասում է՝ Վարուժանը կարող է մրցել աշխարհի բոլոր ժամանակների հայտնի նկարիչների հետ:

Վարուժանը չէր սիրում անարդարությունը: Ատում էր քծնանքն ու կեղծավորությունը: Չէր սիրում մեր երկրի գեղեցկությունը խաթարողներին, բնության անդորրը խանգարողներին, ծառերը հատողներին, վայրի կենդանիներին ոչնչացնողներին, շատ էր մտահոգված Սևանի ճակատագրով:

Այն ցուրտ ու մութ տարիներին, երբ գիշերային ամայության մեջ շենքերը քարաժայռեր էին հիշեցնում, երբ փակվում էին հիմնարկությունները, ամայանում էին գործարանները, մարդիկ հուսահատվում էին, որդիս լուռ ու մունջ շարունակում էր աշխատել: Ամեն օր գնում էր իր շնչով տաքացնելու սառն արվեստանոցը և կտավին ու թղթին հանձնելու հոգում կուտակված դառնությունը, երազանքները, ուրախությունն ու տխրությունը:

Ես համոզված եմ, որ ամեն առավոտ առաջինը նրա ոտնահետքերն էին դաջված ձյան վրա՝ արվեստանոց գնալու ճանապարհին:

Վարուժանը չէր սիրում կոչումները, չէր ցուցադրում իրեն: Ընդամենը երկու անհատական ցուցահանդես բացեց. 1994 թ. ժամանակակից արվեստի թանգարանում և 2001 թ. «Հայ Արտ» կենտրոնում: Երկրորդը կոչեց «Խաչելություն»:

1997թ. հունվարին անհատական ցուցահանդես բացեց Մոսկվայում: Բացումից անմիջապես հետո վերադարձել էր: Ասում են, որ արվեստաբանները և նկարիչները ցանկացել են տեսնել հեղինակին, բայց նա արդեն Երևանում էր: Որդիս օտար երկրում չէր կարողանում մնալ: Հայաստանից ոչ մի տեղ չէր գնում: Հրավերներ էր ստանում, իր արվեստի երկրպագուներն էին կանչում՝ բոլորին մերժում էր:

Վարուժանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել արտասահմանյան պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում, Տրետյակովյան պատկերասրահում և Հայաստանի պետական թանգարանում:

Վերջին ցուցահանդեսը բացեց եղբայրը, որդիս՝ արվեստաբան Վարդան Վարդանյանը՝ արդեն առանց իրեն: Տպագրվեց նաև նկարների ալբոմը:

Որդի՛ս, սիրելի՛ս, իմ հպարտություն, իմ տառապանք, ինչո՞ւ չխնայեցիր քեզ, ինչո՞ւ այդպես անժամանակ հեռացար և ապրելու ցանկությունն էլ հետդ տարար…

Սիրելի՛ս, ամեն օր մտովի այցելում եմ քո թափուր արվեստանոցը, տեսնում ձեռքերիդ կարոտ վրձիններդ ու ներկերդ: Քո անսահման աշխատասիրության պտուղներն եմ տեսնում: Ահա նրանք՝ քո նկարները… Իսկ ես՝ իր հրաշամանուկին գրկած Մարիամ Աստվածածին…

 

 

Անդին 5, 2013

Կարծիքներ

կարծիք