Հին Երևան. անցած, բայց չմոռացված քաղաքի վերադարձը

admin-ajax

Հին քաղաք կոչումը, թերևս, պատմական փաստաթղթերով չէ միայն, որ պետք է վաստակել: Ու չնայած Արգիշտի արքան հազարամյակներ առաջ է հիմնել Էրեբունին, բայց բուն Երևանը՝ որպես քաղաք, մի քանի դարի պատմություն ունի: Հիմնականում Ցարական Ռուսաստանի ժամանակներում է ձևավորվել Երևանի քաղաքաշինական առաջին շերտը, որի մասին, սակայն, այսօր միայն լուսանկարներն են պատմում: Կազմաքանդվող, իսկ հետո անհետ կորչող շենքերը մեկը մյուսից հետևից դիմազրկում են մեր մայրաքաղաքը՝ այն թողնելով միայն վերջին տասնամյակների ճարտարապետության հույսին:

Բայց որքան էլ իրավիճակն անդառնալի թվա, պարզվում է, որ մինչ օրս պահպանված 19-20-րդ դարերին բնորոշ կառույցների և կազմաքանդված շենքերի լուսանկարներով հնարավոր է վերակազմել հին Երևանի մի փոքրիկ հատված, որն այսօր արդեն, որպես ամբողջական նախագիծ, ներկայացնում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

Հին Երևան նախագծի գաղափարը Լևոն Վարդանյանը հղացել է դեռևս 1970-ականներին, սակայն այն չի իրականացել և մինչ օրս, որպես կյանքի նվիրական երազանք, հետապնդել է ճարտարապետին: Նախագիծն ամփոփում է Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընդգրկող տարածքը: Երբ 2005 թվականին այս նախագիծը պաշտոնապես քննարկվեց, դեռևս չկար պատմամշակութային նշանակություն ունեցող կազմաքանդված շենքերի այսպիսի քանակություն: Այսօր խնդիրն այլ է. նախագծի հեշտ իրականացմանը խանգարում են ոչ միայն կարևոր պատմական շենքերի բացակայությունը, այլ նաև շրջակա բարձրահարկ շենքերը: Սակայն, օրինակ, մեր հարևան Թիֆլիսը կարողացել է անգամ իր զրոյացած շենքերին հարություն տալ: Ուստի Երևանի դեպքում ևս խնդիրը լուծելի է:

Ինչպես ինքը՝ Լևոն Վարդանյանն է նշում, նախագիծը մոտավորապես 300 մ երկարությամբ փողոց է, որի երկու կողմերում հուշարձանային նշանակություն ունեցող շենքերն են լինելու՝ Բաբաջանյանների տունը, վաճառականներ Գևորգ Անտոնյանի, Ֆադեյ Թադևոսյանի տները, Աֆրիկյանների տունը և այլն: Կազմաքանդված շենքերի ճարտարապետագեղարվեստական հարդարանքը վերականգնվելու է բնօրինակներին հարազատ: Շենքերի քարերը համարակալվում են և տեղափոխվելու են հատ-հատ:

Իսկ բակային հատվածը նախատեսվում է իբրև հետիոտների ծածկված փողոց: Ծածկը ոչ միայն կփրկի արևից ու անձրևից, այլ նաև կստեղծի մտերմիկ միջավայր՝ առանձնացած ժամանակակից բարձրահարկերից: Շենքերի բակերն ու տանիքները կանաչապատված են լինելու, իսկ ներսի հատվածները՝ վարպետաց խանութներ՝ արծաթագործների, գորգագործների կրպակներ, սրճարաններ, ազգային խոհանոցի պանդոկներ և այլն:

Եվրոպական շատ քաղաքներ արդեն ունեն հին քաղաքի վերականգնման նմանատիպ փորձ: Ի դեպ, շատ դեպքերում հին շենքերը բացի պատմական հուշարձան լինելուց կիրառվում են նաև որպես հյուրանոցներ, արվեստանոցներ, պատկերասրահներ: Հին Երևան նախագիծն այս առումով բացառություն չէ, և բացի պատմամշակութային համալիր դառնալուց այն լինելու է նաև հետաքրքիր գործնական միջավայր:

Նախագծի իրականացմանը, անշուշտ, պետական ու ֆինանսական օժանդակությունից բացի անհրաժեշտ է նաև հանրային աջակցությունը: Ճարտարապետական ցանկացած նոր միջամտություն սուր է ընդունվում քաղաքացիների կողմից, սակայն այս դեպքում անհրաժեշտ է նաև հստակ գիտակցել, որ մեր մայրաքաղաքի անցյալը ճանաչելու համար հին Երևանի լուսանկարներից զատ եկող սերունդներին պիտի ժառանգել առավել առարկայական բան՝ վերականգնված հին Երևանի մի հատվածը:

 

Պատրաստեց Լազարևա Մարիան

 

Անդին 9, 2014

Կարծիքներ

կարծիք