Հելլեն աստվածների հայրենիքը կամ նոր հունական ողբերգություններ

Հեղինակ:

20152004165835368

Սպիտակ մարմարի ու կապույտ ծովերի երկիր, ուր թվում էր, թե մարդիկ ամեն առավոտ արթնանում են ռազմաշունչ Աթենասի վահանի ու ծովասասան Պոսեյդոնի եռաժանիի շառաչից:

 

Սակայն իմ՝ հին հունական լեգենդներով ու առասպելներով մեծացած աղջկա առջև Հունաստանը հայտնվեց ոչ այնքան Եվրոպային առևանգած, որքան Եվրոպայի կողմից առևանգված երկիր, թեև հույներն այսօր էլ իրենց 2-եվրոյանոց մետաղադրամի դարձերեսին համառորեն պատկերում են ցուլի վրա նստած գեղեցկուհի Եվրոպային:

Ոչինչ չես կարող անել, երբ մարդիկ ուզում են հավատալ առասպելի:

Ինչևէ, չորրորդ այցս Հունաստան խիստ նպատակային էր: Մասնակցում էի գիտաժողովի, որտեղ ներկայացնելու էի Հայաստանի հին շրջանի արվեստի նմուշների վերաբերյալ գիտական զեկույց: Իմ պապերի հայրենիքում (հայրական կողմս հույն է) խոսելու էի իմ մյուս պապերի կերտած մշակույթից:

Գիտաժողովի մասնակիցներից միայն ես էի Հայաստանից, իսկ այդ փաստն առավել քան պարտավորեցնող էր, քանզի փոքր-ինչ դժվար է այն մարդկանց հետ, ովքեր քո երկրի անունը ամեն անգամ որպես «Ռոմենիա» (Ռումինիա) են լսում:

Եվ ես աշխարհի տարբեր ծայրերից եկած գիտնականների առջև խոսեցի իմ երկրի մշակութային կոթողների, ապա՝ հարազատ Գառնիի մասին և երբ ցույց տվեցի լուսանկարը, աչքերս փակեցի՝ գիտական լուրջ ու քննող լռության մեջ լսելով ներկաներից շատերի շշուկները՝ It’s wonderful! :

Այո, հազար ու մի տաճարների երկրում ես խոսում էի Գառնիի մասին: Ես գնացել էի իմ հայրենիքի հնամենի մշակույթը կապելու աշխարհին, որի մի կարևոր մասն էր եղել դեռևս երկու հազար տարի առաջ:

Ցավոք, իմ հայրենիքը նոր աշխարհի շատ երկրներ ճանաչում են 301 կամ… 1915 թվականից սկսած: Եվ ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչպես մեր ժողովրդի անունն ու մշակույթը մի թեթև ձեռքով ջնջվեցին հին աշխարհի պատմության դասագրքերից:

Ու կարելի է ասել՝ այսօր, երբ մեզ համար բաց են դրսի աշխարհների դռները, երբ դեպի աշխարհը բացվող պատուհանն ունի համացանց անունը, երբ համաշխարհայնացման ճամփան բռնած մեր մոլորակում կա արդեն բոլորի կողմից հասկանալի գոնե մի լեզու՝ սեղմ ու անկիրք անգլերենը, մենք՝ փոքր երկրի մեծ ժողովուրդս, պիտի խոսենք ու ցույց տանք մեր մշակույթը և այն չամփոփենք միայն եկեղեցիների, ապա պատմական անցքերի մասին ողբանվագ երգերով:

Մեր ընդհանուր հարևան Թուրքիան հայերին ու հույներին բախտակից է դարձրել անցնող դարերում: Եվ երբ փոքր էի, հաճախ էի լսում, թե հայերն ու հույները ազգային բնավորությամբ նման ժողովուրդներ են՝ աղմկոտ, բարեկամասեր ու հյուրասեր:

Սրանով ոգեշնչված էի Հունաստան գնացել, թե բախտակից ժողովրդի մոտ եմ գնում: Սակայն մի օր հույն ընկերներիցս մեկը պատահաբար խոսքի մեջ նետեց՝ αρμένικη βίζιτα (հուն. հայկական այցելություն): Եվ իմ հարցին, թե դա ինչ է նշանակում, պատասխանեց՝ երբ որևէ մեկը քեզ հյուր է գալիս և մոռանում քո տնից գնալու մասին…

Թերևս, ազգային բնավորության ընդհանուր գծերի հունական ցուցակից հանենք «հյուրասեր» բառը: Մեր երկրում հաճախ չեն էլ հարցնում հյուր գնալու մասին, և բարեկամիդ դուռն ու սիրտը միշտ բաց է քեզ համար:

Ինչևէ, հին աշխարհի քիչ ժողովուրդներ են վերածնվել իրենց ժառանգների ու հետնորդների հոգիներում ու մարմիններում: Եվ ես չգիտեմ, թե ինչպես ենք պահպանվել հայերս: Չեմ մոռանա հաջորդ անգամ հարցնել մեզ ու մեր մշակույթը լավ ճանաչող մի «օտար աչքի»:

Բայց այնուամենայնիվ հրաշալի է լինել մի երկրում, որի մշակույթի անցյալը ո՛չ ոտնակոխ է արված, ո՛չ էլ՝ մոռացված, այլ կողք կողքի ապրում է մարդկանց հետ ու ամբողջացնում ազգի մշակութային ինքնությունը:

Թեև Ակրոպոլիսում առաջին անգամն էի, տպավորությունս այդպիսին չէր. ասես անգիր գիտեի ամեն քարի ու սյան տեղը: Ու թերևս այստեղ ես կհակառակվեմ այն հայտնի խոսքին, թե՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Ոչ: Պետք է հազար անգամ լսել ու միայն հետո գնալ տեսնել, այլապես երբեք, ճշմարիտ եմ ասում, երբեք չես հասկանա տեսածիդ արժեքն ու նշանակությունը:

Իսկ իմ տեսածը հզոր Պարթենոնն էր, ապա նրբագեղ կարիատիդների տաճարը՝ Էրեքթեոնը: Թող ինձ ներեն տղամարդիկ, բայց, այո՛, կանայք են պահում ամենահզոր տանիքները:

Վեհաշո՛ւք Պարթենոն:

Բոցաշունչ աստվածուհուն նվիրված այս տաճարն ինձ այնքան բաց ու ընդարձակ թվաց, որ աստվածները կարծես դուրս կփախչեին նրանից, իսկ աղոթքներն ու գոհաբանությունները բաց տարածքի պատճառով տեղ չէին հասնի, այլ կխառնվեին քամիների հետ ու կցրվեին:

Ու ես մտովի հիշեցի իմ հարազատ Գառնին՝ կոկիկ, հավաք ու հզոր, մեն-մենակ կանգնած իմ՝ արդեն Խաչյալին աղոթող երկրում:

Այս տարի էլ Ակրոպոլիս կոչվող աստվածամերձ բարձունքը ձյուն չտեսավ, և հունական զբոսաշրջության զարգացմանն այս տարի էլ ոչինչ չխանգարեց՝ բացառությամբ ծովի սառը ջրերի: Թեև ամենասպիտակ ձմեռն էլ կարծես անզոր կլիներ Կորնթոսյան մով նեղուցի առջև, որի՝ քանոնով անսխալ գծված եզերքներին հատվում են հելլեն աստվածների աշխարհները:

Միջազգային այդ գիտաժողովը հունակերտ պատուհան բացեց իմ առջև, որից այն կողմ, սակայն, ուրիշի աչքով ի՛մ հայրենիքն էր երևում:

«…Արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ»,- հիշեցի իմ սիրած երգերից մեկը…

 

Եվ ես այդպես էլ չիմացա, թե ի՞նչ ձայներից են արթնանում կապույտ ու սպիտակ աշխարհի մարդիկ, բայց հասկացա մի պարզ ճշմարտություն՝ առասպելները ո՛չ քար են դառնում, ո՛չ էլ այրվում մեհյաններում: Առասպելներն ապրում են դրանք պատմողների շուրթերին:

 

 

Անդին 1, 2015

Share

Կարծիքներ

կարծիք