Հանդիպում ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճյանի հետ

Լուսանկար-Պարոն Պչաքճյան, կրկին Հայրենիքում եք և այս անգամ ևս հրաշալի մի առիթով.  վերջերս լույս տեսավ  ձեր երկերի լիակատար ժողովածուիի երկրորդ հատորը: Դուք այն բացառիկ սփյուռքահայ գրողներից եք, ում երկերի լիակատար ժողովածուն` վեց հատորով, լույս է տեսնում Հայրենիքում: Մի բան, որ մինչ այս պահը չի եղել. նույնիսկ Շահան Շահնուրին չհաջողվեց տպագրվել Հայրենիքում: Ոգևորո՞ւմ է:

-Աշխարհի ամենից պարզ, թափանցիկ ու այլ տեսողության բան է ոգին, և այն տեսնելու, շոշափելու, արժևորելու համար կարիք չկա գնալ հեռուներ, առավել ևս դիմել բառարանների օգնությանը: Ոգևորում է, իհարկե, և այդ անտեսանելի ոգին է, որ սփյուռքի գրողին պահում է, երբ դու չգիտես`քեզ կարդո՞ւմ են, թե՞ ոչ, բայց գրում ես` հուսալով, որ կկարդան, քանի որ քո ճանաչած աշխարհի մասին մի գաղտնիք ես ասելու, որ կարծում ես, թե չեն ասել նախորդները: Այո, որևէ սփյուռքահայ գրողի չի հաջողվել իր երկերի լիակատար ժողովածուն Հայրենիքում տպագրել, նույնիսկ Շահան Շահնուրին: Բայց և այնպես, ես տպագրվեցի և շնորհակալ եմ… շնորհակալ եմ Հայրենիքին, իմ ընկերներին և բոլոր այն հովանավորներին, որոնց օգնությամբ կյանքի կոչվեց այս գաղափարը, մասնավորապես Վիվասել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

 

-Այսօր սփյուռքահայ գրողը օտար երկրում ապրող հային հայերենով է փրկում, և ինձ միշտ հիացրել է այդ առաքելությունը կրելու ոգեղեն ուժը: Որտեղի՞ց այդ հզոր կամքը:

-Հայրենիքից… բայց, ափսոս, այսօր տեղեկություն չունենք միմյանցից. սփյուռքը տեղյակ չէ Հայրենիքում ստեղծագործող գրողից, այստեղ էլ` սփյուռքից: Այս առումով կապը պետք է ամրապնդել: Չգիտեմ, գուցե թե նաև արևմտահայերենի և արևելահայերենի խնդիրն է պատճառը: Այնուամենայնիվ… խնդիրը գոյություն ունի:

 

-Գրողը մի մարդ է, կարելի է ասել` հազարի մեջ հազվագյուտ մի մարդ, ով պատմում է ոչ միայն իր կյանքը, այլ նաև մեկ այլ մեկի, որ ինքն է տեսել: Ո՞վ է ձեր հերոսը:

-Իմ հերոսը ես եմ և ինքը: Իմ ներսի համառ ինքը` գրողը, որ ուզում է գրի առնել ճշմարտությունը, և ես, որ այսկյանքայինն է: Շարունակական ու համառորեն փնտրող ինքը, որ «ժամանացելին անժամանցելի» պիտի դարձներ, որը իր աշխարհի մասին պիտի պատմեր մի բան, որ միայն ինքը գիտեր: Ինքը կարծում էր,  որ շատ մեծ գործեր պիտի գրի, բայց չեղավ: Կյանքը կարճ է, չգիտեի, որ այսքան կարճ է: Այսքան պիտի ապրեի, որ հասկանայի` կարճ է: Հույս ունեմ, որ դեռ լավագույնը պիտի գրեմ: Կարծեմ թե լավագույնը չգրվածն է:

 

 

Զրուցեց Անի Տեր-Գուլանյանը

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք