Հայ ազգի մի քանի առանձնահատկությունների շուրջ

20152301133326127

1. Ավելի քան 30 տարի զբաղվում եմ հայ ազգի ինքնագիտակցության հարցերով: Նրա ճակատագրի, բնավորության, կամքի, աշխարհայացքային մտածողության, հոգեբանության շուրջ իմ երկարամյա խոհերի ամփոփման արդյունքն էր հրատարակածս գիրքը, որն այդպես էլ անվանեցի՝ «Ազգային ինքնագիտակցություն» (Եր. 1997, հայերեն): Գիրքն արծարծում էր ազգային պատմության մի շարք հիմնահարցեր՝ սկսած այն բանից, թե ինչն ենք մենք համարում հայ ժողովրդի պատմության առարկան, և ինչպես պետք է այն մեթոդապես մշակվի, ովքեր են հայկականության կրողները և ինչ առանձնահատկություններ են երևան բերում: Բայց նշեմ նաև, որ գրքի լույսընծայումից հետո էլ գրեցի մի քանի կարևոր հոդվածներ, որոնցում անդրադարձել էի մեր ազգին վերաբերող այդ ընդգրկուն թեմային:

2. Սույն աշխատանքում առաջին անգամ կփորձեմ սեղմ համակարգել և ներկայացնել իմ բազմամյա հետազոտության հիմնական դրույթները:

3. Մենք պետք է հասկանանք՝ ինչպես է ապրում ժողովուրդը, ինչն է նրա համար անվիճելի արժեք, ինչն է խանգարում նրա կյանքին ու զարգացմանը:

4. Ժողովրդի բնավորությունն ուղղակիորեն ազգային պետության պատմությունն է: Եվ այն մեզանում չափազանց խճճված է:

5. Մենք հաճախ ենք հպարտանում մեր պատմությամբ, պատմական առանձին փաստերով, որոնք, որքան էլ տարօրինակ է, մեզ շատ են խանգարել և այսօր էլ խանգարում են՝ հասկանալու արդի կյանքի մարտահրավերները: Դա իրողություն է: Հպարտանում ենք Հայաստանի 12 մայրաքաղաքներով՝ չհասկանալով, թե ինչի վկայություն է այդ պատմական փաստը: Իսկ դա մեզ հուշում է, որ ժողովուրդն ունի շատ զորեղ կամք, որը ձգտում է միավորել ազգն ու կորսված հողերը, ստեղծել մի ընդհանուր գլուխ՝ մայրաքաղաք, բայց մայրաքաղաքը, որը կոչված էր արտացոլելու ժողովրդի հավաքական միտքը, ամեն անգամ թույլ է գտնվել և արագորեն կործանվել է իբրև մայրաքաղաք: Եվ ամեն ինչ պետք է սկսել սկզբից: Կամ այս օրինակը. մենք հպարտանում ենք Տիգրանի կայսրությամբ (պատմական հիշողության ամենավառ արտահայտություններից մեկը)՝ նրա գործողություններում չգտնելով և ոչ մի համակարգային սխալ: Եվ դա այն դեպքում, երբ կա°ն սխալներ, ընդ որում՝ խիստ էական: Հայոց մեծն արքան տեսավ և հասկացավ, որ իր ժողովուրդն ունի արարման վիթխարի զորություն, փայլուն ռազմիկ է, և նրա քաջությունն ու կամքը աշխարհում չունեն հավասարը: Ընդսմին, ինքն էլ ջահել էր և ուժեղ, զորավարի ու տիրակալի նրա որակները թույլ էին տալիս գլխավորել երիտասարդ ու զորացող երկիրը: Իսկ դա նշանակում է, որ նա ի զորու էր իր կյանքի ընթացքում ստեղծել և ամրապնդել պետական իշխանությունը: Եվ Հայաստանը կդառնար ուժեղ կայսրություն: Տիգրան Երկրորդը ձգտում էր ընդլայնել տարածքները, ուզում էր կարևոր դեր ստանձնել ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում. հիշեք՝ քաղաքական ինչ բանաձևով Տիգրան Երկրորդը մուտք գործեց համաշխարհային պատմություն՝ «Չլինել ո՛չ Հռոմի, ո՛չ Պարթևստանի հետ»: Դա նշանակում էր՝ ես հավասար եմ նրանց: Նա նույնիսկ փորձեց հեռանալ Պոնտոսի ամենազոր արքա Միհրդատից՝ յուր աներոջից: Այո, նա գիտակցում էր իր խելքի ու կամքի զորությունը, գիտեր ազգի՝ իր հպատակների ուժը, նա հասկանում էր, որ ռազմական հաջողություններով հնարավոր է մեծ կայսրության ստեղծումը: Սակայն ջախջախիչ պարտություն կրելով Լուկուլլոսից՝ նա ձևախեղեց ի°ր իսկ ստեղծած իշխանության ուղղաձիգը: Անմիջապես պարզ դարձավ, որ Տիգրան Մեծը չուներ կայսրություն ստեղծելու համար անհրաժեշտ բազմաթիվ գործիքներ՝ կրոն, որը տարբերվեր նվաճված ժողովուրդների կրոններից, լեզու, մշակույթ, իշխանության վարչական կառույցների սեփական համակարգ, ի՛ր իսկ ընտանիքի ներսում և նախարարությունների կողմից իր հանդեպ վստահության պաշար և այլն: Այս ամենն անհրաժեշտ էր նվաճված ժողովուրդներին ուծացնելու, հպատակներին հնազանդեցնելու, գրաված տարածքները յուրացնելու համար… Տիգրան Մեծից անմիջապես հետո եկող յուրաքանչյուր արքա փորձում էր ուղղել իշխանության թեքված ուղղաձիգը, այն դարձնել համակշռված: Երկարատև փնտրտուքներից հետո գալիս էին այն համոզման, որ անհրաժեշտ է ազգն ու պետությունը միավորող կրոն՝ իր եկեղեցական ինստիտուտով: Այդպես 301 թվականին  ընդունեցին քրիստոնեությունը, բայց մի քանի տասնամյակ անց, ստույգ՝ 378 թվականին, տեսնում ենք Հայաստանի փլուզումը… Եվ այդպես դարեր շարունակ փլուզվում են երկիրն ու ժողովուրդը:

6. Հայկական պետականության բարդագույն պատմությունը և ազգի բարդագույն էթնոգենեզը գրեթե հազարամյակների ընթացքում նպաստավոր հող ստեղծեցին մարդու այնպիսի տեսակի ի հայտ գալու համար, որը դարձավ միջին վիճակագրական հայի կերպարը: Ես նրան կբնորոշեի այսպես՝ «ինքն իրեն ապավինող» կամ «միջակացված-ունիվերսալ» մարդ: Շատ դարեր անց ժողովուրդը նրան շատ դիպուկ բառով կանվանի  «ճարպիկ»: Հենց նա՛ կտնօրինի ժողովրդի ճակատագիրը, հատկապես նա՛ թույլ չի տա, որ մեռնի ազգը, բայց հենց նա՛ էլ կկասեցնի ազգի ու պետության զարգացումը: Այդ է հուշում քաղաքական պատմության վերլուծությունը:

7. Այդ տեսակը վերապրեց հայկական թագավորությունների աստիճանական քայքայման, տարածքների կորստին զուգընթաց: «Ինքն իրեն ապավինողը» ազգի ներսում դառնում էր գերակշռող տարր, իսկ 20-րդ դարասկզբին կազմում էր ազգի 80 տոկոսը: Պարզ է, որ «ինքն իրեն ապավինողը» ի վիճակի չէ միավորվելու: Եվ չնայած նա ընտրանքով չէր լավագույնը, բայց հենց ինքն սկսեց կառավարել ամբողջ ազգին: Նա ակնհայտորեն վերահսկում է ներէթնիկ կապերը, ազգակցական հարաբերությունները, պահպանում է ավանդույթները, որոնք հենց ինքն էլ ստեղծում է: Պահպանողական է նա, աներեր իր համոզմունքներում, ոչ միշտ է բացահայտորեն ձգտում իշխանության… Սկսած տակավին 6-7-րդ դարերից՝ հայկականությունն այդկերպ կրողն ազգի ներսում զբաղեցրեց բոլոր թափուր տարածքները՝ փոխելով հարաբերությունների բնույթը ներհանրային և ներազգային կյանքում: Այո, ազգային կյանքի գլխին բազմեց հայի ա°յդ տեսակը, որովհետև լավագույնները լքեցին երկիր ու ժողովուրդ՝ հեռանալով Կոստանդնուպոլիս, Կիլիկիա, այլ երկրներ… Ահա թե ինչ է գրում այդ մասին հայ ականավոր պատմաբան Ն. Ադոնցն իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (,,Армения в эпоху Юстиниана’’, Санкт-Петербург, 1908) անգնահատելի աշխատությունում. «Կայսրությունը (Բյուզանդական.- Ռ.Ա.) խլեց հայերից ոչ թե ազգային ուժերի ավելցուկը, այլ հակառակը՝ այն ամենը, ինչն ամենից շատ էր հարկավոր ազգին»: Այսինքն՝ հայրենիքը լքում էին պետականության կառուցման համար պիտանի, մրցունակ մարդիկ, նրանք, ովքեր ժողովրդի մտածողության և բնավորության մեջ կարևոր որակներ էին սերմանում: Այդ դեպքում ովքե՞ր էին մնում հայրենիքում: Մի խոսքով՝ գնացողների հետ համեմատած խաղից դուրս մնացածները: Բայց ՙճարպիկներն՚ արդեն ազգային կյանքի ներսում էին դառնում առաջնորդներ: Դա պարադոքս է, բայց փաստ: Նշանակում է՝ ազգը լքած կարևոր անձանց տեղն էին բռնում պակաս նշանակալիները, պակաս խելացի, բայց հսկայական եռանդով լեցուն մարդիկ: Այդ ուժերն ագրեսիվ են և ապիկար պետություն, երկիր կառուցելու ու կառավարելու գործում:

8. Դարեր շարունակ կենսունակ եղավ հայի «ճարպիկ» կամ «միջակացված-ունիվերսալ» տեսակը, որի գոյությունն ամեն ազգի համար նույնիսկ անհրաժեշտ է, եթե սակայն կազմում է 10-12 տոկոս և ոչ թե 50-60 տոկոս, ինչպես հայերի պարագայում, ինչը անհաղթահարելի քաոսի էր վերածում ազգային ու հանրային կյանքը… Հենց նա էլ դարձավ հայկականության կրողը: Ո՞վ է նա: Ո՛չ գյուղացի է, ո՛չ քաղաքային մարդ: Արտառոց համադրությունն է և° մեկի, և° մյուսի: Ունի որոշակի գիտելիքներ ու հմտություններ, կառչուն հետամուտ է սեփական շահին՝ երբեք չմտածելով ազգայինի մասին: Միևնույն ժամանակ նա իբր թե հայրենասեր է և դրանով ամաչեցնում է նրանց, ովքեր ողջամտորեն քննադատում են հանրության ու ազգի թերությունները: Եռանդուն ու կայտառ մարդ է նա կենցաղում: Միանգամից ձեռք է բերում մի քանի մասնագիտություն. առևտրական է, շինարար, էլեկտրիկ, ուսուցիչ, լրագրող, գիտնական, բայց դրանցից և ոչ մեկում լուրջ մասնագետ չէ: Բոլոր գիտելիքները մակերեսային են, մասնակցում է ամեն ինչին և միշտ ազգային կյանքի առաջին դիրքերում է: Ազգային մտածողության իրական կրողները, որպես կանոն, ընկրկում են այդ եռանդուն տեսակի առջև, այստեղից էլ սկիզբ է առնում  դարեր շարունակ ծավալվող մի անասելի համառ պայքար իսկակա՛ն մտքի ու կե՛ղծ մտքի միջև:

9. Դարեր շարունակ հայկական պետականության բացակայության հետևանքով մենք կորցրինք ազնվականությանը, մտավոր ու քաղաքական վերնախավին՝ ազգային պետության ձևավորման համար անհրաժեշտ լավագույն մասին: Նրանց տեղը բռնեց այս  «ճարպիկը»: Հայ ժողովուրդն այսօր կազմված է երեք շերտից՝ գյուղացիներ, արհեստավորներ, առևտրականներ: Իսկական վերնախավի բացակայության պայմաններում այդ երեք շերտում էլ ազգային կյանքի տերերը դարձան ՙճարպիկները:

10. Հենց այդ միջավայրից են դուրս եկել և այսօր էլ դուրս են գալիս երկրի ղեկավարները, եթե միայն գործերին չի միջամտում նվաճողը: Քիչ չեն այն դեպքերը, երբ հասարակ ժողովուրդը բարեհաճ է վերաբերվել նվաճողներին, քանզի նրանք էին թուլացնում լարվածությունը կյանքի շատ ոլորտներում: Հայաստանի տարբեր հատվածներում կառավարման որակն ամեն հաջորդ հարյուրամյակում դառնում էր է՛լ ավելի վատթար: Մասնատվում էր ոչ միայն տարածքը, այլև ինքը ժողովուրդը: Դարերի ընթացքում է՛լ ավելի էին խորանում տարբերությունները տեղական  յուրահատկությունների միջև՝ լեզու, ազգային տարազ, խոհանոց, երաժշտական արվեստ, սովորույթներ… Ըստ էության, 20-րդ դարասկզբի շեմին Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամեն մի նահանգում ի հայտ էին եկել տեղական ածանցյալ ազգություններ՝ սասունցիներ, մշեցիներ, էրզրումցիներ, ղարաբաղցիներ, համշենահայեր, կիլիկեցիներ… Ամեն նահանգ ներփակված էր իր ազգային կյանքի սահմաններում, քանի որ այդպե՛ս միայն կարող էին փրկել իրենց ինքնությունը: Սույն երևույթը դեռևս մատնանշել էր մեծ լեզվաբան Հ. Աճառյանը:

11. Զարմանք են հարուցում դարերի ընթացքում ի հայտ եկած հետևյալ առանձնահատկությունները. 1.Ազգային (պետական) հավաքական միտքը ծանրագույն խնդիրների լուծման ելքեր է գտնում, բայց գլուխը ոչ միայն չի նկատում, այլև… ոչնչացնում է այդ նույն միտքը: 2.Ազգային (պետական) երևակայության հայելու մեջ իրականությունը պատկերվում է ծայրահեղ ձևախեղված տեսքով, չնայած ազգի ներսում լինում են առանձին անհատներ, ովքեր կարողանում են կազմել իրականության ճշմարիտ պատկերը: 3.Նկատի առնելով առաջին երկու առանձնահատկությունները՝ տեսնում ենք, որ ազգի համար տեղեկատվության արժեքը գրեթե հավասար է զրոյի: Ազգը հակված է երկրորդական, երրորդական, բայց ոչ հիմնարար հարցերի, չնայած այն մարդկանց գոյությանը, ովքեր հասկանում են հիմնարար խնդիրները: Այս ամենը ցույց է տալիս, որ ներազգային կյանքում ընտրանքը սխալ է ընթանում: Այստեղից էլ այն իրողությունը, որ այսօր ազգը չգիտե, թե ում ինչպես, ինչ չափանիշներով գնահատի, ընտրի կամ արժևորի: Որքա՜ն մեծ մտածողներ են մերժվել սեփական ազգի կողմից… Այսօր էական է դարձել որևէ հայի հաջողակությունը որևէ երկրում: Համացանցը ողողված է նրանց ցուցակներով… Հրատարակվել են և դեռ կհրատարակվեն գրքերի շարքեր «մեծագույն հայերի» մասին, ինչը նողկանք է հարուցում, երբ իսկական հանճարների ու մեծերի կողքին տեսնում ես երկրորդական անձանց: Այսպիսով, մենք, չունենալով ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ (սա կարևոր է շեշտել) գնահատական, դառնում ենք օտար կարծիքների, օտար գնահատականների պատանդը: Եվ ուրիշ ժողովուրդների գնահատականներն ընդունում ենք անվերապահորեն: Անունների այդ հարահոսն անվերջ է, բայց դրանից ի՜նչ օգուտ, ասենք, ազգային մշակույթին կամ գիտությանը… Մեզանում չձևավորվեց սեփական ընտրանքը կատարելու ազգային բաղադրիչը գոնե մշակույթի պատմության մեջ. այստեղ տեսնում ենք միայն համադրություն (էկլեկտիկա): Այս ամենի հետևանքում ժամանակն ու աշխարհը մենք ընկալում ենք կատարյալ խառնաշփոթի մեջ, որովհետև ամեն երկիր ունի ընտրանքի ի՛ր չափանիշները, ի՛ր արդար կամ անարդար կյանքը, աշխարհի առարկայական (օբյեկտիվ) կամ ենթակայական (սուբյեկտիվ) պատկերը:

12. Յուրաքանչյուր հաջորդ հարյուրամյակում մենք կորցնում ենք նաև մեծ անհատականությունների, որովհետև նրանց անունները կարդում ենք ուրիշ պետությունների և, որպես կանոն, կայսրությունների քաղաքական պատմության էջերում: Ցանկը մեծ է՝ բյուզանդական կայսրեր, Օսմանյան կամ Ռուսական կայսրությունների բարձրաստիճան դեմքեր, ԽՍՀՄ-ի…

13. Յուրաքանչյուր ժողովրդի ստեղծած բարձրագույն արժեքն ազգային անկախ պետությունն է. այստեղ բոլորը ենթարկված են ազատ ինքնադրսևորման ու արդար ընտրանքի համակարգին, առանց որի անհնար է հասնել հանրային կյանքի իրական հավասարակշռության: Մնացած բոլոր դեպքերում ԱՐԴԱՐԱՑԻ ՆԱԽԱԴՐՅԱԼԻ չափաբաժնի նվազումը կամ դրա լրիվ բացակայությունը հանգեցնում են տխուր հետևանքների՝ ազգի ձևախեղմանը կամ անկախության կորստին, միջպետական կամ ազգամիջյան բախումների: Սա ազգի ու պետության կայունության կարևորագույն ցուցանիշն է: Այդպես մենք կշարունակենք թափառել մի երկրից մյուսը՝ պաշտպանված ու բարեկեցիկ լինելու ակնկալիքով: Որքա՜ն դպրոցներ ու եկեղեցիներ են կառուցվել աշխարհով մեկ հայկական գաղութների կողմից, և դրանցից քանի՜սն են լքվել: Ահա մեր դժբախտության օրինակներից ևս մեկը: 20-րդ դարասկզբին հայության մեծ մասն ապրում էր Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում: 50-ականների կեսերին Երևանը հավասարվել էր Բաքվին և Թբիլիսիին, իսկ 80-ականներին Երևանը դուրս եկավ առաջին տեղ, երկրորդ տեղում Մոսկվան էր: Այսօր առաջին տեղում Լոս Անջելեսն է, հետո՝ Մոսկվան, իսկ Երևանն ընդամենը երրորդ տեղում է… 90-ականների սկզբին Բաքվում, Գանձակում, Սումգայիթում և էլի մի շարք քաղաքներում արդեն հայեր չկային: Իսկ ահա, օրինակ, Պետերբուրգում, որտեղ 1980 թվականին ապրում էր 7 հազար հայ, այսօր ապրում է 70-ից 100 հազար: Այն դեպքում, երբ Վանաձորում 80-ական թվականներին ապրում էր 180 հազար բնակիչ, իսկ այսօր՝ 70 հազար: Որքա՜ն ֆիզիկական, հոգեբանական, ֆինասնական կամ այլ ուժեր ենք մենք ծախսում այն բանի վրա, որ պարզապես ապրենք և ուրախանանք այս աշխարհում: Որքա՜ն անխոհեմ ենք վատնում մեր կենսական ուժերը… Եվ ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք վերջի՞ն հանգրվանն է  լինելու այն երկիրը, այն քաղաքը, որտեղ ապաստանել ենք:

14. Հայ հանրության մեջ մարդու արժեքը պետք է լինի ոչ միայն բարձր, այլև բնականոն՝ թելադրված իր իսկ հանրության կողմից: Բայց դրա համար ինքը՝ հանրությունը, բարձր մտքի կրողը պետք է լինի: Ինչը չի եղել և ոչ մի հայկական պետության մեջ՝ ներառյալ այսօրվանը: Ուր ուզում ես, ռա՛դ եղիր: Ախր նույնիսկ կալանավայրերից մարդկանց այդպես չեն ճամփում: Ոչ մի հայկական պետություն  հաշվի չի առել իր քաղաքացու կյանքն ու ազատությունները: Թերևս բացի Կիլիկիայի թագավորությունից…

15. Միաժամանակ հայտնի է, որ մարդը պետության մեջ կերտում է հարաբերությունների երեք մոդել՝ 1.ընտանիք, 2.հասարակություն (այլ դեպքերում՝ ժողովուրդ), 3.պետություն: Այժմ որպես օրինակ հիշենք մեզ հայտնի ժողովուրդներին և մերը համեմատենք նրանց  մոդելների հետ: Ռուսները. ընտանիքն ավելի թույլ է, քան ժողովուրդը: Զարգացած Եվրոպան. ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, որը հավասարազոր է պետությանը: Հրեաները. ընտանիքն ավելի թույլ է, քան ժողովուրդը, ժողովուրդն ավելի ուժեղ է պետությունից: Հայերը. ընտանիքն ավելի ուժեղ է, քան ժողովուրդը, ժողովուրդն ավելի ուժեղ է, քան պետությունը: Դե, եզրակացրեք ինքներդ: Հայաստանի քաղաքական պատմությունը անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք շատ բան և շտկենք իրապես, ոչ թե կուրորեն, ինչպես մեր օրերում:

16. Մեկ այլ օրինակ բերենք: Մենք բոլորս էլ գիտենք, որ եղել է Ավարայրի ապստամբությունը, որ պարսիկները մեզ վերջնագիր էին ներկայացրել. այն ժամանակվա իշխանությունը պետք է ընդուներ զրադաշտականություն: Եթե նկատի ունենանք, որ այդ վերջնագիրը հայերին ներկայացվեց այնպիսի մթնոլորտում, երբ ինքը՝ պարսից իշխանությունը, պատրաստ էր ընդունել քրիստոնեությունը, բայց զրադաշտության ղեկավար սպասավորները սպանություններով վախեցրին իշխանություններին, որոնք ենթարկվեցին նրանց կամքին, ապա կարող ենք ասել, որ նույնիսկ պարսիկների շրջանում արդեն առկա էին խոր կասկածներ սեփական կրոնի հանդեպ: Իսկ մենք երբեք կասկածներ չենք ունեցել մեր կրոնի հանդեպ:

17. Յուրաքանչյուր ժողովրդի ստեղծած բարձրագույն արժեքն ազատ ու անկախ պետությունն է: Դա մեր բոլորի ազգային դիմադրողականությունն է, և այն բացարձակապես չի կարելի զոհաբերել ոչ մի այլ բանի: Չկա ավելի մեծ արժեք, քան անկախ պետությունն է: Պետք է ամեն ինչ անել անաղարտ պահելու մեր կարևորագույն արժեքները՝ ազատությունը, միտքը, կամքը, արդարությունը. հենց դրանց առկայության պայմաններում կարող են զարգանալ մարդն ու հանրությունը, որն իր հերթին կարող է փոխել հասարակարգերը վատից ավելի լավը, ավելի հզորը: Միայն այդ ճանապարհով մենք կգիտակցենք մարդկային կյանքի գինը, մարդու արժանապատվությունն ու միտքը, նրա ազգային ինքնատիպությունը: Մենք պետք է հրաժարվենք անարդարության արմատավորումից, որն անցյալ դարերում հանգեցնում էր ազգի լավագույն ուղեղների արտահոսքին, որն ընթանում է նաև այսօր:

18. Եվ այստեղ հարկ է նշել, որ Ն. Ադոնցի աշխատությունն առաջին և եզակի հետազոտությունն է, որը պատմական ստվար նյութի հիման վրա, առանց մակերեսայնության, խորաքնին վերլուծության է ենթարկում Հայաստանի պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում: Բայց ինչն է մեզ խանգարել այդքա՜ն դարերի ընթացքում գրել «Հայաստանի քաղաքական պատմությունը», որը կուսուցաներ մեզ դեմ չառնել նույն պատին, չանել այն նույն սխալները պետության կառավարման գործում, որոնք ստիպել են կորցնել անկախությունն ու այնուհետև երկիրը: Գուցե այդպես ենք վարվել այն պատճառով, որ պատմական գիտությունը փոխառել ենք հին հույների՞ց (Հերոդոտ, Ստրաբոն, Քսենոֆոն), որոնց երկերում այն ավելի շատ հիշեցնում էր գեղարվեստական գրականություն: Փոխարենը պետք է օրինակ վերցնեինք հին հռոմեացիներից, ովքեր ստեղծել են «Աննալները» («Տարեգրություններ»), որն իրականության մի յուրատեսակ քաղաքական վերլուծություն էր: Իսկ հայ պատմական միտքը գնաց վանքեր, որտեղ էլ հոգևորականության ձեռամբ ենթարկվեց քրիստոնեից բարոյականացման:

19.Մենք բոլորս դաստիարակվել ենք «Հայ ժողովրդի պատմությամբ», որն արտացոլում է մեր ազգային կենսագրության պատկերը, սակայն չի ներկայացնում մեր սխալների իրական պատկերը և չի առաջարկում դրանց հաղթահարման գործիքակազմն ու տեխնոլոգիան:

20.Մեր ազգային մտածողության հատվածայնությունը, մեկուսացվածությունն ու հարմարվողականությունը անտեսանելի հակասություններ են առաջացնում պատմությունը հանրության, ազգային բնավորության և ազգի մակարդակում ընկալելու համար:

21.Միևնույն ժամանակ հայն ուզում է հայ մնալ նաև սփյուռքում: Այդ նպատակով նա ստեղծում է կրթական կառույցներ, մշակութային միություններ, մամուլ, հեռուստաալիքներ, բարեգործական հիմնադրամներ, կուսակցություններ՝ ամեն գնով ձգտելով ապահովել ազգային ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է հայը լքում երկիրը: Որովհետև այստեղ ամենուր անտանելի, իսկ եթե ավելի մեղմ՝ անընդունելի կենսապայմաններ են, բացակայում է արդարացի ընտրանքը կենսագործունեության բոլոր ոլորտներում: Եվ եթե սա ընդունենք նույնիսկ վերապահումով, ապա առնվազն չենք կարող չընդունել հասարակ մարդկանց դարավոր անվստահությունն իշխանության հանդեպ, որը մշտապես քամահրանքով է վերաբերվել շարքային հայ մարդուն: Երբեմն օտար հարստահարողն ավելի մարդասեր է գտնվել սեփական նախարարից: Եվ սա նույնպես մեր պատմական փորձից է, որը պետք է հասկանալ և եզրահանգումներ անել:

22. Ուստի ներկայիս իշխանությունը պետք է գիտակցի և հաշվի առնի բացասական փորձը: Միայն լիակատար ճշմարտամտությունը, անկեղծությունն ու արդարամտությունը կարող են ստեղծել այն հենքը, որի շնորհիվ չի լքի իր երկիրը պետության ամենաթանկ արժեքը՝ քաղաքացին:

23.Մենք իրականությունը իրատես հայացքով չենք տեսնում. սա մեր ամենաէական ազգային թերությունն է: Մենք հզոր երևակայության տեր ենք, մենք արարող ժողովուրդ ենք: Մենք պետք է ճշգրիտ կազմավորենք մեր հավաքական աշխարհայացքն ու տեսլականը: Առանց այդ բաղադրիչների մենք այդպես էլ կմնանք դժբախտ ու դժգոհ ժողովուրդ: Մեր երկրում միտքն իր բարձր տեղպիտի ունենա ոչ թե խոսքով, այլ գործով, ինչպես վայել է գլուխ ունեցողին, և միտքը չպետք է ծառայի ստամոքսին, քանզի «ճարպիկները» նույնպես մտածում են երկրի մասին, բայց մի այլ մակարդակում, ընդ որում՝ երբ իշխանության են գալիս, ստույգ՝ ստամոքսի մակարդակում:

24.Հայաստանի քաղաքական պատմություն գրելու անհրաժեշտության մասին ես բարձրաձայնել եմ անկախության հենց առաջին տարիներից: Առանց դրա անհնար է հասկանալ անցյալը որպես այսօրվա իրողությունների բնականոն մաս: Իսկ առանց իրականության այդպիսի ընկալման անհնար է արժանիորեն կազմակերպել սեփական պաշտպանությունը թշնամիներից ու ընդդիմախոսներից: Մենք պետք է սովորենք լսել և հասկանալ նրանց, ովքեր կենդանի մտքի կրողն են, և ոչ նրանց, ովքեր հայրենասեր են խաղում: Եթե դա չանենք, չի լինի ո՛չ զարգացում, ո՛չ ապագա…

 

 

Երևան, սեպտեմբեր, 2014 թ.

Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Լևոն Գալստյանի

 

Անդին 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք