Հայը* /բնագիր/

20150306172635315

*Հրապարակում ենք Դերենիկ Դեմիրճյանի հանրահայտ ստեղծագործության բնագրային՝ ամբողջական տարբերակը՝ տրամադրված գրողի տուն-թանգարանի կողմից: Թավով նշված են այլ հրապարակումներից դուրս մնացած հատվածները:

 

 

Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՜ւր աշխատանք.- որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ` հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: Ապա նայիր, սա՞ է հայը. այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը և անասուններից ամենակուշտը: Այսքան անխնա ստորացնել իրե՜ն… կարո՞ղ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրվանքով և արշինով: Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ: Բայց մի օր էլ տեսար՝ մեռավ ու ողջ կարողությունը կտակեց հասարակությանը: Դե գնա իմացի՜ր, թէ ինչ մարդ էր:

Ահա նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ` մեջքին մի սար բեռ, ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակում: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դէմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՛, տար տունդ ծառա: Անսիրտ, անշնորհք, ծույլ: Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար շինի, գնա դուքան բաց անի: Մարդը իր հացի և գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե նրա ծառան: Եվ արդեն հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզի: Ազգը տա՝ ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրո՛ւ: Եվ  սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազազած՝ հողը քանդում էր, չարչարում, մզում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը. հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են: Ուտում են նրա հացը, ինչպես հայր Աբրահամի սեղանից:

Տեսե՞լ եք նրա բնակարանը` խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը. ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքի կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանում է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: «Ապա ճշմարտությո՞ւնը»,- մտահոգվում է նա:

Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման, և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես: Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ՝ ինչպես իր Ձենով Օհանը, բայցերբ վրա է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար:

Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն: Բայց իբրև «ական»` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր շիրակեցի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է: Թաթա՞րն էր մոտը` սպասեց ռուսին, ռո՞ւսը եկավ` աչքը եվրոպացուն էր: Եկա՞վ անգլիացին` դարձյալ ռուսին էր սպասում: Ռո՞ւսն է գալիս՝ չի ընդունում… Ուրեմն իր պետությո՞ւնն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս… Մի ձեռը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռը ճիգ է անում հիմքից քանդելու:

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, անհավատալի՝ իր ստորության մէջ,  անչափելի՝ իր վեհ թռիչքներում:

Երևի վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութի, դավի, վնասի: Ո՛չ, հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում` ամենաներողամիտ ցեղը աշխարիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը` զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… Բայց ո՞վ է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվերին ու Քեմալին: «Ջարդի՛ր ինձ,- ասում է նա,- ահա քո պատիժը և իմ վրեժը»: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, ճապոնացու պես, որ երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը:

Այդպե՛ս է հայը: Չի՛ ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:

Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն. գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից:

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը»…

 

 

Անդին 2, 2015

 

Դերենիկ Դեմիրճյանի այս լուսանկարը մեզ տրամադրել է գրողի տուն-թանգարանը

Կարծիքներ

կարծիք