Հայաստանս-հայրս-հայս…

20142011153702385

Ամեն սանտիմետրում, ամեն խորանարդիկում Հայաստանս է: Հայրենիքից թե  դուրս, թե ներս, օտար, գայթակղիչ, գունեղ մեծ քաղաքներում, թե պարզապես իմ հասարակ, իմ հարազատ, իմ փոքրիկ Երևանում` Հայաստանս  է:

Դեռ մանկութ լուսահոգի հայրս, որը, իմիջիայլոց, տաքարյուն թիֆլիսահայ լինելով,  ինձ դաստիարակել է լինել ճիշտ Հայուհի, շատ էր սիրում շրջագայությունների տանել մեզ,  մանավանդ ամառային արձակուրդին: Ոսկի մանկությունս անցկացնելով տարբեր երկրներում, քաղցր հուշեր կուտակելով հետագա կյանքիս համար` մի տարօրինակ խեղդուկ էի զգում դեպ մեր փոքրիկ տունը:

Անսահման եմ սիրում Երևանս… և հիմա, երբ արդեն հասուն կին եմ ու երկու  զավակի մայր, անբացատրելի կախվածություն ունեմ իմ քաղաքից: Ծեծված խոսքերով ու շռայլ բառերով չեմ ուզում կրկնվել… Ամենևին…

Պարզապես, պարզապես ուզում եմ գոռալ, գոռալ բարձրից բարձր ամեն մի չվող հայի ետևից, ճչալ` խնդրելով` կանգ առ, եղբայր, ո՞ւմ ես թողնում տունդ, ո՞ւմ ես թողնում աշխարհի ամենաթանկ անկյունդ… Վերջ տուր, հայ ազգ, վերջ տուր… քոչվորի ցեղ չենք մենք… Մենք, ամենահներս, ամենաքրիստոնյաներս, այս ո՞ւր ենք հասել, ինչո՞ւ ենք պղծում դարերի միջով եկած ու կես բուռ դարձած Հայրենիքը: Նյութապաշտությունը դավաճանության է հասցրել մեր ազգին դեռ հնուց… նողկալի է ուղղակի: Այս պանդուխտի հոգեվիճակից պիտի մաքրվենք ամենքս ու մեր սերնդին իրոք լավ օրինակ ծառայենք:

Բազմազան պատմական գրքերից զատ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմը: Մեր երեխաների մեջ այնքան քիչ կա հայրենասիրություն, մեր ապագաների մեջ այնքան քիչ կա վրեժի ծարավ, ուստի և վեհանձն հերոսների նվիրված այսպիսի ֆիլմեր շատուշատ պիտի ստեղծվեն… Սերունդը  ունի մի անբուժելի հիվանդություն` քիչ է կարդում, շատ քիչ, ուստի և պիտի ճիշտ ֆիլմերով սիրո սերմերը ամուր տնկել նրա հոգու խորքերում: Ֆիլմի տպավորությունը այնքան խորն էր, որ ինքս ինձ խոստացա. թե երրորդ տղաս ծնվի, Աստծո կամոք, անվանելու եմ Նժդեհ: Հազար անգամ խոնարհվենք մեր մեծերի շիրիմին` քիչ է էլի, հազար անգամ ծնկի գանք մեր հզորների առջև` քչից էլ քիչ է:

Եվ մի՞թե կարելի է Անդրանիկ ու Մոնթե ծնած հողը լքել…

Այս ճղճիմ կարծրատիպը ե՞րբ է վերանալու: Սառնարյուն ազգերի մեջ ջերմություն փնտրելն ու այդպես էլ չգտնելը ե՞րբ է վերանալու: Ինքնախաբեությունը դարձել է կենսակերպ…  Փափագում եմ Հայաստանս տեսնել ամենակայացած երկրների կողքին, քանզի Աստված տվել է Հային այդ ուժը, մնում է խելքն օգտագործել ճիշտ… Երկրներ, որոնք դեռ չկային աշխարհիս երեսին, իսկ մենք եղել ենք, գիր ենք ունեցել, Գիր: Ուստի և չի կարելի ՙլավ՚ կյանքի հետևից վազել` անցյալն ուրանալով, կամ երկիրն հանձնել որոշակի տխմար տոկոս կազմող հաստագլուխների, որոնք, բացարձակապես չհասկանալով, թե ուր է տանում ժողովրդի արտագաղթը, զբաղված են իրենց դղյակների քանակները կրկնապատկելով: Ագահությունը չափ ունի, դադարեցրե՛ք… Ամուր կառչենք մեր տնից, մեր ծննդավայրը ամուր պահենք, թույլ չտանք ոչ մի դեպքում հույս ծագի թշնամու մեջ:

Պատահե՞լ է երբևիցե, որ հասուն տարիքում կարոտախտից ջերմեք… այո, այո, հիվանդանալ կարոտից, բայց ոչ թե ամենահզոր զգացմունքի` Սիրո, այլ Հայրենիքի… Դեռ երեք տարի առաջ, երբ հրավիրված էինք Լիոն, երբ աչքերս տեսան աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը` Փարիզը, իմ ներսում մի թիթեռ էր վտվտում անընդհատ, իմ սրտում Երևանիս երգն էր անվերջ նվվում: Կանչում էր քաղաքս… քաղաքս է տունս, ոչ մի շքեղ վայր ինձ չի կարող ներշնչել այնպես, ինչպես Երևանս… Արբեցած Եվրոպայի աչք շոյող անսահման հմայքով, հիացած Վերածննդի դարաշրջանի չքնաղ արվեստներով` ամեն դեպքում ես ուրիշի հողի վրա էի, ես օտար էի իրենց, իրենք` օտար ինձ…

Բավականին արծարծվում է այս թեման, բավականին, բայց օգուտ է պետք տեսնել,    արտա•աղթը կանխելու համար մեթոդներ ձեռնարկել: Աղի համ է գալիս այս վիճակից, ու աղիության կուտակումից չի շահում ժողովուրդը:

Երանի Չարենցը կենդանի լիներ, ամենազորեղ բանաստեղծներից մեկը երանի ապրեր մեր կողքին: Կարծում եմ, կորցնելով մեր մեծատառով տաղանդներին` ինչ-որ չափով կորցնում ենք մեր դեմքը… ու որքան էլ որ արվեստը անմահ է, այդքան էլ ազգի ցավն է անբուժելի: Ազգը, միանշանակ, ցավում է հրաշալի մտավորականություն     կորցնելու համար: Պատկերացնում եմ` եթե հիմա ապրեր Թումանյանը, Հայրենիքս ինչ ծաղկունք կապրեր: Գուցե, երբ գա օրս, այն կյանքում հանդիպեմ մեր իսկական մեծերին, վառ կերպարներին, գուցե այդժամ նոր հանգստանա հայատենչ հոգիս…

Օրեր առաջ աչքս ընկավ քաղաքիս հինգհարկանի շենքերից մեկին, որի պատուհաններից միայն մի քանիսի լույսն էր վառվում. բնակարանները դատարկ էին, ամայի, ապակիները` տարիների կեղտով լղոզված, խունացած տեսք էին հաղորդում ողջ շենքին: Այնինչ պիտի լիներ ճիշտ հակառակը` լեցուն մանուկների ճիչերով, լցված մարդկային ժխորով: Լավ, ո՞ւմ է դուր գալիս այս քաոսը£ Միանշանակ, թշնամուն:

Թշնամիներով ողողված ենք ոչ միայն դրսից, այլ նաև ներսից…

Տխուր է, երբ աղբանոցներից չեն վերանում մուրացկանները, երբ Հայաստանիս աղքատությունը չի չքանում, երբ թոշակառուները չնչին են վարձատրվում իրենց ողջ կյանքի տքնանքի դիմաց: Շատ եմ խոսում տղաներիս հետ Հայրենիքի մասին, իրական հայ տղամարդու կերպարի մասին: Թե չէ այլասերվածությունը տակնուվրա է անում աշխարհիս երեսին ամեն ինչ, հայ մայրը պիտի իր զենքը վայր չդնի, պիտի սերունդին առողջ դաստիարակի: Չկորցնել հայկականությունը, չկլանվել սին դատարկություններով, չգայթակղվել անգամ ամենաճոխ պերճանքով ու շռայլել զգացմունքներն առաջնահերթ Հայրենիքի հանդեպ: Շատ ու շատ հազարամյակների միջով փշոտ  ճանապարհներ անցած մեր Արմենիա երկիրն առ այսօր կանգուն է ու տոկուն իր հավատի շնորհիվ: Կթերանա ամեն հայ, եթե կորցնի իր դեմքը: Լքելն ու հեռանալը հարիր չէ հային: Կուզեմ Շառլ Ազնավուրի պես էտալոն հայեր ծնի հայ մայրը: Ազնավուրի պես հայրենասեր տեսակ կուզեմ ամենքիս մեջ մի քիչ լինի:

Եկենք սովորենք մնալ կայուն, մնալ ամուր, լինել լավատես, մնալ ուժեղ ու հավատով լի: Եկեք պայքարենք, իսկապես պայքարենք մերը չկորցնելու համար: Եկեք հպարտանանք մեր միասնությամբ, եկեք չպառակտվենք:

Ինչո՞ւ պիտի հայը ունենա  հացի խնդիր և այդ իսկ պատճառով լքի երկիրը: Ինչո՞ւ պիտի բազում հարցերից առաջ կանգնած լինի հացի խնդիրը: Վայ, էլ չեմ խոսում այն նողկալի իրավիճակի մասին, երբ փողոցներում աղբի նման թափված են մարմնավաճառները…

Ինչ դաժան է` հայ կնոջ կերպարն է կորել: Ինչո՞ւ պիտի կինը, որքան էլ որ լինի անդաստիարակ ու տգետ, հացի խնդիրը վաստակի ամենատականք ճանապարհով: Հայ կինը միայն Սիրո համար պիտի զբաղվի սիրով, այլ ոչ թե դեմքը կորցրած շան պես փչացնի քաղաքիս տեսքը: Բավական է, էլ չեմ դիմանում, ԱՍՏՎԱԾ իմ, օգնիր: Օրհնված պահիր այս ազգը, չէ՞ որ Դու ես ստեղծել, բազմաչարչար փշերի միջով ապրեցրել, բերել, հասցրել այս կետին: Միահամուռ աղոթենք, միասնական դիմենք Տիրոջը, միաձայն աղաչենք` չլքի մեզ Աստված: Ու թե հիմա երազում ենք Արարատի մասին և բավարարվում` հիանալով նրա  անմահական լուսեղեն տեսքով միայն, օրը գա, ետ նվաճենք մեր Երկիրը, մեր բաժինը, մեր պարծանքր: Չի կարող այսքան զրկանքներ կրել մի ժողովուրդ, աբսուրդ է սա: Պետք է իրապես պայքարել, պետք է իրապես առաջ գնալ, այլ ոչ թե դատարկ խոսքերով:

Ցեղասպանություն տեսած ազգը իրավունք չունի դավաճանելու իր Հայրենիքը, իր անցյալն ու իր ապագան:

 

 

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք