Հայաստանի Հանրապետության զինանշանը. խորհրդածություններ

Հեղինակ:

20150402172917603

Որպես գեղանկարիչ և դիզայներ, միշտ նկատել եմ, որ մեր երկրի այսօրվա զինանշանը առանձին թերություններ ունի: Նախ՝ աջ և ձախ կողմերը կոմպոզիցիոն առումով հավասարակշռված չեն: Աջ հատվածը ավելի ՙթեթև՚ է, ինչ-որ առումով կարծես դատարկ: Խոսքը վերաբերում է գրաֆիկական ծանրաբեռնվածությանը: Սկզբում ինքս ինձ համար փորձեցի ինչ-ինչ շտկումներ անել, սակայն երբ զինանշանը խորապես ուսումնասիրեցի, հասկացա, որ բացի զուտ գրաֆիկական թերացումներից այնտեղ առկա են ուղղակի թերի գաղափարական խմբագրումներ: 1918-ին Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի ստեղծած զինանշանը էությամբ շատ ավելի է համապատասխանում հերալդիկայի կանոններին և խմբագրված է:

Սակայն ավելի լավ է ուսումնասիրենք ՀՀ ժամանակակից զինանշանը:

Սկսենք առյուծի կերպարից: Առյուծը գազանների արքան և տիրակալն է: Բայց մեր առյուծի բաշը բացակայում է… Ականջներն էլ առյուծի չեն: Իսկ դեմքի արտահայտությունը լացակումած է: /Անհարկի չեմ համարում տեղեկացնել, որ հերալդիկան (զինանշանագիտությունը) մի ամբողջ գիտություն է, ստեղծված հազարամյակների ընթացքում և վերջնական ձևավորված միջնադարում, ունի իր օրինաչափություններն ու կանոնները: Եվ նաև նշեմ, որ Կիլիկիո թագավորության շրջանում Հայաստանը անգամ հերալդիկայի նմուշներ էր մատուցում եվրոպական պետություններին/:

Վերադառնանք մեր անհասկանալի առյուծին: Հերալդիկայի օրենքներով պատկերված առյուծի երախը պետք է բաց լինի՝ առյուծը մռնչում է լեզուն դուրս գցած: 1918-ի առյուծի բերանը բաց է, լեզուն էլ՝ դուրս գցած, այսինքն՝ նա մռնչում է: 1992-ին կերտված զինանշանի առյուծը չի մռնչում, նա բաշազուրկ է, բերանը փակ է, այսինքն՝ սա ծեր և հիվանդ, կյանքի մայրամուտին հասած առյուծ է:

Իջնենք ներքև. առյուծը ձախ թաթով պահում է զինանշանի առանցքը, բայց հենարանի դեր ստանձնած այս թաթը անհասկանալի կառուցվածք ունի, ասես կոտրվել, այնուհետև անհաջող կպցվել է մարմնին: Շատ նման են առյուծի բաշի մնացորդն ու արծվի փետուրները. ոճական տեսանկյունից այնքան են նման, որ աննկատելի է արծվի ձախ թևը, այն ընկալվում է իբրև առյուծի բաշի շարունակություն:

Ահա զինանշանի կենտրոնը, ուր երկրի ուժը խորհրդանշող թուրն է: Եվ  խնդրեմ. պահապան թուրը թաքնված է վահանի հետևում, երևում է թրի երախակալը, բուն թուրը՝ ոչ, և հայտնի չէ՝ արդյոք այն կա՞:

Դժբախտաբար, չգիտես ինչպես հայտնվել են մեր պետական զինանշանի զանազան տարբերակներ: Այսպես, որոշ պետական ատյանների փաստաթղթերին դրոշմված պետական զինանշանի թուրն արդեն ոչ թե թաքնվել է վահանի թիկունքում, այլ կտրված, դրված է վահանի վրա: Ո՞վ է այս տարբերակի հեղինակը և ինչպե՞ս է կարողացել այն շրջանառության մեջ դնել:

Բայց շարունակենք մեր այսօրվա զինանշանի քննությունը: Ներքևում ժապավենն է գալարվում, որն առանց այդ էլ ծանրաբեռնված զինանշանի վրա լրացուցիչ գրաֆիկական ծանրաբեռնվածություն է ստեղծում: Ժապավեններ, իհարկե, առկա են բազմաթիվ երկրների զինանշաններում, որոնց վրա գրված է տվյալ երկրի և պետական համակարգի գլխավոր նշանաբանը: Միայն այդ դեպքում է օգտագործվում ժապավենը:

Զինանշանի մասին օրենքում նկարագրվում է պատկերը՝ թուր, ժապավեն, աջ կողմում ցորենի հասկեր են, ձախում ճյուղ է: Ի՞նչ ճյուղ է այն, հաղթանակի դափնեճյո՞ւղն է, ոչ, ոչինչ չխորհրդանշող ճյուղ է: Անցնենք ցորենի հասկերին, որոնք հասկանալի է, թե ինչ են խորհրդանշում. բերրիություն, հացի վսեմ խորհուրդը և այլն: Մեր զինանշանի հասկերը մի տարբերակում չորսն են, մյուսում՝ հինգը, մի այլ տեղ՝ երեքը և այլն:

20150402122403191Մի փոքր շեղվենք և անդրադառնանք մեկ այլ զինանշանի: ԱՄՆ-ի զինանշանը ստեղծման օրից մոտ ութ անգամ փոփոխվել է և լրամշակվել: Սակայն կրիչ, խորհրդանշական հիմքերը պահպանված են: Օրինակ՝«13» թիվը. ժապավենի վրայի գրվածքը 13 տառից է բաղկացած, աստղերի քանակը 13-ն է, կայծակներ սփռող արծիվն է պատկերված և, խնդրեմ, 13 կայծակ, 13-ն են արծվի փետուրները և այլն: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչ խորհուրդ ունի նշյալ թիվը, կարևորը դրա խստագուն պահպանումն է ամենուր:

Վերադառնանք մեր զինանշանին: Արծիվը ևս զորակցում է վահանին, ասես թևերով դառնալով լրացուցիչ վահան: Բայց արծվի՞, թե՞ մեկ այլ կենդանու թև է, ոճավորմամբ նման առյուծի թաթին: Սակայն այս արծիվը համարժեք է առյուծին. նրա բերանը ևս ամուր փակ է, ինչը դարձյալ հերալդիկայի կանոնների կոպիտ ոտնահարում է: Ի դեպ, 1918-ի զինանշանի արծվի բերանը բաց էր, լեզուն էլ դուրս էր հանված. նա մարտնչող արծիվ էր:

Այսքանով, ցավոք, չեն ավարտվում անհասկանալի մեկնաբանությունները մեր զինանշանում: Զինանշանի մասին ՀՀ օրենքը հստակ նշում է, որ զինանշանի  կենտրոնում Արարատ լեռն է պատկերված, և այն նարնջագույն է: Սակայն իրական զինանշանում լեռը ճերմակ է, լեռան շրջակայքը՝ նարնջագույն. օգտագործվում է նաև մի տարբերակ՝ սև շրջակայքով լեռը: Արարատ լեռան վրա պիտի լինի Նոյյան տապանն իր հանրածանոթ խորհրդանշական տեսքով: Մեր պարագայում Սուրբ լեռան վրա ինչ-որ մակույկ է, ոչ տապան:

Անդրադառնանք նաև զինանշանում պատկերված հայոց չորս հարստություններին: Այստեղ ևս ՀՀ զինանշանի խմբագիրները «սխրանք են գործել»: Բագրատունյաց հարստությունը խորհրդանշող կենդանին հովա՞զ է, առյո՞ւծ, վա՞գր՝ անհայտ է: Բայց սա չէ գլխավոր չարիքը, այն… գլուխ չունի, գլխի փոխարեն ինչ-որ տափակ, անորոշ բան է: Անի քաղաքի հարթաքանդակի պատկերն է. հարթաքանդակում կենդանու գլուխը վնասված է և հենց այդպես էլ պատկերված է զինանշանում: Աջ շրջվենք, դեպի Արշակունյաց հարստությունը, որը ներկայանում է երկգլխանի արծվի տեսքով: Որքան ինձ հայտնի է, Արշակունիների զինանշանում երկգլխանի արծիվներ չեն եղել: Բացի սրանից, սա ոչ թե արծիվ է, այլ երկգլխանի անոտք ինչ-որ էակ. արծվի ոչ մի նմանություն:

Ահա Ռուբինյանների դարաշրջանը խորհրդանշող գավազանակիր առյուծը: Ուշադիր զննելիս ակնհայտ է դառնում, որ առյուծի դեմքը բնավ առյուծային չէ, այլ կարծես ժամանակակից կոմիքսներից արտատպված դիմակ: Ո՞վ կամ ո՞ր ուժերն են այս պատկերները, այդ թվում և ջարդված թրի պատկերը ստեղծել և կարողացել տարածել:

Նմանապես աղավաղված է Արտաշեսյաններ դարաշրջանը, Տիգրան Մեծի սաղավարտի վրայի խորհրդանշանները արծիվներն են և արևը: Արծիվներն այստեղ աղավաղված են և չեն համապատասխանում սաղավարտի պատկերներին, արևն էլ արև չէ, քանի որ զրկվել է ճառագայթներից և նմանվել է ինչ-որ անհասկանալի ծաղկի:

Շատ կարևոր մի բան. 1992-ին հաստատված զինանշանում վերոնշյալ խեղաթյուրումները չկային, ինչ-որ ձեռք, անշուշտ, ինչ-ինչ նպատակներով է դրանք իրականացրել: Ես վաղուց եմ աշխատում Երրորդ հանրապետության զինանշանի վերամշակման, խեղաթյուրումներից ձերբազատելու վրա: Հայտնի է նաև, որ քաղաքակիրթ երկրներում պետական խորհրդանշանները խեղաթյուրողները քրեորեն պատժվում են:

Ի դեպ, այս ամենը կատարվել է, քանզի մենք չունենք հերալդիկայով զբաղվող պետական կառույց, ինչն ունեն շատ ու շատ երկրներ: Այն գործում էր խորհրդային տարիներին, բայց, անհասկանալի պատճառներով, վերացավ, մասնագետներն էլ ֆիզիկապես արդեն չկան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կից գործում է հերալդիկայի հարցերով զբաղվող կառույց, բաղկացած մոտ 200 հոգուց: Թերևս հարկ է, որ նախ նման խորհուրդ ձևավորվի մեզանում: Պետական զինանշանից զատ անմխիթար վիճակում են թե՛ Երևանի, թե՛ այլ համայնքների զինանշանները և թե՛ պետական այլ կառույցների խորհրդանշանները:

Իսկ ՀՀ զինանշանն այս կերպ օգտագործելն ամոթ է և անպատվաբեր: Այն պետք է շուտափույթ վերափոխվի: Մենք մեր կողմից արդեն մշակել ենք համապատասխան էսքիզներ և Անդինի միջոցով ներկայացնում ենք հանրության դատին:

2015040212371173120150402123724320

2015040212263390720150402123801672

 

 

20150402122710322

 

Անդին 9, 2014

Կարծիքներ

կարծիք