Ծփացող գույներից այն կողմ

Լուսանկար

Ժամանակ կար, երբ գիտեինք ճշմարտության ճշգրիտ տեղը անգամ, երբ մանուկ մեր հոգիները գիտեին` ե՞րբ է խնդության և ե՞րբ` արցունքի ժամանակը: Կենսափորձի ոլորապտույտ արահետներում կորցրեցինք ճանապարհը և հեռանալով նախաստեղծ բնազդից` չհասանք տեղ…

Հայ գեղանկարչության մեջ Հրանտ Թադևոսյան (Թաթոս) անունը շփոթելի չէ, նա այն արվեստագետն է, ով իր կտավների բնական շնչառությամբ, անճիգ արարված բնապատկերների ազատ և վառ գույների ճանապարհով ուղղորդում է մեզ ընդարձակ մի աշխարհ` պարզ և նախնական, ինչպես մանկան հայացքը կարող է հայրական տան լուսամուտից ընդգրկել եղելությունն իր ընկալման չափով: Սակայն աշխարհընկալման այս դրսևորումը գեղանկարչի վերադարձն է` կյանքի շրջապտույտում, որոնումների արահետներում վերափոխված և վերաիմաստավորված: Յուրաքանչյուր կտավի ետևում որոնումների ճանապարհ անցած անհատականությունն է: Նկարչի գույների և պատկերների մեջ տեսնում ենք մարդկային ապրումներ, անհուն սեր կյանքի հանդեպ, նաև անհուն տխրություն, այնքան, որքան իրականությունն է սփռում: Այնուամենայնիվ գեղանկարչի կտավներն առանձնանում են կենսուրախությամբ, գունային կոլորիտի ինքնատիպությամբ:

2-Ես վառ գույներով եմ տեսնում աշխարհը և ուզում եմ, որ բոլորն այդպես տեսնեն, որովհետև սա է  ճշմարտությունը: Արվեստը բարդություններ ստեղծելու, ավելորդ մտազբաղության մեջ մխրճելու համար չէ: Արվեստը ազատ է, կերպարվեստը` բաց,- ասում է նկարիչը:Հրանտ Թադևոսյանի կտավներից խնդություն է հորդում առ կյանքն ու կեցությունը, և հոգևոր խաղաղ լիցք հաղորդում տեսանողին: Նկարչի ստեղծագործություններն, ասես, ներքին հակասությունների ճեղքից ծլարձակած կյանքի փառաբանությունն են: Լուսավոր գույների ներդաշնակության ծփանք:

Վարպետի ստեղծագործությունները, եթե փորձենք մեկ նախադասությամբ մեկնաբանել, թերևս կամփոփվի այս բառերի մեջ, որոնք նույնպես իրենց գույնն ունեն. Ահա աշխարհը, որը ես տեսա և նվիրեցի ձեզ: Լուսավոր գույների ներդաշնակության ծփանքում տպավորչական է Մարդ-Աստված-Կյանք հավերժական հյուսվածքը` գնացողի, անանցողիկի և մնայունի անվախճանականությունը:

Անի Տեր-Գուլանյան

Անդին 4, 2013

Կարծիքներ

կարծիք