Լույսի ռեժիմ

320x700muradyan

Վերջերս այդ կատուն պառկում էր դիմացի դռան շեմին ու մնում մինչև առավոտ: Ցերեկով նրան չէիր տեսնի, բայց մութն ընկնելուց հետո՝ արդեն իննի մոտերքը, անպայման իր սիրած տեղում էր: «Երևի շներից է թաքնվում»,- փորձեց բացատրություն գտնել կույրի աղջիկը, երբ Կարոն մի քանի օր առաջ հանդիպեց նրան աստիճանների վրա: Իհարկե, այդ վարկածի մեջ տրամաբանություն կար: Շներն անասելի արագությամբ բազմացել ու վխտում էին թաղամասի բոլոր փողոցներում, գիշերը պատկանում էր նրանց, կատաղի հաչոցներն ու սրտամաշ կլանչոցները լցվում էին պատուհաններից ներս, թեկուզ պինդ-պինդ փակ: «Բայց մեր դուռը, չգիտես ինչու, չի հավանել,- մի բան ասած լինելու համար ժպտաց Կարոն,- գուցե ձեր փալասն ավելի փափո՞ւկ է»: Կույրի աղջիկը կատակին չարձագանքեց, քար կտրած կանգնել էր սանդուղքների մեջտեղում՝ աղբի կարմիր դույլը ձեռքին: Մթնշաղը դեռ նոր էր սկսվում, կարելի էր բակ իջնել առանց լապտերիկի, ու Կարոն ճանապարհ տվեց նրան: Իսկ նոյեմբերն այս անգամ տաք էր, նույնիսկ անձրևներն էին հազվադեպ, և նա ամեն օր հետաձգում էր պարսկական նավթավառ-ջեռուցիչը պատշգամբից հյուրասենյակ տեղափոխելու գործը: Հիմա էլ դեռ բավականաչափ լույս էր, ու կատվի տեղը, բնականաբար, թափուր: Աջ կողմի դուռը կրնկի վրա բաց էր, իսկ կույրի աղջիկը դարձյալ ընդառաջ էր գալիս աստիճաններով: «Բա՞ն է պատահել»,- հացրեց Կարոն: Նավթավառի համար գնած նոփ-նոր պատրույգները ծոցագրպանում՝ նա դանդաղ բարձրանում էր դեպի երրորդ հարկի իր բնակարանը, և հարևանուհու շվարած կերպարանքը հուշում էր, որ այդ հարցը հնարավոր չէ չտալ: «Էլի շտապօգնություն եմ կանչել,- պատասխանեց կույրի աղջիկը, — ճնշումը՝ հարյուր ութսուն»… «Հասկացա»,- գլխով արեց Կարոն: Մեկ ամիս առաջ ճիշտ նույն պատմությունն էր: Գիշերվա ժամ էր, հոսանք նորից չկար, և կույրի աղջիկը խնդրեց, որ Կարոն փողոց իջնի՝ շտապօգնության մեքենան դիմավորելու: «Դպրոցի մոտ եմ ասել,- ներողություն հայցողի նման ավելացրեց նա,- մեր շենքը հեշտ չեն գտնում, գիտես…»: Լավ էր, ոչ մի թափառական ոհմակ չհայտնվեց: Խուլ հաչոցները լսվում էին խճուղու կողմերից, իսկ դդումի պես փքված լուսինը թվում էր անբնականորեն մոտիկ: «Ե՞րբ ես զանգել»,- հարցրեց Կարոն: «Մի հինգ րոպե առաջ,- պատասխանեց կույրի աղջիկը,- բայց գոնե այս անգամ չուշանան»: Կարոն միանգամից ետ դարձավ: Դպրոցն առանձնապես հեռու չէր, հարկավոր էր շրջանցել վաղուց արդեն անգործության մատնված հնոցատունը, հետո քայլել ցանկապատված խաղահրապարակի երկայնքով: Շարաններով ալոճ վաճառող Ոսկեհատը հենց այդ խաղահրապարակի մոտ էր նստում, բայց դա բոլորովին ուրիշ ժամանակ էր, ա՛յն աստիճան ուրիշ, որ հիմա թվում էր հորինված: Վերջ տուր, սաստեց հիշողությանը Կարոն, դու այս ժամի համար չես: Ուրիշ բան, եթե անքնությունը վրա տա: Ցանկապատի հետևում՝ չորացած սիզամարգի մեջ, նա տեսավ լավ ծանոթ կատվին: Այո, նույն կատուն էր՝ դեղնասպիտակավունը, որ հիմա երազկոտ աչքերով նայում էր ասֆալտի վրա հացի խոշոր պատառ կտցահարող ճնճղուկներին: «Գիտես, որ չես հաջողացնի բռնել,- մտածեց Կարոն:- Բայց իսկապես, ինչո՞ւ հենց դիմացի դուռը հավանեցիր: Ինչո՞ւ մեր շեմը դուր չեկավ»: Այս հարցը նա մի անգամ քննարկել էր Անահիտի հետ, թեև գիտեր, որ կինը կատուներին տանել չի կարողանում: «Ո՞վ իմանա,- ուսերը թոթվելով պատասխանել էր Անահիտը,- ասում են, որ դրական ու բացասական գոտիներ կան, կենդանիները զգում են, իսկ մարդիկ՝ ոչ»: Եվ հանկարծ ավելացրել. «Գուցե ծախե՞նք այս տունը»: Իսկապես, կարմիր խաչով ավտոմեքենան այս անգամ չուշացավ, հայտնվեց խճուղու կողմից, թարթեց ու թեքվեց դեպի դպրոց: Կարոն ընդառաջ գնաց, ձեռքով ցույց տվեց իրենց հինգհարկանին: Վարորդն արգելակեց, որ նա նստի, բայց Կարոն, դարձյալ ձեռքով, նշան արեց, որ շարժվեն, որովհետև գիտեր՝ կույրի աղջիկը հիմա սպասում է բակում, իսկ հիվանդի կողքին հաստատ նստած է Անահիտը: Դեղորայքի ու վանիլինի մշտական հոտ, որ արդեն մի քանի տարի անպակաս էր այդ բնակարանից: Կույրը վատառողջ էր վաղուց, իսկ նրա աղջիկը շաբաթը երկու անգամ տորթ էր թխում ու հանձնում մոտակա խանութ: Կարոն ընդունելության քննությունների էր պատրաստվում, երբ այդ ընտանիքը հայտնվեց դիմացի երկսենյականոցում: Նախկին հարևանները, կայծակնային արագությամբ երեխաներ ունենալով,- վերջին երկուսը՝ զույգ,- բարելավում ստացան ու գնացին: Բնակարանը մի որոշ ժամանակ դատարկ մնաց, հետո եկավ կույրը՝ կնոջ ու անչափահաս դստրիկի հետ: Կարոն չէր մոռացել, որ առաջին մի քանի տարին ինքը ճնշվում էր նրանց ներկայությունից, որովհետև դրան մեկ այլ բան էր նախորդել՝ անհասկանալի -անհանգստացնող նախանշանի պես: Ամբողջ դասարանով Կոմայգու լուսանկարչատուն էին գնացել՝ ավարտական խմբանկարի համար: Մուտքի մոտ հավաքված՝ ասում-խոսում էին ոգևորությամբ ու պետք եղածից ավելի բարձր ծիծաղում՝ ուշացողներին սպասելով, երբ հանկարծ ներսից կույրեր հայտնվեցին: Նախ մեկը, հետո երկուսը, հետո էլի մեկը: Չորչորուկ, հասակավոր մի մարդ՝ դռան կողքին կանգնած, հերթով օգնում էր նրանց: Իրենք ինքնաբերաբար ետ քաշվեցին, խոսքն ու ծիծաղը դադարեցին միանգամից, և կույրերի շարանը տոտիկ-տոտիկ անցավ տոնականորեն հագնված տասներորդ  «բ» դասարանի միջով՝ դանդաղեցված ու սև-սպիտակ կինոկադրերի նման: «Վկայականների համար լուսանկարվելու էին եկել»,- բացատրեց դպրոցի բոլոր միջոցառումներն անմահացնող ֆոտո Տիրանը քիչ անց, թեև նրան ոչ ոք ոչ մի հարց չէր տվել: Դիպված էր՝ արագ մոռացվեց, բայց նույնքան արագ վերակենդանացավ, որովհետև այդ տեսարանը ակամայից հայտնվում էր Կարոյի աչքերի առաջ, երբ նա հանդիպում էր նորընծա հարևաններին՝ սանդուղքներով իջնելիս կամ ընդառաջ բարձրանալիս: Սովորաբար Կարոն մի քանի աստիճան ցատկելով էր սլանում վեր, և ընկերներից ամանաավագը նրան որևէ տեղ տեսնելիս անպայման հարցնում էր, «ո՞նց է քո հազար վոլտը, էլի ծախսո՞ւմ ես ավելորդ»,- բայց պատահում էր, որ հենց դեպի տուն խոյանալիս լսում էր ճաղերին զարնվող ձեռնափայտի թխկթխկոցը: Կանգ էր առնում, սեղմվում պատին: Կույրն ու կինն իջնում էին թևանցուկ, կինը ևս՝ անկատար տեսողությամբ, հավերժորեն տխրամած ու քչախոս: Խղճալի -անդուրեկան մի հանդիսավորություն կար այդ ընթացքի մեջ, կյանքի հակառակ երեսի հիշեցում, որից նույն պահին ցանկանում էիր ազատվել, բայց Կարոն սպասում էր, որ իրենք հավասարվեն, և ասում հնարավորինս քաղաքավարի՝ «Բարև ձեզ»: Նրան պատասխանում էին սիրալիր, իսկ կույրն էլ երբեմն անհասցե ժպտում ու ծոր էր տալիս գրեթե օպերետային տենորով. «Հաա — ա, նո՛ր սերունդ, պատրաստվում եք փոխե՞լ այս աշխարհը»: Ոչ կատուն էր մնացել խաղահրապակում, ոչ էլ ճնճղուկները՝ ասֆալտին: Կարոն արագ-արագ շենք հասավ, նույնքան արագ, իհարկե ոչ երբեմնի հազար վոլտով, վեր ելավ երրորդ հարկ: Դրացիների դուռը հրելուց առաջ ակամայից նայեց փալասին: Սովորական բան էր՝ նախկին խալաթի փեշ կամ բաղնիքի մաշված սրբիչ: Ներս մտավ, հնարավորինս մեղմաքայլ անցավ գրչատուփի նման նեղլիկ միջանցքով: Հյուրասենյակում նստած էր բժիշկը, կույրը կիսապառկած էր բազմոցին: Բուժքույրը կռացել ու սրսկում էր, իսկ աղջիկը, շրթունքն ատամի տակ առած, ակնդետ նայում էր ասեղին: Անահիտն արդեն այստեղ չէր: «Ո՞նց է»,- շշուկով հարցրեց Կարոն: «Մագնեզիումից հետո գուցե մի քիչ լավ զգա»,- նույնպես շշուկով պատասխանեց կույրի աղջիկը: «Չվախենաս»,- ասաց Կարոն: Երևի գնալ էր պետք, բայց նստեց սեղանի մոտ, բժշկի դիմաց: Բժիշկը ճաղատ էր, գիրուկ, բայց դեռ երիտասարդ: Կարոն ձանձրույթի պես մի բան նկատեց նրա դեմքին, ափսոսաց, որ չի կարող ծխել: Այս բնակարանը նա լավ գիտեր: Երբ արդուկն էր փչանում կամ էլ, պատահում էր, մագնիտոֆոնը, կույրի աղջիկը կանչում էր նրան: Մագնիտոֆոնը հին էր՝ «Կոմետա»՝ գերմանական արտադրանք, ծանրաքաշ, մի ժամանակ՝ հարգի: Կարոն դրանից ուներ դեռ ուսանող եղած տարիներին, ինչը հատուկ կարգավիճակ էր շնորհում նրան ընկերների միջավայրում, բայց վատն այն էր, որ ստիպված էր լինում քարշ տալ իր հետ զանազան հավաքույթների: Հետո «Կոմետաների» դարն անցավ, իսկ նորոգելու հմտությունը մնաց, և կույրի աղջիկը, ներողություններ խնդրելով, որ այդքան հոգս է պատճառում, կանգնում էր նրա գլխավերևում և ուշադրությամբ հետևում, թե ինչ է անում Կարոն: «Գուցե նայեմ-սովորեմ,- ամաչելու պես ասում էր նա,- որ հաջորդ անգամ նեղություն չտամ քեզ»: Չէր սովորում: Անօգնական ժպտում էր, երբ Կարոն նույն մագնիտոֆոնի համար գալիս էր նորից: «Ես առանց սրա յոլա կգնամ,- արդարանում էր նա,- բայց հայրիկի համար անփոխարինելի բան է: Ի՞նչ իմանաս, թե ռադիոյով քանի ամիսը մեկ կբռնացնես Բենիամինո Ջիլլի: Կամ Լոլիտա Տորես»: «Հարյուր վաթսուն-հարյուր տասը»,- հայտարարեց բուժքույրը: «Դեռ կիջնի,- ասաց բժիշկը՝ կույրի աղջկան դիմելով:- Այսօր պառկած պիտի մնա: Բայց ձեր հայրը լավ սիրտ ունի, ջահելները կնախանձեն»: «Ես էլ միշտ այդ կարծիքին եմ եղել»,- հանկարծ ասաց կույրը, և բժիշկն ու Կարոն, կարծես պայմանավորված, ժպտացին: «Տենորը խամրել է,- մտածեց Կարոն,- առաջվա մաքրությունը չունի»: «Ինչպե՞ս եք,- հարցրեց նա»: «Խոստանում եմ լավ լինել,- պատասխանեց կույրը,- լույսն իննի՞ն են տալու, ինչքան գիտեմ»: «Պետք չի, որ խոսեք,- զգուշացրեց բժիշկը,- սենյակում առայժմ լուսավոր է, մի անհանգստացեք»: «Մեկ կյանքը քիչ է,- այդ զգուշացումը զանց առնելով՝ շարունակեց կույրը,- նույնիսկ եթե երկար է»: Նրա դեմքը, որ միանգամից վերածվել էր մեղրամոմե դիմակի, մաս-մաքուր ածիլված էր, բայց անհաղորդ: Կարոն գիտեր, որ նախկինում սափրիչի պարտականությունները կատարում էր նրա կինը, բայց այս վերջին երեք տարիներին՝ արդեն աղջիկը: Կույրի կինը մի գիշեր քուն էր մտել ու այդպես էլ չէր արթնացել առավոտյան… «Քնեք- զարթնեք՝ կլինեք նորից ծնվածի պես,- ոտքի ելնելով մխիթարեց ճաղատ, գիրուկ բժիշկը:- Կարծում եմ՝ մենք կարող ենք արդեն գնալ: Դեղորայքի ցանկը գրել եմ, ամեն ինչ ձեր աղջկան բացատրել»: Ուշ երեկոյան, երբ հոսանքն արդեն կար, Կարոյի մտքով անցավ բախել դրացիների դուռն ու կույրի որպիսությամբ հետաքրքվել: Բայց նույն պահին էլ որոշեց, որ չարժե՝ քնած կլինի, էլ չասած կատվի մասին, որ հաստատ մրափում էր իր տեղում՝ համառորեն իրենց շեմն անտեսելով: Ցանկացավ հարցնել կնոջը, թե արդյոք լո՞ւրջ էր խոսում բնակարանը վաճառելու մասին: Լուռ մնաց: Փոխարենը կույրը լույսի մասին էր հարցրել. «ժամը իննի՞ն են տալու, ինչքան գիտեմ»: Այդ հարցից հետո Կարոն կարծես մաշկով զգաց, թե ինչպես է խտանում երեկոն: Ինչ սկսվել էին հովհարային անջատումները, իսկ ամենացուրտ ամիսներին՝ մեծ մասամբ երկարաձիգ ու անկանոն, այդ սահմանագիծն ամենաանտանելին էր նրա համար: Ճիշտ է, դա տևում էր կարճ, բայց դժվարը հենց այդ պղտոր կիսամութի փորձությանը դիմանալն էր, քանի որ նավթի լամպ կամ մոմ վառելու համար դեռ շուտ էր, իսկ մթության սողեսող կուտակումի պահը՝ դավադիր: Լավ էր, որ ծխախոտ առնելու պատրվակը միշտ կար, և Կարոն հագնում էր ուսերի վրա սովորականից ավելի ծանրացող վերարկուն, իջնում բակ, մանավանդ որ խանութն էլ հարևան շենքի տակ էր՝ աչք խաբելու չափով վերանորոգված կիսանկուղ, ալոճ ծախող Ոսկեհատի թոռան սեփականությունը: Ինչ խոսք, դա փախուստի պես բան էր, իսկ գուցե նաև դավաճանության, և նա ներքուստ նեղվում էր այդ մտքից, որովհետև կինն ու աղջիկը շարունակում էին մնալ տանը և այդ ժամը թեթևացնելու համար փոխնիփոխ դաշնամուր էին նվագում: Մի անգամ կույրն ասաց. «Երբեմն ձեր բնակարանից շատ գրագետ նվագ է լսվում»: Կարոն լավ զգաց իրեն: Անահիտը երաժշտական կրթություն չուներ, նվագում էր լսողությամբ, բայց վարժ: Իսկ կույրը խոսում էր հասկանալով, որովհետև, դեռևս հարևան գալուց առաջ, մշտատխուր իր տիկնոջ հետ գնում էր փորձերի կամ ելույթների: Այո, հատուկ երգչախումբ: Անհայացք -քառաձայն: Սև ու միանման կոստյումներ ու թիթեռնիկ-փողկապներ՝ կզակների ներքո ագուցված: Մեծ մասամբ՝ ոչ այնքան լիքը դահլիճ,  «Ծիծեռնակ, ծիծեռնակ…», «Гори, гори, моя звезда…», «Երևան դարձած իմ էրեբունի…»: Կարոն լավ էր հիշում, որ ամուսինների ձայնային վարժությունները հատկապես ջղայնացնում էին պատկից ապրող հաշվապահին ու նույնիսկ անհամ սրախոսությունների առիթ էին դարձել: Բայց նրան հենց այդ վոկալը հաշտեցրեց կույրի հետ: Սկզբում դեռ տհաճություն էր պատճառում մերթ ընդ մերթ կրկնվող ողջագուրանքը՝ «Պատրաստվում եք այս աշխարհը փոխե՞լ»: Որովհետև Կարոյին հենց առաջին վայրկյաններից թվացել էր, թե այդ բացականչական հարցի մեջ կսմթելու նման հեգնանք, վատ քողարկված նախանձ ու նույնիսկ չարախնդության կաթիլներ է նշմարում: Մանավանդ որ կույրը մի անբացատրելի պայծառատեսությամբ որսացել ու մեկ-երկու բառով բարձրաձայնել էր այն, ինչն աղոտ ազդանշաններ էր տալիս Կարոյի ամենաթաքուն ներսերում՝ մի ուրիշ, թևավոր, շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի անվանդակ կյանքի ցանկություն: Բայց հետո, երբ սկսեց արագ-արագ մեծանալ, գլխի ընկավ, որ այդ հարցը երևի թե փիլիսոփայական կատակ էր, կատակի հետ միասին՝ գաղտնագրված հույս, իսկ հույսին զուգահեռ՝ ինչ-որ հին հիասթափություններից մնացած ու այդպես էլ ոչ մեկին չխոստովանած տրտմություն: Իսկ երբ դեռ քսան էլ չկաս և այծքաղների հիացմունքը հարուցող ոստյուններով սլանում ես ամենաթեք սանդուղքն ի վեր, երբ իմացածդ միայն այսօրն է ու մեկ էլ շողշողուն ապագան, իսկ երեկդ այնքան նոր է, որ չի հասցրել դառնալ անցյալ, որտեղի՞ց կարող ես գուշակել, որ այդ մարդն աքսորականների ընտանիքում է ծնվել՝ սիբիրների չգիտես որ ծակուռում, մինչև տասներկու տարեկանն ապրել այնտեղ ու հենց աքսորավայրում էլ կուրացել: «Մի կյանքը քիչ է»,- մտածեց Կարոն բարձրաձայն: «Առաջինը՝ սևագրության պես, երկրորդը՝ մաքուր արտագրված»,- անմիջապես արձագանքեց Անահիտը՝ առանց հեռուստացույցից կտրվելու: Կարոն անակնկալի եկավ, ծիծաղեց: «Ես նույնիսկ դպրոցում չեմ արտագրել: Արտագրում էին, սովորաբար, ինձանից: «Հրաշամանո՞ւկ,- եզրակացրեց Անահիտն ու նայեց ժամացույցին,- տես, է՛, չեն անջատում»: Իսկապես, սահմանված ժամաքանակը լրացել էր, բայց լույս դեռ կար, իսկ երեխան արդեն անցել էր ննջարան ու դուռը վրա բերել: «Կույրը կուրախանա», նորից՝ մտածելու պես ու նորից բարձրաձայն ասաց Կարոն: Անահիտը վեր կացավ, իջեցրեց հեռուստացույցի ձայնը, շրջվեց՝ մի տեսակ մռայլված-վախեցած: «Էս երբվանի՞ց ցինիկացար», հարցրեց նա: «Ինքը միշտ լույսի է սպասում,- շտապելով բացատրեց Կարոն,- աղջկա համար: Չի ուզում, որ մթության մեջ մնա: Իր մշտականը հերիք է»: Անահիտի հայացքը փոխվեց, դարձավ առաջվա պես ծանոթ: «Գիտե՞ս, թե ոնց է կուրացել»,- հարցրեց Կարոն: «Լավ կլինի չպատմես»,- խնդրեց Անահիտը: «Իսկ ասե՞լ եմ, որ ութսունութի ցույցերին էր գալիս: Նույնիսկ երբ զորք էին մտցրել քաղաք: Մի անգամ հենց կողքս էլ կանգնած էր: Երբ արդեն տուն էի բերում, հարցրեց.- Գիտե՞ս, թե որն է իմ ամենամեծ ափսոսանքը»: Դու պատասխանեցիր՝  «ոչ»: «Էն, որ Հայաստանը չտեսա: Տայգա տեսա, բարաք ու փշալար տեսա… Մեծ գետեր, երկնքից ընկնող աստղ, Ստալինի պատկերը… Ապրանքատար գնացք, սկյուռիկ… Իսկ Հայաստանը՝ երբեք: Բայց մտքումս ինձ համար հորինած, ինձ համար նկարած ունեմ»: Կատուն հաջորդ երեկո չեկավ: Իսկ էլի երեք օր անց՝ հուղարկավորությունից հետո, կույրի աղջիկը մի հաստ տետրակ տվեց Կարոյին: «Ինքն էր թելադրում,- ասաց,- սկզբից մորս, հետո ինձ: Ինչ-որ հիշում էր Սիբիրից… Դու վերջին գրառումը կարդա, հետո նոր մնացածը: Եթե, իհարկե, կհետաքրքրի»: Կարոն վերցրեց տետրակը՝ հնահոտ, մոմլաթակազմ: Բացեց վերջից: Մանրատառ ձեռագիր էր, միանգամայն ընթեռնելի: Կարդաց. «Ինձ ասում են, որ մութն ընկնելուց հետո մեր դռան շեմին մի կատու է պառկում: Ես էլ հարցնում եմ, թե ի՞նչ գույնի: Պատասխանում են՝ մի քիչ դեղնոտ, մի քիչ սպիտակ: Բա էլ ինչպիսի՞ն պիտի լիներ: Աքսորավանի ճաշարանի շուրջ հենց դեղնասպիտակ մի կատու էր գնում-գալիս: Ես խաղում էի նրա հետ»:

Անդին 4, 2014

 

Share

Կարծիքներ

կարծիք